Եկեք մի փոքր հանգիստ թողնենք նախնիներին և տեսնենք, թե ստել-չստելը, խաբել-չխաբելը, ազնվությունն ու անազնվությունն ինչ տեղ են գրավում ժամանակակից դիվանագիտության մեջ: Թե չէ՝ մեր աչքերի գերանները թողած՝ փոշու հյուլե ենք փնտրում դարեր առաջ կյանքից հեռացածների աչքերում: Մեր դիվանագետների «դարդը լանք»: Արդ, ե՞րբ, որտե՞ղ, որքա՞ն և ինչպե՛ս կարող է ստել դիվանագետը: Եվ, վերջապես, ստելիս նա մեղանչո՞ւմ է, թե՞ չի մեղանչում Աստծո պատվիրանի դեմ: Այս հարցի շուրջ բանավիճելիս իմ որոշ դիվանագետ բարեկամներ, որոնց պրոֆեսիոնալիզմի մասին բարձր կարծիքի եմ, որպես կանոն, կրկնում եմ անգլիացի դիվանագետ և պոետ Հենրի Ուոտոնի խոսքերը. «Դիվանագետն ազնիվ մարդ է, որին ուղարկում են արտասահման՝ իր երկրի անունից ստելու նպատակով»: Ասված է դիվանագետներին արդարացնելու համար: Նույնը կարելի է ասել հետախույզների մասին: Վարկածը մտածելու տեղիք է տալիս: Ինձ համար, օրինակ, փրկարար օղակ է թևավոր խոսքի ուժ ստացած հետևյալ արտահայտությունը, թե «խաբել չի կարելի, կարելի է ողջ ճշմարտությունը չասել»: Կարելի է սրա հետ համաձայնել կամ ո...