Skip to main content

Քրմերը՝ քաղաքական մեկնաբաններ, իսկ դիվանագետները՝ սուրհանդակներ երկնքի և երկրի միջև

 

Հելլադայի միջազգային կարևոր ինստիտուտներից էին հեթանոսական միությունները, որոնք կազմավորվում էին սրբավայրերի ու տաճարների շուրջ և կոչվում էին ամփիկտիոններ: Դրանցից ամենահայտնին Դելփիքում գործող Ապոլլոնի տաճարն էր, որը կառուցվել էր 9-րդ դարում: Ըստ ավանդապատումի՝ տաճարն այդ տեղում հիմնվեց հետևյալ պատճառով. հովիվն ու նրա այծերը պատահաբար հայտնվեցին անդունդի եզրին և շնչելով նրա հատակից բարձրացող արբեցնող գոլորշիները՝ խելքները թռցրին: Այնժամ հովիվը դիմեց քրմերի խորհրդին: Նրանք ասացին, որ այդտեղ ժամանակին Ապոլլոնը սպանել է վիշապ Պիթոնին՝ նշանավորելով բարու և լույսի հաղթանակը չարի ու խավարի դեմ: Այնպես որ տեղում հարկ է կառուցել տաճար և պատգամատուն: Տաղանդաշատ ճարտարապետներ Տրոփոնիոսը և Ագամեդեսը կերտեցին տաճար, որն անչափ հարստացավ հատկապես հունական գաղութակալության շրջանում և դարձավ միջազգային կրոնական ուխտատեղի: Պատգամատան խորհրդավոր մասում գիշեր-ցերեկ հերթապահում էր քրմուհի Պիթիան: Այս Պիթիան մի կում ջուր էր խմում Կասոտիս սրբազան վտակից, ծամում էր դափնու սրբազան տերևը, հետո նստում էր անդունդի եզրին դրված եռոտանու վրա և շնչելով այնտեղից բարձրացող թունավոր գոլորշիները՝ ընկնում էր էքստազի մեջ ու բարձրաձայն խոսում: Նրա արտասանած բառերը կողքին կանգնած քրմերը մեկնաբանում էին որպես Ապոլլոնի կամք: Դելփիքում 4 տարին մեկ տեղի էին ունենում Պիթիական խաղերը, պոեզիայի և երաժշտական մրցույթներ: Տաճարի և նրա քրմերի ազդեցությունը տարածված էր Հունաստանի սահմաններից դուրս: Դելփյան պատգամախոսը և տաճարի քրմերն անառարկելի հեղինակություններ էին Հին Հունաստանի քաղաքական, դիվանագիտական և ռազմական կյանքում: Նրանց դիմում էին պետական ինստիտուտները, պաշտոնյաները, անվանի գիտնականները, փիլիսոփաները, գրողներն ու արվեստագետները: Դելփյան պատգամատան քրմերը, կենտրոնացնելով իրենց ձեռքում ֆինանսական ու նյութական հսկայական միջոցներ,փաստորեն ուղղորդում էին երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը: Առանց Դելփյան պատգամատան խորհրդի չէին վճռվում պատերազմի և զինադադարի հարցերը, չէին ստորագրվում միջազգային պայմանագրեր, չէին նվաճվում նոր հողեր: Այդուհանդերձ, քրմերի խոսքը լինում էր երկիմաստ ու ոչ հստակ, որի պատճառով այն տարբեր կերպ էր մեկնաբանվում: Սա շատ կարևոր հանգամանք է, որն արժանի է հատուկ ուշադրության:

…Լյուդիայի թագավոր Կրեսսոսը որոշել էր հարձակվել Պարսկաստանի վրա: Պիթիան գուշակեց, որ եթե նա անցնի Հալիս գետը, խոշոր կայսրություն կկործանվի: Ինչպես հայտնի է, կործանվեց Լյուդիան: Եվ երբ Կրեսսոսը գանգատվեց, թե Ապոլլոնը խաբեց իրեն, պատասխանը եղավ. «Երբ դու անցար Հալիս գետը, կործանվե՞ց խոշոր կայսրություն: Կործանվեց: Պարզապես դա ոչ թե պարսկական կայսրությունն էր, այլ քո կայսրությունը»: Գուշակներն ավելացրին, որ նա պետք է դեռ գոհ լինի, որ Ապոլլոնը 3 տարի ուշացրեց Լյուդիայի կործանումը: Այնպես որ, անկախ նրանից՝ Ապոլլոնի խորհուրդը իրականանում էր թե ոչ, նա միշտ ճիշտ էր: Աստվածներն անսխալական են: Նրանք ներշնչում են, հմայում, բայց չեն վիճարկվում: Իսկ որ հույները խիստ տարված էին գուշակությամբ, ապացուցված է գիտնականների կողմից: Պլատոնն անգամ տեսության պես մի բան է մշակել՝ գուշակությունը բաժանելով 2 խմբի՝ ինտուիտիվ կամ բնական և ինդուկտիվ կամ արհեստական: Այդուհանդերձ, քաղաքական կանխատեսումն անշնորհակալ գործ է: Փորձառու քաղաքագետները լավ գիտեն դա և հնարավորինս խուսափում են դրանից: Այս առիթով կարելի է հիշել Ուինսթոն Չերչիլին, որը խիստ վերապահումով էր մոտենում կանխատեսումներին:

Սկզբնական շրջանում լինելով զոհաբերությունների և տոնակատարությունների կենտրոններ՝ ամփիկտիոններն աստիճանաբար վերածվեցին միջազգային կրոնական-քաղաքական ինստիտուտների, որոնք վճռական դեր էին խաղում Հունաստանի կյանքում: Սրանով է բացատրվում այն սուր պայքարը, որը մղում էին հունական պետությունները կարևորագույն ամփիկտիոններում՝ ղեկավար դիրքեր գրավելու համար: Նրանց ձեռքում կենտրոնացված էր ինֆորմացիայի հսկայական աղբյուր, որն օգտագործում էին իշխանությունները: Ամփիկտիոնները յուրատեսակ հետախուզական և հակահետախուզական կենտրոններ էին, որտեղ ծնվում և իրագործվում էին զանազան ռազմական ու դիվանագիտական կոմբինացիաներ, կազմվում էին լրտեսական ցանցեր, հավաքագրվում տեղական և օտարերկրյա գործակալներ:

Հեթանոսական կրոնի դերն անտիկ հասարակության կյանքում լավ պատկերացնելու համար հարկ է հաշվի առնել, որ այն հիմնավորապես տարբերվում է քրիստոնեությունից և մյուս կրոններից: Այդ տարբերության մեջ առաջին հերթին առանձնանում է հեթանոսության «բազմաստվածությունը»: Հույների համար աշխարհը լիքն էր աստվածներով: Հելլադայի պանթեոնում գրանցված են հիմնական 12 աստվածները՝ չհաշված ավելի փոքր տրամաչափի աստվածներին: Սակայն մեր թեմայի համար այդ այնքան էլ էական չէ: Վերջին հաշվով բոլոր հին ժողովուրդներն իրենց շրջապատել են հսկայական քանակությամբ աստվածներով, աստվածուհիներով և կիսաստվածներով, որոնց կամքով նրանք ծնվել են, ապրել կողք կողքի և նրանց կամքով էլ հեռացել են կյանքից: Բնության երևույթները, ֆիզիկական առարկաները, անգամ վերացական հասկացողությունները նրանք ընկալել են աստվածների միջոցով, դիտել նրանց աչքերով, մեկնաբանել նրանց օգնությամբ: Առանց աստվածների ոչինչ չի կատարվել ոչ բնության մեջ, ոչ պետական գործերում, ոչ էլ անձնական կյանքում: Հին հույների կրոնական հավատալիքների մեջ հատուկ նշանակություն էր ստացել բնության տարբեր երևույթների ու նշանների հիման վրա գուշակելու արվեստը: Այդ մասին առաջին անգամ գրել է Հոմերոսը: Հաճախ գուշակում էին հավքերի թռիչքների և կռինչի, զոհաբերված կենդանիների և թռչունների փորոտիքի վրա: Մեծ տեղ էր հատկացվում երազահանությանը և հորոսկոպին: 2 լուսատուները՝ արևն ու լուսինը, աթենացիներն ընկալում էին որպես Աստծո աչքեր: Եվ երբ այդ աչքերից մեկը «փակվեց», նրանց բանակը Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ Սիրակուզայի մատույցներում ինքն իրեն պարապուրդի մատնեց, որի հետևանքով ծանր պարտություն կրեց:

Իսկ ի՞նչ գործ ունեն դիվանագետներն աստվածների հետ: Պարզվում է, որ ղեկավարությունը նրանց վրա է դրել նաև սրբավայրերի և պատվիրատուների միջև դիվանագիտական սուրհանդակի պարտականությունը: Այսինքն՝ խելոք մարդիկ եք, գնացեք և տեղեկացեք այս կամ այն միջոցառման կամ երևույթի վերաբերյալ վերևներում նստածների հեղինակավոր կարծիքի մասին և դրանք հաղորդեք ուր որ անկ է: Այսպիսով, քրմերից և բազմապրոֆիլ գուշակներից ստանալով համապատասխան հանձնարարական՝ դեսպանը դրանք փոխանցում էր «պատվիրատուներին», որոնք կարող էին լինել թագավորներից մինչև տարբեր տրամաչափի քաղաքական ու ռազմական գործիչներ: Անտիկ աշխարհում հենց այդպես էլ դեսպաններին անվանում էին «հրեշտակներ»:

Ըստ երևույթին, սա շատ է դուր եկել միջնադարյան վենետիկյան հոգևորականներին, և երբ դիվանագիտությունը սկսեց ձևավորվել որպես մասնագիտություն, նրանք փորձեցին ապացուցել, թե առաջին դիվանագետները եղել են հրեշտակները, որոնք՝ որպես դեսպաններ, ապահովել են կապը Աստծո և հասարակ մահկանացուների միջև: Այդ կանխադրույթը սուր քննադատության ենթարկվեց իտալացի երևելի դեմքերի՝ Դանթեի, Պետրարկայի, Բոկաչչոյի, իսկ ավելի ուշ՝ Մաքիավելիի և Գվիչարդինիի կողմից, որոնք այս կամ այն չափով առնչվել են դիվանագիտությանը:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...