Skip to main content

Դիվանագիտության աստված Հերմեսի մասին

 

Հերմեսը առանցքային դեր է խաղացել հունական դիվանագիտության սկզբնավորման կարևոր փուլում՝ թեկուզ որպես գեղարվեստական գրականության և դիցաբանության «փառապանծ» կերպար:

…Կադրային հարցերում ծանոթության և բարեկամության կարևորությունը գալիս է անտիկ ժամանակներից: Այլապես ինչով բացատրել, որ գերագույն աստված Զևսը որդուն՝ Հերմեսին, նշանակեց կարևոր գործի. վստահեց դիվանագետների և դիվանագիտության ղեկավարի խիստ պատասխանատու պաշտոնը: Դա առաջացրեց տարակուսանք և ասեկոսեներ աստվածների կորպուսում: Այն, որ լինելով զբոսաշրջոթյան, գիտության, մշակույթի, առևտրի և ուրիշ շատ ոլորտների ղեկավար՝ Հերմեսն աջ ու ձախ խախտում էր ազնվության և բարոյականության բոլոր նորմերը, հայտնի էր ամենքին: Ինչ կարելի էր սպասել մեկից, որը բացեիբաց հովանավորում էր աթենական գողական և քրեական աշխարհը: Բայց որ նրան կարող էին կարգել գերկարևոր քաղաքական ոլորտիղ ղեկավար, վեր էր մարդկանց երևակայությունից: Դե, եղածը եղած էր: Դիվանագետներն այսօր էլ զարմացած են այդ անիմաստ նշանակումով: Իսկ Հերմեսը դեռ այն ժամանակ իր արգահատելի վարքով գրավել էր Հոմերոսի ուշադրությունը: Նա իր «Ոդիսական»-ում նկարագրում է, թե ինչպես է Աֆրոդիտեի կաղ ու խորամանկ ամուսինը՝ Հեփեստոսը, իր ձեռքով պատրաստած ցանցի մեջ գցում ռազմի աստված Արեսի հետ դավաճանած կնոջը: Հեփեստոսը, ըստ երևույթին, սիրահարներին խայտառակելու նպատակով դեպքի վայր է հրավիրում բոլոր կարևոր աստվածներին, որոնք, տեսնելով այդ տեսարանը, ծիծաղից թուլանում են: Հետո Ապոլլոնը հարցնում է Հերմեսին, թե կուզե՞ր արդյոք Արեսի տեղը լիներ: Եվ, կարո՞ղ եք պատկերացնել, ինչ է պատասխանում ավագ դիվանագետը.

Երանի՜ թե այդպես լիներ, ո՜վ նետաձիգ իմ Ապոլլոն.

Թող սրանից եռապատիկ կապանքներով ինձ կապեին,

Եվ դուք՝ բոլոր աստվածներդ, այսպես գալով ինձ տեսնեիք,

Բայց երջանիկ կզգայի ինձ Աֆրոդիտեի հետ քնելով:

Կարդալով Հոմերոսին՝ գալիս ես այն եզրակացության, որ Հերմեսը հաստատ ունեցել է սեռական շեղվածություն: Նախ՝ նրա վրա ամենևին չի ազդում, որ սիրուհին ուրիշի հետ է: Հավանաբար ուզում է ի ցույց դնել այն, ինչն ուրիշների աչքերի համար չէ, հետո էլ փաստում է, որ աստվածները սիրում են այդ նայել: Սա էլ ձեզ՝ հին աստվածները:

…Զևսը, ոգևորված Հերմեսի «տաղանդով», որոշում է նրան հանձնարարել դիվանագիտական նուրբ առաքելություն. բանակցությունների է ուղարկում Պրոմեթևսի մոտ, որը կրծքով պաշտպանում էր մարդկանց կյանքն ու շահերը, պայքարում նրանց բարօրության համար: Նա բոլորին սովորեցնում էր գիր ու հաշիվ, արհեստներ ու գիտություն, տներ ու նավեր կառուցել, պաշտպանվել բնության արհավիրքներից, պատրաստել դեղաբույսեր և այլ հազար ու մի օգտակար բաներ: Սակայն նրա ամենամեծ գործը հետևյալն էր: Երբ Զևսը, դառնալով աշխարհի տիրակալ, մտադրվում է կործանել ողջ մարդկությունը, Պրոմեթևսն ըմբոստանում է: Նա գողանում է Զևսից աստվածային կրակը և փոխանցում մարդկանց՝ կյանքի հարատևման համար: Կարո՞ղ էր Զևսը ներել այդ վեհանձն քայլը: Անշուշտ, ոչ: Տեղի է ունենում բարու և չարի բախում: Զևսը, լինելով իշխանություն և բռնություն, գործադրում է անարդար, բիրտ ուժ, շղթայում է Պրոմեթևսին և գամում Կովկասյան լեռների մի խուլ քարանձավում: Այսօրվա մեր ամբողջատիրական համակարգի տարբերակով՝ դարձնում է քաղաքական բանտարկյալ: Մարդկանց մատուցած ծառայությունների դիմաց Պրոմեթևսը դատապարտված է տանջանքների: Զևսի գործողություններում կան նաև անձնական շարժառիթներ՝ նենգություն ու քինախնդրություն: Նույնպես ծանոթ պատկեր է ժամանակակից քաղաքական իրականությունից: Խնդիրն այն է, որ Պրոմեթևսն արյունահեղությունից խուսափելու համար չի տալիս այն կնոջ անունը, որից Զևսը զավակ պիտի ունենար, և այդ զավակը գահընկեց պիտի աներ հորը ու խլեր աշխարհակալության իրավունքը:

Եվ Հերմեսը, գալով այդ վեհանձն ասպետի՝ շղթայակապ Պրոմեթևսի մոտ, շարունակում է հոր սկսած գործը: Մեծ դրամատուրգ Էսքիլեսն իր «Շղթայված Պրոմեթևսը» թատերգությունում պատմում է, թե ինչ լուտանքներ, ինչ անպատվաբեր խոսքերի և վիրավորանքների շարան է ուղղում կադրային դիվանագետ Հերմեսն այդ պատվարժան մարդու հասցեին, անվանում նրան «իմաստակ, հույժ թունավոր արարած»:

Ինչպես բոլոր հեքիաթներում, այնպես էլ Պրոմեթևս-Զևս-Հերմես պայքարում արդարությունը, ի վերջո, հաղթում է.1000 տարի հետո Հերակլեսը փշրում է շղթաները և ազատում Պրոմեթևսին: Հետո նա և Զևսը հաշտվում ու բարեկամանում են: Զևսն առաջվանը չէ: Խելքը գլուխն է եկել. նա արդեն հանդես է գալիս որպես ազատության, արդարության և դեմոկրատիայի ջատագով: Ի հիշատակ իր ազատագրման՝ Պրոմեթևսը բազկին ամրացնում է փշրված շղթայի օղակներից մեկը:

Մարդկանց օղակներ և օղեր կրելու սովորույթը գալիս է այդտեղից: Կլոր մատանին հավաստում է զույգերի սերը, համերաշխությունն ու հավատարմությունը: Իսկ կրակը խորհրդանշում է ոգու ազատության խոյանքը, առաջընթացի և ազատության ձգտումը:

Պրոմեթևսը սիրված հերոս է շատ սերունդների և ժողովուրդների համար: Նրա կերպարին անդրադարձել, նրան փառաբանել են Վոլտերը, Գյոթեն, Բայրոնը, Բեթհովենը և ուրիշներ: Նրա մասին առասպելն իր փոխակերպված արտացոլումն է գտել շատ էթնոսների բանահյուսություններում: Մենք, օրինակ, ունենք առասպել Արտավազդ թագավորի մասին, որը հոր անեծքով շղթայվում է Մասիսի քարանձավներից մեկում: Մի ուրիշ հայր էլ իր որդուն՝ Փոքր Մհերին, խորհուրդ է տալիս աշխարհից մեկուսանալ կամ բանտարկվել Ագռավաքարում:

Հետաքրքիր է, ինչ կպատահի, եթե այժմյան հայրիկները փորձեն նույն բանն անել իրենց երես առած և շփացած երեխաների հետ:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...