Skip to main content

Հելլենները գետնի վրա և գետնի տակ

 

Հին հույներն իրենց կենցաղն ու կացութաձևը չեն պատկերացրել այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում և զգում: Նրանք ապրել են «երկու աշխարհներում»՝ գետնի երեսին և գետնի տակ՝ վստահ լինելով, որ կյանքը չի ընթանում միայն այստեղ՝ երկրի վրա, այլ այն կա նաև նրա խորքերում: Բայց կապը վերևի հետ չի կտրվում: Հույները համոզված էին, որ պտղաբերության և հողագործության աստվածուհի Դեմետրայի աղջիկը՝ Պերսեփոնեն, որին հափշտակել էր ստորգետնյա աշխարհի տիրակալ Հադեսը, ամեն ամառ գալիս է իր մորը տեսության: Այնպես որ մահը ինչ-որ տեղ վերադարձ է ի շրջանս յուր և բնական երևույթ է: Իսկ հանգուցյալին հողին հանձնելը սուրբ պարտականություն է կենդանի մարդկանց համար: Անգամ կռվից հետո կողմերի միջև զինադադար էր կնքվում զոհվածներին հողին հանձնելու համար: Մահացածին ստորգետնյա աշխարհ ճանապարհելը կենդանի մնացածների հոգու պարտքն էր, իսկ այն չկատարելը՝ մեծագույն մեղք և հանցագործություն: Եվ ահա թե ինչ եղավ նրանց հետ, ովքեր խախտեցին այդ օրենքը:

…Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ հունական նավատորմը Արգինուզյան կղզիների մոտ ջախջախեց Սպարտայի նավատորմը: Ստրատեգոսների 10 անդամներից բաղկացած զորավարական խորհուրդը, որի գլխավոր գերագույն հրամանատարը վերընտրվում էր ամեն տարի, շտապեց Լեսբոս կղզի և թողեց մի նավ, որը պետք է հավաքեր սպանվածներին՝ հայրենիքում թաղելու համար: Սակայն նավապետն ուժեղ փոթորկի պատճառով չկարողացավ կատարել հանձնարարությունը, ինչը չներվեց աթենական հասարակության կողմից: Զոհված նավաստիներին չթաղելու դեպքը վերածվեց համազգային խնդրի, ստացավ հասարակական հնչեղություն: Սպանվածների ազգականները վրեժ էին տենչում՝ ողբալով, թե հանգստի կարոտ անթաղ հոգիները դեռ թափառում են ստորերկրյա թագավորության մուտքի մոտերքում, և դա, ըստ ավանդույթի, կարող է տևել 100 տարի: Այնժամ աթենական դեմոկրատիան նահանջեց՝ իր տեղը զիջելով վրեժխնդրության կույր բնազդին: Ստրատեգոսների պաշտպանության կամպանիան, որը գլխավորում էր Սոկրատեսը, կոպտորեն մերժվեց: Ծովային անմեղ հրամանատարներին բերման ենթարկեցին ու կախեցին: Նրանց մեջ էր նշանավոր հետերա Ասպազիայի երիտասարդ տղան: Իսկ հետո հասկանալով իրենց անիրավությունն ու անողոքությունը՝ ողբացին կատարվածի համար և ընկնելով հակառակ ծայրահեղության մեջ՝ աստվածացրին զոհվածներին: Բնորոշ երևույթ՝ ամբոխի հոգեբանության տեսանկյունից. մարդկանց հերոս հռչակելու մյուս օրը նրանց վերածել հակահերոսների, ջարդել երեկվա պաշտելի կուռքերը կամ անել ճիշտ հակառակը: Ի դեպ, սուր զգայական խառնվածքի տեր հույներն ամեն տարի միջին հաշվով 10 ստրատեգոսներից երկուսին մահապատժի էին ենթարկում, հետո զղջում էին և ողբում նրանց կորուստը:

Հելլենները հանդերձյալ կյանքի նկատմամբ ունեին փիլիսոփայական մոտեցում: Նրանք ծանր էին տանում այն հանգամանքը, որ հարազատներն ընկել են խավարի թագավորություն, որտեղ նրանք զրկված են ամեն հաճույքից: Սակայն ողջերը մխիթարվում էին այն մտքով, որ եթե հանգուցյալն արդար է, մաքուր և անմեղ, ահեղ դատաստանից հետո ուրախ-զվարթ զբոսնում է Ելիսեյան դաշտերում: Հոմերոսն այնպես է նկարագրում այդ դաշտերի կյանքը, որ ակամայից նախանձում ես այնտեղ ապրողներին: Ըստ այդ հանճարեղ հեղինակի՝ անդրշիրիմյան աշխարհը հրաշագեղ մի հանգստավայր է, կատարյալ դրախտ՝ եդեմ:

Իսկ մեղավորները, չարերն ու անազնիվները տանջվում են Տարտարոսի դժոխքում: Դրա հետ մեկտեղ ամեն մի ընտանիք հավատում էր, որ մեռած նախնիները հաղորդակցության մեջ են մտնում իրենց հետ: Եվ իրենք պարտավոր են հիշել հանգուցյալներին, նրանց գերեզմաններն օծել ու զոհեր մատուցել: Ստորգետնյա աստվածների համար մատուցվող զոհերը թաղում էին հողի մեջ, որպեսզի դրանք շուտ հասնեն հասցեատիրոջը:

Ամեն տարի Ատտիկյան օրացույցի անտեստերիոն ամսին (փետրվարի 7-ի և մարտի 8-ի միջև) հույների մեռելոցն էր: Ըստ ավանդության՝ այդ օրը ստորգետնյա աշխարհը բացվում էր, և ննջեցյալների ոգիները բարձրանում էին վեր՝ միանալու հարազատներին: Այցելուներին հյուրասիրում էին ցորենով, գինիով, ձիթապտղի յուղով, մեղրով: Հիմնականը, սակայն, քաղցր շփոթն էր՝ պատրաստված հացաբույսերից և լոբազգիներից: Այն պատրաստողներն իրենք չէին ուտում, այլ բաժանում էին: Այդ սովորույթն այսօր էլ գոյություն ունի Հունաստանում և Կիպրոսում: Մատաղի արարողություն շատ ազգեր ունեն: Այն մեր՝ հայերիս մեջ, չգիտես ինչու, վերածվել է կերուխումի, մինչդեռ եկեղեցական կանոնների համաձայն, մատաղը մատուցվում է ուրիշներին՝ հատկապես աղքատներին:

Հանգուցյալների նկատմամբ հույների խորհրդավոր ակնածանքը սերտորեն կապված էր ընտանեկան օջախի պաշտամունքի հետ, որն արտահայտում էր ընտանիքի միասնականության գաղափարը սերնդեսերունդ: Մարդիկ ծնվում և մեռնում են, իսկ ընտանիքը շարունակում է ապրել այնպես, ինչպես օջախի մշտավառ կրակը: Եվ եթե մեկը հեռանում, գնում է տնից մի նոր տեղ, նա պետք է իր հետ տանի հայրենի օջախից միացող ածուխը, որպեսզի նոր տեղում կրակ վառի նախկին աղբյուրից: Եվ երբեք չմոռանա անցավորներին: Այս գեղեցիկ ավանդույթը փոխանցվել է այլ ազգերի և աննշան փոփոխություններով հասել մեր օրերը: Կարծում եմ՝ մենք՝ հայերս, բացառություն չենք:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...