Եթե այս հրամայականը գործում է, դիվանագետները պարտական են հելլեններին: Այդ շատ կարևոր հայտնությունը նրանք արեցին դիվանագիտության երևան գալու արշալույսին: Խնդրի կենսական անհրաժեշտությունը մարդիկ տարտամորեն գիտակցում էին դեռևս ստրկատիրական կացութաձևից առաջ՝ համայնատոհմական կարգերի ժամանակ, երբ հողերն ու որսատեղերը սահմանազատելիս ցեղերն իրար կոկորդ էին կրծում: Ելքը մեկն էր՝ չսպանել և չուտել բանակցային կողմի ներկայացուցիչներին: Չհասկանար նախամարդն այս պարզ ճշմարտությունը՝ մարդկության գոյատևման վրա կկախվեր մահացու վտանգ: Դիվանագետի ֆիզիկական անվտանգությունը հետագայում ստացավ մի կարգավիճակ, որը կոչվեց դիվանագիտական անձեռնմխելիություն: Այդ կարգավիճակը, բացի ֆիզիկական անվտանգությունից, ապահովում էր նաև որոշակի արտոնություններ, որոնք տարածվում էին դեսպանության շենքերի, նստավայրերի, տրանսպորտի և դիվանագիտական փոստի վրա: Մյուս կողմից՝ դիվանագետների վրա չէին տարածվում դեսպանընկալ երկրի օրենքները: Նրանց չէին ենթարկում քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության: Հելլեն դեսպանները ցո...