Skip to main content

Հերմեսի ծագումնաբանության մասին

 

Ի դեպ, միայն Էսքիլեսը չէ, որ «փառաբանում է» Հերմեսի դիվանագիտական հմտություններն ու ճկունությունը: Դարերի խորքից մեզ է հասել հին հունական էպիկական հիմների ժողովածուն: Թափառաշրջիկ գուսանները երգում-արտասանում էին այդ հիմները քնարի նվագակցությամբ: Հիմները սովորաբար նվիրված էին լինում այս կամ այն աստծուն և կատարվում էին նրա պատվին կազմակերպված տոնակատարությունների ժամանակ: Ահա թե ինչ էր ասվում Հերմեսին նվիրված հիմնում.

…Ճարպիկ հնարագետ վարպետ,

Խորամանկ ստահակ, եզնագող, երազների առաջնորդ, ավազակ,

Դռների դարանակալ, լրտես գիշերային:

Համաձայնեք, որ նման խոսքերն ամենևին պատիվ չեն բերում դիվանագետին, այն էլ բարձրաստիճան դիվանագետին, որպիսին Հերմեսն էր: Թերևս նրա արատները թաքնված են ծագումնաբանությա՞ն մեջ: Հերոդոտոսը նշում է, որ Թրակիայի ցեղերը սերում են Հերմեսից, որոնք վերջինիս համարել են իրենց ամենապաշտելի աստվածը:

Շատ բնական է: Ամեն ժողովուրդ հպարտանում է իր ծոցից ելած տաղանդավոր դիվանագետով: Ֆրանսիացիներն ունեցել են Թալեյրան, անգլիացիները՝ Չերչիլ, գերմանացիները՝ Բիսմարկ, ռուսները՝ Գորչակով: Իսկ մե՞նք: Եթե հաշվի չառնենք Իսրայել Օրուն, ո՞ւմ անունն ենք թողնելու սերունդներին…

Հերոդոտոսն այսպես է նկարագրում Հերմեսին կյանք պարգևած ազգի հատկանիշները. «Երեխան ծնվելիս հարազատները նստում են նրա շուրջը և ողբում, թե ինչքան տառապանքներ նա պետք է կրի կյանքում, թվարկում են բոլոր չարիքները, որոնք թափվելու են նորածնի գլխին: Մինչդեռ մեռնողին նրանք թաղում են զվարթ և ուրախ, որ փրկվեց բոլոր տանջանքներից և այժմ երանության մեջ է»: Թրակիացիներն ունենում են շատ կանայք: Երբ ամուսինը մահանում է, նրա կանայք հարազատների մասնակցությամբ բուռն վիճում են, թե իրենցից որին էր հանգուցյալն ամենից շատ սիրում: Ով ճանաչվում է ամենասիրվածը, նրան էլ հավաքվածները գովաբանում են, հետո մորթում ամուսնու գերեզմանի վրա և թաղում նրա հետ: Իսկ մնացյալ կանայք խիստ վշտանում են այդ ընտրությունից և նախանձում զոհաբերվածին՝ իրենց համարելով անարգված: Թրակիացիները երեխաներին վաճառում են օտարներին: Նրանք չեն պահպանում իրենց աղջիկներին, այլ թույլ են տալիս կենակցել ցանկացած տղամարդու հետ: Անբան մարդուն նրանք համարում են լավագույնը, իսկ երկրագործին՝ ամենաանարժանը: Նրանք պատվարժան գործ են համարում պատերազմով և կողոպուտով ապրելը:

Այսպես է ներկայացնում դիվանագետների նախահոր՝ Հերմեսի ցեղակիցներին մեծ պատմաբանը, սակայն տեղն ու տեղը, կարծես դիվանագետներին սփոփելու նպատակով նշում է, որ թրակիացիներից ավելի վայրենաբարո ցեղեր էլ են եղել, օրինակ՝ մասսագետները (հայկական աղբյուրներում՝ մասքութներ):

Ընդհանրապես, հույն պատմիչները երբեմն այնպիսի բաներ են գրում, որ արյունդ սառում է երակներիդ մեջ: Դատեք ինքներդ: Մասսագետներն ապրում էին միակին համակարգում, բայց ցեղի տղամարդիկ իրավունք ունեին օգտվել բոլոր կանանցից ուզած ժամանակ՝ առանց տարիքի սահմանափակման: Երբ տղամարդն ակտիվ սեքսուալ կյանքով ապրելուց հետո ծերանում էր, ազգականները հավաքվում և մորթում էին նրան, հետո խառնում էին ոչխարի մսի հետ, խաշլամա եփում և մի լավ քեֆ էին անում: Սա նրանք համարում էին ամենաերանելի մահը: Իսկ երիտասարդ հասակում մահացածներին չէին ուտում, այլ հողով ծածկում էին և սգում, որ խեղճ մարդը չարժանացավ մորթվելու և ուտվելու պատվին:

Սակայն վերադառնանք Հերմեսին: Դարձյալ ըստ Հերոդոտոսի՝ հելլենները դիվանագետին պատկերել են «պրկված ֆալլոսով»: Նա չի մանրամասնում. Հերմեսի այդ վիճակը նրա բացառիկ կարողությունների վկայությո՞ւնն է, թե՞ նա «վիագրային» համարժեք ինչ-որ խոտ էր ուտում և տառապում էր պրիապիզով, այսինքն՝ ֆալլոսը հրաժարվում էր նախկին վիճակն ընդունելուց, և պահանջվում էր շտապ վիրահատություն: Ինչևիցե, մենք ևս ձեռնպահ մնանք և չխորանանք հարցի ֆիզիոլոգիական նրբությունների մեջ: Վատն այն է, որ Հերմեսի ժառանգական կոդի շնորհիվ նրա ընտանեկան «գեղեցիկ» ավանդույթները փոխանցվում են հաջորդ սերունդներին: Նրա որդին՝ Ավտոլիկոսը, ունի կերպարանափոխվելու և անտեսանելի դառնալու հատկություն: Շնորհիվ դրա՝ նա վաստակում է ամենամեծ «գողականի» համբավը և այնպիսի արարքներ գործում, որի նկարագրությունից անգամ թուղթը կկարմրի:

Այս բոլորի կողքին մեր գործընկեր Հերմեսի մեղքերը գոնե մի փոքր մեղմելու նպատակով նշենք, որ գիտության կողմից լրիվ ուսումնասիրված չէ և բաց է մնում հետևյալ հարցը: Գոյություն ունի՞, արդյոք, խաբեբայության և ստորության ժառանգականորեն ծրագրավորված հակում, գենետիկական կոդ, թե՞ մարդուն այդ քայլին մղում են կյանքի հանգամանքները, դաստիարակությունը, սոցիալական միջավայրը և ծառայողական պարտականությունները: Ինչպե՞ս բացատրել, որ կան մարդիկ, որոնք ի ծնե ազնիվ են և մնում են այդպիսին ողջ կյանքում, և կան հիվանդագին սրիկաներ, որոնց հակվածությունը դեպի խաբեությունը գրանցված է նրանց քրոմոսոմներում: Սպառիչ պատասխան մենք դեռևս չունենք, սակայն փորձենք հաջորդ գլխում գոնե հպանցիկ անդրադառնալ ստին՝ որպես դիվանագիտական կատեգորիայի՝ տեսնելու համար, թե ինչ դեր է խաղում այն միջպետական հարաբերություններում և արտաքին քաղաքականության մեջ:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...