Հին
Հունաստանի դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից մեկը եղավ բանակցային գործընթացի
և պայմանագրերի վավերացման մեխանիզմների ստեղծումը: Պոլիսներում հիմնվեցին սիմախիներ,
որոնք պաշտպանական կամ հարձակողական բնույթի ռազմաքաղաքական միություններ էին:
ՆԱՏՕ-ի,
Վարշավյան պայմանագրի, ՍԵԱՏՕ-ի և մյուս ռազմաքաղաքական դաշինքների հիմքում ընկած են
նույն սիմախիների սկզբունքներն ու նպատակները:
Գոյություն
ունեին 2 խոշոր միություններ՝ Լակեդեմոնյանը, որի անդամներն էին Պելոպոնեսյան թերակղզու
քաղաքներն ու համայնքները՝ Սպարտայի գլխավորությամբ, և Աթենքյան կամ Դելոսյան ռազմածովային
միությունը, որը կազմավորվեց հույն-պարսկական պատերազմի ժամանակ՝ թշնամու դեմ պայքարի
նպատակով: Հունաստանի պատմության մեջ կարևոր դեր խաղաց Կորնթոսյան լիգան, որին անդամակցում
էին բոլոր պետությունները՝ բացի Սպարտայից: Լիգան կազմավորվեց, երբ Մակեդոնիայի թագավոր
Փիլիպոս 2-րդը փաստորեն իրեն ենթարկեց ողջ Հելլադան, դարձավ միացյալ զորքերի գերագույն
հրամանատար և երկիրը պատրաստեց Պարսկաստանի դեմ պատերազմի: Մեզ է հասել Լիգային անդամակցելու
երդման տեքստը: «Երդվում եմ Զևսով, Գեայով, Հելիոսով, Պոսեյդոնով, Աթենքով և Արեսով,
բոլոր աստվածներով և աստվածուհիներով: Երդվում եմ հարգել խաղաղության պայմանները և
չխախտել Փիլիպոս Մակեդոնացու հետ կնքված պայմանագիրը: Ո՛չ գետնի վրա, ո՛չ ծովում ես
զենք չեմ բարձրացնի պայմանագրի որևէ անդամի դեմ: Ես թույլ չեմ տա որևէ ոտնձգություն
պայմանագրի անդամ պետություն-քաղաքի, նրա ամրությունների և նավահանգիստների դեմ: Ես
չեմ կռվի Փիլիպոս Մակեդոնացու և նրա հաջորդների դեմ: Եթե որևէ մեկը սպառնա պայմանագրի
անդամ երկրին, ես պատրաստ եմ նրա կողքին կռվել ընդհանուր խաղաղությունը խախտողի դեմ…»:
Եթե
վերցնելու լինենք ժամանակակից պետությունների զինված ուժերում ընդունված երդումների
տեքստերը, ապա կտեսնենք, որ դրանք շատ կետերով նմանակում են նշված երդումը, որից մեզ
բաժանում է գրեթե 3000 տարի:
Ենթադրվում
էր, որ ռազմաքաղաքական միություններն ունեին կախարդական ուժ, հետևաբար դրանք խախտողը
ենթակա էր աստվածային պատժի: Երդումից բացի՝ փաստաթղթերն ամրագրվում էին հեթանոսական
զոհաբերություններով: Երդման արարողությունը տեղի էր ունենում այն քաղաքի մագիստրոսի
ներկայությամբ, որտեղ ստորագրվում էր պայմանագիրը կամ համաձայնագիրը: Երդմանն ավելանում
էր անեծքի տեքստը, որը կարող էր «թափվել» այն ոտնահարողի գլխին: Սրանք դատարկ սպառնալիքներ
չէին: Պայմանագրի խախտումը քննարկում էր միջնորդ դատարանը և խախտողի նկատմամբ կիրառում
պատժամիջոցներ, անգամ հայտարարում էր սրբազան պատերազմ:
Եթե
նման պրակտիկա այսօր կիրառվեր պետությունների իրավապայմանագրային փաստաթղթերի նկատմամբ,
ապա արյունահեղ պատերազմներն անպակաս կլինեին երկրագնդի վրա:
Հունական
պայմանագիրը կազմվում էր մի քանի, այդ թվում՝ բանակցող կողմերի լեզուներով: Մեկ օրինակը
հանձնվում էր արխիվ, իսկ եթե դիվանագիտական հարաբերությունները նրանց միջև խզվում էին,
կամ պատերազմ էր հայտարարվում, այն ոչնչացվում էր, ինչը նշանակում էր, որ միջպետական
փաստաթուղթը կորցրել է իր ուժը: Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն չկա և պարտավորւթյուն:
Միջազգային
իրավունքի հին հունական պրակտիկան կարող էր լավ օրինակ լինել ժամանակակից միջպետական
հարաբերություններում: Գաղտնիք չէ, որ պետությունների միջև կնքված պայմանագրերն ու
համաձայնագրերն այսօր հաճախ չեն գործում կամ գործում են կիսատ-պռատ: Ամերիկյան մասնագետների
կարծիքով, եթե դրանք իրականացվում են 25 տոկոսով, արդեն լավ է: Դիվանագիտական շատ ծառայություններ
պատշաճ հսկողություն չեն սահմանում վերցված պարտավորությունների նկատմամբ, և հասարակությունն
անտեղյակ է մնում, թե այս կամ այն երկրի հետ կնքված պայմանագիրն ինչպե՞ս է կատարվում
և ի՞նչ օգուտ բերում: Հայաստանի ԱԳՆ-ն իր օրինակով կարող է փաստել այս իրողությունը:
Եթե, իհարկե, ցանկանա:
Սակայն
գերագնահատել հելլենական փորձը նույնպես ճիշտ չէր լինի: Փաստաթղթերի նկատմամբ գոյություն
ունեցող ակնածալի վերաբերմունքն ամենևին չէր նշանակում, որ այդ շրջանի պետական ու ռազմական
գործիչներն ազնվության մարմնացում էին, և նրանց խոստումն անսասան էր:
…Ալեքսանդր
Մակեդոնացին խստագույնս հավատարիմ էր մնում միջպետական փաստաթղթերի ոգուն և տառին՝
նույնը պահանջելով դրանք ստորագրողներից: Իսկ երբ Աթենքի մշտական թշնամի Բեովտիայի
խոշորագույն քաղաք Թեբեն ուխտազանց եղավ և խախտեց Մակեդոնիայի հետ բարեկամության պայմանագիրը,
նա գոչեց. «Դաշինքին դավաճանելու
համար՝ մահ» և հիմնահատակ կործանեց այդ քաղաքը, սրատեց նրա բնակիչներին:
Իսկ
պարսիկների երդմնազանցության մի դիպված ունեցել է էլ ավելի տխուր հետևանքներ:
…Արքայորդի
Արքեսսիլիաոսը մեծ խառնակչություններ է անում իր հայրենակիցների նկատմամբ, նեղացնում
նրանց: Հետո դավեր է նյութում հարազատ եղբայրների դեմ և փախչում Բարկայից: Որոշ ժամանակ
անց նա ծպտված վերադառնում է հայրենի քաղաք: Մարդիկ շուկայում ճանաչում են նրան և տեղում
սպանում: Արքայորդու մայրը՝ Փերետիմեն, տենչում է վրեժ լուծել տղայի մահվան համար:
Փախստականի կարգավիճակով գտնվելով Եգիպտոսում՝ նա համոզում է Դարեհի սատրապ Արյուանդեսին
զորքեր տրամադրել իրեն՝ Բաբկան կործանելու համար: Պարսիկներին համոզելու հարկ չկար,
նրանց առիթ էր պետք Հունաստանին վատություն անելու համար: Եգիպտոսում տեղակայված պարսկական
ցամաքային և ծովային ուժերը դրվում են վրիժառու կնոջ տրամադրության տակ: Պարսիկները
պաշարում են հելլենական Բաբկան ամբողջ 9 ամիս: Շատերն են ընկնում 2 կողմից էլ: Պարսից
հետևակի զորապետ Ամասիսը, համոզվելով, որ հնարավոր չէ ուժով նվաճել բարկացիներին, այլ
միայն խորամանկությամբ, այսպիսի մի հնար է
մտածում: Գիշերվա ընթացքում լայն խրամատ փորելով՝ այն ծածկում է տախտակներով, վրան
փռում է հողի բարակ շերտ և հավասարեցնում գետնին: Առավոտյան Ամասիսը բարկացիներին առաջարկում
է դիվանագիտական բանակցություններ սկսել: Բարկացիները հոժարությամբ ընդունում են, քանի
որ նրանք արդեն սովամահ էին լինում և հաշտության էին ձգտում: Եվ մոտավորապես այսպիսի
համաձայնության են հանգում: Պարսիկները երդվում են քողարկված խրամատի վրա կանգնած՝
ասելով. «Քանի դեռ այս հողն այսպես
ամուր է, մեր երդումը ևս հաստատ կլինի»: Բարկացիները համաձայնվում են արքային հարկ
վճարել, իսկ պարսիկները խոստանում են այսուհետև բարկացիներին չվնասել: Այս երդումից
հետո բարկացիները, հավատալով պայմաններին, ոչ միայն իրենք են դուրս գալիս քաղաքից,
այլև բացում են բոլոր դարպասները: Պարսիկները նախ քանդում են խրամատը ծածկող գաղտնի
տախտակամածը, հետո խուժում են քաղաք: Ինչո՞ւ են նրանք քանդում տախտակամածը: Այն բանի
համար, որպեսզի խախտած չլինեն խոստումը: Իսկ հողածածկ տախտակամածը քանդելուց հետո,
երդումը կորցնում է իր ուժը:
Երևի
տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր միջոցներ են հորինել խոստումն ու երդումը դրժելու,
հետո խղճի ձայնը խլացնելու համար: Միջնադարում կաթոլիկական եկեղեցին, պապի անունից,
փողով կամ այլ ծառայությունների համար մեղքերի թողության թուղթ էր տալիս՝ գործած և
գործվելիք օրինախախտումների համար: Այն ուներ հնչուն անուն՝ ինդուլգենցիա:
Իսկ
մենք երեխա հասակում գտել էինք երդումը դրժելու ավելի հասարակ ու ձրի ձև: Երբ ստում
էինք, ձեռքներս թաքցնում էին մեջքի հետևում և միջնամատը խաչաձևում ցուցամատի հետ: Ճիշտ
է, մեծ մասամբ բռնվում էինք, բայց բոլոր դեպքերում ուրախ էինք, որ ստելու այդ միջոցը
կա…
Ուրեմն,
պարսիկները, ներխուժելով քաղաք, քարտ բլանշ են տալիս անչափ գազազած Փերետիմեին: «Տիկին,
արա սրտիդ ուզածը»: Սա էլ կատարում է սահմռկեցուցիչ արարք: Հրամայում է տղամարդկանց
ցցահան անել պարսպի վրա, իսկ կանանց ստինքները կտրել ու գամել նրանց կողքին: Հետո զորքը
ճամփա է ընկնում դեպի Եգիպտոս: Սակայն պարսիկների մեծ մասը տեղ չի հասնում. նրանցից
շատերին անապատի ավազուտներում սպանում են լիբիացիները: Փերետիմեին հաջողվում է հասնել
Եգիպտոս, բայց քիչ անց նա մեռնում է դաժան մահով. դեռևս կենդանության օրոք նրա մարմինը
սկսում է փտել վխտացող որդերից: Ճիշտ է նկատում Հերոդոտոսը, երբ ասում է. «Դաժան վրեժը մարդկանց ատելի է դարձնում անգամ
աստվածներին»: Նրա վրեժը համաքաղաքացիների վրեժից դաժան էր: Դաժան եղավ նաև մահը:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment