Հունական
աստվածները միանգամայն մոտ էին մարդկանց, խառնվում էին նրանց գործերին, չէին տարբերվում
նրանցից՝ չհաշված, որ գործում էին հրաշքներ, և մեկ էլ՝ որ անմահ էին: Այսպիսով, աստվածները
նման էին մարդկանց, ունեին իրենց թերությունները՝ սիրային արկածախնդրություններ, ամուսնական
դավաճանություն, երդմնադրժություն… Նրանք բացարձակապես սրբակենցաղ չեն եղել: Աստվածներն
այնպիսի արարքներ էին անում, որ մենք՝ 21-րդ արատավոր դարի վաստակաշատ մեղավորներս,
նրանց փոխարեն կկարմրեինք և գետնի տակը կանցնեինք: Քսենոֆոնը գրում է. «Հոմերոսը և Հեսիոդոսը աստվածներին վերագրել են
մարդկային ամենաանպատվաբեր, ամենաստոր արատներ՝ գողություն, խաբեբայություն, այլասերվածություն»:
Եթե աստվածներն այդ արատներն իրենց պահեին՝ աստված նրանց հետ: Սակայն նրանք հաճախ անբարոյականություն
էին քարոզում, անգամ տարածում այն հենց սրբավայրերում:
…Սիրո
և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն դարեր շարունակ հիացրել է մարդկանց, գերել նրանց
երևակայությունն ու զգացմունքները: Մինչդեռ նա հեռու է առաքինության կանոններից այնքան,
որքան երկինքը՝ իրեն ծնած ծովի ալիքներից: Աֆրոդիտեն պատգամել է, որ յուրաքանչյուր
կին կյանքում գոնե մեկ անգամ պետք է նստի Բաբելոնի՝ իր անունը կրող սրբավայրում, և
տրվի բոլորովին անծանոթ տղամարդու, որի դուրը նա գա: Անծանոթն արծաթե դրամը գցում է
նրա փեշը, փողի քանակը նշանակություն չունի, և դուրս տանելով սրբավայրերից՝ նրա հետ
անում այն, ինչ ցուցանել էր Աֆրոդիտեն: Դեռ լավ է, որ կատարվածին մշտական բնույթ չէր
հաղորդվում: Աստվածուհու որոշումն այսպիսին էր. կատարեցիր պարտքդ, գնա ամուսնուդ մոտ
և տեղդ զիջիր հաջորդին: Սա վերաբերում էր գեղեցիկ և բարեկազմ կանանց, որոնց պահանջարկը
մեծ էր: Իսկ տգեղներին, որոնք երկար, նույնիսկ 3 կամ 4 տարի սպասում էին իրենց հերթին,
Աֆրոդիտեն բաց չէր թողնում՝ ասելով. «Պարտականություններդ
կատարեք՝ հետո»: Կարճ ասած՝ Աֆրոդիտեն կանգնած է Հելլադայում և հարևան երկրներում լայնորեն
տարածված սրբազնացրած պոռնկության ակունքներում: Ընդհանրապես, սիրո և գեղեցկության
աստվածուհին խիստ ազատամիտ էր իր գործողությունների և փնթի՝ կապերի մեջ: Մեկ անգամ
չէ, որ նա դավաճանել է ամուսնուն՝ Հեփեստոսին, աստվածների և մահկանացուների հետ: Ամուսինը,
որից Աֆրոդիտեն 5 երեխա ուներ, նրան բռնել է պատերազմի աստված Արեսի հետ «դեպքի վայրում»:
Մի երեխա էլ աստվածուհին ուներ Հերմեսից՝ դիվանագետի նախահորից: Եթե Աֆրոդիտեի արարքները
սահմանափակվեին նրա սիրային արկածներով, կասեինք, թե դա իր անձնական գործն է: Սիրուն,
երես առած կին է, անում է, ինչ ուզում է: Բայց նրա մատը խառն է նաև անտիկ աշխարհի ամենաարյունահեղ
պատերազմներից մեկի ծագմանը: Ահա թե ինչպես:
…Աքիլլեսի
ծնողների՝ Թեսալիայի Պելևս թագավորի և ծովի աստվածուհի Թետիսի հարսանիքին հրավիրված
էին բոլոր աստվածներն ու աստվածուհիները՝ բացի Իրիս անունով ծիածանի աստվածուհուց:
Նա խիստ վիրավորված է: Վրեժ է տենչում: Հայտնի բան է.կանանց վրեժը միշտ էլ նենգ է եղել,
մանավանդ անտիկ ժամանակներում: Իրիսը դահլիճ է նետում ոսկե խնձոր՝ վրան գրված.
«Ամենագեղեցիկին»: Իսկ հարսանյաց խնջույքին
ներկա էին 3 հզորագույն կանայք՝ իմաստության աստվածուհի Աթենաս Պալլասը, գերագույնի՝
աստվածների աստված Զևսի կին Հերան և Աֆրոդիտեն: Նրանք քիչ էր մնում իրար մազ փետեին
մի խնձորի համար: Այնժամ Զևսը որոշում կայացրեց, որ Հերմեսը սրանց ուղեկցի Տրոյայի
թագավոր Պրիամոսի որդի Պարիսի մոտ, որպեսզի նա վեճը կարգավորի: Գայլին կարգում են գառների
պահապան: Աֆրոդիտեն ու Հերմեսը ժամանակ չեն կորցնում: Ճանապարհին էլ նա հղիանում է:
Գալով Պարիսի մոտ՝ աստվածուհիները գործի են դնում կաշառքի միջոցը՝ խնձորը ձեռք գցելու
համար: Հերան նրան խոստանում է կարգել երկրների իշխան, Աթենասը՝ պարգևել իմաստություն
և երջանկություն: Իսկ Աֆրոդիտեն՝ նրանցից ամենախարդախամիտը, խոստանում է աշխարհի ամենագեղեցիկ
կնոջը՝ Հեղինեին: Պարիսին գայթակղում է վերջին առաջարկը, և Աֆրոդիտեին հայտարարելով
հաղթող՝ նվիրում է ոսկե խնձորը: Հետո Աֆրոդիտեն Պարիսի ձեռքը բռնած հյուր է գալիս Սպարտայի
թագավոր Մենելաոսին, որի կինն էլ հենց խոստացված Հեղինեն էր: Թագավորը փառք ու պատվով
ընդունում է հյուրերին, իսկ երբ մի օր բացակայում է քաղաքից, Պարիսն Աֆրոդիտեի օգնությամբ
ստորաբար փախցնում է Հեղինեին: Մենելաոսը, գալով տուն և չգտնելով գեղեցկուհի կնոջը,
դիմում է Հելլադայի բոլոր թագավորներին և մեծ զորք կազմած՝ արշավում Տրոյայի վրա: Մյուս
կողմից, եթե չլիներ Աֆրոդիտեի այդ նենգ կավատությունը, ո՞վ գիտե, թերևս Հոմերոսը չստեղծեր
իր հանճարեղ «Իլիականը» և «Ոդիսականը», ու մարդկությունը զրկված կլիներ Տրոյայի հափշտակիչ
պատմությունից:
Իսկ
որ գեղեցկության մրցույթներում տեղ են գտնում կաշառքը և կեղծիքը, ոչ ոքի համար գաղտնիք
չէ, ինչպես նաև այն, որ միայն արտաքին տվյալները չէ, որ որոշում են, թե ում գլուխը
պետք է զարդարի փառքի պսակ-դիադեման: Այդպես եղել է անտիկ աշխարհում, այդպես է այսօր:
1999 թվականին Բեյրութում անցկացվում էր «Միսս Եվրոպա» գեղեցկության մրցույթը: Ընդհանուրի
կարծիքով՝ իր բոլոր տվյալներով հաղթող պետք է ճանաչվեր մեր հայրենակցուհի Գոհար Հարությունյանը՝
Երևանից: Սակայն նա գրավեց 5-րդ տեղը: Իսկ «միսսի» տիտղոսին արժանացավ Կեմերովոյից
եկած հավակնորդուհին, որը ոչ միայն զիջում էր մասնակիցներից շատերին, այլև ուներ, ճիշտ
է՝ հազիվ նկատելի, աչքի շլություն: Թե ինչպես էր նա հասել մրցության վերջին փուլին,
հանելուկ էր: Հանելուկ մնաց նաև նրա բեյրության հաղթանակը: Հանելուկ չէր միայն այն,
որ նրա հովանավորը Կեմերովոյի օլիգարխներից մեկն էր…
Սակայն
վերադառնանք հին աստվածներին, որոնցից շատերն ամոթալի և անպատվաբեր համբավ են թողել
պատմության էջերում: Ծովերի աստված Պոսեյդոնը ժամանակի դոնժուաններից էր, հայտնի լովելաս:
Աստվածների հայր Կրոնոսը ոչ միայն գնաց արյունապղծության՝ ամուսնանալով հարազատ քրոջ
հետ, այլև կուլ տվեց հարազատ որդիներին: Հապա Ապոլլո՞նը: Ողջ երկիրը, տարածաշրջանն
էլ հետը երդվում էին նրա անունով, իսկ նա բռնեց ու նետահարեց Թեբեի Նիոբե թագուհու
բոլոր 6 որդիներին, իսկ Ապոլլոնի քույր Արտեմիսը՝ այս վերջինների 6 քույրերին: Եվ ինչի՞
համար: Նրա համար, որ խեղճ կինը ծիծաղել էր Ապոլլոնի մոր՝ Լետոյի վրա, թե ընդամենը
2 երեխա են բերել՝ Ապոլլոնին և Արտեմիսին, իսկ ես 12-ին: Իսկ պատերազմի աստված Արեսը,
բացի այն, որ մարդկանց կռվեցնում էր իրար հետ, հետո էլ իր պատվին բազմաթիվ զոհեր էր
պահանջում: Որ մեկն ասենք, որ մեկը խոստովանենք:
…Սկյութիայի
բոլոր նահանգներում գործում էին պատերազմի աստված Արեսի սրբավայրերը, որտեղ մարդկային
զոհեր էին մատուցվում նրա պատվին: Դա արվում էր հետևյալ կերպ: Քաղաքային հրապարակում
դիզում էին մեծ քանակությամբ խռիվ: Գագաթին սարքում էին հարթակ և վրան տնկում Արեսի
ապրանքանիշը՝ սկյութական կարճ սուրը, որը կոչվում է ակինակ: Զոհաբերվող մարդկանց, որոնք
գերի ընկած թշնամիներ էին, գլուխները ցողում էին գինով, հետո նրանց մորթում էին մի
մեծ անոթի վրա, արյունը տանում էին վեր և լցնում ակինակի վրա, իսկ ներքևում կտրում
էին զոհերի աջ ուսը ձեռքի հետ ու շպրտում օդ: Հետո մարմիններն այրում էին խարույկի
վրա, հետն էլ հարգանքի տուրք մատուցում Արեսին:
Նման
զոհաբերություններից բացի՝ աստվածները հանդես էին գալիս որպես մարդկանց կյանքի ամենաինտիմ
ոլորտների խորհրդատուներ:
…Եգիպտական
փարավոններից մեկին, որը 10 տարի առաջ կուրացել էր, հասնում է Դելփյան պատգամախոսի
գուշակությունը, որ եթե աչքերդ լվաս կնոջ մեզով, որը կյանքում կենակցել է միայն իր
ամուսնու հետ, կտեսնես: Դե, պարզ է, որ նա էլ առաջինը փորձում է սեփական կնոջ մեզը՝
չկասկածելով դրա մաքրությանը: Արդյունքը՝ զրո: Հերթով փորձում է արքունիքի, հետո քաղաքի
բոլոր կանանց մեզերը: Անօգուտ: Վերջապես հայտնվում է կորած-մոլորած մի կին, որի մեզը
բուժում է փարավոնին: Այնժամ նա հավաքում է փորձարկվածներին Կարմիր հող կոչվող քաղաքում
և բոլորին այրում, կնոջն էլ հետը: Հետո ամուսնանում է այդ ամենազուլալ մեզ ունեցող
կնոջ հետ: Արդյո՞ք գիտնականները չեն մտածել մեզը ստի դետեկտորում օգտագործելու ուղղությամբ:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment