Skip to main content

Սուտը՝ որպես դիվանագիտական կատեգորիա՝ Հերմեսից սկսած

 

Եկեք մի փոքր հանգիստ թողնենք նախնիներին և տեսնենք, թե ստել-չստելը, խաբել-չխաբելը, ազնվությունն ու անազնվությունն ինչ տեղ են գրավում ժամանակակից դիվանագիտության մեջ: Թե չէ՝ մեր աչքերի գերանները թողած՝ փոշու հյուլե ենք փնտրում դարեր առաջ կյանքից հեռացածների աչքերում: Մեր դիվանագետների «դարդը լանք»: Արդ, ե՞րբ, որտե՞ղ, որքա՞ն և ինչպե՛ս կարող է ստել դիվանագետը: Եվ, վերջապես, ստելիս նա մեղանչո՞ւմ է, թե՞ չի մեղանչում Աստծո պատվիրանի դեմ: Այս հարցի շուրջ բանավիճելիս իմ որոշ դիվանագետ բարեկամներ, որոնց պրոֆեսիոնալիզմի մասին բարձր կարծիքի եմ, որպես կանոն, կրկնում եմ անգլիացի դիվանագետ և պոետ Հենրի Ուոտոնի խոսքերը. «Դիվանագետն ազնիվ մարդ է, որին ուղարկում են արտասահման՝ իր երկրի անունից ստելու նպատակով»: Ասված է դիվանագետներին արդարացնելու համար: Նույնը կարելի է ասել հետախույզների մասին: Վարկածը մտածելու տեղիք է տալիս: Ինձ համար, օրինակ, փրկարար օղակ է թևավոր խոսքի ուժ ստացած հետևյալ արտահայտությունը, թե «խաբել չի կարելի, կարելի է ողջ ճշմարտությունը չասել»: Կարելի է սրա հետ համաձայնել կամ ոչ: Սակայն, իմ կարծիքով, այն, համենայն դեպս, ստելուց նախընտրելի է:

Գոյություն ունեն ստի 2 հիմնական տեսակներ. լռելը և աղավաղելը: Երբ լռում են, նշանակում է թաքցնում են գոյություն ունեցող ստույգ ինֆորմացիան: Փոխարենը չեն հաղորդում կեղծ ինֆորմացիա: Աղավաղելու պարագայում դիմում են որոշ լրացուցիչ գործողությունների: Ոչ միայն թաքցնում են ճշմարտությունը, դեռ մի բան հրամցնում են կեղծ ինֆորմացիա՝ ներկայացնելով այն, որպես տույգ ինֆորմացիա: Հաճախ լռելու և աղավաղելու նման զուգորդումը կարող է հանգեցնել խաբեության: Մինչդեռ ոչ բոլորն են լռելը համարում ստախոսություն: Շատերը սուտ են անվանում իրականության միայն բացահայտ աղավաղումը: Նման մեկնաբանությունը միանշանակ չես ընդունի: Այն որ աղավաղումը նույն ստախոսությունն է, երկու կարծիք լինել չի կարող: Սակայն լռելու պարագան թերևս այլ է: Այսպես՝ բանակցային գործընթացում դիվանագետի լռությունն այն հարցերի շուրջ, որոնց բացահայտումը հակասում է իր պետության շահերին, որակել ստախոսություն, առնվազն անտրամաբանական է: Իսկ երբ նա ժխտում է գոյություն ունեցող, բոլորին հայտնի փա՞ստը: Օրինակ՝ Կարիբյան ճգնաժամը: Կուբայում խորհրդային միջուկային մարտագլխիկներ տեղադրելու հետևանքով աշխարհը կանգնեց երրորդ համաշխարհային պատերազմի եզրին: Քենեդի-Գրոմիկո հանդիպման ժամանակ, երբ նախագահը հարցրեց արտգործնախարարին, թե կղզում կա՞ն խորհրդային հրթիռներ, վերջինս առանց աչքը թարթելու պատասխանեց՝ ոչ: Իսկ երբ նա դուրս եկավ, Քենեդին նրա հետևից նետեց 4 տառանի այն բառը, որն այսօր հաճախ են պատերին գրում Երևանի անգլերեն սովորող պատանիները: Գրոմիկոն այս դեպքում, իհարկե, ստում է: Սակայն հետաքրքիրն այն է, որ հենց որոշ ամերիկյան մասնագետներ կարծում են, որ Քենեդին էլ է ստում, քանզի նա թաքցնում է, որ ստույգ տեղեկացված է հրթիռների գոյության մասին: Ուրեմն՝ Քենեդիի լռելն այս պարագայում նո՞ւյնպես հավասար է ստելուն: Բոլոր դեպքերում լռելով ստելն ավելի քիչ է դատապարտելի: Այսպիսով, եթե լռելը տարբեր իրադրություններում նշանակում է ստել, ապա կարո՞ղ ենք այն համարել պատվով և արդարացնել սուտը:

Հայտնի է, որ հաճախ, երբ կա ստի տարատեսակների ընտրություն, փորձված դիվանագետները նախընտրում են լռել, քան աղավաղել իրականությունը: Սա ավելի հեշտ է, և կարիք չկա օգտվել լավ մշակված «լեգենդից», որը բոլոր դեպքերում կարող է «ճաք տալ», այսինքն՝ բացահայտվել: Պատահական չի ասել Աբրահամ Լինկոլնը, թե ինքն այնքան էլ լավ հիշողություն չունի, որպեսզի ստի:

Ամերիկայի նախագահը, ըստ երևույթին, իրոք ազնիվ մարդ է եղել և ստելը չի արդարացրել անգամ պետական շահերով: Իսկ դրանից 2 դար առաջ Լյուդովիկոս 4-րդի առաջին նախարար, կարդինալ Մազարինին, առանց քաշվելու իր հոգևորական բարձր աստիճանից, խաբեության դասեր է տվել ենթականերին: Նա հանձնարարել է մարշալ դե Ֆոբերին՝ պետություններից մեկի ներկայացուցչի հետ բանակցելիս խոստանալ զգալի զիջումներ, որոնց Ֆրանսիան երբեք չէր դիմի: Մարշալը հրաժարվել է. «Մոնսենյոր, Դուք ինձ լիազորում եք ստել, սակայն Ձեզ հավանաբար հարկավոր են նաև ազնիվ մարդիկ, որպեսզի ասեն ճշմարտությունը: Աղաչում եմ Ձեզ ինձ թողնել այն ժամանակների համար, երբ Ձեզ պետք կլինեն հպատակներ հենց այդպիսի առաքելության համար»:

Երբ մենք խոսում ենք դիվանագիտության մեջ ստի և խաբկանքի մասին, հարկ է պարզ պատկերացնել, որ այդ վտանգաշատ երևույթները սերտորեն կապված են քաղաքական խաղերի, գաղտնի պատերազմների, դիվանագիտական և լրտեսական կոմբինացիաների ու որոգայթների հետ: Եվ եթե այդ ամենը, չնայած դերակատարների օգտակար գործ լինելու ձգտումներին, չեն արդարացնում իրենց, նույնիսկ վնաս են հասցնում նրանց պետություններին, ապա վստահաբար կարելի է ասել, որ սուտն ու կեղծիքը գործում են այդ իսկ երկրների պետական և ազգային շահերի դեմ:

Ստի՝ որպես սոցիալական, քաղաքական և դիվանագիտական կատեգորիայի չգերազանցված վերլուծաբան, ամերիկյան անվանի գիտնական Էքմանն այն կարծիքն է հայտնում, որ որևէ քաղաքական գործիչ, որն իշխանության է հասնում բանավեճերի, հրապարակային հոյակապ ելույթների, մամուլի ասուլիսների, ռադիոյի և հեռուստատեսության միջոցով, ինչ-որ չափով ոչ այլ ոք է, եթե ոչ բնածին ստախոս: Դաժան է ասված: Եվ այդ բնածին ստախոսը, նշում է նա, հնարամիտ է, խելացի, գերազանց զրուցակից, որը կարողանում է համոզել դիմացինին: Ճիշտ է, նա ասածի մեջ ուղղում է մտցնում, թե պարտադիր չէ, որ քաղաքական գործիչը բնածին ստախոս լինի: Շնորհակալություն՝ գոնե այս մեղմացուցիչ դիտողության համար:

Բոլորովին այլ դիրքերի վրա է կանգնած Լյուդովիկոս 14-րդի չգերազանցված դեսպան, դիվանագիտության մեծագույն բարեփոխիչ Ֆրանսուա դը Կալյերը, որի կարծիքով դիվանագետը երբեք չպետք է ստի, խաբի և նենգի: Սուտը, ըստ նրա, հղի է լուրջ և անցանկալի հետևանքներով ոչ միայն դեսպանի պատվի և հեղինակության համար, այլև նրա ներկայացրած երկրի շահերի ու պետականության անբասիրության համար:

Դիվանագիտական պրակտիկան ապացուցում է նրա խոսքերի ճշմարտացիությունը: Դիվանագետների միջազգային կորպուսը յուրօրինակ կառուցվածք է: Այն նման է մի մեծ ընտանիքի, որտեղ բոլորն իրար ճանաչում են, գիտեն յուրաքանչյուրի ինչ լինելը: Եվ այն դեսպանը, որն անխիղճ ձևով ստում է և չի հարգում իր խոսքը, մտնում է «սև շտեմարան»: Հասկանալի է, որ այդ «շտեմարանը» ֆիզիկապես գոյություն չունի, չեք գտնի ԶԼՄ-ում և համացանցում, բայց այնտեղ հայտնված դեսպանի «համբավը» շատ արագ տարածվում է նրա գործընկերների շրջանակներում:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...