Գոյություն
ունի վարկած, որ խաբել մարդիկ սկսեցին, երբ ուշ քարե դարում, 40-50 հազար տարի առաջ,
ծնվեց կրոմանյոնյան ցեղերի առաջին հոդաբաշխ խոսքը:
Իսկ
3000 տարի առաջ եգիպտացիները հորինել ու պապիրուսի վրա գրանցել են «Ճշմարտության և
ստի մասին հեքիաթը», որը պատմում է ազնիվ ու խաբեբա եղբայրների մասին:
Լոնդոնի
Բրիտանական թանգարանում պահվում է 4000 տարեկան «Հանգուցյալների գիրքը», որտեղ գրանցված
են անդրշիրիմյան ուղևորության մեկնողների կախարդանքի հմայլիլները, որոնցով նրանք կանգնելու
են Աստծո առաջ: Դրանցից մեկում ասվում է. «Ես
ճշմարտություն եմ բերել, մի կողմ եմ նետել սուտը: Ես անարդարություն չեմ գործել մարդկանց
դեմ: Ես վատություն չեմ արել: Ես ցորենի չափը չեմ պակասեցրել, չեմ կարճել երկարության
չափը, չեմ խախտել հողաբաժնի սահմանները, չեմ ծանրացրել կշռաքարերը, չեմ փոխել կշեռքի
սլաքները: Ես մաքուր եմ, ես մաքուր եմ, ես մաքուր եմ…»: Այսօրվա «սուպերմարկետների»
վաճառողների համար կանոնադրության ավելի լավ տեքստ գտնելը դժվար է: Ստի, խաբեության,
ուխտադրժության և դավաճանության բազմաթիվ դեպքեր են հանդիպում մարդկության ամենահանճարեղ
գրքում՝ Աստվածաշնչում: Մի ամբողջ պատկերասրահ: Այստեղ է նենգ օձը, որը, խաբելով Եվային,
ուտել է տալիս չարաբաստիկ պտուղը, որի պատճառով մենք բոլորս թաղված ենք մեղքերի օվկիանոսում:
Կայենը մորթում է հարազատ եղբորը՝ Աբելին, հետո էլ առանց աչքը թարթելու ստում Աստծո
առաջ, Դալիլան ստորաբար կտրում է քաջ Սամսոնի մազերը, հետո՝ կյանքի թելը: Դավիթը սեքսուալ
հողի վրա նենգաբար սպանում է մի մարդու, որի կնոջ վրա աչք էր դրել…
Փարիսեցի
չլինենք: Մենք բոլորս ստում ենք: Ապացուցված է, որ սուտը մեր կյանքի անքակտելի մասն
է և կազմում է մարդկանց միջև հաղորդակցության
1/3 մասը: Խաբում ենք և խաբվում ենք: Ընդ որում, ավելի հեշտ է ստել, քան հասկանալ,
որ քեզ խաբում են: Կա հատուկ գիտություն ստելու վերաբերյալ: Այն կոչվում է մանտալոգիա:
Սակայն սուտ կա, սուտ էլ կա: Մենք ստում ենք, երբ մեզ ուղղված հարցին՝ «ինչպե՞ս են
գործերդ», պատասխանում ենք՝ «շնորհակալ եմ, լավ են»: Այդ այն դեպքում, երբ դրանք իրականում
վատ են: Սա անմեղ, «սպիտակ» սուտ է: Նմանատիպ սուտ է, երբ դուք ձեր բարեկամին հաճոյախոսություն
եք անում նրա արտաքինի կամ արարքի վերաբերյալ, երբ ոչ մեկը, ոչ էլ մյուսը այնքան էլ
արժանի չեն գովասանքի: Դուք պարզապես ցանկանում եք լավ տպավորություն թողնել և հաճույք
պատճառել դիմացինին:
Իզուր
չի ասված, որ ստում են ընկերներն ու բարեկամները, իսկ ճշմարտությունն ասում են թշնամիները:
Եթե մարդիկ չստեն և ասեն այն, ինչ կա, ապա շաբաթվա վերջում նրան կհեռացնեն աշխատանքից,
նա կընկնի գժանոց, իսկ թե ինչ կլինի երդվյալ ճշմարտախոսի հետ հայաստանյան իրականությունում,
գուշակեք ինքներդ:
Իսկ
եթե սուտը տեղ է գտնում դիվանագիտության մեջ և վերածվում է քաղաքական կատեգորիայի՞…
Ողջ
մեղքը բարդում ենք Հերմեսի վրա: Եթե անգամ դիվանագետների նախահայրն է ստի «գյուտարարը»,
ինչը, իհարկե. դատապարտելի է, ինչո՞ւ նրանից հետո եկող դիվանագետների սերունդները չեն
սրբագրում այդ ամոթալի արատն իրենց գործունեության մեջ: Ինչո՞ւ ազնվությունը և ճշմարտախոսությունը
չեն դարձնում իրենց հավատամքը և անխախտ սկզբունքը: Խորամանկությունը, ճարպկությունը,
բանսարկությունը, նենգությունն ու որոգայթներն անպակաս են եղել միջազգային կյանքում
և միջպետական հարաբերություններում: Դրանք եղել են և՛ անտիկ աշխարհում, և՛ միջին դարերում,
և՛ դիվանագիտության նորագույն պատմության շրջանում: Պարզապես, հնում քաղաքական դավը
եղել է ավելի դաժան և արյունալի: Փոխարենը, թերևս, ունեցել է պարզունակ, բայց անողոք
սցենար: Արդ, գոնե մենք՝ մասնագետներս, չձևանանք անմեղ հրեշտակներ և փաստենք, որ այսօրվա
դիվանագիտությունը բոլոր երկրներում, այդ թվում և Հայաստանում, հեռու է իդեալականությունից
և բարոյական անաղարտությունից: Ուրիշ հարց է, թե ինքը՝ դիվանագետը՝ որպես անհատ, որքանո՞վ
է մեղսակից քաղաքական խաղերին, և ո՞րն է նրա մեղքի չափը: Այստեղից՝ խորհրդավոր մի հարց.
ազնիվ մարդը կարո՞ղ է լինել դիվանագետ, կամ դիվանագետը կարո՞ղ է լինել ազնիվ մարդ:
Շեքսպիրյան չարչրկված և առկախված «լինե՞լ, թե՞ չլինելը» բեկվում է «ստե՞լ, թե՞ չստել»
ոչ պակաս վիճահարույց կիզակետում: Մեծ անգլիացու հոգսը թեթևացնելու նպատակով գնանք
նրանից 2000 տարի հետ և տեսնենք, թե ինչ է ասում այդ կապակցությամբ պարսից արքայից
արքա Դարեհը. «Պետք է ստել այնտեղ,
ուր ստելն անհրաժեշտ է. ստելիս թե ճշմարտություննն ասելիս մենք հետապնդում ենք միևնույն
նպատակը: Ստողներն այդ անում են, որպեսզի ստով համոզեն և դրանից օգուտ քաղեն, իսկ ճշմարիտ
խոսողները ձգտում են ճշմարտությամբ օգուտ քաղել և առավել վստահության արժանանալ: Այսպիսով,
երկու դեպքում էլ մենք նույն նպատակն ենք հետապնդում: Ու եթե ոչ մի օգուտ չլիներ, ապա
նույն ձևով ճշմարիտ խոսողը կդառնար ստախոս, իսկ ստախոսը՝ ճշմարտախոս»: Ի՞նչ է սա՝ սոփեստություն,
դեմագոգիա, ցինիզմ: Թողնենք ընթերցողի դատին, ինչպես Ֆելլինին էր թողնում, որ հանդիսատեսն
ինքը գուշակի, թե որն է ճիշտը, և որը՝ սխալը:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment