Դիվանագիտությունն արվեստ է, բայց նախ և առաջ գիտություն է: Գիտությունը շարժվում է օրենքներով, և այդ շարժումը խաթարվում է, երբ խախտվում են օրենքները: Դրանցից ամենակարևորներից մեկը ուսուցանում է՝ պետության կայունությունը և ուժն ուղիղ համեմատական են նրա ներքին ամրությանը և այն բնակեցնող հանրության միասնականությանը: Հելլադայի 2 հիմնական պոպուլացիաները՝ աթենացիները և սպարտացիները, խախտեցին այս ոսկե հավասարակշռությունը, և երկիրը կանգնեց կործանման եզրին: Նրանք սկուտեղի վրա պարսիկին հրամցրին այն, ինչը ժամանակին պահել էին զենքի ուժով՝ միասնաբար… Իսկ ասել, թե արքայից արքա Դարեհը ձեռքերը ծալած սպասում էր այդ երկնային մանանային, կնշանակի թերագնահատել պարսիկների տաղանդը՝ քաղաքական խորաթափանցությունը, պետական մտածողությունը և կայսերական նկրտումները: Արքայի երկնագույն երազը հույն-պարսկական պատերազմի՝ ամենևին ոչ իր օգտին արձանագրած արդյունքները սրբագրելն էր: Եվ այդ նպատակով արքայական բոլոր ծառայությունները՝ դիվանագիտական անձնակազմը, ռազմական և քաղաքական հետախուզությունները, լրտեսական ցանցն ուշի...