Skip to main content

Հետերաները՝ դեմոկրատիայի առաջամարտիկներ

Նախորդ գլուխներում մենք տեսանք, որ հին ժամանակներում գոյություն ուներ կրոնական-սրբազնացած պոռնկություն, երբ հեթանոսական մեհյաններում, նրանց մոտակա տարածքում կամ սրբատեղիներում կանայք զանգվածորեն տրվում էին տղամարդկանց՝ հանուն կամ ի սեր աստվածների: Դա հիմնականում կատարվում էր տոնակատարությունների ժամանակ, բայց կարող էր տեղի ունենալ նաև ժամանակացույցից դուրս՝ սովորական օրերին: Այսօրվա քաղաքակիրթ մարդու համար այս վայրենի սովորույթն սկզբնական շրջանում իր մեջ պարունակել է կուսությունը զոհաբերելու սրբազան գաղափարը: Սակայն տղաները հազիվ թե այստեղ շահեկան դիրքում լինեն: Տաճարում ծառայության անցնելու և քրմի կարգավիճակ ստանալու համար նրանք պարտավոր էին ամորձատման միջոցով զոհաբերել իրենց առնականությունը: Հետագայում կրոնական պոռնկությունը կորցնում է կուսությունը զոհաբերելու գլխավոր նպատակը և վերափոխվում է հակառակ՝ բեղմնավորման, ծննդաբերության և արգասավորության գործընթացի: Մասնավորապես, ամուլ կանայք, հոգնելով հղիանալու համար աստվածներին աղերսելուց, գտնում էին կարճ և հուսալի ճանապարհ՝ հարաբերվել առաջին իսկ հանդիպած տղամարդու հետ, ինչին ամուսինը ոչ միայն տեղյակ էր լինում, այլև ներկա:

Կրոնական պոռնկությունը տարածված էր Փոքր Ասիայում, Միջագետքում, Հունաստանում, Հռոմում և ուրիշ վայրերում: Հայ մատենագիրները, հավանաբար ելնելով քրիստոնեական առաքելությունից, ազգային արժանապատվությունից և ուրիշ էթնոհոգեբանական գործոններից, համեմատաբար լռում են այդ արգահատելի երևույթի մասին: Մենք ուրիշ ենք, մեր կանայք՝ նույնպես: Մինչդեռ սրբազնացած պոռնկությունը եղել է նաև հեթանոսական Հայաստանում: Այն ծաղկել է հատկապես Անահիտին նվիրված մեհյանների շուրջ: Եվ երբ կանայք հղիանում էին, մեղքը գցում էին խեղճ Անահիտի վրա (քանի որ նա էր պտղաբերության և արգասավորության աստվածուհին)՝ ասելով, թե նա լսել է իրենց աղերսը, որի շնորհիվ էլ իրենք հղիացել են: Մինչդեռ Անահիտն ամենևին էլ չէր խնդրում և չէր պահանջում պառկել պատահած մարդու հետ: Նա չէր էլ կարող դա անել: Անահիտը, ինչպես նաև նրա ընկերուհին՝ սիրո աստվածուհի Աստղիկը, առաքինության և հավատարմության մարմնացում են եղել: Եվ եթե կանայք զբաղվել են անբարոյականությամբ՝ լինի ինքնակամ թե կրոնական դրդապատճառներից մղված, դա արդեն իրենց խնդիրն է եղել: Իսկ Անահիտի գործընկերները՝ բաբելական Իշտարը, ասորական Բելիտան և կամ հույն Աֆրոդիտեն, մինչև ողն ու ծուծը եղել են վավաշոտության և այլասերության դասական օրինակներ աստվածուհիների միջազգային դիցարանում: Ավելին, նրանք այդ հատկանիշները տարածել, անգամ պարտադրել են իրենց հայրենակցուհիներին:

Եվ ահա պոռնկության այս վերելքի օրերին հայտնվում է Սոլոնը՝ անտիկ աշխարհի պայծառ ուղեղներից մեկը, որը, լինելով նշանավոր պետական-քաղաքական գործիչ, նաև տաղանդավոր պոետ էր: Դառնալով արքոնտ՝ Սոլոնն իրագործեց բազմաթիվ բեկումնային բարեփոխություններ Աթենքի սոցիալ-հասարակական կյանքի հանգուցային ոլորտներում՝ առաջ մղելով աթենական դեմոկրատիան:

Սոցիալ-տնտեսական զարգացման բարեփոխություններ ծրագրելիս Պյոտր Ստոլիպինը և Ջորջ Մարշալը հավանաբար ոգեշնչվել են Սոլոնի գաղափարներով:

Այս Սոլոնը, երբ սպառեց իր բոլոր մտահղացումները, հանկարծ գլխի ընկավ, որ կա դեռևս կուսական մի բնագավառ՝ Հելլադայի պոռնիկները: Եվ նրա հանճարեղ ուղեղում ծագեց ոչ պակաս հանճարեղ մի միտք: Այդ ինչո՞ւ մեր հայրենակցուհիները ձրիաբար պետք է աջ ու ձախ բաժանեն այն, ինչը, վերջին հաշվով, ազգի սեփականությունն է: Մտածեց և օրենք ընդունեց պոռնկատներ բացելու մասին, որոնք պետական մակարդակով աշխարհում առաջին հասարակաց տներն էին: Այստեղ տեղակայված պրոֆեսիոնալներին կոչում էին ծախու կանայք: Դիկտերիոն այցելելը համարվում էր մի տեսակ պարտադիր ծրագիր յուրաքանչյուր երիտասարդ աթենացու համար և դիտվում էր որպես գեղագիտական դաստիարակության ամբողջացում: Հասարակաց տները, ինչպես և հաշվարկել էր մեծ վերափոխիչը, զգալի ու երբեք չկտրվող դրամական հոսք ապահովեցին պետական գանձարան՝ նկատելիորեն հարստացնելով երկիրը:

Մնում է զարմանալ, թե այսօրվա պետական այրերն ինչպես են աչքաթող արել ֆինանսական այդ հուսալի աղբյուրը: Արդյո՞ք աչքաթող են արել, թե այդ պոռնկատները հաջողությամբ գործում են ընդհատակում և ավելացնում են նրանց սեփական հարստությունը: Իսկ ինչ վերաբերում է օրինական հասարակաց տներ բացելուն իշխանավորների առարկություններին, ի վերջո, սոփեստություն է, փարիսեցիություն: Ի հեճուկս խորհրդային բարոյականության կոդեքսի՝ մեզ մոտ սեքս էլ կա, մարմնավաճառություն էլ: Եղել է և կլինի, քանի մարդկությունը գոյություն ունի: Մի՞թե ավելի տրամաբանական չէ այն առնել պետական հսկողության տակ, ինչպես անում են իրենց քաղաքացիների առողջության և պետական բյուջեի մասին իրոք մտածող երկրները:

Ֆրիդրիխ Նիցշեն իր տրակտատներից մեկում այն միտքն է հայտնում, որ հին հույներն Ասիայի լավագույն հետնորդներն ու աշակերտներն են եղել: «Հոմերոսից մինչև Պերիկլես,- գրում է գերմանացի փիլիսոփան,- իրենց մշակույթի զարգացմանն ու հզորացմանը զուգընթաց, նրանք ավելի խիստ, այսինքն՝ ավելի արևելյան վերաբերմունք են որդեգրում կանանց նկատմամբ»: Իրոք, կանանց իսկական ազատագրումն սկիզբ է առնում դեմոկրատիայի հայր Պերիկլեսից: Շարունակելով Սոլոնի քաղաքականությունը՝ նա ոչ միայն չփակեց հասարակաց տները, ինչը կլիներ հետադարձ քայլ աթենքյան դեմոկրատիայի դինամիկայում և զգալիորեն կհարվածեր պետության ֆինանսներին, այլև ընդհակառակը՝ նոր որակ, նոր ձև ու բովանդակություն հաղորդեց պոռնկությանը: Պերիկլեսի օրոք Հունաստանն այդ ոլորտում հանդես եկավ աչքի ընկնող նորարարությամբ: Աթենքը դարձավ հետերիզմի հայրենիքը: Այդ հեղափոխիչ շարժման հիմքը դրեց գեղեցկուհի Ասպազիան, որը 20 տարեկան հասակում Միլետից եկավ Աթենք: Նա անտիկ աշխարհի ամենազարգացած և կրթված կանանցից մեկն էր, եզակի երևույթ, որն անվիճելի հեղինակություն էր և ոգեշնչման աղբյուր ժամանակի նշանավոր քաղաքական դեմքերի, դիվանագետների, փիլիսոփաների, գիտնականների, արվեստագետների, հռետորների ու խոշոր պետական այրերի համար: Իմիջիայլոց, Ասպազիայի սիրեցյալ, հետո ամուսին դարձած Պերիկլեսի անմահ «Դամբանականը» գրված է նրա ձեռքով: Սոկրատեսը նրան համարել է հռետորության իր ուսուցիչը:

Ասպազիան Աթենքում բացեց հետերաների իր հայտնի «Միլեզիա» սալոնը, որտեղ դեռատի աղջիկներին ծանոթացնում էին սիրո արվեստի գաղտնիքներին և տեխնիկայի նրբություններին: Դասավանդում էին հռետորական արվեստ, երաժշտություն, պար, երգեցողություն, նկարչություն, դիմահարդարում: Ասպազիան ժառանգություն թողեց՝ երկմասանի «Գեղեցկության պահպանման տրակտատը», որը փնտրված ձեռնարկ էր կանանց մի քանի սերունդների համար: «Միլեզիայի» հետերաներն անփոխարինելի զրուցակիցներ էին սեղանի շուրջ և անմրցելի սիրուհիներ՝ անկողնում: Նրանք ճառագում էին հմայք, նազելիություն, հեշտանք:

Հելլենիզմը կատարյալ հեղաշրջում էր հույների ուղեղներում և կենցաղի ամենաինտիմ անկյուններում: Ժողովրդական ժողովը մի շարք օրենքներ ընդունեց հետերիզմի վերաբերյալ: Նախ նա օրինականացրեց այդ ինստիտուտը, հետո մեծ արտոնություններ սահմանեց հետերաների համար, այդ թվում նրանց թույլատրեց «հիստերիա սարքել» անկողնում: Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, մի փոքր հետ գնանք: Այն որ սեռական հարաբերության ժամանակ կինը  դողում է, տնքում, հառաչում և ճչում՝ առաջինն ուշադրություն է դարձրել մեծ Հիպոկրատեսը: Իսկ հույն բժիշկները կանանց այդպիսի տարօրինակ պահելաձևը, որն առաջացնում էր տղամարդկանց զարմանքը, համարեցին վարակիչ հիվանդություն և կանացի հիստերիա ու քմահաճույք: Ժողովրդական ժողովն ընդունեց օրենք, որով արգելվում էր կանանց նման վարքագիծը սեքսի ժամանակ: Նշված օրենքն ընդունելուց հետո պարկեշտ ընտանիքներում սկսեցին աղջիկներին սովորեցնել թաքցնել իրենց էմոցիաներն ամուսնական առագաստում: Այդ նպատակով պատրաստում էին խցկան՝ նրանց իսկ մազից: Ամուսինն իրավունք ուներ ծեծել կնոջը, եթե էքստազի մեջ նա համարձակվեր բերանից հանել խեղդիչ սարքը: Ամենաշատը, ինչն իրեն կարող էր թույլ տալ կինը, ամուսնու օրգազմից հետո հարցնելն էր. «Դու գո՞հ ես ինձնից, իմ ամուսին»: Նման անմեղ հարցը կարող էր դուր չգալ բոլոր ամուսիններին: Նրանցից խիստ պահպանողականները կարող էին վիրավորվել. «Ա՜խ, դու, լիրբ, փչացած»: Հետո ամուսինն իրեն իրավունք էր վերապահում լքել կնոջը, երկար ժամանակ մոտ չգալ նրան՝ գերադասելով հետերաներին, որոնց բոլոր իրավիճակներում թույլատրվում էր տնքալ ու գոռգոռալ սրտներն ուզածի չափ: Իսկ հետաքրքրասեր աթենացիները գիշերները գաղտագողի մոտենում էին Պերիկլեսի տանը և ականջ դնում Ասպազիայի հառաչանքներին նրա գրկում, հետն էլ հաճույքով տրվում ձեռնաշարժության:

Հա՞րկ է նշել, որ ընտանիքներում ձևավորված նահապետական և կիսաստրկատիրական բարքերի ֆոնին հետերաների սալոնը դարձավ կենսախնդության ու հաճույքի կենտրոն, երազանքի տուն անվանի աթենացիների և քաղաք ժամանած նշանավոր մարդկանց ու դեսպանների համար: «Հետերաները տրված են մեզ հաճույքի համար, հարճերը՝ ամենօրյա կարիքների, իսկ կանայք՝ նրա համար, որ երեխաներ բերեն և հետևեն տնային տնտեսությանը»,- ասել է Դեմոսթենեսը, որը ճշգրտորեն մեկնաբանում է հետերիզմի ինստիտուտի դերը հելլենական հասարակությունում: Ասպազիայի սալոնի մշտական այցելուներն էին նույն այդ Դեմոսթենեսը, Պլատոնը, Սոկրատեսը, Պերիկլեսը և մյուս նշանավոր դեմքերը: Հետերան, լինելով հնագույն պրոֆեսիայի ներկայացուցիչ, տարբերվում էր Թաղարների փողոցի բազմաթիվ մարմնավաճառներից մի կարևոր հարցում: Եթե սալոնի այցելուն դուր չէր գալիս, նա չէր տրվում նրան ոչ մի գումարի դիմաց:

Հանձինս Ասպազիայի և մյուս առաջնակարգ հետերաների՝ հույները պատմության մեջ առաջին անգամ կանանց մասնակից դարձրին պետական-քաղաքական գործերին, լսեցին իրենց սիրուհիներին կարևոր որոշումներ կայացնելիս: Բոլոր ժամանակների հետախուզությունները հատուկ ուշադրություն են դարձրել ծախու կանանց: Անտիկ աշխարհը բացառություն չէր: Հոնիացի հետերա Տարգելիան պարսից արքայից արքա Կյուրոսի սիրած գործակալներից էր: Նա այնպիսի ջանասիրությամբ մշակեց իր բարձրաստիճան հաճախորդների ուղեղներն ու մարմինները, որ նրանք հոժարակամ Հունաստանի Հոնիայի մարզը հանձնեցին Պարսկաստանին: Կուրտիզանուհի Մատա Հարին շատ բան էր ժառանգել Տարգելիայից: Ալեքսանդր Մեծն այնքան էր երես տվել և շփացրել իր տարփուհի Թաիս Աթենացուն, որ կատարեց նրա քմահաճույքը՝ հրդեհեց Պերսեպոլիսը: Թաիսը հետագայում, Ալեքսանդրին թաղելուց հետո, անցավ Եգիպտոս և ամուսնացավ Պտղոմեոս Ա թագավորի հետ: Թաիսի էլիտար պոռնիկ լինելը արգելք չեղավ, որ եգիպտացիները դասեն նրան սրբերի շարքը: Անգամ մեծ փիլիսոփա Պլատոնը կրել է իր սիրուհի-հետերա Աքեանասի ազդեցությունը: Հետերաները խորը հետք են թողել համաշխարհային մշակույթի վրա: Անտիկ աշխարհի ականավոր ներկայացուցիչներից մեկը կրքոտ սիրո և նվիրվածության պոետ, լեսբուհի Սապֆոն էր՝ Լեսբոս կղզուց: Լեգենդար Ֆրինան ներշնչման մշտական աղբյուր է եղել հանճարեղ քանդակագործների և նկարիչների գլուխգործոցները կերտելիս: Դրանց մեջ առանձնանում է Աֆրոդիտեի՝ աշխարհում առաջին անգամ մերկ կերտված արձանը՝ անկրկնելի Պրակսիտիսի կողմից: Նախանձը և չարությունը գեղեցկության անբաժան ուղեկիցներն են: Ֆրինայի դեմ դատ բացվեց՝ աստվածներին անարգելու մեղադրանքով: Նրան սպառնում էր արտաքսում կամ մահապատիժ: Նշանավոր հռետոր Հիպերիդիսը դատի ժամանակ մոտեցավ և հանկարծ պոկելով Ֆրինայի հագուստը՝ բացականչեց. «Մի՞թե նման գեղեցկությունը կարող է անպատվել աստվածներին»: 200 դատավորներ, հիացած մերկացած Ֆրինայի գեղեցկությամբ, նրան անմեղ ճանաչեցին: Ըստ հունական մտածելակերպի՝ այդքան կատարյալ մարմինը չէր կարող պարունակել անկատար ոգի:

Սակայն հետերաների հետերան, նրանց թագուհին մնում էր Ասպազիան, որին տեսնելով՝ Պերիկլեսը խելահեղորեն սիրահարվել էր: Սեր՝ առաջին հայացքից: Նա բաժանվեց կնոջից և ամուսնացավ Ասպազիայի հետ, չնայած աթենական օրենքներն արգելում էին օտար քաղաքացիների հետ ամուսնանալը, և նրանցից ծնված երեխան համարվում էր անօրինական: Այդուհանդերձ, նրանք ձեռք ձեռքի տված կերտեցին աթենական դեմոկրատիան գրեթե 20 տարի: Նրանց միությունը հիացմունքի առարկա էր: Պլուտարքոսն այն անվանել է «կրքոտ սեր»: Իսկ երբ Ասպազիային դատեցին սրբապղծության և կանանց այլասերելու մեղադրանքով, Պերիկլեսը, որին իր հզորության և հեղինակության համար անվանում էին «Օլիմպիացի», տառացիորեն արցունք թափեց և գթություն հայցեց սիրասուն կնոջ համար: Եվ դատարանը հետերային ազատ արձակեց:

Հետո Պերիկլեսը զոհ գնաց ժանտախտի համաճարակին, Ասպազիան կորցրեց 18-ամյա որդուն, մահապատժի ենթարկեց նրա մեծ բարեկամ Սոկրատեսը: Այդ մարդիկ, ասես, իրենց հետ տարան Աթենքի հզորությունն ու վեհությունը: Սակայն հելլենիզմի ազդեցությունն ու նշանակությունը մարդկության համար մնացին հավետ: Իսկ հետերիզմն իր շարունակությունն ունեցավ եվրոպական կուրտիզանուհիների և ճապոնական գեյշաների շնորհիվ, ինչպես նաև միջազգային ֆեմինիստական շարժման քառուղիներում:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...