Skip to main content

Modus Vivendi, որն այդպես էլ չհաստատվեց

Հին Հունաստանի քաղաքական քարտեզը կազմված էր բազմաթիվ պոլիսներից, որոնց միջև հարաբերությունները երբեք միապաղաղ ու հանդարտ չեն զարգացել, ինչը միանգամայն բնական երևույթ է, եթե նկատի ունենանք, որ նման բազմացեղ և խայտաբղետ ազգաբնակչության յուրաքանչյուր անդամ ուներ իր հետաքրքրություններն ու հավակնությունները: Հասկանալի է նաև, թե ինչու էին պոլիսների հարաբերությունները սերտանում արտաքին վտանգի ուժեղացման դեմ հանդիման: Համահունական դաշնությունն Աթենքի գլխավորությամբ մղվում էր առաջին պլան՝ իր թևի տակ առնելով անդամ պետություններին: Եվ ընդհակառակը, ռազմական սպառնալիքը թուլանալու դեպքում գլուխ էին բարձրացնում կենտրոնախույս տրամադրությունները. ամեն մեկը վերմակը քաշում էր իր կողմը: Ընդհանուր առմամբ՝ Հելլադան խոցելի էր դառնում արտաքին թշնամու դեմ հանդիման, այն ժամանակ, երբ սրվում էին հնուց եկող մե՛կ գլուխ բարձրացնող, մե՛կ հանդարտվող մրցակցություն-թշնամանքն Աթենքի և Սպարտայի միջև, որն ի վերջո հանգեցնելու էր ռազմական ուժեղ բախման: Եվ քաղաքական այս իրավիճակը հիմնականում որոշելու էր հունական պետությունների պատմությունը 5-րդ դարի 60 տարիների ընթացքում:

Ծայր աստիճանի լարված ներքաղաքական իրավիճակում Պերիկլեսը հանդես եկավ համահունական համագումար անցկացնելու առաջարկով, որի օրակարգում լինելու էին 3 կարևոր կետեր՝ պարսիկների ավերած տաճարների վերականգնում, ազատ նավարկության ապահովում, խաղաղության ամրապնդում Հելլադայի ողջ տարածքում: Առաջարկը չանցավ, և հակամարտությունը Սպարտայի ու Աթենքի միջև շարունակեց սրվել: Պերիկլեսի գաղափարը, սակայն, իրագործեց նրա ախոյան Սպարտան՝ գումարելով Պելոպոնեսյան միության խորհրդակցություն: Միջոցառումը, որին մասնակցում էին հունական գրեթե բոլոր պետությունները, ուղղված էր Աթենքի դեմ: Պատվիրակների մի մասը խիստ քննադատեց աթենացիներին՝ Սպարտայի հետ 445 թվականին կնքած երեսնամյա պայմանագիրը խախտելու համար, մյուսները փորձեցին «հանել» նրանց հարվածի տակից: Խորհրդակցությունն այդպես էլ չցրեց Հելլադայի վրա կուտակված եղբայրասպան պատերազմի մթամած ամպերը: Այդուհանդերձ, այդ խորհրդակցությունն առաջինն էր բազմակողմ-կոնֆերանսային դիվանագիտության կայացման ճանապարհին: Բազմակողմ կամ կոնֆերանսային դիվանագիտություն, որը ժամանակին զարգանալով, դարձավ նրա կարևոր ուղղություններից մեկը, և որի շրջանակներում այսօր քննարկվում են մարդկությանը հուզող պարենային, էներգետիկ, բնապահպանական, տիեզերքի, համաշխարհային օվկիանոսի, միջուկային զենքի, խաղաղության և այլ հիմնախնդիրներ:

Հետաքրքիր է նշել, որ քաղաքական ճգնաժամի օրերին հույների կողմից առաջին անգամ հնչեց դիվանագիտության դուալիզմի գաղափարը, որի վրա կառուցվում է modus vivendi-ն (կացութաձև կամ ժամանակավոր պայմանների որդեգրում): Եթե հելլենները կարողանային մինչև վերջ իրագործել այն, ապա կունենային քաղաքական մի մեխանիզմ, որը հնարավորություն կտար սպարտացիներին ու աթենացիներին ձեռնպահ մնալ ագրեսիվ գործողություններից, վիճահարույց խնդիրները լուծել դիվանագիտական խողովակներով, հասնել խաղաղ գոյակցության հանգրվանի: Ձեռնարկն ազնիվ էր և հուսադրող, սակայն կողմերին չբերեց ցանկալի արդյունքի: Այնուամենայնիվ, գաղափարը չանհետացավ և հետագայում մտավ դիվանագիտության պատմության մեջ բանակցային փոխզիջման ձևով, որն այսօր քաղաքական բախումների և հակամարտությունների հանգուցալուծման հիմնական միջոցն է: Ժամանակակից դպրոցականն անգամ գիտե, որ այնտեղ, որտեղ բացակայում է փոխզիջման մեխանիզմը, կողմերը երբեք չեն կարող հասնել որևէ դրական արդյունքի: Փոխզիջումն այլընտրանք չունի: Նոր բան մարդկությունը դեռ չի հնարել և հազիվ թե հնարի:

Փակագծերի մեջ նշենք, որ աթենական և սպարտական բազմակողմ դիվանագիտության փորձից դեռ 50 տարի առաջ Հելլադայի սահմաններից դուրս գտնվող բարբարոս ցեղերից մեկը կազմակերպեց միջոցառում, որը մենք այսօր համարում ենք միջազգային հարաբերությունների բարձրակարգ արտահայտություններից մեկը: Այն կոչվում է գագաթնաժողով:

…Բաբելոնը նվաճելուց հետո Դարեհը որոշեց արշավել սկյութների վրա և վրեժ լուծել նրանցից Մեդիա ներխուժելու և պարսկական տերության արևելյան շրջանները գրեթե 30 տարի իրեն ենթարկելու համար: Սկյութները շուտափույթ խորհուրդ գումարեցին՝ հրավիրելով բոլոր այն ցեղերի թագավորներին, որոնց սպառնում էր Դարեհը, առաջարկեցին դաշինք կազմել և հանդես գալ վտանգավոր թշնամու դեմ միացյալ ճակատով: Կարծիքները բաժանվեցին: Թագավորների մի մասը որոշեց օժանդակել սկյութներին: Մյուս մասը մերժեց:

Ինչ կարելի է սպասել բարբարոսներից, երբ մեր գագաթնաժողովներն իրենց լուսավորյալ և նրբակիրթ նախագահներով հանդերձ շատ հաճախ համաձայնության չեն գալիս:

Այնժամ սկյութները որդեգրեցին փայլուն մարտավարություն: Նախ՝ պարսիկների հետ բացահայտ մարտի չբռնվել, այլ դանդաղորեն նահանջել՝ ամեն ինչ ոչնչացնելով, և հետևից թողնել միայն այրված հող՝ առանց ջրի, առանց ուտելիքի: Իսկ նրանց չգերազանցված հեծելազորը, մանևրելու արվեստը և տոկունությունը հավասարը չունեին: Հետո՝ պարսիկներին հրահրել բախվելու այն երկրների հետ, որոնք մերժել էին իրենց դաշնությունը՝ նրանց ևս պատերազմի մեջ ներքաշելու նպատակով: Չե՞ք ուզում կռվել կամովին, կկռվեք ստիպված՝ որոշեցին սկյութերը: Դարեհն այդպես էլ չկարողացավ Սկյութիան գցել իր տիրապետության տակ:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...