Skip to main content

Երբ արյան գույնը նույնն է

 

Պելոպոնեսյան պատերազմի բոցն ընդգրկել էր ողջ Հելլադան: Հույնը թափում էր հույնի արյունը: Նույն հեշտությամբ, ինչ հեշտությամբ հույնը թափում էր պարսիկի արյունը, իսկ պարսիկը՝ հույնի: Եղբոր և թշնամու արյան գույնը դարձել էր նույնը: Երկրում ծայր էր առել կատարյալ նախճիր՝ բռնություն, ահաբեկչություն, կոտորած: «Ազգամիջյան կռիվը,- ասել է Հերոդոտոսը,- նույնքան աղետալի է համատեղ պատերազմից, որքան ինքը՝ պատերազմը խաղաղությունից»:

Քաղաքացիական պատերազմը բերեց մի երևույթ, որը նորություն էր Հելլադայի համար: Ի սկզբանե կռվող կողմերը դրսևորեցին այնպիսի դաժանություն, ինչպիսին չէր նկատվել անգամ հույն-պարսկական պատերազմի ժամանակ, որը խորթ էր հելլենների բարոյահոգեբանական կերտվածքին ու ազգային էությանը: Նախկինում ռազմագերիներին փոխանակում էին, ազատում փրկագնի դիմաց կամ պահում մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Հիմա նրանց պարզապես սպանում էին: Քաղաքացիական պատերազմն իր հետ բերեց հրեշավոր բարքեր և օրենքներ: Երկրում մոլեգնում էր անզուստ ամենաթողությունը:

Պլատեացիներն սպանեցին իրենց գերիներին, սպարտացիները՝ դաշնակցային և չեզոք պետությունների նավաստիներին, դիվանագիտական անձեռնմխելիության հեղինակ Աթենքը՝ պելոպոնեսյան դեսպաններին: Երբ Աթենքի հարկային քաղաքականությունից դժգոհ Լեսբոսն ապստամբեց, աթենացիներն արյան մեջ խեղդեցին ըմբոստներին, և բռնապետական կրքերով լեցուն Կլեոնը պահանջեց, որ ողջ կղզեբնակները՝ մեծից փոքր, մահապատժի ենթարկվեն: Ժողովրդական ժողովում մեծ ջանքեր պահանջվեցին պակասեցնելու համար դատապարտվածների թիվը: Բոլոր դեպքերում՝ 1000 մարդ գլխատվեց: 427 թվականին Կերկիրայում տեղի ունեցան արյունալի դեպքեր: Կոտորածն սկսվեց այն բանից հետո, երբ 5 օլիգարխներ ներխուժեցին խորհրդի նիստերի դահլիճ, սպանեցին 60 հոգու և գրավեցին իշխանությունը:

Եվ այսպես, կարող ենք մեզ մխիթարել.1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Ազգային ժողովի ողբերգությունն ունի իր նախադեպը:

Ոգևորված օլիգարխները հարձակվեցին դեմոկրատների վրա: Կողմերն սկսեցին զինել ստրուկներին, քաղաքի մի մասն այրվեց: Հետո ժամանեց աթենական նավատորմը, և դեմոկրատներն սկսեցին ոչխարների նման մորթել օլիգարխներին ու նրանց կողմնակիցներին: Չհարգվեց ոչ մի սրբություն, ոչ մի ազգակցական կապ, ոչ մի հիշատակ: Իսկ 424 թվականին սպարտացիները, երկյուղ կրելով ապստամբության հնարավորությունից, Լակոնիայում և Մեսենայում կազմակերպեցին 2000 ընտիր հեծյալ իլոտների սպանությունը: Պելոպոնեսյան պատերազմի մյուս տխուր հետևանքը եղավ այն, որ կենսաբանական ատելություն առաջացավ քաղաքական կուսակցությունների՝ օլիգարխների և դեմոկրատների միջև:

Անմարդկային դաժանություն էին ցուցաբերում ոչ միայն առաջին էշելոնի թշնամիները՝ աթենացիներն ու սպարտացիները, այլև նրանց դաշնակիցները:

Պատերազմական գործողությունները բնականաբար ուղեկցվում էին ռազմական և դիվանագիտական խորամանկությամբ, մեկմեկու խաբելու և հիմարացնելու զանազան փորձերով ու հնարքներով:

Այսպես, օրինակ՝ աթենացիների զորքը Ալքիբիադիսի գլխավորությամբ պաշարել էր Ագրիգենտում քաղաքը: Պաշարումը ձգձգվում էր: Ալքիբիադիսը դեսպան է ուղարկում սպարտացիների մոտ՝ ասելով, որ կարևոր հայտարարություն ունի անելու և խնդրում է թույլ տալ ելույթ ունենալ ժողովրդական ժողովում: Հակառակորդ կողմը համաձայնում է, և մինչ դեսպանը քաղաքի մեծահասակ բնակչության առաջ ցուցադրում էր իր հռետորական արվեստը, աթենացիները հարձակվում են զգոնությունը կորցրած քաղաքի վրա և գրավում այն: Մեկ ուրիշ օրինակ: Ալքիբիադեսը կռվում էր Հելեսպոնտոս ծովափնյա քաղաքը նվաճելու համար: Սպարտացիների ուժերն ավելի էին, քան աթենացիներինը: Գիշերը Ալքիբիադիսն իր ռազմիկների մի մասին հանում է ափ, իսկ նավերի մեծ մասը թաքցնում հրվանդանի հակառակ կողմում: Առավոտյան նա մի քանի ռազմանավով հարձակվում է սպարտացիների վրա, հետո ձևացնում, թե նահանջում է: Ոգևորված սպարտացիների ողջ նավատորմը սկսում է հետապնդել աթենացիներին ու ընկնում նրանց սարքած ծուղակը: Սպարտական նավերը ոչնչացվում են, իսկ ջուրը նետված և ափ դուրս եկած սպարտացիները՝ սպանվում: Սպարտացի զորավար Բրասիդոսը Թրակիայում ջախջախում է աթենական բանակը, իսկ մինչ այդ աթենացիները Սֆակտերիայում պարտության են մատնում սպարտացիներին:

Սա կարծես մի փոքր լիցքաթափում է կողմերին և 421 թվականին նրանք կնքում են Նիկիական խաղաղության պայմանագիրը: Բովանդակությամբ և ձևով այն լավ դիվանագիտական փաստաթուղթ էր, որը նախատեսում էր, որ 50 տարի Սպարտան և Աթենքը չեն պատերազմելու, և ուներ մի շարք այլ հուսադրող կետեր: Բայց այդ խաղաղությունը շատ փխրուն էր: Աթենքում ժողովրդի սիրելի դարձած արկածախնդիր, փառասեր և գեղեցկադեմ երիտասարդ Ալքիբիադիսը տառացիորեն տորպեդահարեց Նիկիական պայմանագիրը: Խախտելով պայմանագիրը՝ նա Պելոպոնեսում Սպարտայի դեմ հանեց Արգոսը և արկադիական համայնքները: Սպարտացիները երկուսին էլ ջարդեցին: Այնժամ նա համոզեց աթենացիներին ձեռնարկել խոշոր կամպանիա դեպի Սիրակուզա, որը կործանարար եղավ Աթենքի համար: Սպարտացիներն այստեղ ևս ջախջախեցին աթենացիներին: Վերջիններս կորցրին և՛ նավատորմը, և՛ բանակը, այդ թվում՝ հոպլիտների ընտիր ստորաբաժանումները: 7000 աթենացի քշվեց տաժանակիր աշխատանքի՝ քարհանքեր, ինչը հավասար էր մահապատժի, գլխատվեց ողջ հրամանատարական կազմը, որոնց մեջ էին նշանավոր ստրատեգոսներ Թեմիստոկլեսը և Նիկիասը: Իսկ Ալքիբիադիսն արդեն փախել էր սպարտացիների մոտ և նրանց խորհուրդներ էր տալիս ինչպես կռվել իր նախկին յուրայինների դեմ:

Ազգամիջյան պատերազմը հյուծում էր Հունաստանի բոլոր քաղաքական և սոցիալական ինստիտուտները, նաև դիվանագիտական ծառայությունը, որն ամենադեմոկրատականն ու ամենազարգացածն էր անտիկ աշխարհում: Ասվածի ցայտուն օրինակը Մինոսի ողբերգությունն է: Այդ փոքր կղզին պատերազմի սկզբին հայտարարեց իր չեզոքության մասին, ինչը դուր չեկավ Աթենքին: 416 թվականին դեսանտ իջեցրեց կղզի: Աթենական դիվանագետները բացեիբաց հայտարարեցին, որ մինոսյան չեզոքությունն անընդունելի է իրենց համար, և որ կղզին պետք է մտնի աթենական կայսրության մեջ, հակառակ դեպքում նրան մեծ անախորժություններ են սպասում: Երբ Մինոսի իշխանությունները փորձեցին հղում կատարել միջազգային իրավունքին, նրանց ասվեց, որ միջազգային իրավունքը վերաբերում է միայն այն պետություններին, որոնք ունեն հավասարազր ռազմական ներուժ: Կղզին մերժեց նման պահանջը, արիաբար դիմադրեց զավթիչին, իսկ երբ պարտվեց, հանձնվեց աթենական ժողովրդի ողորմածությանը: Եվ ի՞նչ: Ժողովրդական ժողովն ընդունեց Ալքիբիադիսի առաջարկը: Մինոսի բոլոր տղամարդկանց գլխատել, կանանց և երեխաներին վաճառել ստրկության, կղզյակում բնակեցնել աթենացիների: Աթենքյան դիվանագիտությունն ապացուցեց, որ փոքր և թույլ պետությունները, եթե փորձեն վարել անկախ քաղաքականություն, կդառնան տիրանիայի զոհը: Նոր պատմությունը դասեր քաղեց դրանից:

Պատերազմի տարիներին աթենական դիվանագիտությունը ցուցադրեց, որ կարելի է խախտել և չկատարել միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտականությունները: Եվ այդ վտանգաշատ պրակտիկան նա կիրառեց Սպարտայի հետ ստորագրված պայմանագրերի նկատմամբ, որը դարձավ նրա անկման պատճառներից մեկը:

Ավելին: Աթենական դիվանագիտությունը չկարողացավ օգտվել երեսնամյա խաղաղության ու Նիկիական պայմանագրերից և արեց վրիպում վրիպումի հետևից: Աթենքը մոռացության էր մատնել Պերիկլեսի խորհուրդը. պետական միջոցները քամուն չտալ և չփորձել ընդարձակել կայսրության սահմաններն այնքան ժամանակ, քանի դեռ Սպարտական միությունը ջախջախված չէ: Մարգարեական է հնչում նրա ահազանգը. «Ես ավելի շատ վախենում եմ Աթենքի, քան նրա թշնամիների սխալներից»:

Այս խոսքերը կարող են ուղեցույց լինել այսօրվա քաղաքական գործիչների համար:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...