Skip to main content

Արքայից արքան վերադառնո՞ւմ է

 

Դիվանագիտությունն արվեստ է, բայց նախ և առաջ գիտություն է: Գիտությունը շարժվում է օրենքներով, և այդ շարժումը խաթարվում է, երբ խախտվում են օրենքները: Դրանցից ամենակարևորներից մեկը ուսուցանում է՝ պետության կայունությունը և ուժն ուղիղ համեմատական են նրա ներքին ամրությանը և այն բնակեցնող հանրության միասնականությանը: Հելլադայի 2 հիմնական պոպուլացիաները՝ աթենացիները և սպարտացիները, խախտեցին այս ոսկե հավասարակշռությունը, և երկիրը կանգնեց կործանման եզրին: Նրանք սկուտեղի վրա պարսիկին հրամցրին այն, ինչը ժամանակին պահել էին զենքի ուժով՝ միասնաբար…

Իսկ ասել, թե արքայից արքա Դարեհը ձեռքերը ծալած սպասում էր այդ երկնային մանանային, կնշանակի թերագնահատել պարսիկների տաղանդը՝ քաղաքական խորաթափանցությունը, պետական մտածողությունը և կայսերական նկրտումները: Արքայի երկնագույն երազը հույն-պարսկական պատերազմի՝ ամենևին ոչ իր օգտին արձանագրած արդյունքները սրբագրելն էր: Եվ այդ նպատակով արքայական բոլոր ծառայությունները՝ դիվանագիտական անձնակազմը, ռազմական և քաղաքական հետախուզությունները, լրտեսական ցանցն ուշիուշով հետևում էին Հունաստանում ընթացող իրադարձություններին, ակտիվորեն աշխատում էին պատերազմող կողմերի հետ, շոշափում նրանց թույլ և խոցելի կետերը, խաղում նրանց միջև թշնամանքի ր հակասությունների վրա: Արքայից արքան ճիշտ էր հաշվարկել, որ Աթենքի դիվանագիտական սխալներն իր կողմն են հրելու Սպարտան, և որ նա առաջինն է կուլ տալու պարսկական խայծը:

Սպարտայի աքիլլեսյան գարշապարն իր թշնամու՝ Աթենքի համեմատությամբ թույլ նավատորմն էր: Դարեհ 2-րդը ֆինանսավորեց սպարտացիների նավաշինությունը արքայաբար, այնքան առատորեն, որ նրանք կարող էին ոսկե նավեր կառուցել: Արքան պատրաստ էր ավելին անել, միայն թե Սպարտայի ձեռքով խեղդեր իր ոխերիմ թշնամի Աթենքին: Սակայն ասել, թե Դարեհը ձգտում էր ուժեղացնել Սպարտան, կնշանակի սխալ մեկնաբանել պարսկական դիվանագիտության ուղղվածությունը, որի թիրախը Էգեյան ծովի ավազանում և Փոքր Ասիայում բոլոր խաղացողների քաղաքական և ռազմատնտեսական թուլացումն էր և այնտեղ իր հզորության վերականգնումը: Ընդամենը այդ փուլում: Պարսկաստանը երբեք չէր հրաժարվել Եվրոպան իր կայսրության մեջ ընդգրկելու սևեռուն մտքից: Արտաքին քաղաքականության այդ գերակայությունը դրվեց 2 փորձառու դիվանագետների՝ Փոքր Ասիայի սատրապներ Փառնասպեսի (հյուսիսային սատրապություն) և Տրիտանտայքմեսի (հարավային սատրապություն) վրա: 412 թվականին ստորագրվեց երկկողմ պայմանագիր, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ սպարտացիները ճանաչում են «արքայից արքայի ժառանգական տիրույթները»: Խոսքը վերաբերում էր պատերազմի արդյունքում Հունաստանի ազատագրած փոքրասիական տարածքներին: Սպարտացիներն այսպիսով ստորագրեցին ոչ թե սոսկ դիվանագիտական արձանագրություն, այլ փաստեցին իրենց դավաճանությունը համահելլենական ազգային-պետական շահերին: Փաստաթղթի թանաքը դեռ չչորացած՝ սպարտացիները տեսան, որ պարսիկներն իրենց մի լավ խաբել են: Պարզվեց, որ նշված քաղաքների հարկերը, որոնք գնում էին Աթենքի գանձարան, հետայսու հատկացվելու են Պարսկաստանին, այլ ոչ թե Սպարտային, ինչի մասին նրանք նախօրոք պայմանավորվել էին պարսից դիվանագետների հետ: Երբ սպարտացիները դժգոհեցին և սպառնացին սառեցնել հետագա բանակցությունները, պարսիկները, առանց դադարեցնելու նրանց հետ դիվանագիտական խաղը, գաղտնի բանակցություններ սկսեցին աթենացիների հետ: Դժվար է հավատալ, բայց պարսկական կողմից բանակցություններին ակտիվորեն մասնակցում և առաջնային դեր էր խաղում Ալքիբիադիսը: Այո, այն Ալքիբիադիսը, որն աթենացիների առաջնորդն էր և սիցիլիական խայտառակ արշավանքից հետո փախավ Սպարտա՝ խուսափելով համաքաղաքացիների զայրույթից: Որոշ ժամանակ սպարտացիներին ծառայելուց և աթենացիների դեմ նրանց պայքարին ակտիվորեն մասնակցելուց հետո Ալքիբիադիսն այս անգամ էլ դավաճանեց Սպարտային և փախավ Պարսկաստան: Դավաճանությունը, ըստ երևույթին, նրա պաթոլոգիան էր ոչ միայն բարոյագաղափարական, այլ նաև ֆիզիոլոգիական առումով: Նա գայթակղեց իր բարեկամի և բարերարի՝ Սպարտայի թագավոր Ագիսի կնոջը: Թագավորն իմացավ այդ մասին և նրանց բռնեց հանցանքի վայրում: Կիսամերկ գայթակղիչը, օգտվելով պալատում բարձրացած իրարանցումից, ծառաների օգնությամբ մի կերպ ճողոպրեց ու թաքնվեց: Հետո թողեց երկիրը և հասավ Սուսա: Պարսից արքունիքը դավաճաններին ապաստան տալու և նրանց ուղեղներն օգտագործելու մեծ փորձ ուներ: Ալքիբիադիսը դարձավ Դարեհի դիվանագիտական խորհրդականներից մեկը: Նրա խորհուրդների մեջ կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հարկ է չափավորել Սպարտային ցույց տրվող օգնությունը, որպեսզի նա շատ չհզորանա: Բայց պետք է օգնել նաև Աթենքին՝ հավասարակշռություն պահելով պայքարող կողմերի միջև, փոխնիփոխ օգնել նրան, ով այդ պահին թույլ է: Նպատա՞կը: Անել այնպես, որ պատերազմի կրակը չմարի Հելլադայում, և նա ուժասպառ լինի: Նա համոզում էր իր նոր տերերին, որ քանի դեռ հույները պատերազմում են, պարսից շահը կմնա այն տիրակալը, որի որոշումից կախված կլինի պատերազմի ու խաղաղության հարցը, և հույներին նա կկարողանա հաղթել նրանց իսկ սեփական զենքով: Այդ իսկ պատճառով հարկ է Հունաստանին հյուծել ներքին պատերազմներով, որպեսզի նա հնարավորություն չունենա վարելու արտաքին պատերազմ:

Դիվանագիտական նման սադրանքներ էին լարում ԱՄՆ-ն և Արևմուտքը ԽՍՀՄ-ի և Ֆաշիստական Գերմանիայի դեմ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Առաջին հայացքից թվում է, թե Ալքիբիադիսը, դավաճանելով և՛ Աթենքին, և՛ Սպարտային, հիմա ծառայում է Պարսկաստանին: Ամենևին: Կարմիր կովը կաշվից դուրս չի գալիս: Եթե կան կրկնակի դավաճաններ, ապա մեր հերոսը երիցս դավաճան էր: Իր նոր հանգրվանում նա հեռուն գնացող դավեր էր նյութում, որոնք ամենևին էլ պարսիկների օգտին չէին: Սուսայից նա փորձում էր սպարտացիների և աթենացիների մեջ այն պատրանքը ստեղծել, որ ինքը, իբր, կարող է ուղղորդել նրանց ճակատագրերը՝ արքունիքի և նրա ֆինանսների բաշխման վրա իր ազդեցության շնորհիվ: Սակայն սա զուտ պարծենկոտություն և վտարանդու թերարժեքության բարդույթ չէր: Դրա տակ կար սառը և ռեալ քաղաքական հաշվարկ: Նա աթենացիներին հուշում էր իր ցանկացածը, ինչպես հմուտ դիվանագետներն են անում: Փորձենք վերարտադրել նրա ուղերձը աթենացիներին, որը պետք է որ մոտավորապես այսպես եղած լինի. «Դուք քշեցի՞ք ինձ Աթենքից և մահվա՞ն դատապարտեցիք: Շատ լավ: Հիմա եկեք անվանարկված դեմոկրատական պետական կառուցվածքը և իշխանությունը հանձնեք ինձ: Ես կարող եմ դադարեցնել պատերազմը և կանոնակարգել հարաբերությունները Պարսկաստանի հետ, իսկ Հունաստանին վերադարձնել կայսերական նախկին փառքն ու հզորությունը»: Նա հավանաբար լռում էր այն մասին, որ այդ կայսրության գահը իրենն է լինելու: Օլիգարխներն Աթենքում և նրա սահմաններից դուրս ամուր կառչեցին այս արկածախնդրական առաջարկից, ինչպես փրկարար օղակից, և գործի անցան: (Հունական օլիգարխիան պետք չէ շփոթել հետխորհրդային կոռումպացված, հանցագործ և թերուս օլիգարխների հետ: Հելլենական օլիգարխիան արիստոկրատական խավ էր, որի մասին մեծ գովեստով է արտահայտվել անգամ Արիստոտելը): Օլիգարխներն Աթենք ուղարկեցին պատվիրակություն՝ կատաղի հակադեմոկրատ և երկրից փախած ճկուն դիվանագետ Պիսիստրատոսի գլխավորությամբ: Նա կարողացավ համոզել աթենացիներին, որ ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամային իրավիճակից դուրս գալու միակ ելքը համակարգի փոփոխությունն է և Պարսկաստանի հետ դաշինք կնքելը: Իսկ դրան հասնելու համար հարկավոր է նախ չեղյալ հայտարարել Ալքիբիադիսի մահվան վճիռը, հետո իշխանությունը հանձնել օլիգարխներին: Զուգահեռաբար գործում էին պարսկական փողերով ստեղծված քարոզչական ապատեղեկատվական մեխանիզմները: Ալքիբիադիսն իր նպատակների համար օգտագործում էր պարսկական հետախուզության ողջ ներուժը: Օրենսդրական և գործադիր ինստիտուտներում աշխատում էր հինգերորդ շարասյունը: Ամեն ինչում և բոլոր ձախորդություններում մեղավոր էին դիտվում դեմոկրատիան, ժողովրդական ամբոխը և նրա «անազնիվ» լիդերները: Աթենացիների հուսահատությունն այնքան մեծ էր, որ գրեթե առանց դիմադրության ընդունեցին օլիգարխների առաջարկները, որոնք ավելի նման էին վերջնագրի: 411 թվականին ժողովրդական ժողովը հրաժարվեց դեմոկրատիայից և իշխանությունը հանձնեց օլիգարխներին: 500-ի խորհուրդն արձակվեց, իսկ նրա փոխարեն կազմվեց 400-ի խորհուրդը, որը բոլոր գործերը կենտրոնացրեց իր ձեռքում: Ժողովրդական ժողովին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը սահմանափակվեց մի բուռ հարուստներով, որոնք անգամ չէին մասնակցում ժողովի նիստերին: Թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերը լուծում էին մի քանի օլիգարխներ: Իրենց չենթարկվողներին նրանք ուղղակի գլխատում կամ անկյունից սպանում էին: Սակայն բռնապետական ռեժիմը չէր կարող երկար գոյատևել Աթենքում, որի դեմոկրատիան՝ իր բոլոր արատավոր կողմերով հանդերձ, նրա ժողովրդի կացութաձևն էր, մտածելակերպի և գոյության անբաժանելի բաղադրիչը: Դեմոկրատիան մոր կաթի հետ էր մտնում աթենացու մեջ: Մի քանի ամիս հետո օլիգարխիան տապալվեց: Նրա դեմ ակտիվորեն հանդես եկան ցամաքային զորքերը, իսկ նավատորմը հրաժարվեց ենթարկվել և ընտրեց իր ստրատեգոսներին: 410 թվականին դեմոկրատիան լրիվ վերականգնվեց Աթենքում: Նույն ժամանակ նա շահեց մի քանի ծովամարտ Պելոպոնեսյան նավատորմի դեմ կռվում: Ալքիբիադիսը, որին ժողովուրդը ներել էր, և որը շարունակում էր իր պլանների իրականացումը, աչքի ընկավ այդ ծովամարտերում: Աթենացիները մեծ շուքով ընդունեցին նրան, որը, պետք է խոստովանել, իր բոլոր արատներով հանդերձ, տաղանդավոր զորավար էր, ճկուն դիվանագետ և փայլուն հռետոր: Սակայն հետագա ռազմական անհաջողությունները նրան չներվեցին, և Ալքիբիադիսը երկրորդ անգամ ստիպված եղավ փախչել հայրենի քաղաքից՝ մեկընդմիշտ:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...