Skip to main content

Հելլադա, քո ուժը քո միասնության մեջ է

 

Աթենքի դիվանագիտությունը հիմնականում աշխատում էր 2 ուղղությամբ՝ պարսկական և սպարտական: Եթե ոխերիմ թշնամի Պարսկաստանի հետ ամեն ինչ պարզ էր, և խաղաղ գոյակցության մասին խոսելն իսկ ավելորդ էր, ապա արյունակից Սպարտայի հետ հարկ էր չգժտվել և ամեն գնով լեզու գտնել՝ հանուն համահունական կենսական շահերի: Այս վերջին հարցը բավական խնդրահարույց էր՝ սպարտացիների կոշտ դիրքորոշման, Հելլադայում գերակայություն ձեռք բերելու նրանց հավակնության պատճառով: Իրենց նպատակին հասնելու համար լակեդեմոնացիներն օգտագործում էին յուրաքանչյուր առիթ և հնարավորություն, անգամ ի վնաս ազգային շահերի: Սպարտացիները, օրինակ, լուրջ հակամարտության մեջ մտան աթենացիների հետ՝ պահանջելով դադարեցնել ռազմական նշանակության պաշտպանական կառույցների շինարարությունը՝ պատճառաբանելով, որ եթե պարսիկները դրանք գրավեն, ապա կամրանան այդ կառույցներում և կօգտագործեն իրենց վրա հարձակվելու համար: Անհիմն հայտարարություն: Բոլոր դեպքերում աթենացիների հայրենասիրական ազնիվ մղումները, նրանց համահունական դաշինք կազմելու վեհ գաղափարը, բանակցային դիվանագիտության բարձր մակարդակը տվեցին իրենց պտուղները: Սպարտացիները վերջապես Ատտիկա ուղարկեցին իրենց փառապանծ կռվողներին: Աթենքի դիվանագետները մաքոքային այցելությունների շնորհիվ 24 պոլիս-պետությունների համոզեցին իրենց զորքերը դնել համահունական դաշնության տրամադրության տակ: Ցամաքային զորքերի թիվը կազմեց մոտ 100000: Աթենացիները դիվանագիտական նպատակներով շոյեցին լակեդեմոնացիների փառասիրությունը. զինված ուժերի գերագույն հրամանատար նշանակվեց սպարտացի Պավսանիասը: Նավատորմի ծովակալներ դարձան աթենացի Քսանթիպոսը և սպարտացի Լևտիքիդեսը: 479 թվականին հույները սկսեցին ռազմական գործողություններ 2 ուղղությամբ: Ցամաքային զորքերը շարժվեցին Մարդոնիոսի դեմ, իսկ ռազմանավերն ուղղություն վերցրին դեպի կայսրության փոքրասիական ափերը:

Բեովտիայում Պլատեայի մոտ, ընդհանուր գծերով կրկնվեց Մարաթոնի ճակատամարտը: Միայն այն տարբերությամբ, որ ճակատամարտի ավարտին պարսկական բանակը դադարեց ֆիզիկապես գոյություն ունենալուց: Մարդոնիոսը սպանվեց: Գերիների թիվն այնքան շատ էր, որ Պավսանիասը հրամայեց բոլորին թրատել: Առանձին դաժանությամբ հաշվեհարդար տեսան պարսիկների կողմից կռվող բեովտիական և թեսալական հունական ստորաբաժանումների հետ: Հունաստանին սպառնացող պարսկական ռազմական սպառնալիքն ընկրկեց: Հելլենները որոշեցին բոլոր հույների համագործակցությամբ դատաստան տեսնել բարբարոսի հետ: Նրանք արշավեցին Թեբե և պահանջեցին հանձնել սեպարատիզմի կողմնակիցներին, այսինքն՝ դավաճան հայրենակիցներին: Նրանց սկզբում մերժեցին, բայց ընդհանուր դատաստանի սպառնալիքի տակ դավաճաններին փոխանցեցին Պավսանիասին, որը հրամայեց բոլորին կախել:

Հաջողությունը հաջողություն է բերում, հաղթանակը՝ հաղթանակ: Պլատեայի ճակատամարտի օրը՝ 479 թվականի սեպտեմբերին հույները նշանակալի հաղթանակ ձեռք բերեցին Փոքր Ասիայի առափնյա ջրերում՝ հոնիական Մյուկալեում: Տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են մեկնաբանում հունական նավատորմի՝ տնից այսքան հեռու նավարկելու նպատակը: Ոմանց կարծիքով՝ հույները ձգտում էին ոտքի կանգնեցնել այդ տարածաշրջանում պարսիկների զավթած հունական գաղութները: Մյուսները պնդում են, թե հելլենները հետապնդում էին ավելի գլոբալ, աշխարհաքաղաքական նպատակ՝ ջախջախել պարսկական նավատորմը Էգեյան ծովում՝ զրկելով Քսերքսեսին Հունաստանում մնացած իր զորքերին օգնության հասնելու և հետագայում Աթենքի դեմ մի նոր լայնածավալ արշավանք ձեռնարկելու հնարավորությունից: Այս վերջին շարժառիթն ավելի հավանական է: Իսկ երբ ռազմանավերը խարիսխ գցեցին Դելոս կղզու մոտ, սատրապությունների հելլենները ոգևորվեցին պարսից լուծը թոթափելու հնարավորությունից: Հոնիացիները պատվիրակություն ուղարկեցին հայրենակիցների մոտ՝ խնդրելով ազատագրել իրենց երկիրը: Հետո հայտնվեցին 3 դեսպաններ Սամոս կղզուց, որոնք հավաստիացրին, որ բավական է հոնիացիները հորիզոնում տեսնեն հելլենական նավատորմը, իսկույն կապստամբեն պարսիկների դեմ: Դեսպանները խնդրում էին փրկել հույներին, պաշտպանել պարսիկներից: Նրանք հավաստիացնում էին, որ հեշտ է դա անել, քանի որ բարբարոսների նավերը վատ են լողում և չեն կարող հելլեններին դիմադրել: Իսկ եթե նրանք կասկածում են, որ հոնիացիները դավ կնյութեն, ապա իրենք պատրաստ են նրանց նավերի վրա պատանդ մնալ: Այնուհետև կատարվեց ծովամարտերի պատմության մեջ հազվագյուտ միջադեպ. պարսիկները որոշեցին չկռվել ծովում: Նրանք ափ դուրս եկան Մյուկալե լեռան մոտ, նավերը դուրս քաշեցին ջրից և նրանց շուրջը պարիսպ կանգնեցրին, իսկ հետևակը տեղադրեցին պարիսպների և ծովի միջև: 100000 մարդ՝ նավատորմի անձնակազմը և ծովային հետևակը: Լևտիքիդեսի փորձերը՝ ծովամարտ պարտադրել հակառակորդին, անցան անարդյունք: Այնժամ հնարավորինս մոտենալով ափին՝ նա բարձրաձայն դիմեց հոնիացիներին. «Հոնիացի այրեր, ձեզանից ովքեր լսում են իմ խոսքերը, թող իմանան, քանզի պարսիկները ոչինչ չեն հասկանա իմ առաջարկից: Արդ, երբ մենք սկսենք մարտը, ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի իր ազատության մասին, իսկ հետո իմանա մեր ռազմական նշանաբանը՝«Հեբե»: Իհարկե, ծովակալը մտածում էր հելլեններին միայն ոտքի հանելու մասին: Նա քաջ գիտակցում էր, որ իր կոչից հետո պարսիկները չեն վստահելու իրենց ծառայող օտարին և կմեկուսացնեն նրանց, ինչը կպակասեցնի նրանց մարտական ներուժը: Այդ հնարքը ժամանակին օգտագործել էր Թեմիստոկլեսը: Արտեմիսիոնի ճակատամարտում: Այդպես էլ եղավ: Մարտի ամենաթեժ պահին պարսից զորքերում կռվող հելլեններն ապստամբեցին բարբարոսների դեմ:

Պլատեայի և Մյուկալեի ճակատամարտերը կրկին ապացուցեցին, որ սպարտական հոպլիտների մարտական ուղին և կռվելու տեխնիկան իրենց հավասարը չունեն աշխարհում, և որ աթենական նավատորմը մնում է անգերազանցելի: Այդ ճակատամարտերի նշանակությունը պատմական է: Մարտի ժամանակ դրսևորվեցին հելլենների աննախադեպ միասնականությունն ու միաբանությունը, առանց որոնց զավթիչին դիմակայելը և հաղթելը պատրանք է: Իսկ միաբանության հասնելու համար մեծ է դիվանագիտության դերը: Եվ հելլենները հարգեցին իրենց երդումը. «Ես կմարտնչեմ մինչև մահ, ես ազատությունը կյանքից բարձր կդասեմ, ես չեմ լքի իմ զորավարներին ո՛չ կենդանի, ո՛չ մեռած, ես կկատարեմ իմ հրամանատարների հրամանները և ես անպայման կթաղեմ իմ զենքի ընկերներին, որտեղ որ նրանք ընկնեն»:

Այսպիսով, վերջացավ պարսկական պատերազմների առաջին շրջանը: Բայց խաղաղության մասին խոսելը դեռ վաղ էր: Պետք էր մաքրել Թրակիան, ամրանալ փոքրասիական ավազանում, փշրել փյունիկեցիների մեծ ու վտանգավոր ծովային ուժը: Մյուկալեից հետո Լևտիքիդեսը դաշնակցային նավատորմը տարավ դեպի Աբյուդոս՝ քանդելու Հելեսպոնտոսի կամուրջը: Բայց այն արդեն չկար: Այնժամ Քսանթիպոսը ձեռնարկեց առանձին աթենական արշավանք՝ միայն հոնիացիների և հելեսպոնտոսյան հելլենների օգնությամբ: Դա հանդուգն գործողություն էր, որի ընթացքում նրանք պաշարեցին Սեստոսը՝ պարսիկների գլխավոր բազան Քերսենեսոսում: Պաշարումը տևեց մինչև ձմեռ. պարսիկներին մի կերպ հաջողվեց դուրս գալ շրջափակումից, սակայն կայազորի գլխավոր հրամանատարը և բոլոր բարձրաստիճան սպաները գերի ընկան: Հրամանատարին կախեցին, մյուսներին ազատեցին մեծ փրկագնի դիմաց: Քսերքսեսը զրկվեց նոր արշավանքի հնարավորությունից: Սակայն պատերազմը Պարսկաստանի դեմ 478 թվականին չավարտվեց: Պարսկական ռազմական ստորաբաժանումները Հելլադայի եվրոպական մասում մնացին մինչև 465 թվականը: Այնպես որ հարձակման վտանգը կախված էր Հունաստանի վրա, մինչև որ 448 թվականին Աթենքը վերջապես խաղաղության պայմանագիր կնքեց Պարսկաստանի հետ:

Ի՞նչ կարելի է ասել անտիկ աշխարհի ամենամեծ հույն-պարսկական պատերազմի մասին:

Ըստ էության՝ և՛ Հունաստանը, և՛ Պարսկաստանը, լինելով ստրկատիրական համակարգի երկրներ, պայքարում էին իրենց կայսրությունների ծավալապաշտության ու հզորության համար: Սակայն Հունաստանը տարածքներ էր նվաճում համեմատաբար խաղաղ ճանապարհով՝ տարածելով հելլենիստական մշակույթ, բարձր քաղաքակրթություն և դեմոկրատիա: Իսկ պարսիկները նվաճումը կիրառում էին բարբարոսական մեթոդներով՝ հրով ու սրով:

Պատերազմը զուտ ռազմական գործողություն չէր 2 կայսրությունների միջև: Այն 2 աշխարհների, 2 քաղաքակրթությունների՝ արևելքի և արևմուտքի բախում էր: Եվ եթե Հունաստանն իրենով չպատնեշեր Եվրոպան, դժվար է ասել, թե ինչ կերպ կընթանար պատմությունը:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...