Skip to main content

Ժամկետը չբոլորած պայմանագրի մասին

 

Դեմ դիմաց կանգնած 2 խոշոր դաշնությունները հավասարակշռում էին մեկմեկու: Սպարտան հենվում էր Պելոպոնեսյան պետությունների և Բեովտիայի վրա (բացի Պլատեայից): Աթենքն իր տրամադրության տակ ուներ Էգեյան, Սև և Մարմարա ծովերի առափնյա քաղաքներն ու կղզիները: Սպարտան կարող էր դուրս բերել գրեթե 2 անգամ ավելի հետևակ, քան Աթենքը, որը դրա փոխարեն անվերապահորեն գերակայում էր ծովում: Սպարտան ավելի հաստատուն և դիմացկուն էր, իսկ Աթենքը տնօրինում էր հսկայական նյութական միջոցներ: Աթենքը ձգտում էր ոչնչացնել Սպարտան: Իսկ ինչո՞վ էր պակաս վերջինն առաջինից: Ոչնչով: Սպարտայում իշխանությունն օլիգարխների ձեռքին էր, Աթենքում՝ դեմոկրատների: Ընդամենը: Աթենքի ռազմավարությունը հենված էր ցամաքում պաշտպանվելու, իսկ ծովում հարձակվելու սկզբունքի վրա: Համաձայն Պերիկլեսի ռազմական ծրագրի՝ նա պատրաստ էր զոհել Ատտիկան և դիմադրել՝ ապավինելով իր մտահղացմամբ Աթենքի շուրջը կանգնեցված պարիսպներին՝ «երկար պատերին»: Բոլորին էր հայտնի, որ սպարտացիներն անվարժ էին բերդերի դեմ պատերազմելու մեջ: Պերիկլեսը, այդ անխոնջ և պրպտուն քաղաքական այրը, տիրապետելով ծովերին, ուսումնասիրում էր Սպարտայի և նրա դաշնակիցների թույլ կետերը՝ խորտակիչ հարված հասցնելու նպատակով:

Երկու ճամբարում էլ ամբողջ թափով աշխատում էին ռազմական հետախուզություններն ու լրտեսական ցանցերը: Սպարտայի հատուկ ծառայությունների հաշվին կարելի է գրանցվել հարուստ, ուժեղ նավատորմ ունեցող Թասոս կղզու հետ կապված գործողությունը, որը համատեղ իրագործեցին Սպարտայի դիվանագետներն ու լրտես-գործակալները: Ի՞նչ արեցին սպարտացիները: Նրանք համոզեցին Թասոսին՝ Աթենական միության կարևոր անդամներից մեկին, հանդես գալ Աթենքի դեմ: 465 թվականին Թասոսը հայտարարեց, որ դուրս է գալիս դաշնությունից, հանում է իր ռազմանավերն աթենքյան միացյալ նավատորմի կազմից և հրաժարվում է տոկոսներ վճարել արտաքին առևտրի ու Թրակիայի ափերում գտնվող իր լեռնահանքերի շահույթից: Հետո նա ռազմական գաղտնի համաձայնագիր ստորագրեց Սպարտայի հետ Աթենքի դեմ: Չհանդուրժելով նման կորուստը և վախենալով միության մեջ վատօրինակ շղթայական ռեակցիայից՝ Աթենքն անմիջապես իր նավատորմն ուղղեց Թասոս, ջախջախեց նրա ռազմանավերը, գերեվարեց 33 ռազմանավ և դեսանտ իջեցրեց կղզի:

Այնպես որ Հելլադայում շրջում էր քաղաքացիական պատերազմի ուրվականը: Խաղաղությունը մազապուրծ եղավ, ավելի ճիշտ՝ մեծ արյունահեղությունը որոշ ժամանակ հետաձգվեց մեկ ուրիշ տարերային դժբախտության պատճառով. ուժեղ երկրաշարժը կործանեց Սպարտան՝ փլատակների տակ թողնելով 20.000 մարդ: Առիթից օգտվելով՝ մեսսենացի իլոտ ցեղը, միավորվելով Իսթմոս քաղաքի իր արյունակից ապստամբների հետ, ներխուժեց Սպարտա՝ սպառնալով կործանել այն: Սպարտացիները դիմեցին Հելլադայի պոլիսներին, որոնցից շատերն օգնության ձեռք մեկնեցին նրանց: Հետաքրքիր էր աթենացիների դիրքորոշումը, երբ երկրաշարժից տուժածների դեսպանները եկան նրանց դուռը, ժողովրդական ժողովում հնչեցին կարծիքներ՝ չարձագանքել, այլ դիտել, թե ինչպես է կոխկրտվում սպարտական գոռոզամտությունը: Սակայն ժողովրդի ընտրյալները ցուցաբերեցին վեհանձնություն ու ազգային համերաշխություն և Սպարտա ուղարկեցին 4000 հոպլիտ, որոնք միացյալ ուժերով փրկեցին Սպարտան կործանումից: Ինչպե՞ս հասկանալ Աթենքի մարդասիրական ժեստը: Լինել մի պետության հետ գրեթե պատերազմական գործողությունների մեջ և օգնության ձե՞ռք մեկնել նրան: Ըստ երևույթին, այստեղ դեր խաղացին մի շարք հանգամանքներ: Նախ՝ Աթենքի դիվանագիտությունը միակերպ չէր մոտենում Սպարտայի հետ հարաբերություններին, ոչ բոլորն էին նրա դեմ պատերազմելուն կողմնակից: Հետո, աթենացիների հիշողության մեջ դեռևս թարմ էին պարսից նվաճողների դեմ համատեղ պայքարի հերոսական դրվագները: Եվ երրորդ՝ չմոռանանք մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն անցնելու էթնոհոգեբանական հատկանիշը, որն այնքան ցայտուն էր արտահայտված հելլենների մեջ:

Մեր հարևան Ադրբեջանի արձագանքը Սպիտակի երկրաշարժի կապակցությամբ զուրկ էր քաղաքակիրթ ազգի մարդասիրական ամենատարրական սկզբունքներից, որոնք ազգություն չեն ճանաչում և համամարդկային են: Ազերիները պարզապես հրաժարվեցին բանական մարդու հատկանիշներից և իջան չորքոտանու մակարդակին:

Սակայն Սպարտայի երկրաշարժին հաջորդած դեպքերը ընդամենը փոքր դադար էր հելլենական ողբերգությունից առաջ:

…Քաղաքացիական պատերազմը Հունաստանում պաշտոնապես սկսվեց 431 թվականին և մի քանի փուլերով տևեց մինչև 404 թվականը: Բայց դրանց նախորդող տարիներին, այսինքն՝ Պարսկաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Հունաստանում իսկական խաղաղություն չի եղել, և երկիրն անընդհատ ցնցվել է ազգամիջյան գժտություններից ու գզվռտոցից: Հիմնական միջադեպերը, բնականաբար, եղել են Սպարտայի և Աթենքի միջև: Այդ շրջանում նրանք մի քանի ռազմական բախումներ ունեցան, ճիշտ է՝ ոչ լայնածավալ, ոչ երկարատև: Առաջինը բավական բարեհաջող էր աթենացիների համար, բայց նրանք ստիպված եղան հնգամյա խաղաղություն կնքել: Պատճառը նրանց ռազմական ուժի տկարացումն էր, քանի որ օգնում էին պարսիկների դեմ ապստամբած եգիպտացիներին, որը, ի դեպ, հաջողություն չբերեց ո՛չ իրենց, ո՛չ եգիպտացիներին: Երկրորդ ընդհարումից, ընդհակառակը, շահեցին սպարտացիները՝ հիմնականում Եվբեա կղզու դեպքերի շնորհիվ: Այնտեղ գործող սպարտական լրտեսական ծառայություններին հաջողվեց ապստամբություն կազմակերպել, որն ուժեղ հարված էր Աթենքի դաշնային համակարգին: Եվբեան Էգեյան ավազանի ամենախոշոր և հարուստ կղզիներից մեկն էր և իր նշանակությամբ Կիպրոսից հետ չէր մնում:

Քաղաքական այս լարված իրադրությունում ստորագրվեց երեսնամյա հաշտության պայմանագիրը, որն իր ձևով ու բովանդակությամբ կարելի է դասել անտիկ շրջանի ամենահետաքրքիր դիվանագիտական փաստաթղերի շարքին: Այն մի կողմից ստորագրեց Աթենքը՝ դաշնակիցների անունից, մյուս կողմից՝ Սպարտան և նրա կողմնակից պետությունները՝ առանձին-առանձին: Սա դիվանագիտական մեծ հաղթանակ էր Պերիկլեսի դեմոկրատական կառավարության համար: Պայմանագրով Աթենքը զրկում էր դաշնության մեջ մտնող պետություններին իրենից պոկվելու կենտրոնախույս նկրտումներից, որոնք նկատելիորեն ուժեղացել էին ներքաղաքական լարված իրադրությունում: Մինչդեռ Սպարտայի բոլոր դաշնակիցները նրա միության շրջանակներում ինքնուրույն էին: Դա նրանց համար մի կողմից ապահովում էր ազատ գործելու իրավունք, իսկ մյուս կողմից Աթենքին հնարավորություն էր ընձեռում մանևրել նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին՝ շրջանցելով Սպարտան:

Կարծում եմ՝ վատ չէր լինի, որ Հայաստանի դիվանագիտությունն իր պայմանագրաիրավական փաստաթղթերի պատրաստման ընթացքում մոտիկից ուսումնասիրեր աթենացիների ճկուն գործելակերպը:

Աթենք-Սպարտա պայմանագրի բոլոր մասնակիցներին իրավունք էր վերապահվում ազատ նավարկել, զբաղվել առևտրով, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել արբիտրաժի ծառայություններին: Ըստ ամենայնի, պայմանագիրը հաստատում էր ուժային հավասարակշռություն 2 խումբ պետությունների միջև՝ Սպարտայի և Աթենքի գլխավորությամբ: Խոսքն այստեղ չէր վերաբերում նրանց եղբայրացման կամ քաղաքական մեղրամսին: Ամենևին: Ատելության ջինը նրանք վաղուց էին ազատ արձակել: Սպարտան փորձում էր կործանել Աթենքը և դառնալ Հելլադայի տիրակալը: Նույնը ցանկանում էր Աթենքը՝ դրան ավելացնելով կայսերապաշտական ախորժակը, որի համար համաշխարհային տերություն դառնալը բաղձալի անուրջ էր: Հիշյալ պայմանագիրն արձակում էր նրա ձեռքերը երկրի ներսում, իսկ դրսում Պարսկաստանի հետ հաշտության պայմանագիր նա արդեն ուներ: Մինչդեռ Սպարտան ձգտում էր երեսնամյա հաշտությունն օգտագործել իր և դաշնակիցների ռազմական հզորությունն ամրապնդելու նպատակով: Նրա պլանները չէին տարածվում երկրի սահմաններից դուրս: Ի դեպ, լինելով օլիգարխիկ պետություն՝ նա շատ ավելի լոյալ էր իր արտաքին քաղաքականության մեջ դեպի կրտսեր գործընկերները, քան դեմոկրատական Աթենքը, որն աստիճանաբար դառնում էր միահեծան տիրակալ իր իսկ դաշնության շրջանակներում: Ըստ էության՝ նման բռնատիրական քաղաքականությունը չէր կարող իր հետևանքները չունենալ: 440 թվականին ապստամբեցին Աթենքի իշխանության տակ գտնվող Սամոս կղզին, Բյուզանդիոնը և Քերսոնեսոսը: Պերիկլեսի ռեակցիան գերարագ էր: Աթենական նավատորմը ջախջախեց սամոսցիներին: Պատիժը դաժան էր և ոչ համարժեք դեմոկրատիայի գաղափարախոսությանն ու սկզբունքներին: Ըմբոստներին ճնշելուց հետո Աթենքը թափով սկսեց ընդարձակել իր սահմանները: Հունական պետությունները պաշտպանելու նպատակով Պերիկլեսը Սև ծով մտցրեց իր հզոր նավատորմը: Արևելքում դիրքերն ամրապնդելուց հետո նա շարժվեց դեպի արևմուտք և հարաբերություններ հաստատեց հարավային Իտալիայի հետ: Ցամաքային Հունաստանում Աթենքը հիմնեց Թյուրեա գաղութը, գրավեց իլլիրիական ափի Կորկիրա պոլիսը: Սպարտա-Աթենք հակամարտությունն ու թշնամանքը դարձան անդառնալի, երբ Բեովտիայում պատերազմ սկսվեց Աթենքի կողմը բռնող Պլատեայի և Սպարտայի դաշնակից Թեբեի միջև: Սպարտական դիվանագիտությունը, որն աթենքյանից ավելի ուղղամիտ էր, անգամ մի փոքր պարզունակ, ձևական դեմարշ ձեռնարկեց՝ 3 դեսպաններ ուղարկելով Աթենք, որոնք ժողովրդական ժողովին ներկայացրին Սպարտական միության ուղերձը: Սա ավելի շուտ վերջնագիր էր, քան բանակցությունների առաջարկ: Սպարտացիները՝ հավատարիմ իրենց լակոնիկ ոճին, հայտարարեցին. «Սպարտան ցանկանում է, որ խաղաղությունը հարատևի: Դուք կստանաք խաղաղություն, եթե հարգեք հունական պետությունների անկախությունը»: Աթենացիները Պերիկլեսի խորհրդով պատասխանեցին, որ չեն պատրաստվում կատարել Սպարտայի հրամանները, բայց պատրաստ են բոլոր գանգատները ներկայացնել արբիտրաժ՝ համաձայն երեսնամյա պայմանագրով նախատեսված կանոնակարգի: Սպարտան չպատասխանեց: Դիվանագիտական հարաբերությունները, որոնք կրում էին զուտ ձևական բնույթ, խզվեցին: Երեսնամյա պայմանագիրը, չբոլորած իր 15 տարին, ոչ ևս եղավ:

30 թիվն ըստ երևույթին ճակատագրական է 5-րդ դարի հունական պատմության համար: Պարսից արքայից արքա Քսերքսեսի դեմ պատերազմը տևեց մոտ 30 տարի: Սպարտան և Աթենքը խաղաղության պայմանագիր կնքեցին 30 տարով, սակայն այն կիսատ գործեց: Պելոպոնեսյան պատերազմը ևս տևեց 30 տարի: Երբ երկար կարդում ես անտիկ աշխարհի կրոնների, սնահավատությունների և գուշակությունների մասին, ինքդ էլ սկսում ես մի տեսակ հավատալ անհավատալի երևույթների: Այնպես որ 30-ը միգուցե իրո՞ք ինչ-որ հատուկ նշանակություն է ունեցել Հելլադայի համար: Ո՞վ գիտե…

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...