Աթենքի դիվանագիտությունը հիմնականում աշխատում էր 2 ուղղությամբ՝ պարսկական և սպարտական: Եթե ոխերիմ թշնամի Պարսկաստանի հետ ամեն ինչ պարզ էր, և խաղաղ գոյակցության մասին խոսելն իսկ ավելորդ էր, ապա արյունակից Սպարտայի հետ հարկ էր չգժտվել և ամեն գնով լեզու գտնել՝ հանուն համահունական կենսական շահերի: Այս վերջին հարցը բավական խնդրահարույց էր՝ սպարտացիների կոշտ դիրքորոշման, Հելլադայում գերակայություն ձեռք բերելու նրանց հավակնության պատճառով: Իրենց նպատակին հասնելու համար լակեդեմոնացիներն օգտագործում էին յուրաքանչյուր առիթ և հնարավորություն, անգամ ի վնաս ազգային շահերի: Սպարտացիները, օրինակ, լուրջ հակամարտության մեջ մտան աթենացիների հետ՝ պահանջելով դադարեցնել ռազմական նշանակության պաշտպանական կառույցների շինարարությունը՝ պատճառաբանելով, որ եթե պարսիկները դրանք գրավեն, ապա կամրանան այդ կառույցներում և կօգտագործեն իրենց վրա հարձակվելու համար: Անհիմն հայտարարություն: Բոլոր դեպքերում աթենացիների հայրենասիրական ազնիվ մղումները, նրանց համահունական դաշինք կազմելու վեհ գաղափարը, բանակցային դիվանագ...