Երկկոմ
բանակցությունները մտան փակուղի: Այդպես էլ պետք է լիներ: Հույների դիվանագիտական բոլոր
ջանքերը՝ հասնելու փոխըմբռնման և խուսափելու պատերազմից, թափվեցին ջուրը: Պարսիկները
տենչում էին զավթել Հունաստանը, որը լինելու էր նրանց եվրոպակուլ պլանների առաջին փուլը:
Պարսկական
25-հազարանոց զորքով բեռնված 600 ռազմանավ 480 թվականի օգոստոսին ակոսեց Էգեյան ծովի
ջրերը: Դարեհ արքայի «սրըթնաց արշավանքը» 2 խնդիր ուներ լուծելու: Առաջին՝ պատժել Աթենքին
և Էրետրիային հոնիական ապստամբությանը մասնակցելու համար, հոգեբանական ճնշում գործադրել
հելլենների վրա՝ հետայսու արքայից արքային հլու-հնազանդ լինելու և իրենց «խելոք պահելու»
նպատակով: Երկրորդ՝ բարենպաստ պայմաններ ստեղծել Հունաստանը բռնագրավելու համար: Խնդիր
չէր դրված Հելլադան վերջնականապես ոչնչացնել Եվրոպա ոստնելու համար: Ոչ: Դեռ ոչ: Դա
գլոբալ ռազմավարական պլանի երկրորդ՝ գլխավոր մասն էր, որին արքայանիստ Սուսան դեռ վերադառնալու
էր՝ հանգամանորեն պատրաստվելուց հետո: Իսկ այժմ պարսիկներն ընդամենը դուրս են եկել
«թեթև զբոսանքի» իրենց ադրենալինը բարձրացնելու և հույներին ռազմական արվեստի «master
class» ցուցադրելու համար: Զորքերի հրամանատարներն են մեդիացի «աղվես» Դատիսը և Սարդեսի
սատրապը՝ արքայի զարմիկ Արտափրենեսը:
Մի
շարք կղզիներ գրավելուն, քաղաքներ և նրանց սրբավայրերը այրելուն, մարդկանց գերեվարելուն
զուգընթաց՝ պարսկական քարոզչամեքենան այս անգամ էլ չմոռացավ խաղարկել տեղացիների սիրտը
շահելու սցենարը: Դելոս կղզում, որը համարվում էր Ապոլլոն և Արտեմիս աստվածների ծննդավայրը,
Դատիսը զոհաբերություն արեց նրանց պատվին և ուղերձ հղեց թաքնված մարդկանց. «Սրբազան մարդիկ ինչո՞ւ հեռու փախաք՝ կասկածելով,
թե ձեր հանդեպ ես չար մտադրություն ունեմ: Բայց ես այնքան խելամիտ եմ, որ չեմ ավերի
2 աստվածների ծննդավայրը: Արքան ևս ինձ հրամայել է նման բան չանել: Ուստի այժմ վերադարձեք
ձեր տները և ապրեք ձեր կղզում»: Եվ, իրոք, նա չվնասեց տեղի բնակիչներին:
Երկրորդ
համաշխարհային պատերազմի ժամանակ գեբելսյան քարոզիչները նմանատիպ ուղերձներ էին հղում
օկուպացված երկրների բնակիչներին, երբ նրանց տներն արդեն ավերված, և երիտասարդները
քշված էին լինում Գերմանիա՝ ստրկական աշխատանքի:
Կղզիների
մեծ մասը զավթելուց հետո պարսկական զորքերը ափ դուրս եկան Մարաթոնյան հովտում.Աթենքի՝
անտիկ աշխարհի օրրան այդ չքնաղ քաղաքի վրա կախվեց մահացու վտանգ: Այն պաշտպանելու համար
ոտքի ելավ ողջ ժողովուրդը: Բայց բոլոր դեպքերում ուժերն անհավասար էին. 1 հույն հոպլիտ
զինվորի դիմաց՝ 3 պարսիկ: Աթենացիները դիմեցին սպարտացիների օգնությանը: Նշանավոր վազորդ
Փիդիպիդեսն ուղարկվեց Սպարտա: Կտրելով գրեթե 140 մղոն՝ նա երկրորդ օրն իսկ հասավ և
փոխանցեց խնդրանքը. «Ով լակեդեմոնացիներ, աթենացիները խնդրում են ձեզ օգնել իրենց և
թույլ չտալ, որ Հելլադայի հնագույն քաղաքն ստրկացվի բարբարոսների կողմից»: Իսկ սպարտացիներն
այդ ժամանակ քեֆ-ուրախության մեջ նշում էին Ապոլլոնի տոներից մեկը՝ Կոռնիոսը: Նրանք
չմերժեցին: Խոստացան օգնել, բայց 6 օր հետո միայն, երբ տոնն ավարտվի, հակառակ դեպքում
Ապոլլոնը չի ների իրենց: Սպարտացիներն իրոք զորք ուղարկեցին Մարաթոն, բայց երբ ամեն
ինչ արդեն ավարտված էր: Եվ այսպես՝ աթենացիները մնացին մեն-մենակ բազմահազարանոց հորդայի
դեմ հանդիման…
Մատենաշարի
նախորդ՝ «Հերմեսից մինչև մեր օրերը» գրքում մանրամասն նկարագրված են մարաթոնյան հերոսամարտը
և հույների փառահեղ հաղթանակը: Նկարագրված է նաև հելլեն ռազմիկների սրընթաց առաջխաղացումը
Աթենք՝ այն հնարավոր հարձակումից պաշտպանելու նպատակով: Այս իրադարձության պատվին օլիմպիական
խաղերում մտցվեց մարաթոնյան վազք մարզաձևը:
Հունական
հոպլիտները և պարսկական ռազմանավերը գրեթե միաժամանակ հասան Աթենք: Սակայն կատարվեց
անհասկանալի մի բան. ռազմանավերը նավահանգիստ չմտան և մի քանի ժամ առափնյա ջրերում
հանգրվանելուց հետո քաշեցին խարիսխներն ու հեռացան դեպի Արևելք:
Մինչև
օրս գիտնականները գլուխ են կոտրում Մարաթոնյան ճակատամարտի 2 կետի շուրջ: Նախ՝ ինչո՞ւ
պարսկական հեծելազորը չմասնակցեց ճակատամարտին: Հետո՝ ինչո՞ւ պարսկական նավատորմը հեռացավ
Աթենքի մատույցներից: Սակայն մի հարցի շուրջ նրանք համակարծիք են: Մարաթոնն ունեցավ
բախտորոշ նշանակություն Հունաստանի պատմության հետագա ընթացքի համար:
Նման
շրջադարձային կետեր կան բոլոր ժողովուրդների կյանքում: Մենք՝ հայերս, ունենք Ավարայրի
և Սարդարապատի ճակատամարտերը: Ռուսները՝ Ալեքսանդր Նևսկու ճակատամարտը շվեդների դեմ:
Խորհրդային ժողովուրդների կյանքում եղել է Ստալինգրադի ճակատամարտը:
Հելլեններն
աշխարհին և իրենք իրենց ապացուցեցին, որ կարող են դիմակայել ահարկու թշնամուն և հաղթել:
Սա կարևոր հոգեբանական նշանակություն ունեցավ ողջ ազգի համար: Հույները, որոնք մինչ
այդ բաց ճակատամարտում պարսիկներին չէին հաղթել, ապացուցեցին, որ իրենց ռազմական արվեստն
ամենաբարձր մակարդակի վրա է, և որ անտիկ աշխարհում հույն զինվորն իրեն հավասարը չունի:
Փայլուն հրամանատարական կազմ, երկաթյա կարգապահություն, զենքի և ձեռնամարտի տեխնիկայի
վարպետ տիրապետում: Այս բաղադրիչներից էր կազմված հելլենների հաղթանակը: Մարաթոնը նաև
փաստեց, որ հունական հետախուզությունն ամենևին էլ հետ չի մնում պարսկականից և սերտորեն
համագործակցում է բանակի հետ: Եվ ամենակարևորը. չնայած պոլիսների անջատողական միտումներին,
դավաճանության և մատնության դեպքերին՝ հելլեններն ազդարարեցին աշխարհին, որ ազատատենչ
և դեմոկրատիայի ոգով տոգորված մարդիկ են՝ պատրաստ մեռնելու կանգնած, քան ապրելու ծնրադիր:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment