Արքայից
արքան ուներ դիվանագիտական լավ հոտառություն: Նա գիտեր՝ ով տիրապետում է ինֆորմացիային,
տիրապետում է աշխարհին: Նրա համար կայսրության բոլոր ծագերից և արտասահմանից ինֆորմացիայի
հոսքը արքունիքի ուղեղային կենտրոն ինքնանպատակ չէր: Ինֆորմացիան այստեղ ուսումնասիրվում,
մշակվում և օգտագործվում էր օպերատիվ նպատակների համար: Այդ աշխատանքը հատկապես աշխուժացավ
Հունաստանի դեմ Պարսկաստանի լայնածավալ ռազմական գործողությունների նախաշեմին:
60
տարուց ավելի Հելլադան Պարսկաստանի ախոյանն էր, այնպես որ պայքարի բոլոր ձևերն արդարացված
էին: Սա հիշեցնում է ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբերությունները սառը պատերազմի տարիներին:
Քսերքսեսի
օրոք հատուկ ծառայությունները մեծ հաջողություններ գրանցեցին հոգեբանական պատերազմի,
քարոզչության, հակաքարոզչության, ապատեղեկատվության և ցուցադրական քարոզչության ասպարեզներում:
Այս ամենը ղեկավարում էր արքայից արքան, որը համար մեկ դիվանագետը և համար մեկ լրտեսն
էր: Նա քաղաքական խաղերի, սադրանքի, բանսարկության մեծ վարպետ էր, իսկական գրոսմայստեր,
նուրբ մտածված քաղաքական և ռազմական հետախուզության կազմակերպիչն ու իրագործողը: Ահա
դրանցից մի քանիսը:
Պատում
առաջին: Սպարտացիները մի գեղեցիկ օր ստանում են տախտակի 2 կտոր, որոնց վրա նամակ էին
գրում: Տախտակների վրա ոչինչ չկար գրված: Արքունիքում գլուխ են ջարդում, թե ինչ կնշանակի
այդ անսովոր ուղերձը, մինչև որ Լեոնիդաս թագավորի կինը՝ Գորգոն, առաջարկում է քերել
տախտակի վրայի մոմի շերտը, որի տակ հայտնաբերվում է վերը նշված Դեմարատոսի նամակը՝
ուղղված հայրենակիցներին: Վտարանդի արքան գրում էր, որ պարսկական զորքը շարժվում է
Հելլադայի վրա: Սպարտայի արքունիքում նախ ենթադրում են, որ նախկին թագավոր Դեմարատոսի
մեջ հետին թվով զարթնել են հայրենասիրական զգացմունքները, և նա այդ կերպ ցանկանում
է քավել իր մեղքը՝ հայրենիքին դավաճանած լինելու համար: Սակայն հետո գալիս են այն եզրակացության,
որ նամակը սարքված է արքայից արքայի ուղեղային կենտրոնում՝ ամենից առաջ Հելլադայում
խուճապ առաջացնելու և ազգամիջյան կենտրոնախույս միտումներն ուժեղացնելու նպատակով:
Արքան ձգտում էր բարոյապես ընկճել հելլեններին: Սակայն նա կարողացավ իր ծրագրած խաղով
Սպարտայում ընդամենը ստեղծել լարված հոգեբանական մթնոլորտ:
Պատում
երկրորդ: Սպարտայում գուշակները, կաշառված լինելով արքայի կողմից, զոհաբերությունների
ժամանակ սկսեցին ստանալ «չարագուշակ ազդանշաններ», ըստ որոնց՝ 10 տարի առաջ այստեղ
սպանված պարսիկ դեսպանների ոգին իբր թևածում է երկնքում և փոխհատուցում պահանջում:
Այն դեսպանների, որոնց նետել էին ջրհորը՝ «հող և ջուր» պահանջելու համար: Սպարտացիները
կուլ տվեցին այս հիմարագույն խայծը, և երկրում խուճապ բարձրացավ: 2 դիվանագետներ՝ Սպերթիեսը
և Բուլիսը, անտանելի խղճի խայթ զգալով, կամովին մեկնեցին Սուսա ու պատրաստակամություն
հայտնեցին զոհաբերվել յուրայինների մեղքը քավելու համար: Հետաքրքիր է Քսերքսեսի պատասխանը:
Թվում է՝ նա պետք է վրեժը լուծեր արյունով: Մինչդեռ արքան մեծահոգաբար մերժում է դիվանագետների
մորթվելու պատրաստակամությունը և աշխարհով մեկ հայտարարում, որ «ինքը չի նմանվի նրանց,
ովքեր, արհամարհելով բոլորի կողմից հարգված օրենքները, սպանեցին պարսից դիվանագետներին»:
Նա դրանով ցանկացավ ապացուցել, որ բարբարոս են ոչ թե պարսիկները, այլ հելլենները: Սակայն
արքայի հեռահար նպատակն այլ էր՝ պատերազմից առաջ շահել սպարտացիների համակրանքը կամ
գոնե ապահովել նրանց չեզոքությունը.նա լավ գիտեր Սպարտայի ռազմական ուժը և չէր ցանկանում
բախվել նրա հետ: Սակայն պլանը տապալվեց:
Պատում
երրորդ: 3 հելլեն լրտեսներ թափանցում են Պարսկաստանի ասիական տարածքները և Սարդեսում
ռազմական տեղեկություններ հավաքելիս, ինչպես ընդունված է ասել պրոֆեսիոնալ լեզվով,
«վառվում են», այսինքն՝ տապալվում: Հակահետախուզության սպաները նրանց տանջելուց և հարցաքննելուց
հետո տանում են կախելու: Արքան կասեցնում է մահապատիժը, հրավիրում է իր մոտ լրտեսներին
և, մանրամասն տեղեկանալով նրանց ստացած առաջադրանքի մասին, հրամայում է ցուցադրել իր
ողջ զորքը՝ հեծյալ և հետևակ, տալ գրավոր կեղծ տվյալներ բանակի մասին ու բաց թողնել:
Քսերքսեսի հաշվարկները ճիշտ են դուրս գալիս: Լրտեսները, վերադառնալով Աթենք, ակամայից
դառնում են պարսից բանակի հզորության քարոզիչներ՝ խուճապ և պարտվողական տրամադրություններ
սերմանելով յուրայինների մեջ:
Լավ
սարքած ապատեղեկատվությունը մեծ վնաս կարող է հասցնել: Երկրորդ համաշխարհային պատերազմի
նախօրեին Հիտլերի ուղեղային կենտրոնում պատրաստված կեղծ փաստաթղթին հավատալով՝ Ստալինը
գլխատեց Կարմիր բանակի հրամանատարական կազմը, այդ թվում՝ տաղանդավոր զորավարներ Տուխաչևսկուն
և Բլյուխերին:
Պատում
չորրորդ: Ռազմածովային հետախուզությունը զեկուցում է, որ Հելեսպոնտոսով անցնում են
հացահատիկ փոխադրող հունական նավեր, և թույլտվություն է խնդրում խորտակել կամ գրավել
դրանք: Արքան նկատում է. «Ինչի՞
համար, բայց չէ՞ որ մենք ևս նավարկում ենք նույն ուղղությամբ, ուր նրանք՝ տանելով նաև
հաց: Նրանք ի՞նչ վնաս են տալիս՝ մեզ համար հաց տեղափոխելով»:
Սակայն
դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ աշխարհի տիրակալները ևս կարող են սխալվել
իրենց կանխատեսումներում, մանավանդ երբ նրանք ամբոխավար, այսինքն՝դեմագոգ են:
Այդպես
էին կոչվում ժողովրդի առաջնորդները: Հետո է, որ այդ բառն ընդունեց բացասական նշանակություն:
Պատում
հինգերորդ: Որտեղ հնարավոր չէր լինում գտնել զինակից, արքան գործում էր իրեն հատուկ
դաժանությամբ և անողոքությամբ: Երբ պարսկական հատուկ ծառայություններն ապարդյուն փորձեցին
Սպարտայի մեկ այլ թագավորի՝ Կլեոմենեսին, գցել ծուղակը, մշակեցին թագավորին անվանարկելու
մի քանի տարբերակ: Նրանց հաջողվեց «գործ սարքել» թագավորի գլխին՝ «բռնել կաշառքի վրա»:
Հելլադայում կոռումպացված թագավորներին չէին ներում: Ժողովուրդը նրան արտաքսեց քաղաքից:
Որոշ ժամանակ անց Կլեոմենոսը վերադարձավ: Կարծես թե ամեն ինչ հանդարտվեց: Բայց ոչ:
Այս անգամ նրան հայտարարեցին խելազուրկ և հարբեցող: Կլեոմենեսի խորթ եղբայրները նրան
նստեցրին բանտ, իսկ առավոտյան գտան մեռած՝ ոտքերը, ազդրերը և փորը կտրտած:
Մնում
է ասել, որ հույն-պարսկական գաղտնի պատերազմները, հատուկ ծառայությունների առճակատումը,
ուղեղների մենամարտը, դիվանագիտական և լրտեսական որոգայթներն իրենց տեսակի մեջ լավ
համալսարաններ էին «թիկնոցի և դաշույնի» ասպետների հետագա սերունդների համար:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment