Skip to main content

Հելլադան պարսկական հատուկ ծառայությունների սարդոստայնում

 

Պարսկական հատուկ ծառայությունները կայսրություն էին կայսրության մեջ, որոնք իրենց հզորության գագաթնակետին հասան արքայից արքա Քսերքսեսի օրոք: Նա էր այդ 2 կայսրությունների միահեծան և անբաժան տերը: Հզորագույն ուժային մեքենա ստեղծելու համար արքան ուներ անհրաժեշտ բոլոր գործոնները՝ անսահմանափակ ֆինանսներ և նույնքան էլ անսահմանափակ կադրեր՝ ընտրված կայսրության ողջ տարածքից: Պարսկական կառույցներում ներկայացված էին աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կրոնները: Կատարյալ ինտերնացիոնալ՝ գործողության մեջ: Հետագա դարերում թերևս ոչ մի պետություն չի ստեղծել հետախուզության և հակահետախուզության նմանատիպ բազմազգ կադրային կորպուս: Քսերքսեսն անձամբ էր հսկում նրանց գործունեությունը: Նա ճանաչում էր քիչ թե շատ արժեք ներկայացնող գործակալներին՝ իրենց ծածկանուններով, քանի որ ինքն էր հավաքագրել շատերին: Նա ծրագրում ու ղեկավարում էր հետախուզական բոլոր կարևոր գործողությունները և լրտեսական խաղերը: Կատարելության էր հասցված երկրի ներսում և դրսում հսկողության ու լրտեսման տեխնիկան: Ոչ ոք չգիտեր, թե ով է իրեն հետևում ու լսում: Գործակալներին, որոնք շրջում էին կայսրությունով մեկ և հետամտում բոլորին, Քսենոֆոնն անվանում է «արքայի հազար աչքը և հազար ականջը»: Նրանք ամենուր էին, և նրանց իրավունք էր վերապահված հետևել բոլորին, անգամ արքայի հարազատներին ու արյունակիցներին: Ոչ մի հպատակ ազատված չէր լրտեսվելուց: Եվ հոգ չէ, թե կայսրության որ անկյունում է նա: Արքան տեսնում էր բոլորին, լսում էր բոլորին, և բոլորը հաշվետու էին նրան անձամբ, քանզի արքան մորն իսկ չէր վստահում: Մոլագարության հասնող այս մտածելակերպն ու գործելակերպը հատուկ է անխտիր բոլոր բռնակալներին: Ստալինին և նրա չեկիստներին կարելի է վստահաբար որակել իբրև պարսկական դպրոցի արժանավոր հետնորդների, որոնց լավագույն աշակերտներն էլ իրենց հերթին հիմնեցին երրորդ ռայխի հատուկ ծառայությունները:

Պարսկական հետախուզությունը և հակահետախուզությունը, ղեկավարվելով մեկ կենտրոնից, աշխատում էին ներդաշնակ ու արդյունավետ: Հետագայում շատ պետություններում, այդ թվում՝ ԽՍՀՄ-ում, ուժային այդ 2 ծառայությունները գործում էին անառողջ մրցակցության մթնոլորտում, որը վերջին հաշվով վնասում էր պետական շահերը: Մինչդեռ Քսերքսեսի հետախուզությունն ու հակահետախուզությունը սերտորեն համագործակցում էին, որի շնորհիվ պարսիկները մեկ անգամ չէ, որ չեզոքացրել էին հունական ծառայությունների պլանները:

Հետախուզության պատմության մեջ պարսիկներն առաջինն էին, որ համակարգեցին օտար քաղաքացիների հավաքագրման մեխանիզմը: Այն կատարվում էր 3 ուղղությամբ. տեղեկատվական հուսալի աղբյուրների և հինգերորդ շարասյան ստեղծում թշնամի պետություններում, փայլուն ուղեղների ներհոսք Պարսկաստան, թշնամական պետությունների պետական և քաղաքական գործիչների անվանարկում, որոնք չէին դավաճանում հայրենիքին և չէին անցնում արքայից արքայի կողմը: Տարիներ շարունակ հետևելով այս սխեմային՝ պարսիկները հասել էին նկատելի հաջողությունների: Նրանք պոլիս-պետություններից շատերին էին գրավել իրենց կողմը, մյուսներում ստեղծել էին հուսալի կադրեր՝ այն հաշվով, որ առաջին իսկ առիթով նրանք պոկվեին հայրենիքից ու կանգնեին իրենց կողքին: Հավաքագրման օբյեկտ էին Հելլադայի ռազմական ու քաղաքական գործիչները, դեսպանները, անգամ պոլիս-պետությունների թագավորները: Պարսիկները կարողացել էին մինչև պատերամզը հունական բարձր խավն ինտեգրել պարսկական վերնախավի մեջ: Արքաներին հաջողվել էր իրենց կողմը գրավել շատ անվանի հելլենների, այդ թվում Թեսալիայի քաղաքական ղեկավարությանը, Աթենքի նախկին տիրաններ Պիսիստրատոսների տոհմի ներկայացուցիչներին՝ տխրահռչակ Հիպիասով հանդերձ, պատգամների մեկնիչ աթենացի Օնոմակրիտոսին և ուրիշների: Վտարանդիների մեջ առանձնակի տեղ էր գրավում Սպարտայի նախկին թագավոր Դեմարատոսը, որը համարվում էր Քսերքսեսի հարգված խորհրդականներից մեկը: Արքայից արքան իր կողմն անցած հելլեններին թաղել էր ոսկու մեջ, բայց ոչ նրանց գեղեցիկ աչքերի համար: Նա դավաճաններին ակտիվորեն օգտագործում էր քաղաքական դավերում և հոգեբանական պատերազմում:

Ուժային կառույցների գլխավոր նպատակը պետության մարտունակության ամրապնդումն էր ու բազմապատկումը: Պարսկական բանակը հիմնականում բաղկացած էր արիստոկրատական հեծելազորից և ծանր հետևակից, ինչպես նաև ենթակա ժողովուրդների բանակներից, որոնք գործում էին սատրապների կամ տեղական իշխանավորների հրամանատարության ներքո:

Պարսից արքաները քաջ գիտակցում էին ռազմավարական ճանապարհների կարևորությունը բանակի համար: Այդ հսկայական մեքենայի դյուրաշարժության համար Դարեհը ստեղծեց ճանապարհների բազմաճյուղ ցանց, որը սկիզբ էր առնում մայրաքաղաք Սուսայից: Դրանցից մեկը՝ «Արքայական ճանապարհը», դուրս էր գալիս Էգեյան ծով՝ Եփեսոս քաղաքի մոտ: Ասֆալտի բացակայության պայմաններում պարսիկները հողը տոփանելով ու հարթեցնելով ստանում էին այնպիսի ողորկ, փոշեզուրկ մակերես, որի վրա տեխնիկան և հեծելազորը զարգացնում էին մեծ արագություն: Ի դեպ, այդ ճանապարհներով մարդիկ կարող էին տեղափոխվել միայն հատուկ անցաթուղթ ունենալու դեպքում: Երկրի սահմանները, բոլոր ճանապարհները և ուղեկալները խիստ հսկողության տակ էին:

Մենք այս գրքում հաճախ ենք երախտագիտությամբ հիշում այն հայտնագործությունները, որոնք հույներն են արել դիվանագիտության ասպարեզում: Եվ չենք սխալվում: Սակայն սխալված կլինենք, եթե մոռացության մատնենք պարսիկներին: Նրանք, օրինակ, 5-րդ դարում ստեղծեցին սուրհանդակային կապը, որը հիմա անվանում են դիվանագիտական կապ կամ դիվանագիտական փոստ: Հետո, պարսիկներն առաջինն են մշակել պետական գաղտնիքների արտահոսքը կանխելու արդյունավետ կարգը, որը տարածվում էր գրասենյակային աշխատանքի, փաստաթղթերի հաշվառման, տեսակավորման և պահպանման վրա:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...