Skip to main content

Թերմոպիլեն մեր աչքերով

Այս հերոսապատումի մասին գրելիս Պլուտարքոսն ասել է. «Լեոնիդասը հրամայեց իր զինվորներին նախաճաշել և հայտարարեց, որ նրանք կճաշեն Հադեսում»: Այսինքն՝ անդրշիրիմյան աշխարհում: Թագավորը հանգիստ հայտնում է, որ գնում են մեռնելու: Ըստ էության՝ 300 սպարտացիներն առանց այլևայլի հանդես են գալիս որպես մահապարտներ, միանգամայն գիտակցաբար՝ սպարտական դաստիարակության և հոգեկերտվածքի համաձայն: Նրանք պատրաստ են մեռնելու, որն ամբողջովին տեղավորվում է սպարտացու աշխարհայացքի և փիլիսոփայության շրջանակներում, քանզի փոքր տարիքից երեխային ներարկում են անսպասելի և վաղաժամ մեռնելու սևեռուն գաղափարը, անշուշտ, ռազմի դաշտում, սուրը ձեռքին՝ հանուն հայրենիքի: Լեոնիդասն ու իր զինվորները գնում էին հաղթելու, բայց հաղթելու՝ զոհվելու գնով: Նրանք քաջ գիտակցում էին, որ փակել պարսկական անհամար հորդայի ճանապարհը իրենք, ի վերջո, ֆիզիկապես անկարող են, գիտեին նաև գաղտնի արահետի տեղը և կարող էին հեռանալ: Ոչ, նրանք ուզում էին մեռնել, որը ծրագրված էր ի սկզբանե՝ դառնալով նրանց գործելու և կռվելու ալգորիթմը: Սա վերածվում էր զուտ մարտիրոսվելու տենչանքի: Եվ նրանք ընդառաջ էին գնում մահվան այնքան հանգիստ, այնքան սիրահոժար, ասես սպասում էին մի բանի, ինչը փնտրել էին ողջ կյանքում, ինչին ձգտել էին: Թերևս այդ հոգեվիճակն է նկատի ունեցել նշանավոր անտիկ պոետ Հորացիոսը, երբ գրել է. «Մահը հանուն հայրենիքի հաճելի է և պատվաբեր»:

Թերմոպիլեն առանձնահատուկ, հոգեբանական բարդ երևույթ է, որը կրկնվելու էր պատմության մեջ՝ անկախ այն վիճահարույց վարկածից՝ պատմությունը կրկնվում է, թե ոչ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրա նմանակը ճապոնական կամիկաձեն է, որը թարգմանվում է «աստվածային քամի» կամ «ոգու քամի»: Այդ երևույթը, ըստ վերջերս եղած որոշ հրապարակումների, ունեցել է իր խորհրդային տարբերակը ևս, երբ ինքնաթիռներն ուղարկում էին գերմանական խորը թիկունք՝ նրանց տալով այնքան վառելանյութ, որքան բավարար էր մեկ կողմի թռիչքի համար:

Ե՛վ Հունաստանում, և՛ ծագող արևի երկրում մենք գործ ունենք գաղափարապես պատճառբանված, թույլատրված և վավերացված ինքնասպանության հետ: Ինքնասպանության բարդո՞ւյթ: Ե՛վ սպարտացիների, և՛ կենդանի դինամիտի վերածված օդաչուների համար շարժառիթը նույնն է. անմնացորդ նվիրվածություն և հավատարմություն պետության դիկտատին: Երկու դեպքում էլ անձնազոհության գնացողները համոզված են, որ գործ ունեն թշնամու հետ, որը չարի կատարյալ մարմնացումն է, որի դեմ հարկ է կիրառել ծայրահեղ միջոցներ՝ անգամ կյանքի գնով: Նրանց համար հայրենի տունը պաշտպանելը և նրա համար զոհվելը նույն բացարձակ արժեքներն են: Միայն թե այդ զոհաբերությունը վերաբերում է ամենաթանկ բանին, որի անունն է կյանք:

Իսկ ի՞նչ ընդհանրություն կարելի է գտնել թերմոպիլեցիների, կամիկաձե-օդաչուների և այսօրվա ահաբեկիչ-մահապարտների միջև, որոնք մահ են սփռում Նյու Յորքում, Մոսկվայում, Լոնդոնում, Փարիզում և քաղաքակրթության այլ կենտրոններում: Բացարձակապես ոչ մի: Մի կողմ թողնելով տնտեսական, քաղաքական, կրոնական, էթնիկական և մյուս շարժառիթները՝ իմ կարծիքով՝ ժամանակակից մահապարտներին, բոլորին անխտիր, հատուկ է վառ արտահայտված հոգեկան պաթոլոգիան: Իսկ ամենամեծ տարբերությունը հին և նոր մահապարտների միջև այն է, որ առաջինները զոհվում էին՝ կործանելով դիմացինի ռազմական ուժը՝ հայրենիքի թշնամուն, իսկ ժամանակակից մահապարտը դասական հանցագործ է, որը, հեռանալով, իր կարճ խելքով, երկնային երանություն, իր հետ տանում է բոլորովին անմեղ մարդկանց՝ կանանց, ծերերի և երեխաների:

Սպարտան իր ամբողջության մեջ հմայել է բռնապետական ռեժիմներին, մասնավորապես Հիտլերին և նրան շրջապատող նացիոնալ-սոցիալիստներին: Ֆաշիստներին գրավել է սպարտական երկաթյա կարգապահությունը, զինվորական հիերարխիան, պետության և պետականության գերակայության գաղափարը անհատի և անհատականության նկատմամբ: Եվ, իհարկե, նացիստներին հիացրել է Թերմոպիլեն: Ստալինգրադի ճակատամարտի օրերին ռայխսմարշալ Վերման Գյորինգը, շրջափոխելով 300 հերոսների դամբանագրի հայտնի խոսքերը, որոնց հեղինակը նշանավոր պոետ Սիմոնիդեսն է, դիմել է վերմախտի զինվորներին. «Եթե լինեք Գերմանիայում, պատմեք գերմանացիներին, թե ինչ եք դուք տեսել, թե ինչպես ենք մենք կռվել Ստալինգրադում՝ խոնարհվելով պատվի և պատերազմի օրենքի առաջ»: Իսկ Մարտին Բորմանը (Հիտլերի մերձավորագույն խորհրդական, նրա կուսակցական ապարատի ղեկավար) պնդում է, որ Հիտլերը բունկերում, վերջին անգամ նշելով իր ծննդյան տարեդարձը, կոչ է արել զինակիցներին. «Պարզապես հիշել Լեոնիդասին և նրա 300 սպարտացիներին»: Ալֆրեդ Ռոզենբերգի և նացիստական մյուս գաղափարախոսների ջանքերը՝ գտնելու ընդհանրություններ ու նմանության եզրեր սպարտացու և ֆաշիստի կենսահայեցողության ու կենսափիլիսոփայության միջև, հիմքում սխալ է: Մոլորություն է նաև Ստալինգրադի և Թերմոպիլեի կործանման պատճառահետևանքային գործոնները նմանեցնելը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Սպարտան, կարևոր մաս կազմելով դեմոկրատական Աթենքի, կյանքի և մահու կռիվ էր մղում ամբողջատիրական ռեժիմին, նվաճողական Պարսկաստանի դեմ: Դա անողոք պայքար էր բարու և չարի, տարբեր քաղաքակրթությունների, տարբեր կուլտուրաների միջև: Այստեղ վճռվում էին Եվրոպայի հետագա ճակատագիրը և զարգացման ուղին: Մինչդեռ Ֆաշիստական Գերմանիան փորձում էր զավթել ողջ Եվրոպան, Ասիան էլ հետը: Ի՞նչ ընդհանրության մասին կարող է խոսք լինել նրա և Հելլադայի միջև: Ոչ մի:

Գանք Հայաստան: Ունեցել ենք արդյո՞ք Թերմոպիլեին հավասարազոր հերոսապատումներ: Ունեցել ենք, այն էլ ոչ մեկը:

Դրանցից մեզ ամենամոտը և զգայացունցը հայ-ադրբեջանական պատերազմի հերոսապատումն է: 1992 թվականի օգոստոսի 16-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի զորակոչով ու նախաձեռնությամբ կազմակերպվեց հատուկ նշանակության գումարտակ՝ «Արծիվ մահապարտներ» անունով: Գումարտակ մտնել ցանկացողներն ավելի շատ էին, քան 500-ը: Սակայն մահապարտների խմբում ընդգրկվեցին ամենափորձառու և կռվի բովով անցած հայորդիները: Այդ 500-ից շատերն ընկան: Հավերժ փառք նրանց անմար հիշատակին: Դժվար է առանց հուզվելու կարդալ մահապարտների երդումը: «Մահապարտի երդում: Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս: Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին: Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը: Պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Երդվում եմ»:

Հավանաբար կան համամարդկային արժեքներ, որոնք վերազգային են, անանց և անժամկետ: Այդ արժեքներն ամփոփված են հելլեն ռազմիկի՝ հոպլիտի և հայ մահապարտի երդումներում, որոնց բաժանում է գրեթե 3000 տարի:

Ես պատմաբան չեմ և չգիտեմ՝ այլ ժողովուրդների պատմության մեջ շա՞տ են եղել կին մահապարտներ: Իսկ հայերն ունեցել են այդպիսիք: Ղարաբաղյան հերոսամարտի օրերին հայ կանայք նույնպես մեկնեցին ռազմաճակատ: Նրանք չէին մտնում «Մահապարտների» գումարտակի մեջ, որը, սակայն, ամենևին էլ չի նսեմացնում  նրանց հերոսականությունը: Հովիկ Վարդումյանն իր «Աստվածների կանչը» արժեքավոր գրքում հավաքել է փաստագրական հարուստ նյութ արցախյան ազատամարտին մասնակցած 62 հայուհիների մասին, որոնցից 16-ը չվերադարձան իրենց ամուսինների և երեխաների մոտ կամ զրկվեցին ապագա ընտանիք կազմելու երջանկությունից: Թող նրանք հավերժանան լույսերի մեջ, իսկ նրանց կանացի կերպարն անջնջելի մնա մեր հիշողություններում: Թե ինչ կռվողներ են եղել մեր քույրերն ու մայրերը, պատկերավոր ներկայացնում է իր գրքի անվանաթերթումՀովիկ Վարդումյանը. «Մոլլաները շրջում էին գյուղերում և ասում, թե ձեռքը զենք վերցրած հայ կին տեսնեք, ուրեմն վերջ, հարկավոր է ամեն ինչ թողնել ու փախչել»:

Հետ պտտենք ժամանակի անիվը: 481 թվական, ամառ: Պարսից 7.000-անոց բազմավարժ, արյունարբու բանակը, որը մասնակցել էր Ավարայրի ճակատամարտին, մարզպան Ատրվշնասպի հրամանատարությամբ գալիս է փոքրաթիվ ապստամբած հայերին պատժելու: Վահան Մամիկոնյանը ժողովել էր ընդամենը 400 հեծյալ: Հայերը դիմեցին խորամանկ մանևրի: Բաց դաշտում կռվելուց խուսափելու նպատակով հակառակորդին քաշեցին Ակոռի գյուղի բարձրադիր տեղանքը՝ Մասիսի լանջին: Կենտրոնի հեծյալներն սկսեցին պաշտպանվելով դանդաղ նահանջել, իսկ երբ պարսիկները խորացան հայկական շարքերի մեջ, թևերից աքցանի մեջ առան նրանց: Այնժամ հայոց այրուձին՝ աշխարհի լավագույններից մեկը համարվող ռազմական ուժը, անցավ կատաղի գրոհի: Ինչպես Թերմոպիլեում Քսերքսեսին սպարտացիներն էին խելահեղներ թվում, այնպես էլ նրա ժառանգներին խելահեղ էին թվում հայերը: Պարսիկները չդիմացան, բայց և հնարավորություն չունեցան նահանջել: Ծայր առավ մի իսկական կոտորած: Դրությունը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ Գադիշո Խորխոռունին 100 հեծյալներով անցավ թշնամու կողմը: Հայոց այրուձին շարունակեց պարսկական մսաղացը: Պարսից հրամանատարությունը մարզպանով հանդերձ ընկավ: Այսպիսով, 300 հայ ռազմիկները հիմնովին ջախջախեցին պարսկական 7000-անոց բանակը՝ կրկնելով հույների քաջագործությունը: Սակայն հայերի և հույների միջև մի մեծ տարբերություն կար: Ինչպես նշում է Համլետ Դավթյանն իր «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» հրաշալի գրքում, նրանք զոհվելու համար չմտան մարտի մեջ, այլ հաղթելու: Սա բոլոր ժամանակների հայերին մեծապես տարբերում է և՛ սպարտացիներից, և՛ կամիկաձեներից: Բացահայտում է մեր ազգի բարձր բարոյական հատկանիշները, կենսունակությունը և հոգեկերտվածքի առավելությունները: Պատմահայր Եղիշեն հենց այնպես չի ասել, թե իմացյալ մահն անմահություն է:

1 տարի անց հայերը ևս մի փառապանծ հաղթանակ են տանում Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրից ոչ հեռու՝ 30.000-անոց զորքով գլխովին ջախջախելով մի քանի անգամ իրենց գերազանցող պարսկական զորքերին:

Թող ազգային սնապարծություն չհամարվի, եթե զուտ թվարկենք հայկական հերոսապատումի մի քանի օրինակներ ևս:

852 թվական, «Արյան լճի» ճակատամարտ: Գուրգեն իշխանի 900 հոգանոց ջոկատը պարտության է մատնում արաբ Բուղայի 15.000-անոց զորքը: 921 թվական Սևանա կղզի: Աշոտ Երկաթ թագավորը 70 ռազմիկներով ճեղքում է արաբների բազմահազարանոց բանակի օղակը: Նրան հաջողվում է դա անել հիմնականում իր նետահարների շնորհիվ, որոնք ալիքների կատարներին պարող մակույկներից դիպուկ նետահարում էին թշնամու զինվորների աչքերը: Իրեն անմահությամբ պսակեց Գևորգ Մարզպետունին, որը 20 հոգով պարտության մատնեց Բեշիր զորավարին: Հայերը շատ են պաշարվել: Միգուցե սա է պատճառը, որ պաշարման օղակը ճեղքելու մեծ փորձ են ձեռք բերել: Այդպիսի նշանավոր մի ճեղքում եղել է 1727 թվականին, երբ 300 հոգի ավերեցին Հալիձորի շուրջ թուրքերի կանգնեցրած պատնեշները, դուրս եկան բաց դաշտ և ջարդեցին նրանց:

Անշուշտ, ամեն ժողովուրդ ունի իր Թերմոպիլեն. այս կամ այն ձևով: Ռուսական զորքերի հաղթանակը՝ Պլևնայի և Շիպկայի լեռնանցքներում 1877 թվականի ձմռանը: Բրեստի պաշտպանությունը՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին… Թվարկումը կարելի է շարունակել:

Շատ հերոսապատումներ են հայտնի մարդկությանը: Ինչ վերաբերում է 300 սպարտացիներին, նրանք մտել են համաշխարհային պատմության գանձարանը: Մի քանի դար շարունակ նրանց անդրադարձել են նշանավոր գրողներ, երաժիշտներ, նկարիչներ ու քանդակագործներ՝ անմահացնելով իրենց գլուխգործոցներում: Սպարտացիները ներկա են անգամ մարդկանց կենղացում. բելգիական «Լեոնիդաս» հայտնի ֆիրման արտադրում է Սպարտայի հերոսի պատկերով շոկոլադ: Իսկ ո՞վ է տեղյակ Ակոռիի կամ մյուս հերոսապատումների մասին: Երևի միայն հայ պատմաբանները: Իհարկե, կարելի է բելգիականի փոխարեն ուտել «Գրանդ Քենդիի» շոկոլադ: Շատ էլ համեղ է: Իսկ որ աշխարհն անտեղյակ է, որ մենք էլ ենք ունեցել մեր թերմոպիլեները, տխուր է: Իսկ ո՞ւմ մեղքն է դա…

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...