Երբ
Քսերքսեսի զորքը մտավ Ատտիկա, երկիրն արդեն դատարկվել էր: Աթենքի ժողովրդական ժողովի
որոշմամբ նավատորմը խաղաղ բնակչությանը տեղափոխել էր ապահով վայր՝ Սալամիս կղզի, որտեղ
և խարիսխ էր գցել հունական ռազմական նավատորմը: Միայն Ակրոպոլիսի տաճարի ծառայողները
և նվիրյալների մի փոքր խումբ որոշել էին մինչև վերջ դիմակայել բարբարոսներին: Պարսիկներն
առաջարկեցին հանձնվել: Հույները մերժեցին: Բարիկադներն ընկան: Հույները պատսպարվեցին
տաճարում՝ հուսալով, որ իրենց այդտեղ կխնայեն: Բայց զինվորները լցվեցին ներս, նրանց
սպանեցին, տաճարը թալանեցին և ամրոցն այրեցին: Արքայից արքան շտապեց լուր ուղարկել
Սուսա, թե էսպես ու էսպես՝ կատարյալ հաղթանակ եմ տարել, որն այնքան էլ չէր համապատասխանում
իրականությանը: Աթենքը դեռ ողջ Հելլադան չէր: Բացի այդ՝ նա գրավել էր ոչ թե ծաղկուն,
հին աշխարհի մարգարիտ քաղաքը, այլ նրանից մնացած ավերակներն ու մոխրակույտերը՝ առանց
մարդկանց: 1812 թվականին նույն բանը կրկնվեց Նապոլեոն Բոնապարտի հետ՝ Մոսկվայում: Սակայն
արշավանքի ելքը դեռ առջևում էր: Այն վճռվելու էր ոչ թե ցամաքում, այլ ծովի վրա: Այդպես
էին ցանկանում հույները, և նրանք կարողացան ուզածը պարտադրել արքային: Կռվել ոչ թե
բաց ծովում, այլ նեղուցում, որից պարսիկները վախենում էին, ինչպես սատանան՝ կրակից:
Հույներին կարելի էր հասկանալ. արքայի 1200 միավորի դիմաց նրանք ունեին ընդամենը
380-ը: Այս հարաբերակցությունն ինքնին նրանց հուշում էր մարտական գործողությունները
ծավալել սահմանափակ տարածքում: Կար մեկ ուրիշ կարևոր հանգամանք ևս. հունական նավերի
ռազմական և տեխնիկական ցուցանիշները գերազանցում էին պարսկական նավերինը, իսկ որ որ
հույն, մասնավորապես աթենացի նավազների պրոֆեսիոնալ մակարդակն անհամեմատ բարձր էր,
քան բարբարոսներինը, կասկած չէր հարուցում: Աթենացիների հետ կարող էին համեմատվել միայն
փյունիկեցիները, որոնք առաջատարն էին պարսից նավատորմում:
Արքան
ցանկանում էր ձեռք գցել Հունաստանի ռազմական ներուժը, իսկ հույները կռվում էին այն
չկորցնելու, իրենց անկախությունը պահելու, տվյալ պարագայում՝ գոյատևելու համար: Սակայն
մահացու վտանգի դեմ հանդիման գլուխ բարձրացրեց հույների ազգային ամենամեծ թերությունը՝
անհամաձայնության ոգին: Իսկ բացի միասնության և միաբանության միանշանակ անհրաժեշտությունից՝
կային այլ կարևոր հանգամանքներ նույնպես: Ուժերի անհամաչափությունը և ընդհանուր հոգեբանական
մթնոլորտը հուշում էին, որ սպասվող ճակատամարտի բախտը որոշվելու էր ոչ թե զենքով, ոչ
թե ստանդարտ, դասական մեթոդների ճանապարհով, այլ խորամանկության և հնարամտության շնորհիվ:
Այսպես էր դատում հունական միացյալ նավատորմի ամենախորաթափանց և տաղանդավոր ծովակալ
Թեմիստոկլեսը: Սակայն նրա բոլոր ջանքերը՝ հռետորական արվեստը, համոզեցուցիչ փաստարկները,
սպառնալիքները, կարծես թե մնում էին ձայն բարբառո հանապատի Սալամիսում հավաքված դաշնակիցների
համար: Նրանց մի մասը պարզապես վախեցած էր ահռելի ուժի դեմ հանդիման և ուզում էր հեռանալ
իր պոլիսը և այնտեղ դիմակայել թշնամուն, մյուսները վհատված էին Աթենքի անկումից և մտածում
էին հանձնվել արքային՝ հուսալով արժանանալ նրա ողորմածությանը, անգամ շահութաբաժին
ունենալ. նա գիտեր դաժան պատժել, բայց գիտեր նաև արքայավայել նվիրաբերել: Հույների
ռազմական խորհուրդն աշխատում էր օր ու գիշեր՝ առանց որևէ արդյունքի: Պարսիկներն իրենց
հերթին «մուկն ու կատու» էին խաղում նրանց հետ: Քսերքսեսի հարյուրավոր նավեր պտտվում
էին կղզու շուրջը, մեկ մոտենում էին, մեկ էլ հետ քաշվում, ասես առաջարկում էին թուլակամներին.
«Բաժանվեք դաշնակցային նավատորմից, հեռացեք, քանի ուշ չէ: Իսկ եթե որոշել եք նավամարտ
սկսել, խնդրեմ, դուրս եկեք բաց ծով»: Պարսիկները վստահ էին, որ այդ դեպքում իրենք հեշտությամբ
կջախջախեն հույներին: Իսկ լավագույն տարբերակն արքայի համար այն կլիներ, որ հունական
դաշինքը հենց Սալամիսում փլուզվեր, և աթենացիները մնային մենակ, լավագույն դեպքում՝
էգինացիների հետ, որից հետո նրանց երգը կարելի կլիներ երգված համարել: Պարսկական հետախուզությունը
Սալամիսում աշխատում էր 2 ուղղությամբ. հասնել հունական միացյալ նավատորմի փլուզմանը
և զորքին ենթարկել հոգեբանական ուժեղ ճնշման: Այդ նպատակի համար, փառք աստվածներին,
կային արքայի «բաց հաշիվը» և առատ խոստումները:
Իսկ
Թեմիստոկլեսն իր խաղն էր խաղում յուրայինների հետ և որոգայթներ լարում թշնամու դեմ:
Նա, իհարկե, մեծ ռիսկի էր գնում, և ծրագրածը տապալվելու դեպքում հելլեններն ու պարսիկները
մրցելու էին նրա գլխի համար: Իսկ ի՞նչ էր ուզում ծովակալը: Նա ձգտում էր ընդամենը մի
բանի՝ նավամարտ պարսիկների հետ: Եվ քանի որ յուրայինները չէին ուզում կռվել, նա պետք
է պարտադրեր նրանց: Ինչի՞ վրա էին հիմնված նրա հաշվարկները, որքանո՞վ էին դրանք ռեալ
և ի՞նչ հետևանքներ կարող էին ունենալ: Մենք հիմա կտեսնենք:
…Գիշերվա
թանաքե խավար քողի տակ հունական տրիերեսից աննկատ պոկվեց և նույնքան էլ աննկատ անցնելով
պարսկական ռազմանավերի արանքով՝ մայրցամաք հասավ մի մակույկ, որը թիավարում էր Սիկինոս
անունով մեկը: Նա Թեմիստոկլեսի երեխաների դաստիարակն էր եղել, նրա նախկին ստրուկը,
որին ծովակալն ազատություն և քաղաքացիություն էր շնորհել: Պե՞տք է նշել, որ Սիկինոսը
կուրորեն նվիրված էր նախկին տիրոջը և շան պես հավատարիմ էր: Երբ նա ափ դուրս եկավ,
անմիջապես տարան բարձրաստիճան հրամանատարության մոտ, որին նա հայտնեց հետևյալը.
«Ինձ ուղարկել է աթենացիների զորավարը մյուս
հելլեններից գաղտնի, քանի որ նա արքայի կողմնակիցն է և կամենում է, որ առավելապես ձեր
գործերը հաջողվեն, քան հելլենների գործերը: Հելլենները ահաբեկված են և մտադիր են փախչել:
Այժմ դուք լավագույն հնարավորությունն ունեք մեծագույն սխրանք կատարելու, եթե թույլ
չտաք, որ նրանք փախչեն: Նրանք համերաշխ չեն և չեն դիմադրի ձեզ»:
Թեմիստոկլեսը,
բացի տաղանդավոր ռազմագետ լինելուց, ըստ երևույթին լավ հոգեբան էր. նա արքայից արքային
հրամցրեց այն, ինչը որ պարսիկը կուզեր լսել և ընդունել որպես ճշմարտություն: Ցանկալին
ներկայացվեց իրականության սկուտեղի վրա: Տարօրինակ է թվում, սակայն պարսիկները հավատացին
և խայծը կուլ տվեցին: Հենց նույն գիշեր պարսկական ռազմական մեքենան գործի դրվեց: Առաջին
հերթին նրանք 400 առաջնակարգ դեսանտայիններ իջեցրին Պսիտալիա կղզյակ՝ Սալամիսի և մայրցամաքի
միջև՝ խստիվ պատվիրելով առանց բացառության սպանել բոլոր հույներին, որոնք, ռազմանավերից
թափվելով ջուրը, փրկություն կփնտրեն: Արքայից արքան կարգադրեց իր ոսկե բազկաթոռը տեղադրել
կղզյակի ուղիղ դիմաց՝ ատտիկյան ափի բարձրակետում, որտեղից հոյակապ տեսարան էր բացվում
ռազմական թատերաբեմի վրա: Նա պատրաստվում էր ըմբոշխնել իր զենքի հաղթանակը: Արևմտյան
թևում գտնվող ռազմանավերը շարժվեցին դեպի Սալամիս: Ծով դուրս եկան Կինոսուրա հրվանդանի
և Քիոսի մոտ խարիսխ գցած նավերը: Նավատորմիղը այնքան մեծ էր, որ տարածվել էր մինչև
Մունիքիոն՝ աթենական նավահանգստի այդ կարևոր ռազմավարական կետը: Պարսիկներին ենթակա
եգիպտական նավախումբը օղակեց Սալամիսի հարավային ափն այն նկատառումով, որ եթե հույները
նահանջեն այդ ճանապարհով, փակեն արևմտյան նեղուցի նեղ բերանը: Մյուս ռազմանավերը՝ կազմած
3 խումբ, պետք է հսկեին արևելյան նեղուցը: (Եգիպտացիները, ի դեպ, այդպես էլ չմասնակցեցին
ճակատամարտին և դավաճանեցին Քսերքսեսին): Արքան որոշել էր կիրառել հետևյալ բավական
պարզունակ մարտավարությունը: Եթե հույները նահանջեն Էլիսի ծովածոց, պարսիկները փակում
են 2 ելքը դեպի ծով, զորքն իջեցնում են Սալամիս, գրավում են այնտեղ տեղադրված ռազմածովային
բազան և ստիպում թշնամուն անձնատուր լինել: Իսկ եթե հելլենները որոշեն ծովամարտի մեջ
մտնել (ինչին կասկածում էր արքան, բայց չէր կասկածում, որ դաշնակիցները լքելու են աթենացիներին),
ապա նրանց նավատորմից կմնան բեկորներ, մեկ էլ դիակներ:
Այդպես
էր մտածում արքայից արքան: Սակայն ուրիշ բան էին մտածում և ծրագրում հելլենները: Նախ՝
հունական դաշինքի անդամները, որոնք գրեթե պատրաստ էին ստորագրելու «ամուսնալուծության»
արձանագրությունը, երբ տեղեկացան, որ պարսիկները երեքշաբաթյա սպասումներից հետո որոշել
են հարձակվել և փաստորեն շրջապատել են իրենց, կտրուկ փոխեցին դիրքորոշումը և պատրաստվեցին
կռվի: Սա շատ հետաքրքիր և խորհրդավոր պահ է: Եվ ահա, արևը չծագած՝ հունական ողջ նավատորմն
անցավ նեղուցի հյուսիսային մասը և թաքնվեց թշնամու աչքից: Այդտեղ հույները մի քանի
զուգահեռ շարք կազմեցին՝ ամենաարագընթաց նավերի քթերն ուղղելով դեպի հարավ: Դիրքավորվելիս
նրանք հաշվի առան պարսիկների նավերի դասավորվածությունը, որի մասին ստույգ տեղեկություն
էին ստացել ռազմական հետախուզությունից:
…Արևի
առաջին ճառագայթները բարձրանալուն պես սկսվեց անտիկ աշխարհի ամենամեծ և բախտորոշ ծովային
ճակատամարտը: Պարսկական նավատորմիղը շարժվեց առաջ: Նեղուցի կեռմանը թույլ չէր տալիս
հելլեններին: Եվ հանկարծ Սալամիսի վրա կախված կիրճերից հնչեց փողի ձայնը, որին հաջորդեց
հունական մարտական կոչը: Պարսիկների ավանգարդում ինքնավստահ ընթացող փյունիկեցիները
հանկարծակիի եկան, երբ նրանց դեմ ասես ջրի տակից դուրս լողացին հունական ռազմանավերի
շարքերը, առջևում՝ էգեացիները, հետևում՝ աթենացիները: Պարսիկները նետվեցին առաջ: Էգեացիները,
արագություն զարգացնելով, մոտեցան Տրիոպեի հրվանդանին: Հետո ձախ շրջվելով՝ ընդունեցին
մարտական դիրք: Իսկ փյունիկեցիներն արքայի աչքի առաջ, ասես կախարդված, թափով շարունակեցին
մղվել առաջ: Հույները նահանջեցին: Որքան նրանք մոտեցան, հույներն այնքան հետ թիավարեցին՝
սպունգի նման նրանց ներքաշելով Պսիտալիա կղզյակի և մայրցամաքի միջև ընկած նեղուցը,
որտեղ կողք կողքի հազիվ կարող են տեղավորվել 2 ռազմանավ: Հույների մանևրը հանդուգն
էր, անսպասելի և վտանգավոր: Սակայն նրանք հաջողությամբ դուրս պրծան բնական ջրանցքի
մյուս ծայրից և այն ամուր փակեցին՝ պարտադրելով թշնամուն իրենց մարտավարության կանոնները:
Պարսկական նավերը շարան-շարան լցվեցին նեղուց: Այնպես, ինչպես հայտնի մուլտֆիլմում
առնետները Նիլսի սրնգի նվագի տակ իրար հետևից սուզվում էին ջրի մեջ: Զրկվելով կենտրոնի
և աջ թևի օգնությունից, պարսիկները զրկվեցին մանևրելու, հետ գնալու և մարտնչելու հնարավորությունից,
սեղմվեցին՝ ինչպես տառեխները տակառի մեջ: Դա ծուղակ էր, պատրաստի գերեզման ավելի քան
1000 ռազմանավի համար: Իսկ հունական նավատորմը կազմեց 4 շարքանի կիսալուսին. աթենացիները՝
հյուսիսային թևում, էգեյացիները հարավայինում՝ պահելով մանևրելու և նախահարձակ լինելու
հնարավորությունները: Հույները կարծես թե ծաղրում էին պարսիկներին՝ ձգձգելով նրանց
հոգեվարքը: Թեմիստոկլեսն իրոք ծովային գայլ էր: Նա սպասեց այնքան, մինչև սկսվեց թեթև
ծփանքը, որն այդ ջրերում լինում է ամեն երեկո: Բարձր կառուցվածք ունեցող պարսկական
նավերը ճոճվեցին և աստիճանաբար փոխեցին իրենց դիրքը: Դա միանգամայն հեշտացրեց հունական
ռազմանավերի ճակատային հարվածի և նավաճանկման հնարավորությունները: Այդ 2 մարտաձևում
էլ աթենացիներն իրենց հավասարը չունեին: Եվ Թեմիստոկլեսը հելլեններին տարավ հարձակման:
Ճակատամարտը նման էր միակողմանի կոտորածի: Պարսիկները սարսափած էին: Նրանց աչքի առաջ
փյունիկեցիների ֆլագմանը, որի հրամանատարն արքայի եղբայրներից մեկն էր, ենթարկվեց հարձակման՝
Պալենես գյուղից փորձված նավազ Ամինասի կողմից: Գազազած պարսից ծովակալը գնաց նավաճանկման
և պատրաստվում էր ցատկել աթենացիների նավի վրա, երբ Ամինասն օդում նիզակով որսաց նրան
և նետեց ծովը: Այդ տեսարանից սարսափահար պարսիկները խուճապի մատնվեցին: Իսկ Հալիկառնասի
թագուհի Արտեմիսիան՝ միակ կին ծովակալը, որը հույն լինելով հանդերձ ծառայում էր արքային,
հետապնդումից խուսափելիս ճանապարհ բանալու համար խորտակեց մեկ ուրիշ հույն դավաճանի՝
կալինդոսցիների թագավոր Դամասիթիմոսի նավը և ճողոպրեց: Գահին նստած արքան, դիտելով
այդ տեսարանը և կարծելով, թե Արտեմիսիան կործանել է հունական, այլ ոչ թե պարսկական
ռազմանավը, դառնությամբ ասաց. «Այրերն
ինձ մոտ դարձել են կանայք, իսկ կանայք՝ այրեր»:
Սրանք
առանձին տեսարաններ են ծովամարտից, իսկ ընդհանուր առմամբ պարսկական նավատորմն իր գերագույն
հրամանատարի ներկայությամբ բառիս իսկական իմաստով սկսեց անցնել ծովի հատակը: Կեսօրին
հույները դուրս մղեցին պարսիկներին բաց ծով և այնտեղ շարունակեցին ծովամարտը՝ հաջողությամբ
ավարտելով նեղուցներում սկսած կոտորածը: Արքան ծրագրում էր կռվել բաց ծովում, բայց
ո՛չ այս կերպ և ո՛չ այս վախճանով: Պարսկական նավերի մեծ մասը խորտակվեց Սալամիսում,
մի մասը ոչնչացրին աթենացիները, մյուս մասը՝ էգինացիները: Հելլեններից քչերը սպանվեցին,
քանի որ նրանք լողալ գիտեին. երբ նավը խորտակվում էր, ողջ մնացածները լողալով հասնում
էին Սալամիս: Մինչդեռ պարսիկներից շատերը լողալ չիմանալու պատճառով խեղդվում էին ծովում:
Զոհվեցին պարսիկ ծովակալները, այդ թվում Դարեհ արքայի որդին և Քսերքսեսի եղբայրը: Հույները
խիստ դատաստան տեսան այն 400 հոգու հետ, որոնց արքան դեսանտ էր իջեցրել Պսիտալիա կղզի՝
պատվիրելով գլխատել հելլեններին, եթե նրանք խորտակված նավերից փրկություն փնտրեին կղզում:
Դերերը փոխվեցին: Հոպլիտները մտան կղզի և դաժանորեն սպանեցին պարսիկներին: Արյունից
ծովափի ողորկ քարերը դարձան լպրծուն, ավազը վերածվեց թանձր մածուցիկ շաղախի: Իրոք,
բռնությունը բռնություն է ծնում: Արքան իր հերթին գլխատել տվեց մարտերում իրենց չարդարացրած
փյունիկեցի ծովայիններին: Բոլորին:
Այսպես
ավարտվեց անտիկ աշխարհի ամենամեծ և ամենադրամատիկական ծովամարտերից մեկը: Թերևս ամենակարևորը,
քանզի Սալամիսում որոշվում էր ոչ թե մեկ առանձին վերցրած երկրի ճակատագիրը: Այստեղ
բախվեցին արևելքն ու արևմուտքը, և Հելլադան, վերջին հաշվով, փրկեց Եվրոպան ու արևմտյան
քաղաքակրթությունը:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment