Հին
Հունաստանի դիվանագիտության մասին խոսելիս Փիլիպոս 2-րդի անունը չհիշելը բացթողում
կլինի այդ կայսրության պատմության համար և անարդարություն՝ հելլենիզմի շրջանի խոշորագույն
քաղաքական գործչի ու տաղանդավոր դիվանագետի նկատմամբ: Դրա կողքին՝ համարել նրան զուտ
հունական ֆենոմեն նույնպես ճիշտ չի լինի, քանի որ իրենց՝ աթենացիների կարծիքով՝ մակեդոնացիները,
որոնց թագավորներից մեկն էր այդ Փիլիպոսը, այնքան էլ հույներ չէին, բայց օտարներ էլ
չէին: Մակեդոնացիները, նրանց բնորոշմամբ, «կիսաբարբարոսներ» էին: Եվ այդ «կիսաբարբարոսը»
բախտորոշ նշանակություն էր ունենալու Հունաստանի համար: Նա ստեղծելու էր հուսալի բազիս,
անհրաժեշտ նախապայմաններ, որոնք պայմանավորելու էին Ալեքսանդր մեծի աշխարհակալ հաղթարշավները:
Բոլոր ժամանակների այդ հանճարեղ զորավարը Փիլիպոս 2-րդի որդին էր: Սակայն առանց նրա
դիվանագիտական զարմանահրաշ նվաճումների՝ Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական հաջողությունները
հազիվ թե հնարավոր լինեին:
Սկզբում
հույն-պարսկական, հետո Պելոպոնեսյան արյունահեղ պատերազմների թոհուբոհի մեջ ոչ ոք ուշադրություն
չդարձրեց, որ հետամնաց Բալկաններում ձևավորվում և բարձրանում է բոլորովին նոր ռազմաքաղաքական
ոժ՝Մակեդոնիան: Այն իր երկաթյա ձեռքերում էր հավաքել գործունյա, նպատակասլաց, խիզախ
ու դաժան Փիլիպոսը: Ամենից առաջ նա ստեղծեց մշտական գործող բանակ, որտեղ առաջին տեղը
հատկացված էր հռչակավոր մակեդոնական փաղանգին: Ունենալով ռազմական տարբեր ստորաբաժանումներ
ու սպառազինության տարբեր տեսակներ՝ բանակը ղեկավարվում էր մեկ հրամանատարական կենտրոնից
և գործում էր նախանձելի ներդաշնակությամբ՝ ինչպես հոյակապ մեխանիզմ: Որտեղ՝ հզոր բանակ,
այնտեղ՝ նոր տարածքներ: Մակեդոնիան ընդարձակեց իր սահմանները՝ Հոնիական ծովից մինչև
Պոնտոս: Գրաված երկրներն իրենից հարուստ էին: Հատկապես՝ Թրակիան: Նրա ոսկու հարուստ
պաշարները հոսեցին Մակեդոնիա: Այնպես որ ունեցվածքը լիուլի բավարար էր ուրիշի ունեցվածքի
վրա աչք չտնկելու համար: Սակայն թագավորին հանգիստ չէին տալիս հելլենական պոլիսների
շքեղությունն ու փայլը: Հայտնի բան է, երբ աղքատը հարստանում է, ցանկանում է նաև ազնվանալ,
արյանը հաղորդել կապույտ երանգ: Այդպես են վարվում բոլոր նորելուկները՝ սկսած ֆրանսիական
մեծ հեղափոխության ժամանակ հարստացածներից մինչև մեր օրերի կոռումպացված օլիգարխները:
Իսկ այդ նախանձի հետևում թաքնված էին ավելի հեռուն գնացող քաղաքական պլաններ: Փիլիպոսը
ձգտում էր տիրել Հելլադային, և այդ նպատակով գլխավոր պոլիսներում ստեղծեց «Մակեդոնիայի
բարեկամների միություններ»: Դրանք լավ կազմակերպված հինգերորդ շարասյուներն էին, որոնք
սնվում էին մակեդոնյան ոսկով և մոտեցնում էին Փիլիպոսի գալստյան «X ժամը»: Արքան կաշառքի
մեծ վարպետ էր և շարժվում էր «Ոսկով բեռնված ավանակը կգրավի ուզածդ ամրոցը» նշանաբանով:
Հունաստանի վրա իր գերակայությունը հաստատելու համար Փիլիպոսը համբերատար և հետևողականորեն
համադրում էր ռազմական և դիվանագիտական միջոցները: Նա հունական դեսպաններին հրավիրում
էր բանակցությունների, իսկ արանքում մեկ առ մեկ գրավում նրանց քաղաքները: Հետո կարողանում
էր նրանց հետ համաձայնագիր ստորագրել, որով փաստորեն Հունաստանը հաշտվում էր կատարվածի
հետ: Փիլիպոս 2-րդը խորամանկ, ճկուն և փորձառու քաղաքական գործիչ էր: Նա հոյակապ բանակցային
դիվանագետ էր: Դրա հետ մեկտեղ՝ վերցրած պարտավորությունը և խոստումը դրժելը, իր ստորագրած
միջպետական պայմանագրերն ու փաստաթղթերը չհարգելը նրա համար քիթ սրբել էր: Փիլիպոս
2-րդը վճռական, ոչ մի միջոցից չխորշող խաղացող էր: Լինելով պաուզայի մեծ վարպետ՝ կարողանում
էր մաստակի պես ձգել բանակցային գործընթացը, որը տառացիորեն համբերությունից հանում
էր դիմացինին և մղում նրան իրար հետևից սխալներ գործելու: Նա քաղաքական կոմբինացիաների
մեծ վարպետ էր: Հմտորեն և ճարպկորեն հարմարվում էր իրադրությանը՝ մեկ լինելով պարզամիտ,
մեկ էլ խորամանկ: Նա մերթ մարդասեր էր, մերթ դաժան, համեստ կամ գոռոզամիտ, զուսպ կամ
անսանձ: Փիլիպոսը երբեմն ձևացնում էր, որ հետ է կանգնել իր որոշումից, բայց իրականում
նա սպասում էր հարմար պահի: Նա միշտ ճշգրտությամբ հաշվում էր հակառակորդի գործողությունները,
մինչդեռ վերջինս երբեք չէր գուշակում նրա պլանները: Սակայն Փիլիպոսն իր դիվանագիտական
որոգայթների և քաղաքական ինտրիգների կողքին ուներ մի շարք բարեմասնություններ և արտակարգ
ունակություններ, որոնց կնախանձեր ամեն մի դիվանագետ: Նա փայլուն հռետոր էր, նրա սրամտությունը,
խոսքը և վարվեցողությունը հիացմունք էին պատճառում: Փիլիպոսի հմայքը գրեթե խարիզմի
էր հասնում:
Այդուհանդերձ,
Փիլիպոսին չի հաջողվում խուսափել խոշոր ռազմական բախումից: 338 թվականին Հերոնեի մոտ
նա ջախջախում է հունական լիգայի միացյալ ուժերին և, ռազմական հաղթանակը զուգակցելով
մի շարք փայլուն դիվանագիտական քայլերի հետ, հելլենական աշխարհին պարտադրում է իր «անշահախնդիր
բարեկամությունը», այսինքն՝ գերակայությունը: Հետո Փիլիպոսին հաջողվում է համոզել հույներին
համատեղ պատերազմել «աթենքցիների երդվյալ թշնամի Պարսկաստանի դեմ»: Ստեղծվում է դիվանագիտական
հազվագյուտ կազուս: Փաստորեն Մակեդոնիայի տիրապետության
տակ ընկած Հունաստանը դառնում է այդ երկրի դաշնակիցը՝ Պարսկաստանի դեմ պատերազմելու
համար: Նման բանի կարող էր հասնել միայն տաղանդավոր քաղաքագետը և անսովոր ունակությունների
տեր դիվանագետը: Իսկ ինչպե՞ս ներկայացավ աշխարհին Հունաստան-Մակեդոնիա տարօրինակ դաշինքը,
երբ մակեդոնացիներն իրենց իշխանության տակ առան բալկանյան և հունական բոլոր պետությունները:
Մակեդոնական քարոզչությունն առաջ քաշեց այն կանխադրույթը, թե իբր պատերազմը «կփրկի
հելլեններին և հելլենական մշակույթը բարբարոսներից»: Մինչդեռ, այդ ամենը սոսկ Մակեդոնիայի
արքայի ծավալապաշտական պլանների ծխածածկույթն էր:
Սակայն
Փիլիպոսի ծրագրերը մնում են անկատար: Նրան սպանում է իր թիկնապահ Պավսիանոսը: Մակեդոնիայի
զորավարներից մեկը՝ Ատտալոսը, խնջույքի ժամանակ հարբեցնում և ծաղրում է Պավսիանոսին:
Նա, հայցելով Փիլիպոսի պաշտպանությունը, խնդրում է պատժել զորավարին: Արքան արհամարհում
է թիկնապահի խնդրանքը, և վերջինս իր վիրավորանքի սլաքն ուղղում է տիրոջ կողմը: Գոյություն
ունեն սպանության ուրիշ վարկածներ ևս: Կասկածում են Փիլիպոս 2-րդի կնոջը՝ Օլիմպիային,
որի համար շարժառիթ կարող էր լինել կանացի խանդը: Կասկածում են նաև տղային՝ Ալեքսանդրին,
թե նա շտապում էր նստել գահին: Սակայն ամենայն հավանականությամբ Փիլիպոս վերացրեց պարսկական
հետախուզությունը՝ կանխարգելելու համար իր երկրի դեմ հասունացող ռազմական վտանգը: Կմտածեի՞ն
արդյոք պարսից դիվանագետները, թե ինչ չարիք են բերելու իրենց գլխին՝ կանաչ լույս վառելով
Ալեքսանդրի ճանապարհին: Որդին հարյուրապատիկ գերազանցեց հոր փառասիրությունը և ծավալապաշտական
մարմաջը: Նա ծնկի բերեց պարսկական կայսրությունը: Հելլանական վրեժը լիուլի լուծված
էր: Սակայն դա աշխարհակուլ ծրագրերի մեկնակետն էր ընդամենը: Հորիզոնում ուրվագծվում
են Ասիայի և Աֆրիկայի անծանոթ, խորհրդավոր ու գայթակղիչ երկրները՝ մինչև Հնդկաստան:
Միայն առաջ, ընդառաջ փառապանծ հաղթանակների, նորանոր նվաճումների:
…Մեծ
մակդիրն ավելի քան հարիր է Ալեքսանդրին: Նա դարձավ 3 մայրցամաքներում փռված ահռելի
կայսրության տիրակալը, կիսաստված՝ միլիոնների համար: Նա կերպարանափոխեց անտիկ աշխարհը,
նոր ուղղություն և բովանդակություն հաղորդեց նրա զարգացմանը: Իսկ երբ հասավ փառքի գագաթնակետին,
մարդիկ այլևս չէին հիշում, որ նա քարտեզի վրա կորած փոքրիկ երկրամասի երեկվա պատանին
է: Ալեքսանդր Մակեդոնացին պատմության մեջ հառնեց որպես աշխարհի քաղաքացի: Մեծ քաղաքացի:

Comments
Post a Comment