Skip to main content

Հյուրընկալությունից դիվանագիտություն

 

Նախորդ գլխում մենք մի փոքր խոսեցինք Հին Հունաստանի գաղութային քաղաքականության մասին: Անդրադարձանք հայրենի տունը թողնելու գլխավոր շարժառիթին, որի անունն է զրկանք և մշտագոյության հոգս: Արդի պետություններում ևս մարդիկ լքում են իրենց հայրենի օջախը ֆինանսական և սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Հունական արտագաղթի համար որոշ դեր խաղացին պոլիսներում բռնկվող քաղաքական կոնֆլիկտները և հույների գենային ծածկագրում տեղ գտած ճանապարհորդելու մարմաջը: Այդուհանդերձ, տեղաշարժվելու, գնալու և ծավալվելու գլխավոր պատճառն անշուշտ մնում էր հելլենիստական աշխարհակալության գերխնդիրը:

Այստեղ մենք չենք կարող չանդրադառնալ հույների արտագացթի մի շատ կարևոր առանձնահատկությանը: Այդ այն է, որ նոր տարածքներում, որոնք անվանվում էին գաղութներ, հելլենները պահում էին իրենց ազգային ինքնությունը, սովորույթները և մշակույթը: Նրանք չէին ասիմիլացվում: (Կա այդ արտահայտության հայերեն համարժեքը՝ ուծացում: Օգտագործենք այն):  Եվ այսպես, հույները նոր միջավայրում չէին ուծացվում: Մի խոսքով, հարմարվելով նոր պայմաններին, նոր շրջապատին՝ հույնը մնում էր հույն: Կլերուքները, այսպես էին անվանվում հունական համայնքները, իրենց հարազատ պոլիսների շարունակությունն էին, որտեղից նրանք եկել էին: Նրանց և մետրոպոլիայի, այսինքն՝ «մայր-քաղաքի» կառավարման մարմինների կառուցվածքն ու գործելակերպի մեխանիզմները նույն էին: Արտագաղթած հույները մասն էին կազմում աթենքյան բանակի և ռազմածովային նավատորմի: Մասնակցում էին կրոնական բոլոր տոներին: Այս ամենն էականորեն տարբերում է հին հունական արտագաղթը հետխորհրդային երկրների արտագաղթից, որը լուրջ վտանգ է պարունակում մեր գենոֆոնդի համար: Եվ ոչ միայն այդ: Արտագաղթն իր հետ բերում է քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգեբանական մեծ էրոզիա: Թեկուզ այն պատճառով, որ մարդիկ մեկնում են արտասահման՝ օտար բնակչության հետ ձուլվելու, այլ ոչ թե ինքնությունը պահպանելու մտայնությամբ, ինչպես դա անում էին անտիկ աշխարհի մարդիկ:

Ինչպես դիվանագիտության մեջ, այնպես էլ արտագաղթի ասպարեզում Հին Հունաստանը բազմադարյան հսկայական կուտակած փորձ ունի: Պատահական չէ, որ այսօր էլ նրա ԱԳՆ-ն կոչվում է նաև սփյուռքի նախարարություն: Եվ ամենևին էլ ավելորդ չէր լինի, որ Հայաստանն ընդօրինակեր հույների անցյալ և ներկա աշխատանքային ոճը համայնքների հետ:

Հիմա տեսնենք հունական արտագաղթի «մեդալի» հակառակ երեսը՝ ներգաղթը: Օտարների հոսքը դեպի Հելլադա, ավելի ճիշտ՝ դեպի Աթենք և մասամբ՝ Սպարտա, կարելի է համեմատել ներկայումս ԱՄՆ, Եվրոպա կամ Ռուսաստան գաղթելու ցանկության հետ: Ստիպված ենք խոստովանել, որ անցյալում, ինչպես և հիմա, ներգաղթի հիմքում ընկած է նույն ռազմավարությունը, գործում են նույն սկզբունքները: Ինչպես Աթենքն իր ժամանակին, այնպես էլ Վաշինգտոնը, Մոսկվան, Փարիզը, կարելի է անվանումները շարունակել, մեր օրերում օտարներին ընդունելիս, մեծ հաշվով, հետապնդում են մեկ նպատակ՝ ներմուծել հնարավորինս էժան և իրավազուրկ աշխատուժ: Կոպիտ ասած՝ քիչ տալ և շատ ստանալ: Սա օտարին ընդունող պետության չգրված օրենք է: Մնացածը զուտ քարոզչական խաղեր են՝ հաջողված այս կամ այն չափով, հարմարեցված կոնկրետ պայմաններին և կոնկրետ քաղաքական իրադրությանը:

Նրանց, ովքեր վատ գիտեն արտասահմանյան երկրների ինչ լինելը, կարելի է հիշեցնել «Տարբերիր զբոսաշրջությունն արտագաղթից» հայտնի անեկդոտը: Իսկ դա հստակ հասկանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է լավ պատկերացնել մի պետությունից մեկ ուրիշ պետություն մշտական բնակության մեկնելու հետ կապված 2 կողմի օրենսդրական համակարգերի բոլոր նրբությունները: Տարբեր երկրներում օրենքները տարբեր են, և այնտեղ բնակության թույլտվության փաստաթղթերը ևս տարբեր են: Սակայն, չգիտես ինչու, մարդիկ դրանք սովորաբար անվանում են «green cart»՝ հավանաբար տուրք տալով ԱՄՆ-ի անվիճելի հզորությանն ու մեծությանը: Իսկ թե ինչ գույն կա այդ «կանաչ քարտի» հետևում, այլ հարց է: Օտար քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների սահմանները գծելիս ժամանակակից պետական այրերը հաստատ փոխ են առել հին հույների փորձը:

Իսկ հին հույներն իրենց տանը չեն սիրել աշխատել: Նույնիսկ ամաչել են աշխատել: Ազատ երկրի ազատ քաղաքացին, նրանց կարծիքով, կամ պետք է կռվի, կամ էլ պետություն ղեկավարի: Նման հատկությամբ առանձնապես օժտված էին սպարտացիները, որոնք, բացի պատերազմելուց, որևէ այլ զբաղմունք չէին պատկերացնում: Մնացած ողջ աշխատանքը դրված էր բնակչության 2 այլ խավի՝ պերիեկների և իլոտների ուսերին: Վերջիններս քանակապես 10 անգամ ավելի էին սպարտացիներից և երբ ժամանակ առ ժամանակ ապստամբում էին, սպառնում էին նրանց գոյությանը: Հին ժողովուրդները, ըստ երևույթին, իրենց անվիճելի բարեմասնությունների կողքին ունեն էթնոհոգեբանական տարօրինակ գծեր: Մենք՝ հայերս, օրինակ, կարծում ենք, որ մեզանից յուրաքանչյուրն արժանի է լինելու նախագահ: Կարևոր չէ, թե ինչ նախագահ, բայց նախագահ: Գոնե՝ տնօրեն: Վրացիները կարծում են, թե իրենք ազգովի ժառանգական իշխաններ են, իսկ նրանցից ոմանք, տուրք տալով ժամանակի արատավոր բարքերին, հպարտությամբ հայտարարում են, թե ԱՊՀ-ի՝ օրենքով հայտնի գողերն իրենց արյունակիցներն են: Ֆրանսիացու, գերմանացու կամ ռուսի կարծիքով՝ սև աշխատանքը հակացուցված է իրենց ազգային հոգեկերտվածքին. նրանք խորշում են փողոց ավլելուց և աղբ թափելուց՝ այն սիրով թողնելով գաղթականին: Արդյունքը բոլորդ գիտեք: Գերմանիային սպառնում է թուրքացման, իսկ Ֆրանսիային՝ աֆրո-արաբական վտանգը: Իսկ թե ինչ է սպասում Ռուսաստանին, որը մի կողմից ընդունում է գաստերբայտերներին, մյուս կողմից՝ սահմանափակում նրանց տարրական իրավունքները՝ մատների արանքով նայելով ֆաշիստ-շովինիստների «սանիտարական» գործողություններին, դժվար է կանխատեսել:

Հին հույները ևս հաճույքով ընդունել են մյուս պոլիսների քաղաքացիներին՝ անվանելով նրանց մետեկ, որը թարգմանվում է «դրկից հարևան»: Այդպես էին կոչվում նաև ազատություն ստացած ստրուկները: Այս մետեկները զբաղվում էին արհեստներով, առևտրով, տնտեսությամբ, հողագործությամբ, նավագնացությամբ: Նրանց իրավունք էր վերապահված վարձել արհեստանոցներ, ձեռք բերել գործիքներ, անսահմանափակ քանակությամբ ստրուկներ, շարժական գույք: Իսկ անշարժ գույք և հող ձեռք բերելու իրավունք չունեին: Բայց վճարել պետական տուրքեր պարտավոր էին: Ինչպես նաև պարտավոր էին կռվել, եթե իրենց հյուրընկալած պետությունը պատերազմում էր այդ պետության դեմ: Մետեկների իրավունքների շրջանակը մի կողմից, իրոք, բավական լայն էր. նրանց երեխաները հաճախում էին հասարակական դպրոցներ՝ գիմնազիաներ, մասնակցում էին կրոնական արարողություններին, ամուսնանում էին տեղացիների հետ: Մյուս կողմից՝ չունեին քաղաքական ոչ մի իրավունք՝ ընտրելու և ընտրվելու: Մի խոսքով, մետեկներն իրենց ներգաղթած պոլիսների քաղաքացիներ չէին, թեպետ երբեմն քանակապես գերազանցում էին տեղացիներին: Աթենացիները, այսինքն՝ երկրի լիիրավ քաղաքացիները, հազիվ կազմում էին ընդհանուր բնակչության 1/10 մասը: Իսկ մետեկների կարգավիճակը հաճախ կախված էր լինում պետության ներքին և արտաքին քաղաքական իրադրությունից: Պարսկական արշավանքից հետո, երբ Աթենքն ապրում էր ծանր տնտեսական ճգնաժամ, Թեմիստոկլեսը սկսեց մետեկներին համատարած շնորհել քաղաքացիություն: Իսկ երբ իշխանության գլուխ անցավ հունական դեմոկրատիայի հայր Պերիկլեսը, որքան էլ հակասական թվա, այդ պրակտիկան վերացվեց: Ավելին, նա վերացրեց նաև խառն ամուսնություններից ծնված երեխաներին քաղաքացիություն շնորհելը, որը մինչ այդ կիրառվում էր: Համաձայն նոր օրենքի՝ աթենացի կարող էր համարվել այն երեխան, որի ծնողները երկրի քաղաքացիներ էին: Սակայն դրանից տուժեց հենց ինքը՝ Պերիկլեսը: Նրա կինը՝ հայտնի հետերա և գեղեցկուհի Ասպազիան, Միլետի քաղաքացի էր, օտարական: Եվ Պերիկլեսը ստիպված եղավ աղերսագին խնդրել ժողովրդական ժողովին՝ աթենացի ճանաչել իրենց երեխաներին:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեր օրերում որևէ երկրի ղեկավար որևէ հարցով աղաչի խորհրդարանին:

Հույները հույներ չէին լինի, եթե ներգաղթի քաղաքականությանը չհաղորդեին ինքնատիպ ձևեր և առավելագույն օգուտ չքաղեին օտար քաղաքացիների՝ իրենց պոլիսներում գտնվելուց: Նրանք ներգաղթին տվեցին միջազգային իրավունքի ձև ու բովանդակություն՝ այն հորջորջելով պրոքսենիա (հյուրընկալություն) գեղեցիկ և մտերմիկ անվամբ: Այն օտարերկրացին, որը ճանաչվում էր որպես պրոքսեն և ընդգրկված էր համապատասխան հայրենակցական կազմակերպության մեջ, ստանում էր տեղական իշխանությունների աջակցությունն ու պաշտպանությունը: Իր հերթին նա բարոյական պարտականություն էր ստանձնում ամեն կերպ նպաստելու այն պոլիսի բարգավաճմանը, որն իրեն ընդունում էր որպես պրոքսեն: Եվ ամենագլխավորը: Պրոքսենները Հին Հունաստանում տարերային դեսպանությունների դեր էին խաղում: Նրանք ակտիվորեն նպաստում էին իրենց և հյուրընկալ պոլիսների միջև քաղաքական և առևտրատնտեսական կապերի իրականացմանը, պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրմանը: Անհրաժեշտության դեպքում հանդես էին գալիս հայտնի պոլիսների անունից, իսկ երբ այնտեղից ժամանում էին դեսպանների պատվիրակություններ, դառնում էին դրանց անդամներ: Պրոքսենիայի ինստիտուցիոնալացումը կարևոր նշանակություն ունեցավ Հելլադայի միջազգային հարաբերությունների զարգացման համար:

Մնում է ավելացնել, որ պատմության մեջ հայտնի չէ օտար քաղաքացիներին պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններում ներգրավելու պրակտիկան: Դա զուտ հունական ֆենոմեն էր, որն իր նշանակությունը չունեցավ միջազգային պրակտիկայում, սակայն ժամանակին իր դրական նշանակությունն ունեցավ հունական դիվանագիտության զարգացման համար:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...