Պարտությունը
Սալամիսում շատ թանկ նստեց արքայից արքա Քսերքսեսի վրա: Բոլորի և, ամենասարսափելին,
իր՝ աշխարհի տիրակալի աչքի առաջ պարսկական նավատորմը գրեթե ամբողջովին ոչնչացավ: Դա
հոգեբանական այնպիսի հարված էր, որը նա, չնայած իր ամուր խառնվածքին, ի վիճակի չէր
տանել: Հեռանա՞լ և կիսա՞տ թողնել այն մեծ գործը, որն իր կյանքի գլխավոր նպատակն էր:
Նրա ուժերից վեր էր: Մնալ ևս չէր կարող: Եվ նա ընդունեց սողոմոնյան որոշում. մեկնել՝
հետո վերադառնալու պայմանով: Բանակի հիմնական մասն ու փրկված ռազմանավերը թողնելով
իր ամենավստահելի և ուժեղ զորավար Դարեհի փեսա Մարդոնիոսի հրամանատարության ներքո՝
արքան զորքի մնացորդի հետ ճանապարհվեց դեպի Հելլեսպոնտոս: Մարդոնիոսը ծնրադիր երդվեց
արքային «կոտրել հունական ողնաշարը»:
Հետդարձի
ճանապարհին Քսերքսեսի բանակը հանդիպեց անասելի դժվարությունների, ինչպես որ լինում
է փախչող զավթիչների հետ անհաց, անջուր, մահացու հիվանդություններ: Ժանտախտը և արնալուծը
հնձեցին երեկվա ամբարտավան ու ինքնավստահ նվաճողներին:
Ես
նորից ստիպված եմ պարսկական բանակը համեմատել Նապոլեոնի բանակի հետ: Այս անգամ՝ արդեն
Ռուսաստանից նահանջելիս:
Սակայն
ասել, թե Հելլադային սպառնացող վտանգն անցել էր, մոլորություն կլիներ: Ճիշտ է, ծովի
վրա հույները հաստատեցին իրենց գերակայությունը, սակայն Մարդոնիոսի գնդերն ասպատակում
էին երկիրը՝ ահաբեկելով խաղաղ բնակչությանը: Բռնակալի դեմ ապստամբեցին Պոտիդեայի հույները:
Եռամսյա պաշարումից հետո բարբարոսները գրավեցին Օլինթոս քաղաքը, բոլորին քշեցին ճահիճները
և սրի քաշեցին:
Պարտվելով
ռազմի դաշտում՝ պարսիկները լարում են դիվանագիտական որոգայթներ՝ գժտեցնելու համար աթենացիներին
և սպարտացիներին: Մնացած պոլիսների դաշնությունը՝ լինի Սպարտայի թե Աթենքի հետ, նրանց
չէր վախեցնում: Միայն թե այդ երկուսը միասին չլինեին: Առաջինը՝ ծովում, երկրորդը ցամաքում
սարսափ էին պատճառում զավթիչներին: Պարսից դեսպաններն արքայի անունից աթենացիներին
առաջարկում են անկախություն: Նրանք անգամ պատրաստ են Հելլադայի հետ կազմել միություն,
վճարել նրան ռազմատուգանք: Հույները մերժում են: Այնժամ գազազած բարբարողները նորից
են մտնում Աթենք և հրի մատնում, ինչ որ դեռ մնացել էր:
Իսկ
ի՞նչ է, աթենացիները հրաժարվե՞լ էին իրենց դիվանագիտությունից: Ամենևին: Հույն դիվանագետների
կարևորագույն խնդիրը Սպարտայի հետ հարաբերությունների սերտացումն էր, ամուր միություն
կազմելը, որն իր շուրջը կհամախմբեր ողջ հելլենական աշխարհը՝ ընդդեմ արտաքին թշնամու:
Անկախությունը, ազատությունը, քաղաքական ինքնուրույնությունը և օտարից որևէ կախում
չունենալու հրամայականը անտիկ հույների համար գոյության բարձրագույն կատեգորիաներ էին:
Եվ ամեն ինչ ստորադասված էր դրան, այդ թվում և դիվանագիտությունը: Այսպես՝ պարսիկները
հատուկ հանձնարարություններով դեսպան են ուղարկում Աթենք: Այդ առաքելությունն իր վրա
է վերցնում Ալեքսանդրը Մակեդոնիայից: Սպարտացիները, իմանալով այդ մասին, իրենց հերթին
դեսպաններ են գործուղում Աթենք՝ վախենալով, որ աթենացիները կարող են համաձայնության
գալ պարսիկների հետ, ինչը կործանարար կլիներ Սպարտայի համար: Աթենքյան դիվանագիտությունն
անում է ոչ ստանդարտ և խիստ ինքնատիպ քայլ. նա 2 իրար թշնամի երկրների (Պարսկաստան
և Սպարտա) դեսպաններին ընդունում է միաժամանակ և բանակցություններ վարում մեկի հետ՝
մյուսի ներկայությամբ՝ բաց խաղաքարտերով: Լավ պատկերացնելու համար, թե ինչ տեղի ունեցավ
դիվանագիտական նախադեպը չունեցող այդ բանակցությունների ընթացքում, կրճատումներով մեջբերենք
մեզ հասած արձանագրությունը:
Պարսից
դեսպանի խոսքը. «… Ինչո՞ւ այդպես
կատաղությամբ պատերազմում եք արքայի դեմ: Հաշտվեք նրա հետ: Քանզի ձեզ համար պատիվ է,
որ մեծ արքան, մոռանալով ձեր պատճառած վիրավորանքները, հելլեններից միայն ձեզ հետ է
ուզում բարեկամ դառնալ»:
Սպարտայի
դեսպանի խոսքը. «Մեզ ուղարկել են
լակեդեմոնացիները՝ խնդրելու ձեզ, որ վնասաբեր ոչինչ չանեք Հելլադայի դեմ և չընդունեք
բարբարոսի պայմանները: Անհանդուրժելի է, որ դուք՝ աթենացիներդ, նպաստեք հելլենների
ստրկությանը: Դուք, որ դեռևս հնուց հայտնի եք եղել որպես ազատարարներ: Դուք, եթե իրոք
ողջամիտ եք, չպետք է այդ անեք, քանզի գիտեք, որ բարբարոսները երբեք հավատարիմ չեն,
ոչ էլ անկեղծ»:
Աթենքի
առաջնորդ Արիստիդեսի պատասխանը պարսից դեսպանին. «Մենք ինքներս էլ գիտենք, որ մեդացու ուժը մեր ուժից բազմապատիկ է:
Այդուհանդերձ, կառչելով ազատությունից, մենք այն կպաշտպանենք մեր ուժերի ներածին չափ:
Իսկ այժմ հաղորդիր Մարդոնիոսին աթենացիների պատասխանը. քանի արևն ընթանում է իր նախկին
ուղիով, մենք չենք հաշտվի Քսերքսեսի հետ: Մենք կկռվենք նրա դեմ՝ ապավինելով աստվածներին
և հերոսներին, որոնց տաճարներն ու արձանները նա անողորմաբար հրկիզեց»:
Արիստիդեսի
պատասխանը Սպարտայի դեսպաններին. «Լակեդեմոնացիների
տագնապը, թե մենք կարող ենք հաշտություն կնքել բարբարոսի հետ, խիստ մարդկային է: Բայց
դուք պետք է իմանաք, որ աշխարհում չկա այնքան ոսկի և այնպիսի գեղեցիկ ու բարեբեր երկիր,
հանուն որի մենք հարեինք պարսիկներին և Հելլադան մատնեինք ստրկության: Այժմ, նման պայմաններում,
շտապ զորք ուղարկեք: Մենք գիտենք, որ բարբարոսը երբ իմանա, որ մենք մերժել ենք իր բոլոր
պահանջները, անհապաղ կհարձակվի մեր երկրի վրա»:
Ես
այսքան մանրամասն կանգ առա երկու տարբեր պետությունների դեսպանների և աթենացիների միաժամանակյա
բանակցությունների վրա այն պատճառով, որ դրանք ձևաչափով անսովոր էին և դուրս են գալիս
դասական դիվանագիտության կանոնների շրջանակներից: Աթենացիներն այն աստիճան տարված էին
իրենց ազատատենչության և հայրենասիրական գաղափարներով, որ մի կողմ դրեցին դիվանագիտական
խաղերը և բաց ճակատով հայտարարեցին աշխարհով մեկ՝ ծնկի չենք գա ոչ ոքի առաջ, հայրենիքը
վեր է ամեն ինչից: Սա միայն հարգանքի է արժանի, և սա ավելին է, քան այն դեմոկրատիան,
որը, հույների կարծիքով, իրենց արտաքին քաղաքականության անկյունաքարն էր:
Իսկ
հույն-պարսակական դիվանագիտական շփումները վերոհիշյալ բանակցություններից հետո զարգացան
հետևյալ կերպ: Պարսիկները կրկին փորձեցին հաշտության եզրեր գտնել հույների հետ և դեսպան
Մուրյուքիդեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկեցին Սալամիս, որտեղ Աթենքի անկումից
հետո ապաստան էին գտել հասարակ ժողովուրդը և Ժողովրդական ժողովն իր ողջ աշխատակազմով:
Դեսպանի, ժողովականների առաջ ելույթ ունենալուց հետո խոսք է վերցնում պատգամավոր Լյուկիդեսը
և կարծիք հայտնում, որ ավելի լավ է ընդունել պարսիկների առաջարկը: Նրա ելույթն առաջացնում
է իշխանավորների և դեմոսի խիստ զայրույթը: Լուրեր են տարածվում, թե նա կաշառված է պարսիկների
կողմից: Դա արդեն բավական էր պոռթկման համար: Ամբոխը նրան քարկոծելով սպանում է: Հետո
հանդես են գալիս կանայք: Նրանք հարձակվում են խորհրդականի տան վրա և նույն ձևով սպանում
նրա կնոջն ու երեխաներին:
Եթե
հայ պատգամավորները տեղյակ լինեին Լյուկիդեսի ճակատագրին, հավանաբար առանցքային հարցերի
քննարկումների ժամանակ շատ զգույշ կլինեին իրենց արտահայտություններում…
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment