Skip to main content

Աթենքի անկումը

 

406 թվականին Սիփնոսի մոտ տեղի ունեցավ սպարտացիների ու աթենացիների ամենամեծ ծովամարտը: Հելլենները հավասարապես կոտորեցին իրար: Ընդհանուր զոհերի թիվը կազմեց 20.000: Քիչ անց նրանց նավատորմերը բախվեցին Ագենուզյան կղզիների մոտ: Աթենացիները հաղթող դուրս եկան, սակայն խայտառակվեցին՝ սպանելով իրենց իսկ ծովակալներին, ինչ է թե նրանք չէին հասցրել հողին հանձնել սպանվածներին: Այնուհետև սպարտացիներն առաջարկեցին հաշտություն՝ ստատուս քվոն պահպանելու նպատակով: Աթենքը հրաժարվեց՝ պահանջելով հակառակորդից ազատագրել կայսրության բոլոր քաղաքները: Դիվանագիտական հերթական սայթաքում: Այնուհետև Սպարտական դաշնությունը պելոպոնեսյան նավատորմի ծովակալ նշանակեց սպարտացի Լիսանդրին, որը, բարեկամական հարաբերություններ ունենալով պարսիկների հետ, նրանց փողերով սարքեց տեխնիկայի վերջին խոսքով հագեցած (անտիկ ժամանակների չափանիշներով) 200 ռազմանավ: Լիսանդրի թատերաբեմ իջնելը ճակատագրական եղավ Աթենքի համար: Նա հմուտ զորավար էր, հանդուգն և համարձակ՝ իր գործողությունների մեջ: Բնավորությամբ՝ դաժան ու ցինիկ: Երբ նրան ասում էին, որ Հերկուլեսի սերունդներին վայել չէ հաղթանակ ձեռք բերել խորամանկությամբ, նա արհամարհանքով ծիծաղում էր. «Այնտեղ, որտեղ առյուծն անզոր է, զորավոր է աղվեսը»: Նրա երդմնազանցության շուրջ առասպելներ էին պտտվում: Լիսանդրը խորհուրդ էր տալիս, օրինակ, խաբել մեծերին, ինչպես երեխաներին են խաբում… Լիսանդրը նավատորմը շարժեց Հելլեսպոնտոս և մտավ Լամպսակոս նավահանգիստը, իսկ որոշ ժամանակ անց դեմ դիմաց՝ նեղուցի մյուս կողմում՝ 3 կիլոմետր հեռավորությամբ, խարիսխ նետեց աթենական նավատորմը (180 միավոր): Աթենացիների բոլոր փորձերը հրահրել ծովամարտ՝ մնացին անպատասխան: Կողմերը փորձում էին միմյանց նյարդերի ամրությունը: 1 շաբաթ անց աթենացիները, իրենց սովորության համաձայն, թուլացրին զգոնությունը, նավաստիներն սկսեցին ափ դուրս գալ ու անհոգ զբոսնել: Իսկ սպարտացիների հետախուզությունը հետևում էր թշնամու ամեն մի քայլին: Լիսանդրը դրան էր սպասում: Նա իր արագընթաց նավերով կտրեց նեղուցը և անսպասելի հարված հասցրեց աթենացիների գրեթե անտեր կանգնած ռազմանավերին: Նրանք կորցրին գրեթե ողջ նավատորմը՝ 171 նավ: Լիսանդրը գերի վերցրեց հազարավոր նավաստիների և զինվորների: Հետո հրավիրեց դաշնակիցներին: Բայց դատի նման մի բան սարքեց: Նրանք հիշեցրին աթենացիներին նրանց դաժանությունները, մասնավորապես այն, թե ինչպես մի քանի օր առաջ նրանք, գերի վերցնելով նավաբեկության ենթարկված 2 սպարտական ռազմանավեր, կտրեցին բոլոր նավաստիների աջ ձեռքը: Դաշնակիցներն աթենացի բոլոր գերիներին գլխատեցին: Նրանք 3000 էին: Լիսանդրը հետո արեց սատանայական, նենգ քայլ, շարժվելով Էգեյան ծովով՝ նա տեղահան արեց հունական համայնքներում մշտապես բնակվող Աթենքի բոլոր քաղաքացիներին և պարտադրեց վերադառնալ Աթենք՝ սպառնալով մահապատժի ենթարկել բոլորին, ովքեր կմնան այդ քաղաքի սահմաններից դուրս: Այսպիսով նա բոլոր աթենացիներին ստիպողաբար քշեց հարազատ քաղաքը, որպեսզի այն գերբնակեցվի և մատնվի սովի ու խուճապի: Լիսանդրի հաշվարկները ճիշտ դուրս եկան: 405 թվականի նոյեմբերին նրա նավատորմը շրջափակեց Պիրեոս նավահանգիստը, իսկ Սպարտայի զորքերն Ագիս թագավորի հրամանատարությամբ պաշարեցին Աթենքը: Դա վերջի սկիզբն էր: Սովամահ լինելու սպառնալիքի տակ 1 ամիս հետո՝ դեկտեմբերին, Աթենքն ընկավ: Սպարտայի որոշ դաշնակիցներ առաջարկեցին Աթենքում անցկացնել andropodismos, այսինքն՝ սպանել բոլոր տղամարդկանց, ստրկացնել կանանց և երեխաներին: Մի խոսքով՝ անել այն, ինչ արել էին աթենացիները Մինոս կղզում և ուրիշ տեղերում խաղաղ բնակչության հետ: Սակայն Սպարտան մեծահոգություն ցուցաբերեց և չուզեց կործանել այն քաղաքը, որն այնքան բան էր արել Հելլադայի համար Պարսկաստանի դեմ պայքարում: Բոլոր դեպքերում խաղաղության պայմանները ծանր և նվաստացուցիչ էին Աթենքի համար. դաշինքի կազմալուծում, Աթենքի և Պիրեոսի «երկար պատերի» վերացում, որոնք նրանց պաշտպանության հիմնական կառույցներն էին, նավատորմի հանձնում՝ բացի 16 հասարակ նավերից, արտաքին քաղաքականության բոլոր հարցերում ենթակայություն Սպարտային:

Մեր թեմայի սահմաններում անդրադառնանք Պելոպոնեսյան պատերազմի գլխավոր ոլորտներից մեկին՝ դիվանագիտությանը: Քաղաքացիական պատերազմը կասեցրեց հունական դիվանագիտության հետագա զարգացումն ու առաջընթացը: Պատերազմը՝ ամբողջությամբ, և Աթենքի անկումը՝ մասնավորապես, աթենական դիվանագիտության կոպիտ սխալների հետևանք էին: Տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների կազուս. Հունաստանը հաղթեց պատերազմում, սակայն դիվանագիտությունն անկարող եղավ այդ հաղթանակն ամրագրել:

Դուրս է գալիս, որ հազարավոր տարիներ առաջ էլ միջազգային հարաբերություններում տեղի էին ունենում կազուսներ՝ երբ ռազմական հաղթանակին հաջորդում էր դիվանագիտական պարտությունը:

Ուրեմն, եթե մենք՝ հայերս, այսօր մեզ պարտադրվող պայմաններում գնանք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման, այդ հարցում, փառք Աստծո, պիոներներ չենք լինի: Ինչ լավ է, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

Սպարտան գրավեց Աթենքը, սակայն հունական պատերազմից հաղթող դուրս եկավ Պարսկաստանը: Նրանք գրեթե առանց կռվի, առանց մի կաթիլ արյուն  թափելու հասան այն բանին, որին չհասան Դարեհ Ա-ն և Քսերքսեսը՝ գործադրելով ողջ ռազմական հզորությունը: Հունաստանի արևելյան տարածքները կրկին դարձան պարսական թագավորության նահանգներ, իսկ եվրոպական Հունաստանում ճանաչվեց պարսիկների եթե ոչ տիրապետությունը, գոնե նրանց գերիշխանությունը: Պարսիկներն, այսպիսով, ամրացրին իրենց թուլացած դիրքերը տարածաշրջանում:

Թերևս համեմատությունը տեղին չէ, բայց այս կապակցությամբ ակամայից հիշում ես Երևանում կատակով շրջանառավող արտահայտությունը, թե այն, ինչ չկարողացան անել սասանյաններն Ավարայրում, այսօր արվում է խաղաղ ճանապարհով:

Հունական պատերազմը պատգամ է ներկա ու ապագա սերունդներին: Խուսափեք պատերազմներից, եթե կարող եք: Բայց ամենից շատ վախեցեք քաղաքացիական պատերազմից: Այն օտարի դեմ կռվից վտանգավոր է, քանզի որդի նման կրծում է ազգը ներսից:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...