Անտիկ
աշխարհի դիվանագիտական արվեստի առաջնեկ Աթենքի արտաքին քաղաքականությունն իր եսակենտրոն
նրբերանգներով հանդերձ մնում էր ամենախորաթափանցն ու ամենառացիոնալը, համահունական
շահերի ամենահետևողական պաշտպանը:
Աթենացիներն
առաջինը հասկացան պետության ներքին և արտաքին քաղաքականության միասնականության ու անքակտելի
կապի կարևորությունը՝ այն դնելով միջազգային հարաբերությունների հիմքում և ընդունելով
որպես դիվանագիտության օրենքների օրենք: Հույն-պարսկական պատերազմին հաջորդող շրջանում
այդ քաղաքականությունն իր ամբողջության մեջ ծրագրում և իրագործում էին դեմոկրատները:
Պերիկլեսի գլխավորությամբ, որը ողջ իշխանությունը վերցրել էր իր ձեռքը, վայելում էր
ժողովրդի աջակցությունն ու վստահությունը՝ իր անբասիր հեղինակության, առասպելական անկաշառության
և ջերմ հայրենասիրության շնորհիվ:
Ո՞վ
էր Պերիկլեսը: Դեմոկրատիայի նախահայր, պետական ականավոր գործիչ, առաջին մեծության քաղաքական-դիվանագիտական
աստղ, աթենքյան «պերեստրոյկայի» հեղինակ: Պերիկլեսին անսահման սիրելու, անվերապահորեն
հավատալու և վստահելու համար ժողովուրդը նրան 15 տարի անընդմեջ ընտրում է գլխավոր ռազմական
և քաղաքական առաջնորդ: Պերիկլեսի շնորհիվ ստեղծվեց Աթենական ծովային միությունը, որի
անփոփոխ ղեկավարն էր նա: Զուգահեռաբար հզորացավ Աթենքի ռազմածովային նավատորմը: Նա
մեծ վերափոխիչ էր: Դատաիրավական համակարգը երկրում նրա օրոք հիմնովին բարեփոխվեց՝ դառնալով
միանգամայն թափանցիկ՝ բնակչության բոլոր, այդ թվում աղքատ խավերի համար: Հարստացավ
պետական գանձարանը: Պերիկլեսի գործունեության հիմնական թիրախը երկրի ներսում դեմոկրատական
ազատություններին դեմոսի լիիրավ հաղորդակցությունն ու մասնակցությունն էր: Պերիկլեսն
առաջինն էր, որ ստրկատիրական հասարակությունում մարդու իրավունքների ոտնահարման ու
անլուր կեղեքման օրենքներին դեմ եղավ և առաջ քաշեց այդ իրավունքները հարգելու գաղափարը:
Սա, իհարկե, գեղեցիկ ուտոպիա էր, բայց արժանի էր հիացմունքի:
Նրա
գործելու և արարելու եռանդն անսահման էր. նա նախաձեռնողն ու իրականացնողը եղավ բազմակիլոմետրանոց
«երկար պատի» շինարարության՝ Աթենքից մինչև Պիրեոս նավահանգիստ, որի պաշտպանական նշանակությունն
այն ժամանակվա ռազմատեխնիկական առումով դժվար էր գնահատել: Պերիկլեսի կյանքի նպատակը
Աթենքը կայսրություն տեսնելն էր: Այդ իսկ նպատակով նա ընդարձակեց պետության սահմանները,
հիմնեց բազմաթիվ պոլիսներ՝ Իտալիայից մինչև Ղրիմ: Սերտաճեցին կապերը գաղութների և մետրոպոլիայի
միջև: Հաջողությամբ պսակվեցին նրա արշավանքները Էգեյան կղզիներ, այդ թվում՝ մեծահարուստ
առևտրի կենտրոն Էգինա, Եգիպտոս: Հունաստանը կոտրեց պարսիկների ռազմական ողնաշարը ծովային
տարածքներում՝ հաստատելով այնտեղ իր գերիշխանությունը: Աթենքը վերածվեց քաղաքական,
տնտեսական և ռազմական հզոր միջազգային կենտրոնի:
Պերիկլեսը
հելլենական քաղաքակրթության ռահվիրան էր: Նա Աթենքը դարձրեց մշակույթի կենտրոն, որի
արժեքները սփռվեցին Արևմուտք և Արևելք: Նրա անմիջական հսկողության ներքո հանճարեղ ճարտարապետներ
ու քանդակագործներ Ֆիդիասը, Իկտիոնիսը, Կալիկրատոսը և Մնեսիկլեսը շքեղացրին Ակրոպոլիսը
նոր շինություններով: Այստեղ կառուցվեց անտիկ ճարտարապետության գլուխգործոց Պալլաս
կույսի տաճարը՝ Պարթենոնը՝ նրա չքնաղ արձանով հանդերձ: Ինչպես չհիշել Ակրոպոլիս տանող
մարմարակերտ մուտքը՝ Պրոպիելոսը՝ իր քանդակազարդ սյուներով: Համաշխարհային ճարտարապետության
փայլուն նվաճում կարելի է համարել Զևսի վիթխարի տաճարը՝ 70 մետր երկարությամբ, 29 մետր
լայնությամբ, 21 մետր բարձրությամբ: Ֆիդիասը տաճարում կանգնեցրեց Զևսի անձեռակերտ արձանը՝
ոսկուց և փղոսկրից: Պերիկլեսի մտքի և եռանդի արգասիքն էին Լիսիկրատեսի յուրահատուկ
արձանը՝ Ակրոպոլիսի արևելյան թևում, Հեփեստոսի տաճարը, երաժշտական և այլ մրցույթների
սրահ Օդեոնը: Իսկ պետական-վարչական շենքը՝ հոյակերտ Պրյուտանեոնը, պահում էր պետության
սրբազան կրակը: Այդ շենքն ընդունելության պալատի նման մի բան էր, որտեղ կազմակերպվում
էին ճաշկերույթներ հայտնի գործիչների, արվեստագետների և օտարերկրյա դեսպանների համար:
Աթենքը դարձավ աշխարհի ամենագեղեցիկ, ամենափնտրված և սիրված քաղաքը:
Երևանը
և Աթենքը գրեթե հասակակիցներ են: Այստեղ նմանությունը վերջանում է: Նրանց ճակատագրերը
տարբեր ձևով են դասավորվել: Անցյալն անցյալ է: Եվ քանի որ երազելն արգելված չէ, ոչ
էլ վնասաբեր, մտածում ես. եթե հրաշք կատարվեր, և Պերիկլեսն իր թիմով հայտնվեր մեզ մոտ
ու վերակառուցեր Երևանը, ի՞նչ տեսք կունենար մեր քաղաքամայրը…
Պերիկլեսյան
դեմոկրատիայի պայմաններում աննախընթաց վերելք ապրեցին գիտությունը, փիլիսոփայությունը,
արվեստները: Աթենքը ծնեց նշանավոր փիլիսոփա Անաքսագորասին, մեծ Հիպոկրատեսին, որը,
պատմահոր խոսքերով, «ոչինչ չժառանգելով նախորդ դարերից՝ ուղի հարթեց բանականության
համար դեպի ճշմարիտ բժշկությունը»: Պերիկլեսի օրոք բարձրացավ սոփեստների դպրոցը՝ մարդկությանը
պարգևելով փիլիսոփաների փայլուն համաստեղություն: Վերջապես այդ շրջանում Հելլադան մարդկությանը
տվեց հանճարեղ Սոկրատեսին:
Դեմոկրատիայի
գաղափարը Պերիկլեսի համար կենսահայեցողություն է, հոգեպահանջմունք: Լսենք նրա խոսքը՝
Պելոպոնեսյան պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված միջոցառմանը: Ակնածանքով
լուռ կանգնած ժողովրդին նա ասում է. «Աթենքյան
պետական կառուցվածքն այս կամ այլ դասակարգի արտոնությունների պահպանման համար չէ: Այն
ուղղված է դատարանում և պետության կառավարման համակարգում բոլոր քաղաքացիների իրավունքների
հավասար ապահովմանը: Այստեղ մարդկանց մասին դատում են ըստ նրանց անձնական հատկությունների
և գործերի, այլ ոչ թե նրանց դիրքից ելնելով: Բոլորն օգտվում են խոսքի, մտքի և կրթության
ազատությունից: Դեմոկրատիան հենվում է շարքային քաղաքացու վստահության և բանականության
վրա: Քննարկումը նախորդում է գործողություններին, իսկ գործողությունները բխում են ժողովրդի
կամքից: Դեմոկրատիան ոչ մի արգելք չի դնում արտաքին հարաբերությունների ճանապարհին:
Դեմոկրատիան բաց է ողջ աշխարհի գաղափարների առաջ: Աթենական քաղաքացիների ոգում մտորումներն
ու արարքները, իմաստությունն ու քաջությունը, անձնական շահն ու հասարակական պարտքը
ներդաշնակված են, և այդ բազմազանությունն է, որ ստեղծում է աթենական քաղաքակրթության
վառ համայնապատկերը: Երբ նրանք տեսնում են իրենց պոլիսը, նրանց սրտերը լցվում են խանդաղատանքով:
Կյանքում չկա ավելի մեծ պատիվ, քան Աթենքին ծառայելը, իսկ մահը չունի ավելի լավ արդարացում,
քան Աթենքի համար մեռնելը»:
Այսպես
է խոսել մեծ քաղաքացին: Եվ կարծես մեկնաբանությունները տեղ չունեն:
Պերիկլեսը
հայտարարում է, թե Աթենքը դեմոկրատական երկիր է, որտեղ լիիրավ իշխանությունը հենց ինքը
դեմոսն է: Այդ այդպես է: Սակայն Պերիկլեսն առաջ է քաշում գաղափարներ, որոնք վիճահարույց
են դարձնում նրա փիլիսոփայության որոշ սկզբունքներ:
Օրինակ՝ նա ամենևին էլ սխալ չի համարում, որ Աթենական միության գանձարանը դրվի իր տրամադրության
տակ, և Աթենքը հաշվետու լինի անդամ-պետություններին, թե ուր են գնում անդամավճարները,
որոնք մեծ գումարներ են: Ոչ, Պերիկլեսը կոռուպցիայի կողքով անգամ չէր անցել: Նա մաքուր
էր ինչպես բյուրեղ: Երկիր մտնող ողջ կապիտալը նա տրամադրում էր դեմոկրատիայի զարգացմանը,
որն արտահանման «ապրանք» էր Հելլադայում: Մեկ էլ հզորացնում էր առանց այն էլ հզոր ռազմական
մեքենան: Այնպես որ, զուտ դեմոկրատիայի սկզբունքների առումով՝ նրա նշած թեզը կաղում
է: Իսկ եթե խնդրին մոտենալու լինենք պետականության ամրապնդման և հելլենիստական աշխարհակալության
չափանիշով, Պերիկլեսը ճիշտ է: Դե ինչ, ասում են՝ մեծ նավին՝ մեծ նավարկություն: Պատմությանը
հայտնի են քաղաքական խոշոր գործիչներ, որոնց սևեռուն միտքը եղել է ուրիշ երկրների հաշվին
իրենց երկրների տարածքների ընդարձակումը, ուրիշ ժողովուրդներին իրենց բռնակցելը, իրենց
քաղաքական կամքին ու կարգերին հնազանդեցնելը: Նրանք բոլորն էլ եղել են մեծ հայրենասերներ,
խարիզմատիկ առաջատարներ և բոլորն էլ հանդես են եկել դեմոկրատիայի անունից:
Ուրեմն
դիվանագիտությունը, դեմոկրատական լինելով հանդերձ, կարո՞ղ է ունենալ մեծապետական զավթողական
ուղղվածություն: Սա կարելի է որակել որպես Պերիկլեսի դեմոկրատիայի առանձնահատկություններից
մեկը: Իսկ մյուս բացասական նշանը, որը կրում էր այդ դեմոկրատիան, այն էր, որ Աթենքի
խորին համոզմամբ, իրենից ոչ պակաս հզոր և անկոտրում Սպարտան պետք է ոչնչանար, քանի
որ նա խանգարում էր իր ծրագրերի իրագործմանը: Այսպիսի դիվանագիտական վեկտոր էր որդեգրել
աթենքյան դեմոկրատիան պարսկական պատերազմից հետո, երբ Աթենք-Սպարտա երբեմնի ամուր ռազմաքաղաքական
դաշինքն արագորեն փլուզվում էր: Իսկ երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը, և երբ Պերիկլեսն
այլևս չկար, դեմոկրատական դիվանագիտությունը հանդես բերեց շատ ավելի բացասական հատկանիշներ:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment