Եթե
այս հրամայականը գործում է, դիվանագետները պարտական են հելլեններին: Այդ շատ կարևոր
հայտնությունը նրանք արեցին դիվանագիտության երևան գալու արշալույսին: Խնդրի կենսական
անհրաժեշտությունը մարդիկ տարտամորեն գիտակցում էին դեռևս ստրկատիրական կացութաձևից
առաջ՝ համայնատոհմական կարգերի ժամանակ, երբ հողերն ու որսատեղերը սահմանազատելիս ցեղերն
իրար կոկորդ էին կրծում: Ելքը մեկն էր՝ չսպանել և չուտել բանակցային կողմի ներկայացուցիչներին:
Չհասկանար նախամարդն այս պարզ ճշմարտությունը՝ մարդկության գոյատևման վրա կկախվեր մահացու
վտանգ:
Դիվանագետի
ֆիզիկական անվտանգությունը հետագայում ստացավ մի կարգավիճակ, որը կոչվեց դիվանագիտական
անձեռնմխելիություն: Այդ կարգավիճակը, բացի ֆիզիկական անվտանգությունից, ապահովում
էր նաև որոշակի արտոնություններ, որոնք տարածվում էին դեսպանության շենքերի, նստավայրերի,
տրանսպորտի և դիվանագիտական փոստի վրա: Մյուս կողմից՝ դիվանագետների վրա չէին տարածվում
դեսպանընկալ երկրի օրենքները: Նրանց չէին ենթարկում քրեական, քաղաքացիական և վարչական
պատասխանատվության:
Հելլեն
դեսպանները ցուցադրաբար բռնում էին հատուկ տարբերանշաններով ցուպեր, որոնց գլխամասը
զարդարված էր լինում զույգ օձի քանդակով: Այդպիսի ցուպի տերը համարվում էր անձեռնմխելի:
Ինչպես մեր օրերում դիվանագիտական անձնագիր ունեցողը: Սակայն դիվանագետի անվտանգությունը
հարաբերական էր և հաճախ կախված էր կոնկրետ պետությունների հարաբերությունների վիճակից:
Հենց ինքը՝ դիվանագիտության օրրան Աթենքը, մեկ անգամ չէ, որ խախտել է իր իսկ հեղինակած
օրենքը:
Ալեքսանդր
Մակեդոնացին հեշտությամբ, մեկը մյուսի հետևից գրավում է Փյունիկիայի քաղաքները: Իսկ
Տյուրոս կղզին հրաժարվում է դարպասները բանալ մեծ զորավարի առաջ: Տյուրոսցիները վստահ
են քաղաքի անառիկությանը: Այն ծվարած է կղզու ժայռագագաթներին՝ ափից 4 ասպարեզ հեռու,
որը մոտավորապես 200 մետր է: Իսկ մակեդոնական նավատորմը հորիզոնում դեռևս չի ուրվագծվում:
Ալեքսանդրը փորձում է բանակցային ճանապարհով մտնել Տյուրոս և դեսպաններ է ուղարկում:
Դիվանագետները կղզի են մեկնում տյուրոնյան նավերով, իսկ երեկոյան կողմ ալիքներն ափ
են նետում նրանց արյունաշաղախ դիակները: Իմունիտետի նման վայրագ ոտնահարումը մինչև
հոգու խորքը վիրավորում է Ալեքսանդր Մեծին: Համաձայն իր սովորության՝ չկանգնել ոչ մի
արգելքի առաջ, նա հրամայում է լցնել կղզին ափից բաժանող ջրաշերտը և կառուցել ամբարտակ:
Այն սարքելուց հետո մակեդոնացիները, կոտրելով փյունիկեցիների կատաղի դիմադրությունը,
մեծ զոհերի գնով գրավում են Տյուրոսը: Ավերում և հիմնովին կործանում են այն: Հաղթոները
դաժան հաշվեհարդար են տեսնում դիվանագիտական կանոնը խախտողների հետ: Ալեքսանդրը խնայում
է լոկ նրանց, ովքեր թաքնվել էին տաճարներում. նա հավատում էր աստվածներին և աշխատում
էր չզայրացնել նրանց:
Այդուհանդերձ,
դեսպանի գլխին միշտ կախված է եղել դամոկլեսյան սուրը: Սիցիլիական Սիրակուզայի միահեծան
կառավարիչը՝ նույն ինքը զավթիչ Դիոնիսոս Ավագը, հայտնի էր իր դաժանությամբ և անողոքությամբ:
Իսկ պալատում, ինչպես յուրաքանչյուր գլխավորի աշխատանքային ապարատում, բույն էր դրել
բամբասանքը, այնտեղ ծաղկում էին մատնությունն ու նախանձը: Պալատականները շշնջում են
Դիոնիսոսի ականջին. «Բա չես ասի,
քո մտերիմ Դամոկլեսը ասում է, թե կցանկանար ապրել տիրանի պես»: Զայրացած տիրանն այդժամ
կազմակերպում է ճոխ ճաշկերույթ և Դամոկլեսին զուգում-զարդարում ու նստեցնում է ամենապատվավոր
տեղում: Խնջույքի թեժ պահին Դամոկլեսի հայացքը հանկարծ ընկնում է առաստաղին: Ճիշտ գլխավերևում
նա տեսնում է երկսայրի մի մեծ սուր՝ կախված ձիու մազից: «Ի՞նչ է սա,- սարսափած հարցնում
է նա,- ի՞նչ կնշանակի»: «Դա կնշանակի, որ մենք՝ տիրաններս, մշտապես ապրում ենք հենց
այսպես՝ կործանման եզրին, մազից կախված: Այնպես որ մեզ մի նախանձիր, ապուշ»,- թունոտ
ժպիտով պատասխանում է Դիոնիսոսը:
Այժմ
այն մասին, թե ինչ փորձանք կարող է գալ դեսպանի գլխին հենց յուրայինների կողմից, եթե
նա վրիպում է կամ սխալվում:
…Պարսկաստանի
արքայից արքա Դարեհի դեսպանը հանձնարարականով եկավ Փոքր Ասիայի արևմուտքում գտնվող
պարսից փոխարքայի՝ սատրապի նստավայր: Դեսպանի խոսքի և պահվածքի մեջ հնչեցին գոռոզամտության
և սնապարծության նոտաներ, որով նա խախտեց արքունիքում սահմանված վարքականոնը: Սատրապ
Օյարտեսն ատելությամբ լցվեց հյուրի նկատմամբ: Բայց այնքան խելք ունեցավ, որ ճաշի ժամանակ
չմորթեց նրան: Իսկ երբ դեսպանը գոհ և ուրախ բռնեց տան ճամփան, մարդասպանները հասան
հետևից, սպանեցին խեղճ մարդուն և թաղեցին, ծառային ու ձիուն էլ հետը:
Այս
ամենը եղել է վաղ անցյալում: Սակայն սխալ կլինի կարծել, թե միջազգային օրենքներով ընդունված
կանոնները հետագայում ամբողջովին ապահովել են դիվանագետների ֆիզիկական անվտանգությունն
ու նորմալ գործունեությունը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ու նրանց աշխատակիցների
դեմ հյուսվել են վտանգաշատ որոգայթներ՝ սպանություն, ահաբեկչություն, սադրանք, նրանց
հավաքագրում, փոստի հափշտակում, գաղտնագրերի վերծանում:
Դիվանագետների
դեմ գործված ահաբեկչության մռայլ էջերից է տաղանդավոր գրող, անվանի դիվանագետ, Պարսկաստանում
Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի սպանությունը, որը մինչ այդ՝ 1828 թվականին
մշակել և ստորագրել էր Թուրքմենչայի պայմանագիրը: Մոլեռանդ խուժանը, ներխուժելով դեսպանության
շենք, տառացիորեն հոշոտում է նրան: Գրիբոյեդովն իրեն համարել է հայ ժողովրդի բարեկամը:
Գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ նա մասնակցել է Երևանի, Սարդարապատի և Նախիջևանի
ազատագրմանը: Գրիբոյեդովը ռուս գրականության մեջ մնաց իր «Խելքից պատուհասը» փայլուն
կատակերգությամբ, որը 1827 թվականին առաջին անգամ բեմադրել է ռուս սպաների սիրողական
խումբը՝ Երևանի Սարդարի պալատում՝ հեղինակի ներկայությամբ:
…1900
թվականի հունիսին Պեկինում սպանվում է Գերմանիայի հրամանատարը: Դա առիթ է դառնում,
որպեսզի մեծ տերությունները 2000-անոց ծովային դեսանտ իջեցնեն Չինաստան: Պաշտոնական
նպատակը դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանությունն էր: Իրականում՝ ներխուժումը
օտարի երկիր:
…1917
թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից և 1918 թվականի Բրեստի հաշտության պայմանագիրը կնքելուց
հետո Ռուսաստանում բացվում է Գերմանիայի դեսպանություն: Էսէռները, որ դեմ էին Բեռլինի
հետ հաշտություն կնքելուն, որոշում են սպանել դեսպանին և հրահրել նոր պատերազմ Ռուսաստանի
ու Գերմանիայի միջև: Էսէռ Յակով Բլյումկինը մտնում է դեսպանություն և դեմ առ դեմ գնդակահարում
դեսպան Վիլհելմ Միրբախին: Դրան հաջորդում է էսէռների խռովությունը: Բոլշևիկներից մեծ
ջանքեր են պահանջվում իրադրությունը շտկելու համար:
…1968-1973
թվականների ընթացքում տեղի են ունենում 25 ահաբեկչական հարձակումներ դեսպանների վրա,
որոնցից մի քանիսը սպանվում են:
…Դիվանագետների
սպանություններով և ահաբեկչությամբ հատկապես «հարուստ» է Լատինական Ամերիկան:
…1979
թվականի նոյեմբերի 4-ին պարսիկները Թեհրանում զավթում են ԱՄՆ դեսպանությունը և պատանդ
վերցնում 63 դիվանագետի: Ամերիկացիների փորձերը՝ ուժով լուծել խնդիրը տապալվում են,
զոհվում են մարդիկ: Պատանդներն ազատվում են 444 օր հետո՝ Ալժիրի կառավարության միջնորդությամբ:
…2006
թվականին Իրաքում սպանվում են 5 ռուս դիվանագետներ:
Ընթերցողի
մեջ կարող է հարց ծագել: «Իսկ ի՞նչ կասես քո հայրենակիցների մասին: Հայերի կողմից բռնարարքներ
եղե՞լ են դիվանագետների նկատմամբ, թե՞ ոչ»: Այո, եղել են: 1975-1984 թվականներին աշխարհի
տարբեր վայրերում զինված հարձակումներից սպանվել են 42 թուրք դիվանագետ ու պաշտոնյա:
Գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձնել է «Հայաստանի ազատագրական
հայ գաղտնի բանակը»: Շարժառիթը 1915 թվականին Թուրքիայի իրականացրած հայոց ցեղասպանությունն
է, որի ընթացքում զոհվել է 1.5 միլիոն մարդ: Այստեղ կա մի կարևոր հանգամանք ևս: Հայաստանի
ազատագրական հայ գաղտնի բանակի ահաբեկչական գործողությունները կատարել են անհատներ
կամ ոչ պետական կազմակերպություններ, քանի որ Հայաստանն այդ տարիներին չուներ պետականություն
և միջազգային իրավունքի սուբյեկտ չէր: Սա չի փոխում բռնարարքի էությունը, սակայն դրան
հաղորդում է իրավական այլ սահմանում և որակավորում:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment