Skip to main content

Դեսպանը վեր է ամեն կասկածից

 

Հելլանական պոլիսների միջև հարաբերությունների բնույթը հուշեց, որ դրանց հաջող զարգացումը պահանջում է համապատասխան մեխանիզմներ: Այդ նպատակով ստեղծվեցին հատուկ լիազոր անձանց կամ դեսպանների խմբեր, որոնք կոչվում էին «ավագանի»: Մշտական գործող դեսպանությունները՝ իրենց հաստիքներով, նստավայրերով և կարգավիճակով, ինչպես որ ներկայումս է, չկային Հունաստանում: Դեսպանություն ասելով՝ այնտեղ նկատի էին ունենում բանբերների կամ դեսպանների պատվիրակություններ, որոնք կատարելով իրենց առաքելությունը՝ վերադառնում էին հայրենիք: Միևնույն դեսպանության կազմում կարող էին լինել մեկից ավելի դեսպաններ՝ բոլորն էլ օժտված հավասար իրավասությամբ և արտոնություններով: Իսկ դրանք ավելի լայն էին, քան արդի դեսպաններինն են: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն այսօր դեսպանընկալ երկրում համաձայնագիր կամ այլ պայմանաիրավական փաստաթուղթ ստորագրելու համար պետք է ունենա իր կառավարության հատուկ գրավոր լիազորությունը: Հելլեններն ազատված էին նման ձևականությունից: Ժամանակակից դեսպանը որևէ վճռական քայլ, բանավոր կամ գրավոր կարևոր հայտարարություն անելուց առաջ պետք է դրանք համաձայնեցնի Կենտրոնի, կոնկրետ՝ արտգործնախարարության հետ: Հին Հունաստանում դրա անհրաժեշտությունը չի եղել: Ընդհանրապես, նրա դիվանագետները շատ ավելի ազատ են եղել իրենց գործողություններում, քան մեր դիվանագետները: Ուրեմն, նրանց լոյալության նկատմամբ վստահությունն ավելի մեծ է եղել, քան այժմ մեր դեսպանների նկատմամբ է, որը, իր հերթին, ավելացրել է ինքնուրույն գործելու հնարավորությունը, հետևաբար՝ դիվանագիտական գործողությունների օպերատիվությունը: Սա խոսում է Հելլադայի դիվանագիտության դեմոկրատական բնույթի մասին: Աթենքում, Սպարտայում, Կորնթոսում և հունական մյուս պետություններում դեսպաններին նշանակում էր ժողովրդական ժողովը՝ բաց և թափանցիկ քվեարկության միջոցով: Դեսպանները պետք է ունենային բարձր կրթական մակարդակ, լայն մտահորիզոն, տիրապետեին մի քանի օտար լեզուների և, անպայման, հռետորական արվեստին, որը շատ զարգացած էր անտիկ աշխարհում և որոշիչ դեր էր խաղում երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Թեպետ Աթենքում դեմոկրատիան հարգի էր, և փողոցի մարդը, գոնե առերևույթ, կարող էր մասնակցել պետության քաղաքական կյանքին, սակայն դիվանագիտությունը, այնուամենայնիվ, մնում էր ընտրյալների մենաշնորհը: Դեսպանը չէր կարող լինել ընչազուրկ: Նա պետք է պատկաներ հարուստների խավին, վայելեր հասարակության հարգանքը, ունենար տոհմական ու ազնվական ծագում և 50 տարեկանից երիտասարդ չլիներ: Այստեղից էլ, երևի, Հին Հունաստանում առաջանում է դեսպանների «ավագանի» դասը: Անտիկ աշխարհում, ի տարբերություն դիվանագիտության ներկա ղեկավարների, լավ էին հասկացել, որ անգամ ֆիզիոլոգիական առումով նպատակահարմար է դեսպան նշանակել կյանք ապրած և փորձառություն ունեցող անձնավորության: Հունական փորձից ելնելով՝ ամերիկյան դիվանագիտության մեջ հաճախ է կիրառվում առանցքային երկրներում հասուն տարիքի դեսպաններ նշանակելու պրակտիկան:

Հայկական դիվանագիտությունն այլ մոտեցում ունի կադրային քաղաքականությանը: Այն միանգամայն տարբերվում է հունական և ամերիկյան պրակտիկայից: Մենք նոր արահետներ ենք բացում դիվանագիտության ջունգլիներում. 30 տարի չբոլորած և առաջին անգամ նախարարություն ոտք դրած անփորձ երիտասարդները՝ որպես դեսպաններ, աշխատանքի են մեկնում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող երկրներ: Հետո, մենք հայհոյում ենք բոլշևիկներին, սակայն նրանք պետական պատասխանատու օղակներում հիմնականում կարգում էին հասուն և փորձառու կադրեր, որոնց կարիերայի դինամիկան կախված էր նրանց ծառայողական հաջողությունից: Ինչևէ:

Աթենքում դիվանագիտական աշխատանքի վարձատրությունը բավականաչափ ցածր էր: Այն պատվաբեր գործ էր, բայց ոչ փողաբեր: Դեսպանն ինքն էր հոգում իր ծախսերը: Իսկ երբ դեսպանությունը վերադառնում էր արտասահմանյան գործուղումից, առաջին հերթին ներկայանում էր «500-ի խորհրդին», որը կարևորագույն պետական օրգան էր: Խորհուրդը հավաքվում էր հանդիսությունների դահլիճում և Ժողովրդական ժողովին զեկուցում էր իր եզրակացությունը դեսպանի մասին: Այնուհետև դեսպանը հանդես էր գալիս ժողովի բաց նիստում, որտեղ ամենավերջին քաղաքացուն անգամ իրավունք էր վերապահված մանրամասն «հարցաքննել» նրան՝ արած-չարածի և ծախսած փողերի մասին: Ներկա էր լինում մինչև 6000 քաղաքացի: Եթե դեսպանի գործերում ի հայտ էին գալիս լուրջ պարտազանղություններ և ֆինանսական խախտումներ, գործը հանձնվում էր դատարան, որի անդամները 30 տարեկանից երիտասարդ չպետք է լինեին: Դատարանի վճիռը կախված էր արարքի ծանրությունից: Այն տատանվում էր տուգանքի և մահապատժի միջև: Կոռուպցիայի ճանապարհը փակելու համար դիվանագետների ստացած նվերների նկատմամբ անգամ Հունաստանը սահմանել էր հասարակական հսկողություն: Դրանք հարկ էր հանձնել: Այս պրակտիկան փոխանցվել է դիվանագետների հաջորդ սերունդներին: Օրինակ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտն ունի օրենք դիվանագետի ստացած նվերի վերաբերյալ. 50 դոլարից բարձր արժեք ունեցող նվերները հաշվառվում և հանձնվում են պետությանը:

Դեմոկրատիայի, թափանցիկության և հրապարակայնության պայմաններում էր ընթանում ոչ միայն սեփական դեսպանների գործունեությունը, այլ նաև օտար դեսպանների ընդունելության արարողությունը: Աթենք ժամանած օտարերկրյա դեսպանությանը դիմավորում էր քաղաքային իշխանության այն ներկայացուցիչը, որը պատասխանատու էր միջազգային հարաբերությունների համար: Դեսպանությունը տեղավորվում էր Աթենքից դուրս՝ պանդոկներում, և նրան հայտնվում էր Ժողովրդական ժողով այցելելու օրն ու ժամը: Իհարկե, գործում էր քաղաքական հաշվարկը. որքան կարևոր երկիր էր ներկայացնում դեսպանությունը, այնքան բարձրորակ էր նրա իջևանած պանդոկը, այնքան արագ էր նա կանգնում Ekklisia-ի առաջ: Եվ հակառակը: Լինում էին դեպքեր, երբ դեսպանությունն ամիսներով սպասում էր շրջմոլիկների ու առնետների հարևանությամբ և ձեռնունայն վերադառնում տուն: Դա դեռ ամենասարսափելին չէր. դեսպանությանը կարող էին մեղադրել լրտեսության մեջ և նրա անդամներին մահապատժի ենթարկել:

Ներկայանալով Ժողովրդական ժողով՝ դեսպանը կամ դեսպանները ներկաներին ծանոթացնում էին իրենց հավատարմագրերի բովանդակությանը: Այն գրանցված էր լինում երկտակ սալիկների վրա, որոնք հունարեն կոչվում էին դիպլոմա: Այստեղից էլ՝ շատ լեզուներում ընդունված դիպլոմատիա և դիպլոմատ բառերը: Իսկ հայերենում դիվանագիտություն և դիվանագետ արտահայտությունների հիմքում ընկած է պարսկերեն դիվան՝ արխիվ, գրասենյակ բառը: Հավատարմագրերի հանձնման արարողությանն իրավունք ուներ մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի, հարցեր տալ օտար դեսպանին, իր կարծիքը հայտնել, հանդես գալ դիտողություններով և առաջարկություններով: Պաշտոնական մասից հետո դեսպաններին հրավիրում էին նրանց պատվին կազմակերպված հատուկ ճաշկերույթի՝ Ակրոպոլիսին մերձակա ընդունելությունների տանը, թատերական ներկայացումների, խաղերի և տոնակատարությունների, մատուցում էին թանկարժեք ընծաներ: Այս ամենն այսօր էլ է կատարվում բոլոր պետությունների արարողակարգերում: Դիվանագիտությունն իրոք թանկ հաճույք է:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...