Պարսից արքաներ Կյուրոսը,Կամբյուսեսը և Դարեհը ստեղծեցին ահռելի չափերի հասնող կայսրություն, որը ձգվում էր Հյուսիսային Աֆրիկայից մինչև Հնդկաստան, Կովկասից մինչև Պարսից ծոց: Պարսկաստանի քաղաքական և վարչական կենտրոնը Սուսան էր: Այստեղ էր արքունիքը: Այստեղ էր նստում «բոլոր ժողովուրդների և բոլոր տարածքների արքան»: Այդ հսկայածավալ կայսրության գլխին կանգնած էր ինքը՝ մեծն արքան՝ Պարսկաստանի բոլոր տարածքների ժառանգական միապետը՝ օժտված երկնային իշխանությամբ: Աստվածների կամոք նա բազմել էր Պարսկաստանի և Բաբելոնի գահերին, իշխում էր Եգիպտոսին: Իսկ հույների համար արքայից արքան բացարձակ բռնապետ էր առօրյա կյանքում, կրոնում և քաղաքականության մեջ: Մի խոսքով, նա հունական լիբերալիզմի և դեմոկրատիայի հակադրությունն էր, պատուհաս՝ նրանց կրոնական սրբությունների և զգացմունքների համար: Պարսկական էքսպանսիան հիմնականում տարածված էր Հունաստանի ասիական մասի վրա, սակայն այն սպառնում էր սողոսկել Արևմուտք՝ իր տակն առնելով մայրցամաքային Հելլադան: Այդ ամենի հենքին պարսկական դիվանագիտությունը ցուցաբերում էր «բլիթի և մտ...