Ցավալի
է, երբ միջազգային արհավիրքների պատճառ կամա թե ակամա դառնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները,
որոնք բնությունից կոչված են սեր և բերկրանք պարգևելու տղամարդկանց: Ֆրանսիացիները,
լավ ճանաչելով կանանց, խորհուրդ են տալիս քաղաքական բոլոր խառն իրադրություններում
փնտրել կնոջ հետքը:
Հին
աշխարհում հենց որ կին էին փախցնում, մեծ կռիվներ էին սկսվում: Դեռևս Տրոյական պատերազմից
շատ առաջ փյունիկեցի վաճառականները եգիպտական և ասորեստանյան ապրանքներ էին բերում
Հելլադայի Արգոս քաղաք և ծախում հենց ծովափին, ուր մի անգամ իր ընկերուհիների հետ այցելում
է Ինաքոս արքայի դուստր Իոն: Փյունիկեցիներն առևանգում են Իոյին ընկերուհիների հետ
ու տանում Եգիպտոս: «Ոնց թե, դուք մեր Իոյին առևանգե՞ք, դե առևանգելը հիմա տեսեք»,-
ասում են արգոսցիներն ու հարձակվում փյունիկյան Տյուրոս քաղաքի վրա, հավասարեցնում
հողին և առևանգում արքայի սիրասուն դստերը, որն ուներ հնչեղ անուն՝ Եվրոպե: Բայց, ինչպես
ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Հելլեններին դուր է գալիս այդ արարքը, և հիմա
էլ նրանք առևանգում են կոլխերի արքայադուստր Մեդեային: Գործին խառնվում են դիվանագետները:
Հելլենները բանի տեղ չեն դնում բանակցելու եկած դեսպաններին և նրանց կախում են: Վատ
օրինակը վարակիչ է: Տրոյայի արքայազն Պարիսը, տեսնելով, թե քանի-քանի արքայադուստրերի
առևանգումներն անպատիժ են մնացել, ինքն էլ որոշում է փախցնել Սպարտայի գեղեցկուհի Հեղինեին:
Թե ինչի հանգեցրեց այդ արկածախնդրությունը, մենք արդեն գիտենք: Տեղի ունեցավ անտիկ
աշխարհի ամենաարյունահեղ պատերազմներից մեկը: 10 տարի արևելքի և արևմուտքի լավագույն
բանակները մարտնչեցին Տրոյայի պատերի տակ: Բյուրավոր զոհեր եղան: Վերջիվերջո ասիական
խոշորագույն քաղաքներից մեկն ընկավ, որի փլատակների տակ ոչնչացավ նրա ողջ բնակչությունը:
Կործանվեց Պրիամոսի տերությունը: Եվ այս ամենը՝ մի կնոջ երեսից: Անարգված և կրքից խելահեղված
Մենելավոսը որոշել էր մորթել կնոջը, որը Պարիսի սպանվելուց հետո ամուսնացել էր նրա
եղբայր Դենիֆոբոսի հետ, որին Տրոյայի անկման գիշերը Հեղինեն մատնեց, և նա սպանվեց Մենելավոսի
ձեռքով: Հերթը կարծես թե հասել էր Հեղինեին: Բայց երբ խորամանկ Հեղինեն ստրիպտիզի նման
մի բան սարքեց, ամուսինը քար կտրեց նրա մերկացած ստինքների տեսքից և մի կողմ նետեց
սուրը: Հեղինեն գիտեր՝ ինչը ցույց տար: Նաֆսից թույլ, կասեինք մենք Մենելավոսի հասցեին:
Լինելով այդպիսին՝ նա ներում է կնոջը և ավելի մեծ սիրով լցված՝ տուն բերում: Այստեղ
բախվում ենք ուղեղում դժվար տեղավորվող մի պարադոքսի. երկաթյա կարգապահություն, խստագույն
բարքեր ունեցող, թշնամիներին ահ ու սարսափ պատճառող Սպարտան նրանց ընդունում է գրկաբաց,
իսկ Հեղինեն դառնում է ազգային հերոս, որին մահից հետո աստվածացնում են: Բոլոր ժողովուրդների
պատմություններն էլ ծնել են հերոսուհիներ, որոնց պաշտում են: Ֆրանսիացիները՝ Ժաննա
դ՝Արկին, վրացիները՝ Թամարա թագուհուն, հայերը՝ սիրո դիցուհի Աստղիկին և կամ Անի քաղաքի
պաշտպանության հերոսուհի Այծեմնիկին: Նրանք ամենքն էլ արժանի են դրան: Սակայն հանուն
ինչի՞ աստվածացվեց Հեղինեն: Որ մարդու գլխին եղջյուրներ տնկե՞ց: Եվ դեռ մեծ հարցական
է՝ նրան փախցրե՞լ են, թե՞ ինքն է փախել:
Հայտնի
փիլիսոփա սիրակուզացի Դիոնը՝ Ոսկեբերան մականունով, օրինակ, քարը քարի վրա չի թողնում:
Ըստ նրա՝ Հեղինեն շատ փեսացուներ է ունեցել, որոնցից մեկն էլ Տրոյայի արքայազն Պարիսն
էր: Մի՞թե սպարտացիները կարող էին համեմատվել նրանց հետ, որոնք, մի թիզ հողից բացի,
ոչինչ չունեին, մի խոսքով՝ Սիոնի աղքատներ էին: Մինչդեռ Տրոյան տիրում էր գրեթե ողջ
Ասիային, և Պարիսի գանձարանը տրաքում էր հարստությունից: Պարզ է, որ Հեղինեի ծնողները
նախընտրելու էին տրոյացուն: Այնպես որ, նա կամ օրինական կերպով հարս է գնացել, կամ
էլ, եթե փախել է, փախել է ինքնակամ: Սակայն այս բոլորը, անշուշտ, քնարերգություն է:
Հույների արշավանքի նպատակը ոչ թե Հեղինեն էր, այլ Տրոյան՝ իր աշխարհագրական դիրքով,
որը Հելեսպոնտոսի նեղուցի դարպասն էր դեպի Սև ծով: Թեպետ այսօր էլ կան տեսաբաններ,
որոնք Տրոյական պատերազմը պայմանավորում են Հեղինեով, իսկ ամերիկացի հումորիստ Վիլյամ
Լայոն Ֆելպսն ավելացնում է. «Միակ
պատերազմը, որը ես ողջունում եմ, Տրոյականն է: Այնտեղ կռվել են հանուն կնոջ, և տղամարդիկ
իմացել են, թե ինչի համար են պատերազմում»: Իսկ ինչ վերաբերում է հռետորական հարցին՝
հույն կանանց փախուստի կապակցությամբ, Հերոդոտոսն այն միտքն է հայտնում, որ կանայք
եթե «չցանկանային, չէին առևանգվի»: Ավելին, նա հղում անելով փյունիկեցիներին, նշում
է, որ «նրանք ասում են, թե Իոյին իրենք բռնի չեն առևանգել ու տարել Եգիպտոս, քանի որ
նա դեռևս Արգոսում սեռական կապեր է ունեցել նավապետի հետ: Եվ երբ զգացել է, որ հղի
է, ամաչել է ծնողներից ու կամովին փախել սիրածի հետ, որպեսզի իր արարքը չբացահայտվի»:
ժողովրդի ասած՝ ամոթը պարտակի: Այնպես որ դժվար է միանշանակ ասել, թե որ առևանգվածն
է անմեղ, իսկ որը՝ մեղավոր: Բոլոր դեպքերում, պատմության հայր Հերոդոտոսին չհավատալը
հղի է մեծ համարձակությամբ, իսկ նա հայտարարում է, թե ոչ մի կնոջ էլ չեն առևանգում,
նրանք իրենք են առևանգվում: Սկսում ես կասկածել միգուցե «կոմերիտուհի-գեղեցկուհի» Նինան
նույնպես իր ոտքով եկավ Սաախովի ամառանոց…
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment