Պարսից
արքաներ Կյուրոսը,Կամբյուսեսը և Դարեհը ստեղծեցին ահռելի չափերի հասնող կայսրություն,
որը ձգվում էր Հյուսիսային Աֆրիկայից մինչև Հնդկաստան, Կովկասից մինչև Պարսից ծոց:
Պարսկաստանի քաղաքական և վարչական կենտրոնը Սուսան էր: Այստեղ էր արքունիքը: Այստեղ
էր նստում «բոլոր ժողովուրդների և բոլոր տարածքների արքան»: Այդ հսկայածավալ կայսրության
գլխին կանգնած էր ինքը՝ մեծն արքան՝ Պարսկաստանի բոլոր տարածքների ժառանգական միապետը՝
օժտված երկնային իշխանությամբ: Աստվածների կամոք նա բազմել էր Պարսկաստանի և Բաբելոնի
գահերին, իշխում էր Եգիպտոսին: Իսկ հույների համար արքայից արքան բացարձակ բռնապետ
էր առօրյա կյանքում, կրոնում և քաղաքականության մեջ: Մի խոսքով, նա հունական լիբերալիզմի
և դեմոկրատիայի հակադրությունն էր, պատուհաս՝ նրանց կրոնական սրբությունների և զգացմունքների
համար: Պարսկական էքսպանսիան հիմնականում տարածված էր Հունաստանի ասիական մասի վրա,
սակայն այն սպառնում էր սողոսկել Արևմուտք՝ իր տակն առնելով մայրցամաքային Հելլադան:
Այդ ամենի հենքին պարսկական դիվանագիտությունը ցուցաբերում էր «բլիթի և մտրակի» քաղաքականության
դասական օրինակներ: Իրենց իշխանության տակ ընկած երկրների նկատմամբ նրանք մի կողմից
իսկապես ցուցաբերում էին կրոնական հանդուրժողականություն, չէին խառնվում տեղական սովորույթներին
և առևտրին: Սակայն պարսիկների լոյալությունը հասկանալիորեն կրում էր դասակարգային բնույթ.
իրենց ենթակա պոլիսներում նրանք ամեն կերպ նպաստում էին բռնապետության իշխանության
գալուն և փակում էին դեմոկրատիայի ճանապարհը: Այնպես որ հույները պարսիկների հետ իրենց
հարաբերություններում ավելի շատ նեղվում էին քաղաքական անկախության կորստից, քան այլ
սահմանափակումներից: Մեկ էլ՝ անկախ պոլիսներն ապրում էին մշտական վախի պայմաններում՝
երբեք չմոռանալով, որ պարսիկները սպառնալից հայացքներ են գցում դեպի Եվրոպա՝ իրենց
գլխի վրայով: Հետո, հելլենները քաջատեղյակ էին պարսկական լոյալության բուն էությանը
և այդ առումով ոչ մի պատրանք չունեին: Իրոք, պարսկական հանդուրժողականությունն ու բարի
կամքը խիստ առաձգական էին և ունեին իրենց հստակ սահմանները: Եվ վայ նրան, ով քայլ կաներ
գծից այն կողմ:
…Երբ
սկյութների դեմ Դարեհի արշավանքը ձախողվեց, հունական մի քանի պետություններ Բոսֆորում
և Հելեսպոնտոսում գլուխ բարձրացրին: Պարսիկների հաշվեհարդարը եղավ արագ ու դաժան: Ավելի
ողբերգական վախճան ունեցան մյուս ապստամբությունները: Այսպես՝ 499 թվականին Փոքր Ասիայի
արևմտյան ափին ոտքի կանգնեց Իոնիա նահանգի կարևորագույն քաղաքներից մեկը՝ Միլետը: Նրան
միացան մյուս պոլիսները: Մայր հայրենիքը՝ Աթենքը, նրանց օգնելու նպատակով գրավեց Սարդեսը
և այրեց այն: Սա Հունաստանի ամենամեծ սխալներից էր, որը հետո նրա «քթից էր գալու»:
Բանն այն է, որ պարսիկ սատրապների այդ նստավայրի բնիկները՝ լյուդիացիները, որոնք տրամադրված
էին պայքարելու զավթիչների դեմ, իրենց մայրաքաղաքի կործանումից հետո ատելության թիրախ
դարձրին Աթենքը: Իսկ Դարեհը, ուշքի գալով, անցավ հակահարձակման: Հույներն ի վիճակի
չեղան գործել միասնաբար, և նրանց ռազմական մեքենան փուլ եկավ խավաքարտե տնակի պես:
Վճռական ճակատամարտում առաջինը փախուստ տվեցին սամոսցիները, նրանց հետևեցին Աթենքի
մյուս դաշնակից զորքերը: Պարսիկների վրեժն ահավոր էր: Միլետը հրո ճարակ դարձավ.տղամարդկանց
ցցահան արեցին, պատանիներին ամորձատեցին, կանանց բռնաբարեցին ու մորթեցին երեխաների
աչքերի առաջ: Դարեհը չսահմանափակվեց ապստամբած պոլիսները վերանվաճելով: Առիթից օգտվելով՝
նա ընդարձակեց կայսրության տարածքները, ապա նվաճեց ողջ Բալկանյան թերակղզին: Նշված
դեպքերից հետո, ատելության կրակը սրտում անթեղ պահելու համար, այդքան արբանյակներից
մեկին կարգադրեց՝ ամեն անգամ ճաշի նստելուց առաջ արտասանել. «Տեր, հիշի՛ր աթենացիներին»:
Արդ
Դարեհը ձեռնարկում է նոր արշավանք: Դեպի Աթենք: Դեպի Արևմուտք: Նա լրիվ տիրապետում
էր իրադրությանը և լավ իրազեկված էր, օժտված էր վերլուծական ունակություններով և գիտեր,
որ հույների թույլ կողմը միասնականության պակասն է: Սակայն գիտեր նաև, որ Աթենքի ու
Սպարտայի դեմ դիվանագիտական դեմարշը որևէ արդյունք չի տալու: Մյուս բոլոր պոլիսների
վրա ազդելու միջոցներն անպակաս էին: Ե՛վ ոսկի կար, և՛ ռազմական ուժ: Այնպես որ այդ
պոլիսները ուշ թե շուտ ծնկի էին գալու իր առաջ: Ուրիշ էին աթենացիներն ու սպարտացիները.
սրանք հունցված էին այլ խմորից: Սակայն որոշեց, բոլոր դեպքերում, փորձել: Նա դեսպաններ
ուղարկեց Աթենք և Սպարտա՝ պահանջելով «հող ու ջուր», այսինքն՝ տարածքներ: Հույները,
«մոռանալով» իրենց իսկ ստեղծած դիվանագիտական անձեռնմխելիության օրենքը, սպանեցին դեսպաններին:
Զգացմունքների
նման պոռթկումը, որն արդյունք էր հույն-պարսկական հավանական պատերազմի պատճառով երկրում
բարձրացող խորը դժգոհության, ամենևին չէր նշանակում, որ հելլենները հրաժարվել էին քաղաքակիրթ
դիվանագիտական մեթոդներից: Մանավանդ՝ աթենացիները: Նրանք ակտիվացնում էին 478 թվականին
ստեղծված Աթենական միությունը, վարում էին բանակցություններ մյուս պոլիսների հետ, պատմության
մեջ առաջին անգամ կազմակերպում գագաթնաժողովներ, մաքոքային այցեր և այլն: Սպարտացիները
որոշեցին հետ չմնալ աթենացիներից: Համահունական ճակատ կազմելու ուղղությամբ կարևոր
իրադարձություն եղավ նրանց նախաձեռնությամբ կազմակերպված արտակարգ համաժողովը Էլեոն
քաղաքում: Ճիշտ է, մայրցամաքային Հունաստանի 700 քաղաքներից համաժողովին մասնակցեց
հազիվ 30 տոկոսը, սակայն արվեց կարևորագույն առաջարկություն. հետայսու դադարեցնել միջպոլիսային
թշնամական գործողությունները: Ի զարմանս շատերի՝ պատվիրակները համաձայնվեցին առաջարկությանը,
իսկ Էգինան, որը փաստորեն կռվում էր Աթենքի դեմ, ստորագրեց խաղաղության համաձայնագիր:
Մյուս կողմից՝ պոլիսներում ակտիվ գործող աթենական լրտեսական ցանցը հաղորդում էր, որ
պատերազմի դեպքում որոշ քաղաքներ կանցնեն պարսիկների կողմը: Չէին ուրախացնում ռազմական
հետախուզության տվյալները հակառակորդի զինված ուժերի մասին: Լրտեսները հայտնում էին,
որ Հելլադայի դեմ շարժվում է ահռելի չափերի ու հզորության ռազմական հրեշավոր մեքենան:
Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments
Post a Comment