Skip to main content

Սուտն այս աշխարհի ուժեղների զինանոցում

 

Սուտը դանդաղ գործող ական է. այն կարող է քանդել պետություններ ու թագավորություններ: Ամենայն հայոց բանաստեղծն իր «Սուտասանը» հեքիաթում անպաճույճ, սակայն համոզիչ նկարագրում է նման մի դեպք, որը կարելի է զետեղել դիվանագիտական դասագրքերում՝ «Ստելը վտանգավոր է» վերտառությամբ:

Հեքիաթում պատմվում է, թե ինչպես թագավորը պատրաստ է թագավորության կեսը տալ նրան, ով իրեն կխաբի: Պալատ են գալիս զանազան ստախոսներ և ձեռնունայն հեռանում: Հետո ներս է մտնում մի աղքատ գյուղացի և հայտարարում.

-Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ:

-Մի կոտ ոսկի՞,- զարմանում է թագավորը:- Սուտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ:

-Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր:

-Չէ, չէ, ճշմարիտ ես ասում,- խոսքը փոխում է թագավորը:

-Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկի տուր:

Հեքիաթը՝ հեքիաթ, սակայն երբ ստում են ժամանակակից պետությունների ղեկավարները, ստում են ցինիկաբար՝ փորձելով մոլորեցնել և ապատեղեկացնել միջազգային հանրությանն ու նրա ինստիտուտներին և հետն էլ ձեռք բերել քաղաքական շահաբաժիններ, սա արդեն մի կուտ ոսկի չէ, ոչ էլ թագավոր-գյուղացի «երկխոսություն»:

Դիվանագիտական էթիկայի, բանակցային ազնվության և շիտակության մասին ապշեցուցիչ ցինիկությամբ ու սպանիչ դաժանությամբ է խոսել Ստալինը: «Դիվանագետի խոսքերը չպետք է ոչ մի ընդհանուր բան ունենան նրա գործերի հետ, թե չէ՝ ի՞նչ դիվանագիտություն… Գեղեցիկ խոսքերի հետևում թաքնված են այլանդակ գործեր: Անկեղծ դիվանագիտություն գոյություն չունի, ինչպես որ գոյություն չունեն չոր ջուր և փայտյա երկաթ»,- նշել է ժողովուրդների «հայրը»:

Միջազգային սուտը՝ զուգորդված դիվանագիտական բազմաքայլ խաղերով, կարող է ունենալ տարբեր գլոբալ աշխարհաքաղաքական նպատակներ: 1967 թվականին Իսրայելի քարոզչական մեքենան «6-օրյա պատերազմի» նախօրեին լայն կամպանիա ծավալեց տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս, թե իբր Թել-Ավիվն ամենևին էլ մտադրություն չունի սկսել ռազմական գործողություններ, ինչպես նաև գործի դրեց զանազան հնարներ ապատեղեկացնելու համար իր զինված ուժերի իրական վիճակի մասին: Հրեաներին լիովին հաջողվեց իրագործել ծրագրած պլանը: Անսպասելի լայնաճակատ ռազմական գործողություններ սկսելով արաբների դեմ՝ հրեաները հաշված օրերի ընթացքում գլխովին ջախջախեցին նրանց՝ բարոյական և նյութական մեծ կորուստներ հասցնելով արաբական աշխարհի ռազմավարական գործընկեր Խորհրդային Միությանը:

Գրեթե նույն բանը կատարվեց 1941 թվականին ԽՍՀՄ-ի և ֆաշիստական Գերմանիայի միջև, երբ Հիտլերը դարձավ Կրեմլի դաշնակիցը, հետո ուխտադրուժ հարձակվեց: Միայն թե արաբա-իսրայելական պատերազմից այն տարբերվում էր նրանով, որ Ստալինը, քաջ գիտակցելով Հիտլերի խաբեությունը և ստախոսությունը, ուժեղ շարժառիթներ ուներ հավատալու նրան: Ստալինը մեծ հույսեր էր կապում 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում ստորագրված Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի համաձայնագրի հետ, որը միմյանց վրա չհարձակվելու երաշխիք էր տալիս: Մինչդեռ այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրած անձինք հեռու չէին ստելու և խաբելու հատկությունից: Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո, երբ հյուրերը գնացին, Ստալինը՝ ժեստերի մեջ այդ զուսպ և ժլատ անձնավորությունը, Խրուշչովի պատմելով, սկսեց պարել և բացականչել. «Խաբեցի Հիտլերին, խաբեցի Հիտլերին»:

Անցյալ դարի կեսերից տեղափոխվենք մեր օրերը և տեսնենք, թե սուտը և քաղաքական խաբեությունը ինչպես են խաղարկվում որոշ պետությունների առաջնորդների կողմից:

«Ադրբեջանում ազգայնական և կրոնական հողի վրա երբեք չի եղել, և համոզված եմ, երբեք էլ չի լինի որևէ կոնֆլիկտի կամ հակադրության պատճառ: Ադրբեջանում բոլոր ժողովուրդները, բոլոր կրոնների ներկայացուցիչներն ապրում են ինչպես 1 ընտանիք»:

Սա հայկական կողմի պրոպագանդիստական տրյուկը չէ: Խոսում է Ադրբեջանի նախագահ Ալիևը 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Միջկրոնական երկխոսություն: Փոխըմբռնումից մինչև համագործակցություն» կոնֆերանսում:

Ի՜նչ Սումգայիթ, ի՜նչ Նախիջևան, ի՜նչ Բաքու: Պարզվում է՝ ժողովուրդների բարեկամության դրախտը երկնքից իջել է մեր հարևան հանրապետություն, որտեղ երբեք վարձու լանդսկնեխտների օրինակով մարդկանց՝ մեծից փոքր, չեն մորթել, կանանց և աղջիկներին չեն բռնաբարել: Տարածաշրջանային Շվեյցարիա, հեքիաթ-Էլդորադո…

Մեր հարևան պետության մարտնչող ղեկավարների դիվանագիտական սուտը վերաբերում է մեր 2 հանրապետություններին և կարող է շատ թե քիչ պղտորել քաղաքական կլիման տարածաշրջանում: Սակայն լինում են խաբեության գլուխգործոցներ, որոնք միտված են փոխելու պատմության ընթացքը, շուռ տալու մարդկանց ճակատագրերը, այլափոխելու նրանց կացութաձևը, հոգեկան աշխարհն ու մտածելակերպը:

Լենինը լավ հիշողություն ուներ, լավ գիտեր միջազգային հարաբերությունների պատմությունը, հավանաբար ծանոթ էր Հին Հունաստանի և Հին Հռոմի դիվանագիտության ինչպես դեմոկրատական սկզբունքներին, այնպես էլ ստորջրյա հոսանքներին, քաղաքական խաղերին ու խաբեություններին: Եվ այդ ամենից օգտվելով՝ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման երկրորդ իսկ օրը հրապարակեց բոլշևիկյան Ռուսաստանի առաջին դիվանագիտական փաստաթուղթը՝ «Խաղաղության դեկրետը», թե իբր հրաժարվում է գաղտնի դիվանագիտությունից, գաղտնազերծում ու հրապարակում է ցարական Ռուսաստանի բոլոր պայմանագրերը: Սա արտաքնապես դեմոկրատական, գրավիչ փաստաթուղթ էր, իսկ խորքում՝ դիվանագիտական բլեֆ: Դեկրետում շեշտվում էր, որ խորհրդային կառավարությունը Ռուսական կայսրության իրավահաջորդը չէ և հրաժարվում է նրա ստորագրած բոլոր համաձայնագրերից ու ստանձնած պարտավորություններից: Եթե չկան համաձայնագրեր, ուրեմն չկան օտար պետությունների՝ Ռուսաստանում արված միլիարդների արժողությամբ ներդրումներ, սեփականություն, անշարժ գույք: Բացարձակապես ոչինչ: Զրո: Խաղաղության դեկրետը թաքցնում էր մեկ այլ՝ ավելի վտանգավոր որոգայթ: Լենինը դիմում էր բոլոր պատերազմող «ժողովուրդներին և պետություններին»՝ պահանջելով անմիջապես բանակցություններ սկսել՝ «արդարացի և դեմոկրատական խաղաղության» հասնելու, «իմպերիալիստական պատերազմը դադարեցնելու» համար: Կոչն ուղղված էր ոչ միայն կառավարություններին, այլև պատերազմող կողմերի ժողովուրդներին և Անգլիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի գիտակից պրոլետարիատին: Դա դիվանագիտական բոլոր նորմերի խախտում էր, փաստորեն հեղափոխության ազդանշան՝ այդ երկրների ժողովրդական զանգվածներին: Դա դիվանագիտական բոլոր նորմերի խախտում էր, փաստորեն հեղափոխության ազդանշան՝ այդ երկրների ժողովրդական զանգվածներին: Լենինը հիանալի հասկանում էր, որ Գերմանիայի դեմ պատերազմը շարունակելը կարող է կործանել իր սկսած հեղափոխությունը, Ռուսաստանն էլ հետը՝ չնայած պատերազմում նրա տարած հաղթանակին:

Գրեթե միաժամանակ «բաց դիվանագիտության» կոչով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը՝ 1918 թվականի հունվարին առաջ քաշած իր հայտնի «14 կետանոց» խաղաղության ծրագրում, որն այդպես էլ մնաց թղթի վրա, քանի որ ուտոպիա էր, քաղաքական իրականությունից կտրված վարդագույն երազ: Լենինի դեկրետն էլ կյանքի չկոչվեց, քանզի այն իռացիոնալ էր: Նրանց միջև տարբերությունն այն եղավ, որ Վիլսոնը դարձավ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իսկ խեղճ Իլյիչը չարժանացավ մայր հողին, այդպես էլ մնաց անթաղ՝ կախված երկրի և երկնքի միջև:

Միջազգային գետնի վրա պետությունների ղեկավարներն Արևմուտքում և Արևելքում բացառություն չէին, որոնք կեղծիքը, սուտն ու խաբեությունը բարձրացրին դիվանագիտական կատեգորիայի մակարդակին: Այնպես որ, այդ մեղքն ամբողջովին մեր կնքահայր Հերմեսի վզից կախելն արդարացի և ճիշտ չէ:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...