Skip to main content

Հունական դիվանագիտության արատները

 

Հելլադայի դիվանագիտության թույլ կողմերն ամենևին չեն նսեմացնում այդ դպրոցի առավելություններն ու բարեմասնությունները: Այն իրոք հելլենական դեմոկրատիայի նվաճումներից է և արժանի է ընդօրինակման:

Բոլոր նշանավոր դիվանագետները, այդ թվում Հարոլդ Նիկոլսոնը, այս հարցում միակարծիք են: Այդ իսկ պատճառով, գոնե ինձ համար անակնկալ էր, երբ կարդացի նրա հետևյալ սպանիչ հայտարարությունը. «Չնայած այդ հոյակապ սկզբունքներին (այսինքն՝ դեմոկրատիային)՝ հույները պիտանի չէին որպես դիվանագետներ»: Նիկոլսոնն իր ոչնչացնող դատավճիռը բացատրում է 3 հիմնական պատճառներով, որոնք մեջբերում եմ ամբողջությամբ: «Առաջին, նրանց հատուկ է այն, ինչը հույն հայտնի պոետ Հեսիոդեսը անվանել է «հույների հին հայտնի հիվանդություն՝ սերը դեպի անհամաձայնությունը»: Նրանց մրցակցությունն այնքան սուր էր, որ ջլատում ու սպանում էր ինքնապահպանման բնազդը: Երկրորդ. իրենց խառնվածքով հույները լավ դիվանագետներ չէին, նրանք վատ դիվանագետներ էին: Լինելով բացառիկ խելոք մարդիկ՝ հույները, միևնույն ժամանակ, ամեն ինչից բարձր էին դասում բանսարկությունը և խորամանկությունը՝ դրանով իսկ սպանելով ամեն տեսակի լուրջ բանակցությունների հիմքերի հիմքը՝ վստահությունը: Բացի այդ՝ նրանք անտակտ էին և շաղակրատ, չունեին գործողությունների հարմար պահը որսալու զգացողություն և աչքի էին ընկնում ծայր աստիճանի պարծենկոտությամբ: Երրորդ. հույները չկարողացան ճիշտ սահմանազատել օրենսդրական և գործադիր իշխանությունների գործառույթներն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Նրանք այդպես էլ չհասկացան, թե ինչ կերպ դեմոկրատական հասարակության դիվանագիտական աշխատանքի մեթոդները դարձնել նույնքան արդյունավետ, որքան ամբողջատիրական հասարակության դիվանագիտական մեթոդներն են»: Թերությունների այս շարքը, Նիկոլսոնի կարծիքով, կործանեց հույներին:

Ըստ իս՝ ամենամեծ վնասը հույների ազգային-պետական շահերին, բոլոր դեպքերում, հասցրել է առաջին պատճառը՝ անհամաձայնությունն ու երկպառակությունը: Մենք՝ հայերս, մեր պատմության շատ արհավիրքներ ու դժբախտություններ կապում ենք հենց այդ հատկության հետ՝ համարելով այն մեր էթնիկական ամենամեծ թերություններից մեկը: Սակայն այլ ժողովուրդների պատմությանը թռուցիկ ծանոթությունն անգամ վկայում է, որ բոլոր ազգերն են տառապել նման կորստաբեր արատով: Այդ թվում՝ հույները:

…Իսկ Պարսկաստանը, դարից դար լավ ուսումնասիրելով հույների նշված ազգավնաս հատկանիշները, կործանարար որոգայթներ էր հյուսում Հելլադայի շուրջը: Պարսիկների արտաքին քաղաքականության հունական վեկտորը հիմնված էր փիլիսոփայական ծանրակշիռ և մշակված հայեցակարգի վրա, կրում էր ծագումնաբանական բնույթ՝ փոխանցվելով մի տիրակալից մյուսին: Նախ՝ կար հարցի աշխարհաքաղաքական և գլոբալ ռազմավարական կողմը: Գրեթե ողջ Ասիան ծնկի բերած Պարսկաստանը ձգտում էր դեպի Եվրոպա, որի ուղին անցնում էր Հելլադայի տարածքով: Ուրեմն հարկ էր այն ճզմել և ճամփա բանալ: Նույն պատկերն է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև պանթյուրքիզմի ենթատեքստում: Իսկ գաղափարախոսական, հոգեբանական և կրոնական տեսանկյուններից հարևանների միջև առկա էր անհամատեղելիության և անհանդուրժողականության մի ողջ համակարգ: Ըստ արքայից արքա Դարեհի՝ Հելլադան աշխարհին ներկայանում է որպես սատանաների, կեղծ աստվածների, ստի, ահաբեկչության և սադրիչների հայրենիք: Հարկ է մաքրել նրանց տաճարները կեղծիքից և խաբեությունից: Ռոնալդ Ռեյգանը նույն կերպ էր բնութագրում Խորհրդային Միությունը սառը պատերազմի տարիներին՝ անվանելով այն «չարիքի կայսրություն»: Պարսկական մեծապետական էքսպանսիան ի վերջո հանգեցնում է Հելլադայի դեմ պատերազմի, որի նպատակը Աթենքի ոչնչացումն էր: Դարեհի որդին՝ Քսերքսեսը, ավելի կոնկրետ էր իր արտահայտություններում, երբ արշավանքից առաջ դիմում է իր զորքին. «Արևը չի ծագելու մեզ սահմանակից որևէ երկրի վրա, քանի որ բոլոր այդ երկրները, Եվրոպան նվաճելուց հետո, ես 1 երկիր եմ դարձնելու՝ ձեր երկիրը»: Այնուհետ արքան շարունակել է. «Եթե մենք հաղթենք, ապա աշխարհում չի մնա ոչ մի քաղաք, ոչ մի ժողովուրդ, որ համարձակվի ելնել մեր դեմ: Այսպիսով, մենք ստրկության լուծը կդնենք և մեղավորների, և անմեղների վրա»: Քաղաքակիրթ Հելլադայի դեմ ահագնանում էր մահաբեր վտանգը:

Դարեր անց անգլիացի գաղութարարները կյանքի են կոչել պարսիկների երազանքը. արևը մայր չի մտել Բրիտանական կայսրության երկնակամարում: Նույն նկրտումներն է ունեցել Հիտլերը, իսկ նրանից 2 տասնամյակ առաջ՝ Լենինը: Պրոլետարիատի առաջնորդն այնքան էր վստահել համաշխարհային հեղափոխության հաղթանակին, որ իշխանությունը զավթելուց հետո շատ էլ չի կարևորել պետության դիվանագիտական գործունեությունը:

Նյութի աղբյուրը՝ Արման Նավասարդյան- «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...