Ֆրանսիա
Ֆրանսիացիները
անկախության սուր զգացում ունեն: Կարելի է նույնիսկ ասել, որ նրանք ընդգծված ազգայնական
են և այս աշխարհում իրենց բավականին ինքնավստահ են զգում: Ծով ունեն, լեռներ ունեն,
միս ու պանիր ունեն, գինին էլ հո կա ու կա… էլ ի՞նչ կարիք կա ինչ-որ տեղ գնալու: Նրանք
շատ անբարյացակամորեն են վերաբերվում բանակցությունների ժամանակ անգլերեն կամ գերմաներեն
խոսելուն՝ համարելով, որ դա ոտնահարում է իրենց ազգային արժանապատվությունը: Ֆրանսիացիների
մեծ մասը գերադասում է բանակցությունները վարել ֆրանսերենով: Իհարկե, հարկն եղած դեպքում
կգտնեն մեկին, որը գիտի անգլերեն կամ նույնիսկ ռուսերեն, բայց «նստվածքը» կմնա:
Ֆրանսիացիները
գործընկերների մեջ բարձր են գնահատում իրենց ավանդույթների, պատմության, աշխարհագրության
ու մշակույթի իմացությունը: Շոյվում են իրենց երկրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունից:
Նրանց համար կարևոր են կապերն ու ծանոթությունները: Ռիսկի գնալ չեն սիրում, գերադասում
են ծանրութեթև անել և լավ կշռադատել որոշումները:
Զրուցակցին
ընդհատելը, սեփական դիրքորոշումը ուղղակիորեն արտահայտելն ու պաշտպանելը նրանց համար
սովորական երևույթ է: Նրանք կարող են խոսել հարգալից և քաղաքավարի, կատակել ու ժպտալ,
բայց միևնույն ժամանակ հակամարտություններից չեն խուսափում, ընդհակառակը, գերագույն
հաճույքով մխրճվում են դրանց մեջ:
Բանակցությունների
ընթացքում ֆրանսիացիների մասնակցությամբ կնքված համաձայնությունները պետք է լինեն պարզ,
լակոնիկ, հստակ ձևակերպված, նախադասությունները կարճ՝ 10-15 բառ:
Ֆրանսիացիները
սիրում են կարևոր որոշումներ կայացնել ոչ միայն բանակցային, այլև ճաշի սեղանի շուրջ:
Ֆրանսիայում գործարարի հետ ճաշը ոչ ֆորմալ շփման տարր է: Նրանց համար ճաշը ծիսակարգ
է, ոչ թե ընդամենը կենսաբանական պահանջների բավարարում: Իմիջիայլոց, խոհանոցի և գինիների
հարցում նրանք ավելի ազգայնական են, քան լեզվի հարցում: Չի կարելի ֆրանսիացու ներկայությամբ
գովել իտալական գինիները կամ շվեյցարական պանիրը: Արգելված է խոսել ռուսական գինեգործությունից:
Նաև արժե խուսափել քաղաքականության մասին քննարկումներից. նրանք առանձնապես չեն սիրում
նման խոսակցություններ:
Ֆրանսիացիները
սրբորեն են վերաբերվում ճաշին և հանգստյան օրերին. բացասաբար են արձագանքում, եթե նրանց
անհանգստացնում ես ճաշի ժամին կամ էլ հանգստյան օրերին, նույնիսկ եթե հարցը հրատապ
է:
Ֆրանսիայում
բյուրոկրատիան ծաղկունք է ապրում. չգիտես էլ լացես, թե ծիծաղես: Բոլոր նրանց, ովքեր
Ռուսաստանը համարում են պաշտոնյաների և ավելորդ թղթերի հայրենիք, խորհուրդ եմ տալիս
գնալ Ֆրանսիա: Ու ամեն ինչ կհասկանաք:
Գերմանիա
Գերմանացիներին
բնորոշ են բծախնդրությունն ու չորությունը: Նրանք խուսափում են, չեն սիրում լսել ուրիշների
դատարկ, անիմաստ խոսակցությունները: Գերմանացիները նախընտրում են մասնակցել այն բանակցություններին,
որտեղ հստակ տեսնում են լուծում գտնելու հնարավորությունը: Բանակցում են միայն այն
ժամանակ, երբ վստահ են համաձայնության հասնելու հնարավորության մեջ: Չեն սիրում մանրևել,
այլ միանգամից սկսում են կռիվ տալ իրենց շահի համար: Հարցերի քննարկման ժամանակ գերադասում
են հստակ կանոնակարգ և հաջորդականություն: Բոլոր առաջարկները պետք է լինեն խիստ գործնական
և հստակ կանոնակարգված: Բանակցելու նրանց եղանակը կարելի է բնութագրել «Ազգային որսորդության
առանձնահատկությունները» ֆիլմից փոփոխված մի արտահայտությամբ. «Առաջարկությունը պետք է լինի կարճ, ինչպես կրակոցը»:
Գերմանացիների
դեպքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել հիերարխիայի և տիտղոսների վրա: Ուստի
խորհուրդ եմ տալիս նախապես ճշտել: Բանակցությունների ժամանակ շատ վատ են վերաբերվում
կատակներին:
Պայմանավորվածությունների իրականացման հարցում գերմանացիները բծախնդիր են և ճշգրիտ, նույնն էլ պահանջում են գործընկերներից: Ոչ մի գործարք չի կնքվի, եթե դրա իրագործման հստակ երաշխիք չունենան: Եթե նույնիսկ մի փոքր կասկած կա, որ կկարողանաք պահպանել գերմանական կողմի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները, ճիշտ կլինի նախապես հրաժարվեք ձեր առաջարկից:
Իտալիա
Բանակցությունների
ժամանակ իտալացիների վարվելաոճը առանձնանում է գործընկերական և բարեկամական հարաբերությունների
ակտիվ հաստատմամբ: Ի տարբերություն ֆրանսիացիների՝ նրանց մոտ բացակայում է բյուրոկրատական
քաշքշուկը: Հակված են գործընկերների հետ ընկերական, ոչ ֆորմալ հարաբերությունների հաստատման:
Ողջունում են վստահության ու բարյացակամության մթնոլորտը: Վիճահարույց հարցերում ընդառաջում
են զրուցակցին:
Անչափ
հպարտ են իրենց երկրով: Ֆրանսիացիների պես շատ են սիրում, երբ գործընկերները հետաքրքրություն
են ցուցաբերում իրենց երկրի պատմության և մշակույթի հանդեպ:
Իտալացիները
սիրում են ճաշել գործընկերների հետ, ճաշը տևում է երկար, քննարկման 3 կարևոր թեմաներից
են ֆուտբոլը, խոհանոցն ու կանայք: Ճաշի ընթացքում չարժե իտալացիների հետ խոսել գործերից:
Նաև ժամը 12:00-ից 14:00-ն ընկած հատվածում նրանց չարժե զանգել: Սա ճաշի սուրբ ժամն
է:
Չինաստան
Չինացիներն
ամենաբարդ բանակցողներից են: Նրանք ողնուծուծով գիտեն և կարողանում են օգտվել «բանակցությունների
բյուջեից»: Անում են ամեն ինչ՝ օպոնենտի բյուջեն մեծացնելու համար: Հրավիրում են մեծ
խմբերով ու մի քանի օրով: Պտտում են երկրով մեկ, նվերներ տալիս: Բանակցությունները
սկսվում են հրավիրվածների մեկնելուց առաջ և հանդիսավոր բնույթ են կրում: Չինացիների
հետ բանակցությունների պատրաստվելիս պետք է հավաստիանաք, որ ունեք բավականին էներգիա,
ժամանակ ու փող:
Այս
հատկանիշներն իմանալով՝ ես գերադասում եմ այսպես վարվել: Բանակցությունների գնալիս
նվերների մեծ պաշար ենք վերցնում, որ միանգամից կարողանանք պատասխանել: Չինական կողմն
իր պայմանները վերջին օրն է հայտարարում, բայց մենք արդեն պատրաստ ենք լինում: Մեր
հատուկ մարդը միանգամից երկարացնում է հյուրանոցի ամրագրումն ու փոխում տոմսերը: Դրանով
մենք ցույց ենք տալիս, որ բյուջեի խնդիր չունենք ու պատրաստ ենք շարունակելու քննարկումները:
Բանակցությունների
ժամանակ չինական կողմը ձգտում է հստակ բաժանել գործընթացի փուլերը՝ նախնական դիրքերի
ճշգրտումը, քննարկումը, ավարտական փուլը: Նախնական փուլում մեծ ուշադրություն են դարձնում
գործընկերների արտաքին տեսքին, շարժուձևին: Ստացած տպավորությունների հիման վրա փորձում
են գուշակել մասնակիցներից յուրաքանչյուրի դիրքը՝ հետագայում հստակ թիրախավորելու համար
բարձր կարգավիճակ ունեցող թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական մասնակիցներին:
Չինացիները
վերջնական որոշումը կայացնում են տանը, ոչ թե գործընկերների հետ բանակցային սեղանի
շուրջ: Նրանց՝ սովորաբար մեծաքանակ պատվիրակության կազմում միշտ կան օրակարգում քննարկվող
բոլոր հարցերի մասնագետներ:
Չինացիների
հետ գրեթե բոլոր բանակցություններն ունեն տեխնիկական ու կոմերցիոն փուլեր: Տեխնիկական
փուլում բանակցությունների հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով կկարողանաք
գործընկերոջը համոզել փոխշահավետ համագործակցության հարցում: Այդ իսկ պատճառով չինացիների
հետ բանակցելիս ձեր խմբում պետք է լինեն բարձրակարգ մասնագետներ, որոնք կկարողանան
տեղում լուծում տալ բարդ տեխնիկական հարցերին, և շատ լավ թարգմանիչ, որ ուժեղ է գործի
տերմինաբանությունից: Հետո սկսվում է բանակցությունների կոմերցիոն փուլը: Չինական ընկերությունները
ունեն կոմերցիոն հարաբերություններում լավ թրծված ու փորձառու կադրեր: Նրանք հսկայածավալ
տեղեկությունների են տիրապետում և հաճախ հենվում են նախկինում կնքած, իրենց համար գերշահավետ
պայմանագրերի վրա: Չինացիների հետ բանակցություններին պետք է տեղը տեղին պատրաստվել:
Պետք է տիրապետել համաշխարհային շուկայի իրավիճակին, ձեռքի տակ ունենալ գրագետ կազմած
տեխնիկատնտեսական վերլուծություններ և հստակ նյութեր:
Չինական
կողմը սովորաբար առաջինն է «բացում խաղաքարտերը», առաջինն է հայտնում իր տեսակետը,
առաջինն է առաջարկություններով հանդես գալիս: Որպես կանոն, զիջումների գնում է բանակցությունների
վերջում՝ գործընկերների հնարավորությունները գնահատելուց հետո միայն: Նրանց՝ զիջումներով
առաջարկությունները երբեմն հայտնվում են փակուղում, բայց նույնիսկ նման իրավիճակներում
վարպետորեն օգտվում են օպոնենտ կողմի սխալներից ու բացթողումներից:
Չինացիները
երբեք որոշում չեն կայացնում, մինչև մանրակրկիտ չեն ուսումնասիրում առաջարկվող համաձայնագրի
բոլոր կետերն ու հետևանքները: Ամենակարևոր հարցերի լուծումներն ընդունում են կոլեգիալ
նիստում՝ համաձայանության գալով բոլոր փուլերի շուրջ: Պայմանավորվածությունների հաստատումը
կենտրոնի կողմից գրեթե պարտադիր է:
Մեծ
է նաև «գոտկատեղից ներքև» վտանգը. նրանք կարող են ձեզ վարպետորեն ներգրավել բանակցային
գործընթացի մեջ, նույնիսկ սկսել համագործակցել ու հետո արդեն փոխել պայմանները:
ԱՄՆ
Ամերիկացիները
բանակցություններում գրեթե միշտ կոմպետենտ են: Նրանք մեծ հայրենասերներ են, սա չմոռանաք:
Չեն ընդունում իրենց հասցեին ոչ մի քննադատություն: Նրանք բավականին հաստատակամ, նույնիսկ
ագրեսիվ կամ էլ ուղղակի կոպիտ գործընկերների տպավորություն են թողնում: Դա նրանց ավանդական
ոճն է, ոչ թե վերաբերմունքը գործընկերոջ նկատմամբ: Ընդհակառակը, նրանց բնորոշ են լավ
տրամադրությունը, եռանդությունը, բարյացակամությունն ու բաց լինելը: Նրանք գերադասում
են բանակցությունների վարման ոչ շատ պաշտոնական մթնոլորտ:
Բարեկամության
դրսևորման հետևում թաքնված բան չկա: Բանակցությունների արդյունքները կախված կլինեն
քննարկվող թեմայի արդյունավետ կամ անարդյունավետ լինելուց: Բանակցող ամերիկացու կարգախոսն
է. «Հնդկացիների խնդիրները շերիֆին
չեն անհանգստացնում»:
Ամերիկացիներին
հատուկ է ուժեղ դիրքորոշումը, որը և նրանց թույլ է տալիս անհողդողդ լինել: Նրանք համառորեն
ձգտում են բանակցությունների ժամանակ իրականացնել իրենց նպատակները: Շա՛տ են սիրում
սակարկել: Համառորեն ոչինչ անվճար չեն անում: Գրեթե ցանկացած հարցի լուծման ժամանակ
փորձում են կանխագուշակել դեպքերի հետագա զարգացումը:
«Փաթեթային»
լուծումների սիրահարներն են: Բացասական են վերաբերվում անկանխատեսելի հանգամանքներին:
Պետք է հստակ հասկանան, թե ինչ առավելություն ունեն մրցակիցների հանդեպ: Բանակցությունների
գնալիս պետք է նրանց տալ այդ առավելությունը: Այլապես նրանք բանակցելու վրա ուղղակի
ժամանակ չեն ծախսի:
Պետք
է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում մեծ տեղ են տալիս հանձնարարականներին: Նրանց
հետ բանակցելիս կարևոր է նշել այն կարևոր և օգտակար ամերիկացիների և կազմակերպությունների
անունները, որոնց հետ գործ եք ունեցել կամ ունեք բանակցությունների անցկացման պահին:
Գործարարի հետ ընթրիքը ԱՄՆ-ում խիստ գործնական շփման ձև է;
Արաբական
երկրներ
Շատ
զգայուն են ազգային անկախության հետ կապված հարցերում: Այն ամենը, ինչ այս կամ այն
կերպ կդիտվի որպես միջամտություն նրանց ներքին գործերին, իսկույն կմերժվի: Նրանց բնորոշ
է հարգանքն ու բարեկիրթ վերաբերմունքը բանակցող գործընկերոջ նկատմամբ: Այս կամ այն
հարցի շուրջ տեսակետ արտահայտելուց առաջ նրանք նախընտրում են ցուցադրաբար խորհրդակցել՝
հավաքական կարծիքն արտահայտելու համար: Նրանց մոտ ընդունված չէ, որ պատվիրակությունից
ինչ-որ մեկը շեշտի իր դերը որոշումների կայացման և բանակցելու գործում:
Անչափ
կարևոր է պահպանել տեղի սովորույթներն ու ավանդույթները: Բանակցելիս արաբները կենտրոնանում
են անցյալի վրա՝ անընդհատ վկայակոչելով իրենց արմատները: Բանակցություններում նրանց
վարվելակերպի ամենաբնորոշ գիծը իրենց երկրի պատմական ավանդույթների շարունակությունն
է: Նրանց համար հատկապես մեծ կարևորություն ունեն իսլամական ավանդույթները:
Արաբական
սովորույթների համաձայն՝ անհարգալից է բանակցությունները սկսել առանց փոխադարձ խոնարհումների:
Նրանք
մեծ տեղ են տալիս բանակցությունների ընթացքի մակարդակին: Արաբները նախընտրում են նախօրոք
ուսումնասիրել բանակցություններում քննարկվելիք հարցերը: Նրանց մոտ որոշումների կայացմանը
նախորդում են բավականին երկար քննարկումներ:
Արաբական
արևելքում բնորոշ է բանակցություններն ավարտել բանավոր պայմանավորվածությամբ և ձեռքսեղմումով
այն բավարար պայման է, որպեսզի բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները
մտնեն ուժի մեջ: Այսպիսին է բազմադարյան ավանդույթը: Կողմերը գալիս են մոտավոր համաձայնության
և սկսում իրականացնել համաձայնության պայմանները:
Բանակցությունների
վարման և եզրափակման մյուս առանձնահատկություններից է այն, որ հանգամանքների ցանկացած
փոփոխություն կամ նոր տեղեկություն պայմանագրի վերանայման պատճառ կարող է դառնալ:
Նյութի աղբյուրը՝ Իգոր Ռիզով- «Բանակցությունների դպրոցը»

Comments
Post a Comment