Ռեստորանում
գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։
Օրինակ՝
եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա
պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա
տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից
ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված
կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում
սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ
կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։
Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։
Ռեստորանի
սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն
է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված
սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համարվում է պատի
տակի նստարանը՝ դեմքով դեպի սրահը, իսկ սրահի կենտրոնում լինելու դեպքում՝ դեմքով դեպի
մուտքը։ Տղամարդը պետք է նստի միայն կնոջ նստելուց հետո։ Չպետք է փորձել ծանոթների
հետ նստել նույն սեղանի շուրջ, եթե նրանցից նստելու առաջարկ չի եղել։ Եթե առաջարկում
են, շնորհակալություն հայտնեք և նստեք այլ սեղանի շուրջ։ Եթե նստում եք այնպիսի սեղանի
շուրջ, որտեղ ոչ ոքի չեք ճանաչում, ապա նրանց հետ ծանոթանալը պարտադիր պայման չէ։ Պարտադիր
է միայն ողջունել և ցանկանալ բարի ախորժակ։
Տղամարդը
պետք է կնոջը առաջարկի ճաշացանկը կամ կարդա այն նրա համար։ Եթե խմբով եք գնացել ռեստորան,
ապա բոլորի համար մեկը կարդում է, և պատվիրում են յուրաքանչյուրը առանձին։ Չպետք է
բարձրաձայն կանչել մատուցողին, պատառաքաղով, գդալով կամ դանակով թխթխկացնել բաժակին։
Ավելի
հարմար է սպասել, մինչև մատուցողը մոտ լինի Ձեր սեղանին, և ձեռքի շարժումով կկարողանաք
կանչել նրան։ Սեղանի շուրջ նստած ժամանակ չպետք է սանրվել, սուլել, երգել, խաղալ ձեռքի
տակ ընկած առարկաներով։ Անհարմար է համարվում հարևան սեղանների հաճախորդների հետ զրուցելը։
Եթե առաջացել է մարդկանց հետ որևէ բան քննարկելու անհրաժեշտություն, ապա լավ կլինի
մեկ րոպեով նստել նրանց սեղանի շուրջ։ Եթե Ձեր սեղանի կողքով անցնում են ծանոթներ,
ապա անհրաժեշտ է նրանց ողջունել առանց տեղից վեր կենալու։ Կանգնել պետք է, եթե խոսակցություն
է առաջացել։
Ռեստորանում,
բացի ճաշացանկից, ոչինչ չպետք է կարդալ։ Եթե Դուք ունեք ուղեկցորդուհի, և եթե սեղանը
մեծ է, ապա կնոջը պետք է նստեցնել Ձեզանից աջ, եթե սեղանը փոքր է՝ դիմացը։ Մեծ հավաքների
դեպքում կարելի է նստել նույն հետաքրքրություններ և տարիք ունեցող մարդկանց կողքին
(եթե, իհարկե, դա բանկետ չէ)։ Եթե եկել եք խմբով և չունեք ուղեկցորդուհի, ապա փորձեք
գրավել Ձեզանից աջ նստած կնոջ ուշադրությունը։ Պարի կարող եք հրավիրել բոլոր կանանց։
Եթե Դուք անծանոթ կնոջ եք պարի հրավիրել, կարիք չկա լինել աներես և երկրորդ անգամ հրավիրել
նրան։ Պարի ժամանակ չպետք է ծխել։ Խոսելը ցանկալի է, բայց՝ ոչ պարտադիր։ Այն դեպքում,
երբ կինը ռեստորան է գնացել ուղեկցորդի հետ, ապա նրանից պետք է թույլտվություն խնդրել՝
նախքան կնոջը պարի հրավիրելը։ Սովորաբար գնալու մասին առաջարկը առաջինն անում է հանդիպմանը
հրավիրողը։
Հաշիվը
պետք է բերել, երբ բոլորն ավարտել են ուտելը։ Հաշվի վճարման ժամանակ պետք է շարժվել
հետևյալ կանոններով․
Եթե ռեստորանի հրավերը արվել է մի մարդու կողմից, ապա հաշիվը
պետք է վճարի նա։
Տղամարդը, կնոջը հրավիրելու դեպքում, ինքն է վճարում հաշիվը։
Սակայն կինը կարող է և վճարել ինքն իր հաշիվը։
Եթե ռեստորան այցելելու որոշումը կայացրել է առանձին խումբ, ապա հաշիվը վճարելու մասին չպետք է նախօրոք պայմանավորվել։ Այն կարելի է վճարել կամ որոշակի գումար հավաքելով, կամ յուրաքանչյուրը իր համար։Անթույլատրելի է վճարման կարգի հետ կապված քննարկումներ անել։ Ինչպես, օրինակ․ «Հաշիվն արդեն վճարված է»։
Մարդկանց ուշադրությունը մի հրավիրեք Ձեզ վրա, երբ վճարում եք հաշիվը։ Դա գեղեցիկ չէ։ Տղամարդը պետք է օգնի կնոջը հագնել վերնահագուստը։ Ցանկալի է կնոջը ուղեկցել մինչև տուն։ Երբեք մի առաջարկեք կնոջը ձախ ձեռքը։
Սեղանի շուրջ զրույցը
Սեղանի շուրջ կարելի է հանգիստ որևէ բանի մասին զրուցել, չպետք
է քննարկել սուր թեմաներ, նախընտրելի են խելամիտ և թեթև զրույցները։ Սեղանի շուրջ նախընտրելի
է խոսել ախորժակ բացող թեմաներից։ Կարիք չկա ուտեստների և խմիչքների գներից խոսել։
Սեղանի շուրջ նստած ժամանակ քաղաքավարի չէ ուղեկցի ականջին խոսելը։ Խոսել պետք է ոչ
միայն Ձեր զրուցընկերոջ, այլ նաև մոտ սեղանակիցների հետ։ Ցանկացած խոսակցություն պետք
է վարել այնպես, որ ուտելու ընթացքը չխանգարվի։
Եթե ցանկանում եք որևէ բան ասել Ձեր կողքին նստած մարդու հարևանին,
ապա խոսեք նրա մեջքի հետևից, սակայն այդ խոսակցությունը չպետք է երկար տևի։ Այն կարող
է լինել փոքրիկ կատակ, արտահայտություն, բայց այդ ամենը խիստ անհրաժեշտության դեպքում։
Մի հրեք զրուցակցին՝ նրա ուշադրությունը Ձեզ վրա հրավիրելու համար։ Եթե Ձեզ մոտ առաջացել
է փռշտալու ցանկություն, ապա դա փորձեք անել հնարավորինս ցածր և ներողություն խնդրեք
զրուցակիցներից։ Եթե զրուցակիցներից որևէ մեկն է փռշտացել, ապա փորձեք այն անտեսել,
կարիք չկա ասել «առողջություն»։ Եթե ցանկանում եք խոսել Ձեր հարևանի հետ, ապա մի շրջվեք,
մի նստեք մեջքով։ Խոսակցության ընթացքում չպետք է խոսել որևէ ուտեստ ուտել չկարողանալու
կամ չցանկանալու պատճառների մասին։ Բավական է միայն հրաժարվել դրանից։
Սեղանի շուրջ խոսք կամ կենաց ասելու ամենահարմար ժամանակը ուտեստների
միջև դադարն է, երբ ներկա գտնվողները չեն ուտում։ Խոսքը չպետք է լինի երկար կամ չափազանց
արտիստիկ։ Նա, ով ցանկանում է խոսք ասել, վեր է կենում տեղից, կանգնում, գդալով կամաց
հարվածելով իր բաժակին՝ հրավիրում ներկաների ուշադրությունը։ Խոսքը ավարտվում է կենացով։
Նախքան խոսքը սկսելը նա կարող է խնդրել թարմացնել իր բաժակը։
Անքաղաքավարի է խոսել կամ շարունակել ուտել այն ժամանակ, երբ
որևէ մեկը խոսում է։ Պետք է լուռ լսել։
Ուտելու մշակույթը
Ամեն ինչ սկսվում է նստելուց։ Պետք է աթոռին նստել այնպես, որ
Ձեր մեջքի և սեղանի ծայրի միջև մնա քիչ հեռավորություն։ Պետք է ուղիղ նստել, մի փոքր
թուլացած, արմունկները կողքին։ Մի փոքր հանգիստ, ազատ նստել կարելի է ուտեստների փոփոխման
ժամանակ կամ երբ ուտեստների մատուցումը ավարտվել է, և հյուրերն ազատ ու հանգիստ շփվում
են իրար հետ։ Արմունկները չպետք է դնել սեղանին։ Անձեռոցիկը պետք է վերցնել և, այն
շրջելով, դնել ծնկներին, որպեսզի խուսափեք հագուստի վրա որևէ բան թափելուց։ Ուտելը
վերջացնելուց հետո այդ անձեռոցիկով կարելի է թեթևակի մաքրել բերանը և մատների ծայրերը։
Առաջին ուտեստը կարող են տալ խոր ափսեով կամ սովորական ճաշամանով։
Ուտելիս տաք ապուրը հովացնելու համար չի կարելի փչել դրա վրա։ Սովորական ճաշամանով
առաջին ուտեստը հիմնականում ուտում են դեսերտի գդալով։ Ուտելիս սպասքից օգտվելու դեպքում
անհրաժեշտ է աջ ձեռքով բռնել դանակը, ձախով՝ պատառաքաղը։ Կարիք չկա միանգամից մի քանի
կտոր կտրատել։ Միսը կսառի և կկորցնի համային հատկանիշները։ Միս կտրելու դանակով չի
կարելի վերցնել աղ աղամանից, ուտելիք՝ ընդհանուր ափսեից։ Սոուսի կամ այլ ուտեստի մեջ
չի կարելի հաց մտցնել։ Եթե անհրաժեշտ է ընդհատել ուտելը՝ ջուր խմելու, հաց վերցնելու
համար, ապա պետք է դանակը և պատառաքաղը ափսեի կողքին դնել այնպես, ինչպես այն բռնել
եք՝ դանակը աջ ձեռքով, պատառաքաղը՝ ձախ։
Ուտելը վերջացնելուց հետո դանակը և պատառաքաղը պետք է դնել ափսեի
մեջ։ Եթե որևէ մեկը խնդրում է սպասք փոխանցել, ապա դանակը, պատառաքաղը, գդալը պետք
է փոխանցել՝ բռնելով դրանք մեջտեղից։
Բոլոր փափուկ ուտեստների համար (ինչպես, օրինակ, միսը, ձուկը)
կարելի է օգտագործել միայն դանակ։ Թռչնամիս ուտելու համար կարելի է օգտագործել դանակ
և պատառաքաղ։ Որոշ ուտեստներ ուտում են ձեռքերով (ծնեբեկ, տապակած ճուտ)։ Եփած ձուկն
ուտելը հարմար է հատուկ սպասքով։ Ձուկ ուտում են նաև պատառաքաղով՝ այն պահելով աջ ձեռքում,
իսկ մյուս ձեռքում կարող է լինել հացը։ Պատառաքաղի միջոցով փշերը հանում և դնում են
ափսեի անկյունում։ Մեծ ափսեով դրված աղցանը կարող եք Ձեր ափսեի մեջ լցնել դրա մեջ դրված
գդալով կամ պատառաքաղով։ Գեղեցիկ չի համարվում ուտել չկտրտված միրգ։ Անհրաժեշտ է միրգը
դանակով մաքրել, մասերի բաժանել, նոր միայն ուտել։ Որևէ մեկը չպետք է առաջինը դիմի,
որպեսզի բերեն ուտեստը՝ ցույց տալով իր անհամբերությունը։ Եթե Ձեզ մոտ առաջացել է խմելու
ցանկություն, ապա մոտեցրեք Ձեր բաժակը նրան, ով լցնում է խմիչքը՝ բռնելով այն աջ ձեռքի
բութ և ցուցամատներով։ Խուսափեք Ձեր բաժակում գինի կամ ջուր թողնելուց, որը կարող է
թափվել։ Վեր կենալով սեղանից՝ չպետք է վերցնել անձեռոցիկը։ Եվ, առհասարակ, գեղեցիկ
չէ վերջացնելուց հետո միանգամից վեր կենալ և գնալ։ Պետք է մի փոքր նստել՝ շուրջ 30
րոպե, որից հետո միայն կարելի է պատրաստվել գնալուն։
Նյութի աղբյուրը՝ Թամարա Ավանեսյան- «Բիզնեսը և էթիկան»

Comments
Post a Comment