Փիթեր
Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան
հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական
կարգապահության։
Դրաքերը
թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների»
դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ
կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության,
ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու,
արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային
միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։
Դրաքերի
հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում
ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը,
թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ
ավելի շատ տեղեկատվության տիրապետող աշխատակիցները շարունակում զբաղեցնել ենթակա հաստիքներ։
Հենց Դրաքերն է սահմանել «հաճախորդ ստեղծելու» գաղափարը։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր բիզնեսի գերնպատակը հաճախորդների բազա ստեղծելը, պահելն ու զարգացնելն է, քանի որ հենց հաճախորդն է ապահովում ընկերության հետագա զարգացումը՝ իր կատարած գնումների միջոցով։ Հաճախորդների ներգրավման գործում Դրաքերը կարևորում է ղեկավարի դերը։ Ըստ նրա ղեկավարը՝
Պետք է կարողանա կառավարել ընկերությունը՝ հիմք ընդունելով ընկերության նպատակները, տեսլականը, ուղղվածությունը, կորպորատիվ մշակույթը։
Անհրաժեշտության դեպքում ռիսկի դիմել և կառավարել կատարած գործողության
հետևանքով առաջացած երևույթները, գործառույթները։
Ընկալել, տեսնել, զգալ բիզնեսն ամբողջությամբ, բոլոր կողմերից՝
ուսումնասիրելով բիզնեսի բոլոր օղակները և դրանց աշխատանքային առանձնահատկությունները։
Ընդունել ստրատեգիկ որոշումներ և պատասխանատվություն կրել իր
ընդունած որոշումների համար։
Կարողանալ հաղորդակցվել և՛ աշխատակիցների, և՛ գործընկերների,
և՛ ընկերության հաճախորդների հետ։
Հնարավորինս մատչելի փոխանցել տեղեկատվությունը։
Ստեղծել համախմբված և մի ուղղությամբ շարժվող թիմ՝ մոտ արժեհամակարգ
ունեցող մասնակիցներով, ովքեր պատրաստ են միասին աշխատել։
Նյութի աղբյուրը՝ Ջուլիետա Վարդանյան- «Մարդկային ռեսուրսների կառավարում»

Comments
Post a Comment