Խորհուրդ
կտամ շատ սխալվեն ու երբեք չվախենան սխալվելուց, այլ վախենան սխալներից չսովորելուց։
Քանի որ երբեք չես կարող նոր ու մեծ բան ստեղծել, եթե վախենաս սխալվելուց, վախենաս
նոր ու անհասկանալի բան անելուց։ Երազել մեծ, գործել մեծ, սխալվել շատ, սովորել շատ՝
դա է ամենակարևոր բանը, հետաքրքիր կյանք ապրելու ու մեծ պրոյեկտներ անելու կարևոր նախապայմանը։
Վահրամ Միրաքյան
«Մանթաշյանց» գործարարների միության հիմնադիր
Ինչ-որ
բան սկսելուց առաջ փորձիր պատկերացնել այն։ Միացրու քո երևակայությունը և այն պատկերիր
թղթի վրա։ Ինչպիսի՞ն է լինելու քո գաղափարը, երազանքը, միտքը 5 տարի անց։ Ուղղակի զգա
ու պատկերացրու։ Կարողացա՞ր։ Ուրեմն սկսի՛ր։
Սամվել Գևորգյան
«Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր,
«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և «1 րոպե անց» բեսթսելլեր
գրքերի հեղինակ
Երբեք
մի՛ դադարեք երազել՝ թե՛ կյանքում, և թե՛ պրոֆեսիոնալ գործունեության մեջ, քանի որ
այն համարվում է ինքնամոտիվացիայի լավագույն աղբյուրը և առաջընթացի նախադրյալը։
Ձեզնից
յուրաքանչյուրն ունի առաքելություն, փորձեք այն գտնել և ճիշտ դիրքավորվեք, որպեսզի
առավելագույն կերպով օգտագործեք երկնքից Ձեզ տրվող էներգիան այդ ասպարեզում։
Ինչ էլ
որ կանեք, հասցրեք այն կատարելության, հարմոնիայի, տաշեք և նրբացրեք, որպեսզի ինքնաբավարարվեք
և բավարարեք մարդկանց աճող պահանջմունքները․ մարդկանց ծառայելը պետք է դառնա Ձեր գերագույն նպատակը և միաժամանակ
ինքներդ կկատարելագործվեք և կսիրեք Ձեզ։
Պահպանեք
Ձեր ազգային դիմագիծը, կերպարը, յուրօրինակությունը կամ ունիկալությունը, մտածեք մեծ
և կոսմոպոլիտին բնորոշ, այսինքն՝ «եղեք մեկը 8 միլիարդից, այլ ոչ թե 8 միլիարդից մեկը»։
Գնահատեք
ժամանակը և առավելագույն արդյունավետ օգտագործեք՝ այն միակ կառավարման չենթարկվող կատեգորիան
է։
Արսեն Բազիկյան
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ընկերության համահիմնադիր և գլխավոր
տնօրեն, ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ
Հաջողությունը
կոնկրետ բանաձև չունի․ որքան էլ հաշվի առնվեն
բոլոր նախադրյալները, միևնույն է, կա պատահականության գործոնը, երբ ինչ-որ պահի, ինչ-որ
տեղում մի բան է կատարվում, և հենց դա է բերում հաջողություն։ Իսկ ձախողումների մեջ
կարելի է գտնել օրինաչափություն, և հենց ձախողումներն ուսումնասիրելով կարող ես գնալ
դեպի հաջողություն։ Այս առումով նույնիսկ կարելի է ասել, որ յուրաքանչյուր ձախողում
փոքրիկ նվեր է, որպեսզի զարգացնելով ուսումնասիրությունդ՝ կարողանաս դուրս բերել հաջողությունը։
Շատ կցանկանայի, որ ուշադրություն դարձնենք ժամանակին․ ինչպես ասում են՝ «Երազանքը դառնում է նպատակ, երբ դրա տակ դնում
ես ժամանակ»։ Ժամանակի նկատմամբ շատ անլուրջ վերաբերմունք կա։ Մենք մեզ իրավունք ենք
վերապահում սիրել կամ չսիրել շաբաթվա որոշակի օրեր, տարվա որոշակի եղանակներ, մինչդեռ
այդ ամենը շատ պայմանական է։ Եվ դրանով գնահատել քո հաջողությունը չի կարելի՝ հաշվի
առնելով այսօրվա արագացումը։
Հետևաբար, խորհուրդ կտամ ամեն մեկն իր համար որոշակի ժամանակահատված ընտրի, օրինակ՝
100 կամ 60 օր, և յուրաքանչուր այդ ժամանակահատվածը մեկ հստակ որևէ հմտություն ձեռք
բերի, այսինքն՝ գիտելիք, որը կկիրառվի և կվերածվի հմտության։ Ապագայում մեկ մասնագիտության
վրա հենվելը շատ ռիսկային է լինելու, ուստի քեզ անհրաժեշտ կլինի ունենալ հմտությունների
մի մեծ փունջ՝ ընդ որում ամենատարբեր ոլորտներից։
Նարեկ Ալեքսանյան
Բիզնես փորձագետ
Դո՛ւ ես ստեղծում քո հաջողություններն ու անհաջողությունները։ Դո՛ւ ես քո կյանքի
ռեժիսորը։ Դո՛ւ և միայն դո՛ւ ես 100 %-ով պատասխանատու քո կյանքի համար։ Կամ դու ես
կառավարում հեռախոսդ, կամ էլ հեռախոսդ է կառավարում քեզ։
Դավիթ Մկոյան
«Էլիտ Պլազա» Ա դասի բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն,
«Ջավախքին աջակցություն հիմնադրամ»-ի կառավարման խորհրդի անդամ
«reArmenia» հարթակի infrastructure board lead expert
Եղիր համարձակ ամեն ինչում, մի՛ վախեցիր սխալվելուց․ ավելի լավ է փորձես ու սխալվես, քան ամեն
անգամ փորձես զերծ մնաս սխալվելուց ու արդյունքում մի օր գործես ամենամեծ սխալը։
Պետք չէ մտահոգվել, թե ինչ կմտածեն մարդիկ
քո մասին։ Մարդկանց կարծիքը վերածվում է մեծ արգելքի, երբ ավելի շատ տեղ ես տալիս դրան։
Այն սահմանափակում է քո “Ես”-ն ու դարձնում է քեզ այլ մարդ։
Ունենալ մեծ երազանքներ, բայց պատրաստ լինել
սկսել ամենափոքրից։ Սա այն խնդիրն է, որ շատերը մինչև կյանքի վերջ այդպես էլ չեն հասկանում։
Մի՛ կենտրոնացիր “Ստատուսի” վրա, այլ կենտրոնացիր աշխատանքի ու արդյունքի վրա․ երբ այդ ամենը լավ անես, ապա կունենաս թե՛
“Ստատուսը”, և թե՛ կհասնես երազանքիդ։
Էմիլ
Կրոյան
“Targeting» և «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր, կոմերցիոն տնօրեն, վաճառքի
փորձագետ
Հաջողության հասնելու կարևորագույն նախապայմանը սերն է այն ամենի նկատմամբ, ինչ
անում ես։ Երբ կա անկեղծ, անհագուրդ սեր, սկսում ես ուզել, շատ ուզել, փնտրել ելքեր,
գրանցել առաջին հաջողությունները, ոգեշնչվել ու հավատալ։ Սկսում են ծնվել գաղափարներ,
դրանք իրար հերթ չեն տալիս, թույլ չեն տալիս շատ քնել։
Երբ կա սեր ու հավատ, ողջ տիեզերքը նպաստելու է քո հաջողությանը, ողջ տիեզերքը․․․ Ու դա օբյեկտիվ է։ Քո մոտիվացիան քեզ դրդում է կարգապահ ձևով
շարժվել դեպի հաջողություն, չնայելով ժամանակավոր անհաջողություններին՝ գրանցել հաջողություններ,
ճանաչելիություն ձեռք բերել, անուն հանել, քո մասին սկսում են խոսել․․․ Դու ընկնում ես այն մեծ ալիքի վրա, որը քեզ կտանի դեպի նպատակ։
Այդ ալիքը քեզ ճանաչող, վստահող ու հավատացող միջավայրն է։
Սիրիր այն, ինչ անում ես, սիրիր այնքան, որ չզգաս ժամանակը։ Հավատա ու գործիր,
փնտրիր ու գտիր քեզ հավատացողների ու կստացվի։
Մայիս Մարգարյան
ՄԵՄ ՀԿ և Էկզելիստ ակումբի հիմնադիր
Ի՞նչ խորհուրդ կտամ 15-20 տարեկան երիտասարդներին՝
· Հարցեր տալ, չամաչել դրանցից
· Շատ շփվել քեզնից շատ իմացող, հաջողության որևէ կետի հասած մարդկանց
հետ
· Չվախենալ մտածել մեծ
· Փորձել շատ ոլորտներ
· Անվերջ և ամեն օր գնալ քնելու ավելի խելացի, քան արթնացել ես
· Ի վերջո, ամեն ինչում դնել հավելյալ արժեք
Մհեր Մկրտչյան
«Հզոր միտք» Հկ-ի, «Ուսանողի տուն» ծրագրի, Team Time և Wine
Time հիմնադիր
Թուղթ ու գրիչ վերցրու և նվազման կարգով գրիր այն ընկերներիդ անունները, որոնց
հետ ամենից շատ ես շփվում։ Ինչի՞ են հասել նրանք։ Որքանո՞վ է նրանց հաջողությունը համապատասխանում այն ամենին,ինչ
դու ինքդ ես հաջողություն համարում։ Յուրաքանչյուր անվան կողքին գրիր, թե վերջին տարվա
ընթացքում այդ ընկերդ ինչ օգտակար բան է տվել քեզ՝ տեղեկության, քեզ ուժեղ դարձրած
գիտելիքի, կամ, ասենք, նոր ծանոթությունների տեսանկյունից։
Այս ամենը կարող է շատ կոշտ, անարդար, սխալ թվալ և սա լիովին հակասում է ընկերության
հայեցակարգին, որը մեզ սովորեցնում է հասարակությունը։ Սակայն ի՞նչն է քեզ համար ավելի
կարևոր։ Հայեցակա՞րգը, որը ձևավորվել է բոլորովին այլ հասարակությունում, այլ ժամանակներում
և հանգամանքներում ապրող մարդկանց կողմից, թե՞ կյանքում քո սեփական արդյունքները։
Քո աշխարհայացքը, եկամուտը, ապրելակերպը, սովորություններն ու ամենօրյա ռեժիմները
ձևավորվում են հիմնականում քո շրջապատի և այն կոնտեքստի շնորհիվ, որի մեջ դու ընկղմված
ես։ Նայիր քո կյանքին կողքից և փորձիր ավելացնել շփումներդ այն մարդկանց հետ, ովքեր,
ըստ քեզ, կա՛մ արդեն այն հաջողության են հասել, որին դու ձգտում ես, կա՛մ վստահ քայլեր
են անում այդ ուղղությամբ։
Շատ կցանկանայի, որ հենց այս բառերը, հենց այս ձևով ինձ ասվեին այն ժամանակ, երբ
16 կամ նույնիսկ 20 տարեկան էի։
Հայկ Հովակիմյան
Ինֆլուենսեր, ձեռներեց, Repeat Riarch հեղինակ
Ես ընդամենը 2 բան կասեմ․
Առաջին՝ ժամանակ չկա կասկածելու։ Մտքիդ եկել է՝ գործիր։ Մեր համար մեկ սխալն այն
է, որ միշտ կարծում ենք, թե կհասցնենք։
Երկրորդ՝ դու արժանանում ես այնքան հաջողության և երջանկության, որքան ինքդ քեզ
արժանի ես համարում։
DJ Vakcina
Որևէ բնագավառում հաջողության հասնելու համար միայն մրցակցին ուսումնասիրելը չի
օգնի։
Կատարելագործվի՛ր, անընդհատ ինքնակատարելագործվի՛ր։
Ամեն օր հաղթի՛ր ինքդ քեզ, ամեն հաջորդ օրը եղի՛ր ավելի լավը, քան երեկ էիր։
Վահե Ռոբեր Այվազյան
Բիզնես թրեյներ, Ayvazyan&Partners և YAMS Business
Academy հիմնադիր
Գիտնականները հաշվել են, որ միջին վիճակագրական մարդու կյանքի 2 շաբաթվա ինֆորմացիան
եթե վերածենք բիթերի և բայթերի (թվային ինֆորմացիայի կրիչի չափման միավոր), ապա այն
հավասար կլինի 16-րդ դարում միջին վիճակագրական
եվրոպացու ամբողջ ապրած կյանքի ինֆորմացիային։ Դա նշանակում է, որ կյանքը դարձել է
այնքան դինամիկ ու արագ, որ հաջողության հասնելու համար ստիպված ես վազել։
Միևնույն ժամանակ՝ հիմա ամեն ինչ չէ, որ հնարավոր է կանխատեսել ու բոլոր «ճգնաժամերը»
չեն, որ հնարավոր է վերացնել։ Այս արագ փոփոխվող Թալեբյան «Սև կարապ»-ի դարաշրջանում
հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լինել «Վարիատիվ»՝ փոփոխվող ու հարմարվող,
ցանկացած իրավիճակում ելքը գտնող։
«Վարիատիվության» լավագույն լուծումը գտնվում է անընդհատ կատարելագործման ու անընդհատ
ուսուցման մեջ։ Նոր գիտելիքը, նոր փորձառությունը մեծացնում են անորոշ իրավիճակներում
արագ կողմնորոշվելու, գործելու, ուստի բոլորից կես քայլ առաջ լինելու հնարավորությունը։
Իսկ նոր բան սովորելու, նոր գիտելիքի համար հիմա արդեն ճանապարհները շատ են։ Ինտերնետի
շնորհիվ գիտելիքը դարձել է ավելի արագ, փորձառությունն ու ուրիշների սխալները դիտարկելը՝
հասանելի։
Արտակ Հարությունյան
Smartology Digital Business Academy-ի հիմնադիր, թվային մարքեթինգի
փորձագետ
Մարդիկ քեզ կասեն, որ աշխարհը աշխատում է հստակ կանոններով, ծնողներդ կփորձեն քեզ
սովորեցնել, թե ինչ անես կյանքիդ հետ։ Դպրոցները կսովորեցնեն՝ ինչպես մտածել։ Բայց
իրականում, եթե ցանկանում ես հաջողության հասնել, պետք է ինքդ քո կարծիքն ունենաս ու
քո կանոնները ստեղծես։
Հետաքրքրասիրությունն ու քաջությունը հիմնական շարժիչ ուժերն են ցանկացած ոլորտում՝
լինի դա ձեռնարկատիրություն, թե ոչ, իսկ համառությունն այն երաշխիքն է, որը կօգնի քեզ
ստանալ այն, ինչ ցանկանում ես։
Արտավազդ Երիցյան
Podcastle-ի գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր
Երիտասարդներն այս կյանքում պետք է սահմանեն իրենց առաքելությունը։ Նրանք պետք
է ունենան 5-10 տարվա կտրվածքով սահմանված երկարաժամկետ տեսլական։
Նաև պարտադիր է մի քանի տարիների կտրվածքով սահմանել SMART ռազմավարական նպատակներ,
որպեսզի կարողանան հասնել իրենց տեսլականին։
Ժամանակի ընթացքում կյանքի առաքելությունը կարող է թարմացվել։ Տեսլականները և ռազմավարական
նպատակները ևս կարող են փոփոխվել՝ ելնելով միջավայրի փոփոխություններից, ներառյալ՝
քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային միջավայրերի։
Րաֆֆի Սեմերջյան
«Մենեջմենթ Միքս Գլոբալ» խորհրդատվական ընկերության նախագահ
և տնօրեն, բիզնես թրեյներ
Պատանի-երիտասարդներին հաջողության հասնելու համար խորհուրդ կտամ հստակ սահմանել
նպատակներ, ամեն օր ինչ-որ բան, թեկուզ շատ փոքր մի քայլ անել նպատակին հասնելու համար,
ճիշտ գնահատել սեփական կարողություններն ու թերությունները, ամեն օր նոր բան սովորել,
երբեք ոչնչի առջև չընկրկել, լինել շրջահայաց և բարյացակամ շրջապատի մարդկանց նկատմամբ։
Ուշադրություն դարձրեք ձեր նախընտրած մասնագիտության զարգացումներին, միտումներին,
նոր ուղղություններին, բանավոր և գրավոր լեզվի հմտություններին, համակարգչային գիտելիքներին։
Ձեր տարիքում կուզենայի, որ ինչ-որ մեկն ինձ խորհուրդ տար օտար լեզուներ սովորել և
ավելի ազատ ու անկաշկանդ հաղորդակցվել մարդկանց հետ։
Վադիմ Գրիգորյան
ՀՊՏՀ Մարքեթինգի ամբիոնի վարիչ
Մինչ ArmComedy նախագծի ստեղծումը մի քանի այլ չհաջողված փորձեր ենք ունեցել, որոնցից
ամեն անգամ մի նոր բան էինք սովորում և ավելի ու ավելի կատարելագործվում։ Դա սկզբում
նկատելի չէր, նույնիսկ մտքեր էին գալիս, որ ոչինչ չի ստացվում։
Արդեն երրորդ կամ չորրորդ փորձից հետո հաղորդման մի պիլոտային տարբերակ նկարեցինք
ու դա արեցինք ամենավատ տեսախցիկով, որը կար մեր ձեռքի տակ ու սկսեցինք այն ներկայացնել
տարբեր հեռուստաընկերությունների։ Մի քանիսը հավանեցին, որոշները՝ ոչ, բայց բոլորը
կրկնում էին, թե ինչ լավ ենք արել, որ զուտ պատմելու փոխարեն արդեն իսկ տեսագրված տարբերակն
ենք ներկայացնում՝ հնարավորինս բացառելով բոլոր թյուրընկալումները։ Դա մեր ամենաորոշիչ
ու ճիշտ քայլերից էր, որը մենք ձեռնարկեցինք՝ պարզապես ուրիշների կողմից ճիշտ ընկալվելու
հույսով առաջնորդվելու փոխարեն։
Ի՞նչ ունես առաջարկելու հանրությանը, մարդկանց, որևէ ընկերության։ Այսօր բոլոր
նախապայմանները կան մեր գաղափարը կամ վերջնական պրոդուկտն ավելի ներկայանալի ու որակյալ
ներկայացնելու համար։ Սա առաջին։
Երկրորդ՝ երբ ինչ-որ բան չի ստացվում, ապա պետք է չհիասթափվել ու անընդհատ աշխատել,
որովհետև այդ դեպքում ենք միայն ավելի ու ավելի կատարելագործվում։
Նարեկ Մարգարյան
Սցենարիստ, երգիծաբան
Օգտագործիր ցանկացած հնարավորություն՝ որպես հաջողության հասնելու միջոց։
Եղիր ճկուն ու սխալը կամ բացասական փորձառությունն ընդունիր որպես մարտահրավեր։
Կարևորիր փափուկ հմտությունները և կիրառիր քո կյանքում։
Կյանքը կարճ է, շրջապատիր քեզ միայն որակյալ մարդկանցով։ Մի դարձիր «Մեկ օրյա»
մասնագետ, տրամադրիր առնվազն 10000 ժամ՝ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար։
Հակոբ Մակդիս
«Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր,
ՀՀ Կառավարման ակադեմիայի դասախոս,
Ոչ ֆորմալ կրթության փորձագետ
Ժամանակին ես գիտեի, որ ուժը=գիտելիք։ Գիրքն ընթերցելուց հետո համոզվեցի, որ ուժը=կապեր+սովորություն+ունակություն+ամբիցիա+միջավայր+գիտելիք։
Նման հիմքով մարդն անպայման իրեն կգտնի կյանքում։
Վահագն Դիլբարյան
«100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» գրքերի հեղինակ
Comments
Post a Comment