Հարավային Կովկասի թուրքական նվաճման փորձի հաջորդ շրջափուլը մեկնարկում է 1919-1920 թվականներին, երբ օսմանյան բանակի սպաներից և քաղաքական նախկին վերնախավի մի մասից ձևավորված նոր ուժը՝ գեներալ Մուստաֆա Քեմալի առաջնորդությամբ սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության իրականացումը, որի գլխավոր թիրախներից մեկը դարձյալ Հարավային Կովկասն էր: Նշված ուղղությամբ քեմալական ուժերի համար առաջնային նշանակություն ուներ նախ հնարավորինս նոր տարածքներ նվաճել և ապահովել Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանը: Արդեն 1919 թվականի դեկտեմբերին քեմալականները կապ են հաստատում Ադրբեջանում գտնվող Հալիլ փաշայի հետ, որպեսզի վերջինս ապահովի Փոքր Ասիան Ադրբեջանին միավորող և Նախիջևանն ու Զանգեզուրը ներառող «ռազմավարական միջանցքը»: Չնայած այն հանգամանքին, որ 1920 թվականի ապրիլի վերջից Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, այն շարունակում էր մշտական կապի մեջ լինել քեմալականների հետ, և կողմերն ունեին համագործակցության լայն շրջանակ: Բոլշևիկների կողմից Ադրբեջանի նվաճման վտանգը կամ անխուսափելիությունը հասկանալով՝...