Skip to main content

Հայ-թուրքական հարաբերությունները 1991-1998 թվականներին

 

Նորանկախ Հայաստանն ու Թուրքիայի հետ հարաբերությունների ձևավորման օրակարգը

ՀՀ առաջին շփումները Թուրքիայի Հանրապետության հետ. դրական ազդակներից մինչև հարկադրանքի քաղաքականություն

1991 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Սրան չհաջորդեց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, բայց 2 երկրների միջև տևական շրջան բավական ակտիվ շփումներ կային, նկատելի էին որոշակի դրական ազդակներ: Ինչո՞վ էր պայմանավորված առկա դրական ֆոնը, և որքանո՞վ էր անձերի գործոնն էական, վճռորոշ այդ հարցում:

Կան հարցեր, որոնք հասկանալու համար անհրաժեշտ է որոշ փակագծեր բացել: Պատկերացնենք նորանկախ Հայաստանն իր առջև ծառացած բոլոր դժվարություններով, ու փորձենք հասկանալ, թե ի՞նչն էր այդ շրջանում Հայաստանի համար կարևոր: Կարևոր էր, օրինակ, արցախյան հիմնախնդրի շրջանակներում և Արցախին առնչվող հարցերում մեր դեմ երրորդ ուժի ներգրավվածությունը չեզոքացնելը: Հետևաբար, անհրաժեշտ էր դրական ազդակներ տալ, որոնք Հայաստանի համար կարևոր այս գիծը պոտենցիալ հատողին հնարավորինս զերծ կպահեին այն անցնելուց: Հասկանալի է՝ այստեղ նկատի ունենք Թուրքիային:

Այս ամենի համատեքստում կարևոր է չմոռանալ, որ Հայաստանն ու Թուրքիան նույն «քաշային կարգի» երկրներ չէին և չեն: Եվ հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ նոր անկախացած, նոր քայլեր կատարող Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում դրական էր տրամադրված՝ անկախ ողջ պատմական բեռից՝ անարդարությունից ու ոճրագործությունից մինչև ցեղասպանություն:

Նորանկախ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները ցույց էին տալիս, որ չեն պատրաստվում այդ խնդիրները դնել պետական քաղաքականության հիմքում, և պատրաստ են հավասարը հավասարի հետ բանակցել, հարաբերություն կառուցել, նոր էջից սկսել:

Իսկ ի՞նչ էր տեղի ունենում այդ ժամանակաշրջանում Թուրքիայում:

Լիարժեք պատկերացում կազմելու համար փորձենք պատասխանել 2 հիմնական հարցի.

·       Կա՞ր արդյոք թուրքական էլիտայում միակարծություն Հայաստանի հետ հարաբերությունները կառուցելու տեսլականի շուրջ: Իհարկե, ո՛չ, և չկար՝ պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներով:

·       Կա՞ր արդյոք Թուրքիայի կողմից կամքի և հետևողականության լիակատար առկայություն: Կրկին՝ ոչ:

Առկա տրամադրությունները հընթացս փոխվում էին, ինչն էլ չէր կարող չանդրադառնալ հարաբերությունների վրա: Արդյունքում, ձևավորվել էր մի իրողություն, երբ միևնույն ժամանակահատվածում Թուրքիայի կողմից տեսնում էինք և՛ դրական ազդակներ, և՛ թշնամական քայլեր, որոնք էլ, ինչպես ցույց տվեց ժամանակը. ի վերջո, գերակա դարձան:

Դրական ազդակների ներքո կարող ենք դիտարկել Հայաստանի անկախության ճանաչումը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը, մի կարճ ժամանակահատված տարբեր միջազգային կառույցների շրջանակներում դրսևորած բավական ջերմ վերաբերմունքը, տարբեր ներկայացուցիչների, պատվիրակությունների կողմից  բնականոն հարաբերություններ կառուցելու պատրաստակամությունը: Դրական ազդակ կարելի էր համարել նաև պատերազմի ընթացքում Հայաստանի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի օրերին ցորենի փոխադրման համար Թուրքիայի կողմից ճանապարհի տրամադրումը:

Դրանից կարճ ժամանակ անց՝ պայմանավորված արցախյան պատերազմում հայկական զորքերի գրանցած հաջողություններով, Թուրքիան, ի աջակցություն Ադրբեջանի, միակողմանիորեն փակեց հայ-թուրքական սահմանը: Դիվանագիտական հարաբերություններն այդպես էլ չհաստատվեցին: Որպես թշնամական ազդակ պետք է դիտարկել նաև արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիայի բանակային ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրից տեղաշարժը և Հայաստանի հետ սահմաններին տեղակայումը, որն ուղղակի անվտանգային սպառնալիքից զատ, ուներ նաև «հոգեբանական պատերազմի» տարրեր և ահաբեկման խնդիր էր հետապնդում: Անկարայի կողմից նման քաղաքականության իրականացումը տվյալ ժամանակահատվածում կասեցվեց միայն ԱՊՀ Միացյալ ռազմական ուժերի գլխավոր հրամանատարի՝ ռուս բարձրաստիճան սպայի հայտնի արտահայտությունից հետո: Անշուշտ, Թուրքիայի գործողություններին ու կեցվածքին հետևում էին նաև Սփյուռքում, և հատկապես արևմտյան երկրներում ապրող մեր հայրենակիցներն, ու Սփյուռքի կառույցները ջանքեր էին գործադրում՝ հասնելու համար Թուրքիայի գործողությունները սաստող, զսպող ազդակներին Արևմուտքի կողմից: Թեև նման ազդակներն Անկարային առանձնապես չէին կաշկանդում, դրանք Թուրքիայի կողմից լուրջ չէին ընկալվում:

Համադրելով դրական ու բացասական ազդակների հարաբերակցությունը, տեսնում ենք, որ որպես արդյունք կամ «չոր մնացորդ»՝ մնաց թշնամանքը. Թուրքիան այդպես էլ չբալանսավորեց հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև, չհրաժարվեց իր ողջ ռեսուրսով կողմերից մեկի թիկունքը լինելուց և այս ամենի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության առաջ դրեց նախապայմաններ, որոնք քաղաքականությունը դարձնում էին հարկադրանքի քաղաքականություն: Այս ամենով է պայմանավորված նաև, որ քաղաքական գիծը Թուրքիայի հանդեպ սկսեց տրանսֆորմացիաներ կրել:

Անդրադարձաք ԱՊՀ-ն ներկայացնող ռուս բարձրաստիճան սպայի հայտարարությանը: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ հատկապես այդ շրջանում ԱՊՀ-ից խոսելիս, առաջին հերթին, պիտի ՌԴ դերակատարումը հաշվի առնենք: Կարո՞ղ ենք այս հայտարարությունը տրանսֆորմացնել դեպի ՀՀ-ՌԴ հարաբերություններ և արդյո՞ք այն պայմանավորված էր հայ-ռուսական հարաբերությունների մակարդակով, թե՞, ըստ էության, արդեն ՌԴ «կարմիր գծերն» էին հատվում:

Բնականաբար, այս հայտարարությանն անդրադառնալիս, առաջին հերթին, հենց ռուսական գործոնը նկատի ունենք: Տեսեք, Խորհրդային Միության փլուզումից հետո իրավիճակը բավականին բարդ էր նաև Ռուսաստանի համար: Նորանկախ ՌԴ-ն պետք է կարողանար սահմանել ստեղծված իրավիճակից բխող իր «կարմիր գծերը»: Դա, առհասարակ, արագ գործընթաց չէ, շատ դեպքերում բավական ժամանակատար է՝ ուղղորդվող քաղաքականության որոշակի ուղենիշների տրանսֆորմացիաներով: Եվ հընթացս այս ամենին՝ ռուսական կողմի մոտ կար հստակ գիտակցում, որ որոշ երկրներ, ուժեր չեն սպասելու, մինչև իրենք իրենց քաղաքականության հստակեցումները կանեն, ավելին՝ փորձելու են օգտվել առաջացած դադարից ու մեծացնելու են իրենց ներգրավվածությունն ու ազդեցությունը՝ ի հաշիվ ՌԴ-ի: Հետևաբար, սա Ռուսաստանին կանգնեցնում էր արագ արձագանքելու և վերոնշյալը կանխելու խնդրի առաջ՝ ավելի վաղ, քան այդ ամենը կուրվագծվեր ու կդառնար քաղաքականություն իր ողջ գործիքակազմով:

Մյուս կողմից, իհարկե, կար հայ-ռուսական բարեկամության հանգամանքը և այն պարզ ընկալումը, որ բարեկամ ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ: Հայաստանը նոր անկախացած պետություն էր, և Հայաստանին ու հայ ժողովրդին ձեռք չմեկնելը, ռուսական կողմի ընկալմամբ, այսպես թե այնպես, իր հետևանքները կթողներ, կազդեր հայ-ռուսական հարաբերությունների, ժողովրդի ընկալումների և հանրային կարծիքի վրա: Այս ամենի արդյունքում, փաստորեն, ականատես եղանք այդ արագ արձագանքին: Ես վստահ եմ, որ թուրքական կողմն իր պլաններն ուներ նման արձագանքի բացակայության պարագայում շատ արագ որոշ խնդիրներ լուծելու ուղղությամբ: Բայց իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին:

1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակեց հայ-թուրքական սահմանը: Ընդ որում, կարևոր է, որ հայ-թուրքական փակ սահմանը դարձավ փակ սահման նաև Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև, Հայաստանի ու ԵՄ ազատ առևտրի գոտու միջև… Սահմանը փակելու Անկարայի որոշումը պայմանավորված էր արցախյան պատերազմի ընթացքով ու հայկական ուժերի գրանցած հաջողություններով: Նման իրադարձությունը չէր կարող ազդեցություն չունենալ երկկողմ շփումների վրա, բայց, այնուամենայնիվ, անգամ սրան հաջորդած տարիներին զգալի ջանքեր էին գործադրվում հարաբերություններում կառուցողական վիճակ ունենալու համար: 1995 թվականին տնտեսական համագործակցության քայլեր էին նշմարվում, օդային ճանապարհն էր բացվում: Ի՞նչն էր ստիպում Հայաստանին շարունակել ջանքերն այս ուղղությամբ:

Մոտիվացիան պետք է տեսնել օբյեկտիվ անհրաժեշտության մեջ՝ պայմանավորված Հայաստանի անվտանգությանև Արցախի անվտանգության ապահովմամբ: Շատ կարևոր է չմոռանալ, որ անվտանգության առավել լիարժեք երաշխիքներ մենք ստանում ենք միայն 1997 թվականին, երբ արդեն կնքվում է հայ-ռուսական պայմանագիրը՝ «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին»: Իսկ մինչ այդ պարզապես չկար իրավապայմանագրային պարտավորություն և խնդիրը պայմանավորված էր զուտ դերակատարների, գործընկերների կամքով և այդ պահի քաղաքական նպատակահարմարությամբ: Այսինքն, մինչ այդ՝ մինչ 1997 թվականը, Հայաստանի կարևոր խնդիրն անվտանգության ամբողջական երաշխիքների բացակայությունն էր: Եթե փորձենք ավելի հստակ ձևակերպել, ապա մինչև 1997 թվականը Թուրքիայի նկատմամբ ՀՀ վարած քաղաքականությունը պայմանավորված էր 3 հիմնական հանգամանքով.

1.ՀՀ անվտանգությամբ՝ ներառյալ Թուրքիայի հնարավոր ագրեսիայի զսպմամբ

2.Արցախյան պատերազմում Թուրքիայի բացահայտ ագրեսիվ դերակատարման կանխմամբ

3.Նորանկախ Հայաստանի ցանկությամբ՝ բոլոր հարևան պետությունների հետ ստեղծել բնականոն հարաբերություններ, անկախ անգամ այն հանգամանքից, որ կային խնդիրներ, որոնք մոռացության մատնել հնարավոր չէր:

Լոկալ և գլոբալ մակարդակներում առկա էին նշված 3 հիմնական մոտիվացիոն գործոնները, որոնցով էլ պայմանավորված կիրառվում էր հնարավոր ողջ գործիքակազմը՝ հարաբերությունները կարգավորելու համար:

Այս տեսանկյունից 1997 թվականը որոշակիորեն իր հետ ներքին ամրության զգացողություն բերեց, առաջին հերթին, անվտանգության երաշխիքների մասով: Իսկ Թուրքիայի կողմիղց դրական ազդակների սակավանալը, ձևական դառնալը, փոխարենը ամբողջական անցումը հարկադրանքի քաղաքականությանը, հանգեցրեց քաղաքական գծի տրանսֆորմացիայի արդեն 1998 թվականից սկսած: Ու, ինչպես տեսնում եք, այստեղ ոչ թե անձերի դերակատարումն էր որոշիչ, այլ օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ տվյալ ժամանակի թելադրած խնդիրներին համապատասխան:

Թուրքական նախապայմաններն ու դրանց վերափոխումները

Թուրքիայի ամբողջական անցումը հարկադրանքի քաղաքականության դրսևորվեց, այդ թվում, հարաբերությունների կարգավորման նախապայմանների առաջքաշմամբ: Ո՞ր փուլից Թուրքիան սկսեց բացահայտ խոսել նախապայմանների լեզվով, և ի՞նչ էին այդ նախապայմաններն իրենցից ներկայացնում:

Թուրքիան շատ վաղուց է նախապայմանների լեզվով խոսում: Այդ խոսույթին մենք ականատես ենք եղել անկախանալուց հետո՝ արդեն պատերազմական իրավիճակում: Դրանք պարբերաբար հնչեցվում էին: Այո՛, նախապայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվել են, բայց դրանցից առնվազն 3-ը շատ կայուն կերպով պահպանվել են ողջ ընթացքում: Դրանք են՝

Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարում

Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում Ադրբեջանի շահերին համապատասխան

Առաջինը վերաբերում էր ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելուն, ճանաչման գործընթացը կասեցնելուն և ՀՀ-ին պարտադրելուն, որ վերջինս այս հարցում ոչ մի քայլ, գործողություն ու ներդրում չունենա անգամ Սփյուռքի վրա՝ իր հնարավոր ազդեցությամբ: Սրա հետ կապված՝ նպատակը շատ հստակ էր. Թուրքիայի ընկալմամբ՝ եթե պետությունն այդ հարցում չունի ներգրավվածություն, չունի դերակատարում, ապա իրենք նորից մնում են դեմ հանդիման աշխարհասփյուռ հայության հետ, իսկ այդտեղ իրենք աշխատանքի որոշակի փորձ՝ լավ թե վատ, արդեն ունեին: Եվ, հետևաբար, ՀՀ-ին իրենց ընկալմամբ հնարավոր բոլոր եղանակներով պետք էր դուրս բերել ցեղասպանության ճանաչման գործընթացից:

Երկրորդ կետը վերաբերում էր Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման խնդրին, որն առաջին հայացքից կարող է զարմանալի, տարօրինակ թվալ. ընդ որում՝ անգամ հենց Թուրքիայի ներսում գտնվող որոշ շրջանակների համար: Բայց սա էլ ունի իր տրամաբանական բացատրությունը: Կարևոր է հասկանալ, որ Թուրքիայի վախերը նախ և առաջ հոգեբանական են՝ պայմանավորված նրանով, որ իրենք հայրենիք են խլել, հայրենազրկել են հայ ժողովրդին, և իրենց մոտ առկա է բավական լուրջ մտավախություն, որ արդարության վերականգնման պահանջը սերնդեսերունդ փոխանցվելու արդյունքում մի օր կգան «գողացվածի» հետևից, հետևաբար փորձում են ապահովագրել իրենց հնարավոր բոլոր միջոցներով: Բայց եթե լրիվ իրատես լինենք, կհամոզվենք, որ եթե անգամ ՀՀ-ն՝ մի կողմից, Սփյուռքն իր ինչ-ինչ եղանակներով՝ մյուս կողմից, 10 անգամ էլ ճանաչեն Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, միևնույն է, այդ բարդույթը վերջինիս մոտ չի վերանալու: Եվ այս հարցն իրականում ունի 1 լուծում՝ անկեղծ երկխոսություն և հաշտեցման իրական գործընթաց, որից շարունակաբար խուսափում է Թուրքիան:

Նախապայմանների երրորդ կետը վերաբերում էր արցախյան հիմնախնդրին և վերջինիս շրջանակներում Ադրբեջանի դիրքորոշումների և տեսակետների աջակցմանը: Սրա հետ կապված ՀՀ-ից ակնկալիքը ձևակերպվել էր դեռ արցախյան առաջին պատերազմից սկսած: Օրինակ՝ դուրս գալ, ինչպես իրենք էին անվանում, Ադրբեջանի տարածքից, միակողմանիորեն բավարարել Բաքվի պահանջները: Սա ուներ և՛ ընդհանուր՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգման պահանջ, և՛ ժամանակ առ ժամանակ ունենում էր նաև ավելի կոնկրետ ձևակերպումներ՝ ԼՂԻՄ հարակից 7 շրջանների հանձնում Ադրբեջանին, զորքերի դուրսբերում, ինքնորոշման իրավունքից հրաժարում:

Հանրությունների ընկալումները, ՀՀ «դրական օրակարգն» ու Թուրքիայի հարձակողական կեցվածքը

Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության պահպանման ձգտումը պայմանավորված էր հիմնականում անվտանգային գործոնով: Բայց, այնուամենայնիվ, քաղաքականությունն իրականացնողների՝ գործող իշխանությունների մոտեցումը, տրամադրվածությունը չի կարող ազդեցություն չունենալ ընդհանուր քաղաքական մտածողության վրա, գուցե նաև՝ հանրային տրամադրությունների: Կա մոտեցում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության կողմից, գիտակցաբար կամ անգիտակցաբար, փորձ էր արվում տրանսֆորմացիայի ենթարկել ավանդական թշնամու կերպարը: Զուգահեռաբար, նման տենդենցներ պարզապես չկար Թուրքիայում: Այս ամենը հաշվի առնելով՝ ինչպիսի՞ն էր հանրությունների ընկալումը շփումների ու հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ կապված:

Եթե անդրադառնանք Հայաստանի այն ժամանակվա իշխանության վարած քաղաքականությանը, ապա պիտի նշենք, որ վերջինիս մոտ կար հստակ ընկալում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ ժողովրդի մոտ առկա է էմոցիոնալ վիճակ, որը պայմանավորված է ինչպես պատմական հիշողությամբ, այնպես էլ դրան գումարված, նորագույն հիշողությամբ: Բայց կար մի ուրիշ խնդիր ևս՝ պատկերացնել այս ամենի ծիրում պետության տեղն ու դերը, հասկանալ հնարավոր անելիքները՝ պրագմատիզմի, պետության անվտանգության ապահովման տարբեր միջոցներ դիտարկելու տեսանկյունից: Այս 2 հանգամանքները շատ դեպքերում նույնիսկ բախվող որոշակի տարրեր էին ունենում: Հետևաբար, ես հակված չեմ այն մտքին, որ իշխանությունների խնդիրն ավանդական մոտեցումը ջախջախելն էր: Կարծում եմ, որ խնդիրն ավելի շատ բանաձև գտնելու մեջ էր, որը կտար հնարավորություն համատեղ անվտանգ գոյակցման՝ միգուցե ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները նաև օրակարգ բերելով և փորձելով գտնել լուծումներ: Սա, իհարկե, ուներ իր արտացոլումը հանրությունների և հասարակությունների մոտ: Իսկ եթե խոսենք մեր հանրության մասին, ապա չպիտի մոռանանք արձանագրել, որ մոտեցումները տարբեր էին Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մոտ:

Արցախում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարց, հայ-թուրքական գործընթացին առնչվող որևէ խոսույթ գրեթե չկար: Դա հասկանալի էր, քանի որ Արցախն արդեն պատերազմական իրավիճակում էր՝ դրանից բխող բոլոր խնդիրներով:

Սփյուռքում տրամադրությունները բավական ծայրահեղ էին, որովհետև Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների մոտ տպավորություն էր, որ երկիրը՝ այդքան սպասված անկախ պետությունը, այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսին, օրինակ,  հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն է, իր օրակարգում չի ներառում: Սա որևէ կերպ միանշանակ չէր ընդունվում և բերում էր Սփյուռքի տարբեր շրջանակների կողմից բավական լուրջ հակազդեցության:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մեր քաղաքացիներին ու հանրությանը, ապա այստեղ տիրող իրավիճակը կարելի է անվանել «անորոշ սպասում»: Հանրության ներսում առկա էր այն պատկերացումը, որ մենք այլևս մեծ երկրի մաս չենք, մենք անկախ պետություն ենք, հետևաբար անվտանգային խնդիրների ողջ ներկապնակն ունենք, և դեռ բարդ է հասկանալ, թե արտաքին անվտանգային ի՞նչ միջավայր կձևավորվի մեր շուրջ, արդյո՞ք կունենանք այնպիսի գործընկերներ, որոնց օգնությամբ որոշակիորեն կերաշխավորենք մեր անվտանգությունը:

Այս հարցադրումները սկսում էին դառնալ հանրային խոսույթի մաս: Այո՛, առկա էր հիշողությունը, էմոցիոնալ բաղադրիչը և մյուս կողմից՝ խնդիրը՝ այդ ամենից անցում կատարել դեպի իրական քաղաքականություն: Սակայն ցեղասպանության խնդիրն էլ իր հերթին անջատված չէ իրական քաղաքականությունից: Բազմիցս ասել եմ, որ ցեղասպանության ճանաչման խնդիրն առաջին հերթին պատմական հիշողության հարց չէ, արդարության վերականգնման հարց չէ, այլ անվտանգության խնդիր է, քանի որ եթե ցեղասպանություն իրականացնող կողմն արվածը «մարսեցնում» է, ապա դրանով իսկ ինքը զգում է անպատժելիություն և կարող է կրկնել ցանկացած պահի: Այս համատեքստում սա նույնպես տրանսֆորմացվում է կամ պրոյեկտվում է ՀՀ քաղաքացու վրա: Ի տարբերություն Սփյուռքի մեր հայրենակիցների՝ եթե անվտանգության գործոնի հետ կապված խնդիր առաջանա, Հայաստանի ներսում բնակվող քաղաքացին իր մաշկի վրա է զգալու այն: Ստացվում է՝ մի կողմից առկա էր խաղաղ դրացիության բանաձևի փնտրտուքը, մյուս կողմից՝ վերոնկարագրյալ խնդիրը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի նորանկախ շրջանը հարաբերությունների կարգավորման տեսանկյունից այն փուլն էր, երբ Թուրքիան շատ լուրջ շանս բաց թողեց, չօգտագործեց: Այդ տարիներին առկա էր հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություն:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հանրությանը, ապա այնտեղ այդ տրամադրությունները սպեկտուալ առումով բավական բազմազան էին ու տարբերվող: Ե՛վ այն ժամանակ՝ 30 տարի առաջ, և՛ այսօր Թուրքիայում կան ազգայնականներ, որոնց համար Հայաստանի ու հայերի հետ կապված ցանկացած դրական քայլ, միտում կամ պատկերացում իր հետ լուրջ խնդիրներ է բերում: Եվ սա հասկանալի է՝ հաշվի առնելով և՛ առկա բարդույթները, և՛ ճկունության բացակայությունը, որն հատուկ է պահպանողական-ազգայնական գաղափարախոսությանը: Վերջինիս ընկալմամբ՝ հաշտեցման գործընթացի ներքո Թուրքիան չի լինի այն Թուրքիան, որն այսօր է: Ավելին, իրենց համար բարդ է ընդունել այն, թե ինչպես կարող էր թուրքն այդ ամենը կազմակերպողն ու իրականացնողը լինել: Սա նրանց ողջ գաղափարական գծի հետ շատ լուրջ բախում է տալիս, նրանց պատկերացման, նրանց ընկալումների, Թուրքիայի դերի, նշանակության, Թուրքիայի ապագայի հետ կապված: Մյուս կողմից՝ չպիտի մոռանանք նաև «Սևրի սինդրոմի» մասին՝ կապված 1920 թվականին ստորագրված Սևրի պայմանագրի հետ: Թուրքիայում այսօր էլ որոշ շրջանակներ ունեն լուրջ մտավախություններ սրա հետ կապված՝ չնայած անգամ այն հանգամանքին, որ այս փաստաթուղթը կյանքի չի կոչվել: Թուրքական հասարակության որոշակի շերտերում սա առավելապես տարածված է՝ որպես համոզմունք, ըստ որի՝ կան արտաքին ուժեր, որոնք շարունակաբար փորձում են թուլացնել, կործանել Թուրքիան:

Պահպանողական-ազգայնական ուժերից զատ, Թուրքիայում կան ձախեր և քաղաքական ուղղվածության տարբեր խմբավորումներ, որոնք դրական սպասում ունեին: Իսկ ընդհանուր առմամբ հանրության սովորական հատվածի, միջին վիճակագրական քաղաքացու համար կար որոշակի սպասում, և նման մթնոլորտի ձևավորման գործում կարևոր նշանակություն ուներ այն, որ թուրք հասարակության համար հայերն անծանոթ չէին: Կային նաև քաղաքական էլիտայի շատ փոքր հատվածներ, որոնք սրա ներքո ունեին ընկալում, որ այս գործընթացը Թուրքիայի համար կարող է լավ հնարավորություն դառնալ՝ քաղաքակիրթ կեցվածքով առաջ գնալու՝ ազդակներ տալով թե՛ աշխարհին, թե՛ սեփական հանրությանը: Անշուշտ, սա չնչին տոկոս էր կազմում: Այո՛, մենք նշում ենք այս մասին, քանի որ եթե մի դրական բան կա, ապա չի կարելի մոռանալ, ուրանալ, պետք է նշել, բայց կարևոր է հասկանալ նաև, որ քանակի և տեսակարար կշռի տեսանկյունից խոսքն իրականում շատ փոքր հատվածի մասին է: Ավելի ուշ շրջանում մենք դրա ականատեսն եղանք արդեն այլ դրսևորումների ներքո:

1991-1998 թվականներն ընկած ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների կողմից արվեց ամեն ինչ Թուրքիայի հետ «դրական օրակարգ» ունենալու նպատակով: Ի՞նչ ունեցանք արդյունքում:

Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից որդեգրված և իրականացվող «դրական օրակարգն» արդյունք չտվեց: Սակայն այն ոչ միայն արդյունք չտվեց, և մնացինք պասիվ «անարդյունք» իրավիճակում, այլ ստացվեց այնպես, որ Թուրքիան ակնհայտ հարձակողական կեցվածք որդեգրեց՝ Հայաստանի ու հայկական շահերի դեմ իրականացնելով բավական լուրջ գործողություններ: Հետևաբար, Թուրքիայի հետ օրակարգը պետք է արդեն բխեր փաստացի գոյություն ունեցող իրավիճակից:

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Խոշորացույց. մենք և հարևանները»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Գրքեր

Ղարաբաղյան հակամարտություն Արցախի էլեկտրոնային գրադարան https://artsakhlib.am/category/արցախյան-ղարաբաղյան-հակամարտությու/ http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0nlagradZz-arcaxyan--00-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--10-en-50---20-about-ճապոնիա--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=p&p=about Շահեն Ավագյան-  «Լեռնային Ղարաբաղ իրավական ասպեկտներ» http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/avagyan_LKharabax_2010.pdf Շավարշ Քոչարյան-  «Ինչու՞ դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» https://www.mfa.am/filemanager/Statics/Article_nkr_arm.pdf Էդվարդ Նալբանդյան- «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2015/02/06/min-fr-polint-art/4781 Ալեն Ղևոնդյան-  «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել...» http://www.ysu.am/files/KARABAX_NEW.pdf Մադրիդյան սկզբունքներ- https://www.aniarc.am/2020/01/25/madrid-principals-armenian-text/ https:/...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...