1998-2008
թվականների հայոց ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն
Նոր
մոտեցումներ ու նոր ձեռագիր
ՀՀ
նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց կարճ ժամանակ առաջ ստորագրվեց «ՀՀ
և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» հայ-ռուսական
պայմանագիրը, որով անվտանգության երաշխիքների հարցը բարձրացվում էր էապես ավելի բարձր
մակարդակի: Ստեղծվել էր հնարավորություն Թուրքիայի նկատմամբ ավելի անկաշկանդ, ավելի
վստահ քաղաքականություն իրականացնելու: Հաշվի առնելով այս ամենը՝ ինչպե՞ս փոխվեցին
Թուրքիայի նկատմամբ ՀՀ իշխանությունների մոտեցումները, ի՞նչ դեր էր զբաղեցնում Թուրքիան
նոր իշխանությունների «կոմպլեմենտարիզմի» քաղաքականության ներքո:
ՀՀ
երկրորդ նախագահի պաշտոնավարման մեկնարկային փուլում, 1997 թվականի պայմանագրից զատ,
առկա էին նաև այլ որոշիչ գործոններ, որոնց շարքում պետք է դիտարկել «փորձել ենք ամեն
ինչ, բայց արդյունք չի եղել» մոտեցումը՝ դրանից բխող հարցերով: Օրինակ՝ «արդյունք չի
եղել, ու մենք նույն նոմինալ կետում ենք» կամ «արդյունք չի եղել, բայց Թուրքիան կապիտալիզացնում
է իր հարկադրանքը և դրանով լրացուցիչ խնդիրներ ստեղծում»: Սրանք արմատապես տարբեր իրավիճակներ
են՝ տարբեր լուծումներ պահանջող:
Ստացվում
է, որ Թուրքիան նախորդող տարիների փոխադարձ դրական ազդակներից անցում կատարեց ազդակների
քչանալուն, ձևական դառնալուն, բավական ագրեսիվ և բալանսներ չպահող միակողմանի քաղաքականություն
վարելուն: Արդյունքում Հայաստանի համար ի հայտ եկան նոր քանակի ու տեսակի մարտահրավերներ:
Դրա օրինակ է Թուրքիայի կողմից միջազգային բոլոր կառույցներում Ադրբեջանի հակահայկական
նախաձեռնությունները սատարելը, նախապայմանները վերջնականացնելը, բյուրեղացնելը՝ որպես
թելադրանք կամ օրակարգ:
Շրջափակումը
ևս թշնամանքի բավական բարձր դրսևորում էր: Եվ ես շատ հուսով եմ, որ կգա մի օր, որ կտրվի
փակված ճանապարհների ու շրջափակման պատճառով հասցված վնասի ու չստացված օգուտի ամբողջական
գնահատականը՝ դրանից բխող իրավական ու քաղաքական հետևանքներով:
Բացի
այն, որ 1997 թվականի պայմանագրով անվտանգության երաշխիքների խնդիրը լուծվել էր, արդեն
ունեինք նաև արցախյան հիմնախնդրով զբաղվող կայացած կառույց, որտեղ իր ներգրավվածությունն
ապահովելու համար Թուրքիան մեծ պայքար էր մղել, սակայն նրա մասնակցությունը սահմանափակվել
էր Մինսկի խմբի անդամ լինելով: Այս ամենն իր հետ բերեց քաղաքական գծի շատ հստակ տարբերակում.
Թուրքիայի հետ օրակարգը պետք է հստակեցվեր ու խնդիրները պետք է բարձրաձայնվեին: ՄԱԿ-ի
ամբիոնից երկրորդ նախագահի ունեցած առաջին ելույթում շատ հստակ ընդգծվեց ցեղասպանության
խնդիրը, և մենք ականատես եղանք պետական տարբեր մարմինների ու կառույցների կողմից այս
հարցի հետ կապված խուսանավումների ավարտին: Փաստորեն, պետության անմիջական մասնակցությամբ
նոր թափ հաղորդվեց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, և այն դարձավ ՀՀ
արտաքին քաղաքականության օրակարգի բաղկացուցիչ՝ նոր մակարդակի բարձրացնելով նաև Հայաստան-Սփյուռք
հարաբերությունները: Այս տեսանկյունից պատահական չէր նաև, որ ՀՀ երկրորդ նախագահի «քաղաքական
հենարան» հանդիսացավ հենց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ հաշվի առնելով
վերջինիս պայքարը ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության հարցում և ազդեցությունը
Սփյուռքում: Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման հենց սկզբից ականատես եղանք
Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականության հստակ փոփոխության: Եվ արդեն սկսվեցին տարբեր
երկրներում ու միջազգային կառույցներում ճանաչման գործընթացի հետ կապված հետևողական
աշխատանքները, քաղաքական օրակարգում կարևոր տեղ զբաղեցրեց Թուրքիայի հասցրած վնասների
բարձրաձայնումը:
Քաղաքականությունը,
որն իրականացվում էր ՀՀ առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին, արդյունք չբերեց,
հետևաբար առաջանում էր շատ պարզ, տրամաբանական հարց՝ ի՞նչ էր պետք անել այս պարագայում:
Եվ ասել, որ այստեղ Հայաստանն ուներ առաջարկելու որևէ ավել բան՝ նախկինում իրականացվող
քաղաքականության տրամաբանության մեջ հարաբերությունները կարգավորելու համար, իրատեսական
չէր: Հետևաբար, քաղաքական գիծը պետք է կրեր փոփոխություն, ինչն էլ տեղի ունեցավ: Կոմպլեմենտարիզմի
քաղաքականության հետ հայ-թուրքական առնչությունների կապն անուղղակի էր, առավելապես
ՌԴ-Արևմուտք բալանսավորումների «հեռավոր» ծիրում:
Թուրքիայի
նկատմամբ իրականացվող քաղաքականության փոփոխության մեջ, ի թիվս 1997 թվականի հայ-ռուսական
ռազմական համագործակցության մասին պայմանագրի և Ձեր կողմից նշված «փորձել ենք ամեն
ինչ, բայց արդյունք չի տվել» մոտեցման, ազդեցություն ունե՞ր Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների
զարգացումը: Ի վերջո, դրանք ստատիկ վիճակում չէին, զարգանում էին, խորանում: Ինչպե՞ս
էր ազդում դա հայ-թուրքական գործընթացի վրա:
Խորհրդային
Միության փլուզումից հետո Թուրքիան փորձում էր որքանով հնարավոր է լցնել առաջացած վակուումը,
և այս պարագայում առաջնային թիրախները, որտեղ նա ուզում էր էապես մեծացնել իր ազդեցությունը,
միջինասիական հանրապետություններն էին և Հարավային Կովկասը, որտեղ որպես հենակետ դիտվում
էր Ադրբեջանը: Պատահական չէ, որ սկսում են առաջանալ բանաձևեր, որոնք ժամանակի ընթացքում
բյուրեղանում են: Այսինքն՝ «1 ազգ, 2 պետություն» բանաձևի ակունքները դեռ այն ժամանակ
կային, անգամ անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանում դա այդքան էլ հեշտ չէր ընկալվում
կամ Ադրբեջանի ողջ հանրությունը դրա կողմնակիցն ու ջատագովը չէր: Սրանք բանաձևեր են,
որոնք այդ ժամանակահատվածում զարգացվում են և, ժամանակի հետ բյուրեղանալով, գալիս հասնում
են մեր օրեր: Եվ, այո՛, թուրք-ադրբեջանական հարաբերությունները գնալով սերտանում էին,
խորանում: Իսկ այդ խորացումն էլ Ադրբեջանն առավելագույնս փորձում էր օգտագործել՝ ի
նպաստ իր շահերի ազդեցություն ունենալու համար հայ-թուրքական գործընթացի վրա և հնարավորինս
խանգարելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը:
Սակայն
այստեղ միշտ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը, ամեն ինչից զատ, հետխորհրդային հանրապետություն
էր, և հարաբերությունների սերտացումը Թուրքիայի հետ այն արագությամբ, որը ցանկալի կլիներ
որոշ գործիչների կամ ուժերի համար, տեղի չէր ունենում: Բայց մի բան պարզ էր, որ Թուրքիան
ի սկզբանե արցախյան հակամարտության հետ կապված դիրքավորվել էր շատ հստակ, շատ միանշանակ
և որևէ կերպ բալանսներ պահելու խնդիր իր առաջ չէր դրել: Ստացվում է, որ նա դիրքավորվել
էր որպես Ադրբեջանի դաշնակից, և այդ դիրքավորումը միայն հռետորաբանության մեջ չէր,
այլ ուներ բավական կիրառական նշանակություն՝ սկսած միջազգային կառույցներում, կազմակերպություններում
Ադրբեջանի թիկունքին կանգնելուց, միջազգային տարբեր արշավներ անելուց, մինչև այլ եղանակներով
օժանդակության տրամադրման պատրաստակամություն:
Ի՞նչ
ունեինք մենք: Կար, այո՛, Ձեր կողմից հիշատակված կառուցողականության փորձը, որը չուներ
արդյունք, կար անվտանգային գործոնը, որն արդեն փոխակերպված էր և կար Թուրքիան, որը
մի կողմից որևէ կերպ չէր պատրաստվում փոխել իր դիրքավորումը՝ փորձ անելով, օրինակ,
դառնալու հավասարահեռ կամ հավասարահեռին մոտ մի ուժ հայ-ադրբեջանական հակամարտության
շրջանակներում, մյուս կողմից՝ ձգտում էր հնարավորինս մոտ գտնվել արցախյան կարգավորման
գործընթացին, ունենալ դրա վրա ներգործման իրական մեխանիզմներ:
Երկրորդ
նախագահը մի կողմից կոշտացրեց Հայաստանի դիրքորոշումը՝ այդ թվում ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած
իր հայտնի ելույթով, բայց, մյուս կողմից, պատրաստակամություն էր դրսևորում նաև կառուցողական
երկխոսության: Հիշենք, օրինակ, 2001 թվականի թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի
ստեղծումը: Ո՞րն էր Հայաստանի իշխանությունների նպատակը, ինչո՞վ էր պայմանավորված:
Այդ
ժամանակ Թուրքիայի ազդակներն աշխարհին հետևյալն էին՝ Թուրքիան ցանկանում է Հայաստանի
հետ բնականոն գործընթաց, բնականոն հարաբերություններ, փոխարենը՝ Հայաստանը մնացել է
պատմության քառուղիներում՝ ապրելով անցյալում, Հայաստանը Թուրքիայի դիմաց դնում է խնդիրներ,
որոնք կառուցողական չեն և բնականոն հարաբերությունների զարգացմանը չեն նպաստում, թե՛
ժողովուրդը, թե՛ պետությունը բարդույթավորված են:
Բոլորս
քաջ գիտակցում ենք, որ սա կեղծիք է, այնուամենայնիվ, Թուրքիան հենց այս ազդակներն էր
տալիս աշխարհին: Զուգահեռաբար, մենք ականատես էինք լինում հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման, տարբեր մակարդակներով հաշտությանն օժանդակելու վերաբերյալ արևմտյան տարաբնույթ
նախաձեռնությունների: Այս պարագայում ակներև է, որ Հայաստանի համար բոլոր նախաձեռնությունները
մերժելը բարդ էր, քանի որ դրանք գին ունեին և տարաբնույթ խնդիրների առաջ կկանգնեցնեին
երկիրը: Անշուշտ, պետք էր հաշվի առնել, որ սա նախաձեռնողների նկատմամբ նաև հարգանքի
հարց էր:
Ընդհանուր
առմամբ, Հայաստանի որդեգրած մոտեցումը հետևյալն էր. ցույց տալ աշխարհին, որ Թուրքիայի
տված պատկերը չի համապատասխանում իրականությանը, և իրականում Անկարան նախաձեռնում ու
իրականացնում է բացառապես թշնամական գործողություններ, բայց անգամ այդ պարագայում,
եթե կարիք կա մաս լինելու կառուցողական գործընթացի, ապա մենք դրանից չենք խուսափում:
Միևնույն
ժամանակ շատ կարևոր է հաշվի առնել, որ այն ամենը, ինչից խոսում ենք, այդ թվում՝ Ձեր
նշած հայ-թուրքական հաշտության հանձնաժողովը, տարաբնույթ նախաձեռնությունները, ծրագրերը,
պետական գործընթաց չէին: Զուգահեռաբար, կային նաև պետական մակարդակով հարաբերությունների
կարգավորման փորձեր, որոնք, սակայն, ամբողջությամբ գաղտնազերծված չեն: Որոշ փակագծեր
հետագայում բացել է այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ 2006 թվականին
Շվեյցարիան իր միջնորդությունն առաջարկեց հայ-թուրքական բանակցություններում՝ դրանց
ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելով: Բայց որևէ պարագայում Թուրքիան չդրսևորեց պատրաստակամություն՝
հրաժարվելու նախապայմաններից: Ավելին, անգամ որպես «դրական ազդակ» ներկայացված քայլերն,
իրականում այդ նախապայմանների շրջանակներում էին: Հիշենք 2005 թվականի Թուրքիայի վարչապետ
Էրդողանի նամակը ՀՀ նախագահ Քոչարյանին, որով առաջարկվում էր ստեղծել պատմաբանների
հանձնաժողով՝ «1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու համար»: Ի դեպ, թուրքական
այս նախաձեռնությունը պայմանավորված էր նաև Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացով,
և նման առաջարկով Անկարան Եվրոպային փորձում էր ցույց տալ, որ պատրաստ է հարաբերությունների
կարգավորման հայերի հետ: Էրդողանի նամակին Հայաստանի նախագահի պատասխանը վերահաստատում
էր հայկական կողմի մոտեցումն առ այն, որ 2 երկրների միջև հարաբերություններ պիտի հաստատվեն
առանց նախապայմանների, և որ երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը
կրում են կառավարությունները և իրավասու չեն պատվիրակել այն պատմաբաններին:
Ընդհանուր
առմամբ, խոսելով պատմաբանների հանձնաժողովի մասին, կարևոր է հասկանալ, թե որն է այս
հարցում Թուրքիայի նպատակը: Անկարան առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով
մի իրավիճակում, երբ արդեն կայի՞ն նորմալ, բնականոն, միջպետական հարաբերություններ,
առկա՞ էր նորմալ փոխգործակցություն, չկայի՞ն փակ սահմաններ, հարկադրանքի քաղաքականություն,
թշնամանք… Անգամ այս պարագայում բավական լուրջ խնդիրներ էին առաջ գալու, բայց մենք
շատ ավելի բարդ վիճակում էինք, մենք չունեինք և այսօր էլ չունենք վերը թվարկածը՝ իրավիճակ,
որ կարելի կլիներ բնականոն անվանել: Լավ, մի պահ ենթադրենք, թե այդ հանձնաժողովը ձևավորվել
է, գործում է, և տարիներ շարունակ ինչ-որ կոնկրետ հարցի շուրջ չի կարողանում եզրակացության
գալ: Սա տալու է Թուրքիային լեգիտիմ հիմք՝ շարունակել Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը՝
փակ սահման, հարկադրանք, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն: Իսկ արդյո՞ք
սա ցեղասպանության ճանաչման խնդրից հրաժարվելու թուրքական նախապայմանի նոր փաթեթավորումը
չէ…
Վերադառնալով
նախապայմանների հարցին. իսկ պատրա՞ստ էր արդյոք Թուրքիան նախապայմանները հանել: Մենք
դեռ տարիների կտրվածքով կհասկանանք, որ ո՛չ, պատրաստ չէր և պատրաստ չէր անգամ արդեն
բաց դաշտում, երբ խոսք կգնա «ֆուտբոլային դիվանագիտության» մասին: Իսկ այն ամենը, ինչ
արվում էր Հայաստանի կողմից՝ միջազգային գործընկերների նախաձեռնողականությանը և բարի
կամքին տուրք տալու միջանկյալ լուծում էր, փորձ՝ ուղղված սեփական իրավիճակն ավելի չբարդացնելուն
և Թուրքիային ավելի լայն ճակատ չտրամադրելուն:
Ցեղասպանության
միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում. ռիսկերն ու հնարավորությունները
Հայաստանի
առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ քննադատաբար է արտահայտվել Ռոբերտ Քոչարյանի
իշխանության կողմից Թուրքիայի նկատմամբ իրականացված քաղաքականության վերաբերյալ՝ որևէ
կերպ չարդարացնելով ցեղասպանության հարցն օրակարգ բերելը: Առաջին նախագահի պնդմամբ՝
հենց դա առիթ դարձավ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Անկարայի պահանջների
համար և ցեղասպանության հարցը դարձրեց աշխարհաքաղաքական շահերի առարկա: Հետաքրքիր է
Ձեր կարծիքը սրա հետ կապված. ի՞նչ արվեց երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում
այս ուղղությամբ:
Նախ,
ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին ցեղասպանության ճանաչման հարցը դարձավ
արտաքին քաղաքական խնդիրների շարքում իր ուրույն տեղն ունեցող հարց, պետության կողմից
վարվող քաղաքականության բաղկացուցիչ: Սրա մասին բարձրաձայն հայտարարվեց ՄԱԿ-ի բարձր
ամբիոնից: Բոլորի համար արդեն պարզ դարձավ, որ Թուրքիայի և ցեղասպանության ճանաչման
գործընթացի մասով ՀՀ արտաքին քաղաքականությունը փոփոխություն կրեց: Ի՞նչ էր սա իր հետ
բերում: Սա իր հետ բերում էր նախ և առաջ նոր որակի հարաբերություններ Սփյուռքի հետ,
ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության հարցի նոր մակարդակի բարձրացում:
Բացի այդ, լուծվում էր նաև մի պարզագույն խնդիր. Թուրքիան որոշակի ռեսուրսներ պիտի
ներդներ կամ այս հարցն էլ օրակարգում ունենալով հարաբերությունները կարգավորելու փորձեր
անելու ուղղությամբ կամ՝ մյուս 2 երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին
խառնվելու փոխարեն ցեղասպանությանն առնչվող հարցերում գնար իր դիրքորոշումը պաշտպանելու
ճանապարհով: Սա ինչ-որ իմաստով հարկադրող քայլ էր, որ Թուրքիան իր ռեսուրսները՝ ժամանակը,
քաղաքական գործիքակազմը, ուղղի ոչ թե Ադրբեջանին առնչվող հարցերում վերջինիս աջակցմանը,
այլ իր սեփական խնդիրները փորձի լուծել: Այստեղ կար լրացուցիչ հանգամանք ևս. ՀՀ այս
քաղաքականության արդյունքում Թուրքիայի մոտ ձևավորվեց այն ընկալումը, որ իր կողմից
ցանկացած թշնամական գործողություն ընկալվելու է հենց ցեղասպանության թեմայի ծիրում՝
որպես թշնամանքի շարունակություն, որպես հարկադրանք: Շատ հարցերում սա պիտի Թուրքիայի
համար դառնար զսպաշապիկ:
Չեմ
ցանկանա մեկնաբանել, թե նախագահներից ով ում ինչպես է արձագանքել, ինչ է ասել, քանի
որ առնվազն վստահ չեմ, որ նման խոսույթը միայն օբյեկտիվ չափորոշիչների վրա է հենված:
Սակայն մի բան շատ հստակ է. այն, ինչին կողմնակից էր ՀՀ առաջին նախագահը, արդեն փորձվել
էր, ինքն անձամբ էր փորձել: Եվ եթե դա արդյունք ունեցած լիներ և ունենար այնպիսի վեկտոր,
որ արժեր դրա արդյունքը մեծացնել նույն գծի մեջ լինելով, ապա ո՞վ կարող է պնդել, որ
քաղաքականությունն այսպիսի փոփոխություն կկրեր: Ամեն դեպքում, եթե մենք գործ ունենք
դասական տարբերակի հետ և իշխանությունը սպասարկում է պետական ու ազգային շահերը, ապա
տվյալ դեպքում ես հակված չեմ անձերով դատել կոնկրետ ժամանակահատվածի քաղաքական գործընթացի
վայրիվերումները կամ որոշակի փոփոխությունները: Եթե մենք մի պահ պատկերացնենք հակառակ
իրավիճակ, և առաջին նախագահը լիներ երկրորդի դերում, երբ նախորդ գործընթացը ոչ մի արդյունք
չէր տվել, ապա ի՞նչ պետք է աներ, կշարունակե՞ր նույնը՝ զգալով, որ դա դրական ոչինչ
չի տալիս. փոխարենը հնարավոր բացասական երանգներն իր մեջ պարունակում է ողջ ծավալով:
Կթողնե՞ր քաղաքականությունը: Վստահ չեմ:
Իսկ
ցեղասպանության հարցը ՀՀ կողմից գերակայություն հռչակելով՝ այն աշխարհաքաղաքական շահերի
առարկա դարձնելու տեսակետն ինչպե՞ս կմեկնաբանեք:
Ես
միշտ եղել եմ այն թեզի կողմնակիցը, որ Թուրքիան է ցեղասպանության ճանաչման խնդիրն աշխարհաքաղաքական
շահերի բախման, ներգրավման, ազդեցության դաշտ բերողը: Խնդիրը շատ պարզ է. ոչ թե ցեղասպանության
հարցի բարձրաձայնումն է այն աշխարհաքաղաքական շահերի առարկա դարձնում, այլ Թուրքիայի
մերժողականությունն է նպաստում դրան: Եթե Թուրքիան ցանկանում էր կամ ցանկանում է կանխել
ցեղասպանության հարցի շրջանառումն աշխարհի կողմից, ապա պարզապես պիտի լուծի այն, պիտի
գիտակցի, որ այն չի կանխվում մերժողականությամբ, աշխարհի այս կամ այն երկրին, ըստ վերջինիս
դիրքորոշման կամ գործողության պատասխանելով, նրա նկատմամբ իրականացվող քաղաքականությունը
փոխելով: Հետևաբար, Ձեր նշած ձևակերպմանը և այն մոտեցմանը, թե Հայաստանի կամ ՀՀ երկրորդ
նախագահի կողմից հայոց ցեղասպանության հարցը դարձվեց աշխարհաքաղաքական շահերի բախման
առարկա, չեմ կարող համաձայնել:
Երկխոսություն
հանրությունների միջև. միջնորդների շահերը, գործընթացի ռիսկերն ու արդյունավետությունը
2000-ական
թվականների սկզբին բավական ակտիվացան հայ-թուրքական կարգավորմանն ուղղված միջազգային
հանրության ջանքերը: Դրանք հիմնականում դրսևորվում էին հանրությունների միջև երկխոսության
հաստատմանը միտված տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով: Հիմնականում այս ուղղությամբ
Արևմուտքն էր բավական ակտիվ: Ինչո՞վ էր սա պայմանավորված, ի՞նչ քաղաքական նպատակներ
էին հետապնդում կազմակերպիչները:
Արևմուտքի
ակտիվությունը հայ-թուրքական հաշտեցման գործում անմիջականորեն կապված է տարածաշրջանում
իրենց ունեցած միջնաժամկետ և երկարաժամկետ շահերի հետ: Այդտեղ խնդիրն ուներ շատ պարզ
ձևակերպում. Արևմուտքի համար տարածաշրջանում ռուսական ազդեցությունը նվազեցնելը, այն
զրոյացնելու ձգտումը եղել է բավական լուրջ գերակայություն: Եվ հենց հիմա, այս պահին,
երբ մենք զրուցում ենք, ՌԴ-Արևմուտք հարաբերություններն այն աստիճան են սրված, որ վերը
նշածս մեզ համար լիարժեք տեսանելի է, բայց դա որևէ կերպ նորություն չէ և՛ շահերի, և՛
դրանց հետամուտ լինելու տեսանկյունից: Հետևաբար, Արևմուտքի կարևոր խնդիրը նախկինում
ևս սա էր:
Այստեղից
առաջանում է երկրորդ խնդիրը. ի՞նչ է անհրաժեշտ ռուսական ազդեցությունը թուլացնելու
համար: Անհրաժեշտ է էապես մեծացնել Արևմուտքի հիմնական՝ համար մեկ դաշնակցի ազդեցությունը
տարածաշրջանում: Մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան նաև ՆԱՏՕ անդամ երկիր է ու տարածաշրջանում
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, և բացի բոլոր խնդիրներում իր շահն ունենալուց՝ նաև ուներ և
ունի արևմտյան ընդհանուր շահի կրողը լինելու որոշակի պատասխանատվություն և պարտավորություն,
հետևաբար, Արևմուտքի համար Թուրքիայի ներգրավումը տարածաշրջանում, նրա դերի բարձրացումը
տարածաշրջանում, այսպես թե այնպես, պետք է լիներ՝ ի հաշիվ ռուսական ազդեցության: Հաշվի
առնելով այս ամենը՝ Արևմուտքում, բնականաբար, շահագրգռված էին, որ Թուրքիան հնարավորինս
լայն թափով մուտք գործի, այդ թվում՝ Հարավային Կովկաս: Իսկ այդ մուտքը «խոչընդոտող»
երկիրը դիտվում էր ՀՀ-ն՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների ողջ բարդությունը,
բեռն ու ծանրությունը: Իրենք իրենց շահերն առաջ մղելու ներքո կարևոր էին համարում հայ-թուրքական
երկխոսությունը, արդյունքի արձանագրումը, որն, իրենց պատկերացմամբ, կարծիքով ու հաշվարկով,
ինքնին բերելու էր Թուրքիայի ազդեցության աճին՝ ի հաշիվ Ռուսաստանի: Նրանց մոտիվացիան
և մոտեցումը պարզ էր:
Դուք,
որպես տարբեր ձևաչափով նման ծրագրերի անմիջական մասնակից, ինչպե՞ս կգնահատեք դրանց
արդյունավետությունը: Արդյո՞ք հանրությունները պատրաստ էին երկխոսելու: Կայի՞ն այդ
դրական ազդակները հանրությունների մակարդակով:
Իրականում
պատկերը բավական հետաքրքրական է. չկա միանշանակ պատասխան: Հանրությունը, այս դեպքում,
միջինացված կերպար չէ, բազմաշերտ է՝ տարբեր մտածելակերպով, արժեհամակարգով, տարբեր
գերակայություններով, կրթական տարբեր ցենզով մարդկանց համամասնություն: Եվ այս իմաստով,
անշուշտ, պիտի կարողանանք տարանջատել պետությունը և նրա վարած քաղաքականությունը՝ ժողովրդի
ու հանրության տրամադրություններից:
Հանրային
տարբեր նախաձեռնությունները քաղաքացիական հասարակության դաշտում հնարավորություն էին
տալիս հասկանալ տրամադրությունները, իրար հետ շփվել, փորձել պատկերացնել այն խնդիրների
շարքը, որոնք, գուցե, դիտարկման չեն արժանանում պետական քաղաքականության շրջանակներում,
սակայն առկա են ու կարևոր են մարդկային հարթության ընկալման ներքո: Բնականաբար, այստեղ
պատկերը շատ հետաքրքիր ու բազմազան էր:
Թուրքական
պետությունը, որը երբեք աչքի չի ընկել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության
նորմերի բարձր աստիճանով, տասնամյակներ շարունակ սեփական հանրության մոտ կարծրացրել
էր որոշակի վերաբերմունք հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի ու արցախյան հիմնախնդրի հանդեպ՝
իր քարոզչությամբ ու կոշտ միջոցների կիրառմամբ: Այս մոտեցումների արտացոլումն էր նաև
Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքում տխրահռչակ 301-րդ հոդվածի առկայությունը,
որը որոշակի փոփոխությունների ենթարկվեց 2008 թվականին, բայց, ըստ էության, հիմնական
շեշտադրումները չփոխվեցին: Թուրքական պետության այս քաղաքականությունը չէր կարող իր
ազդեցությունը չունենալ հանրության վրա: Թուրքիան իր հանրության մոտ ձևավորել էր այն
կարծրատիպը, որ հայերը և Հայաստանը պատկանում են այն ազգերի ու երկրների թվին, որոնք
թիրախավորված նպատակ ունեն Թուրքիայից հատվածներ պոկելու: Ի դեպ, սա ցայսօր թուրքական
հանրության մեջ առկա խորը բարդույթ է՝ իրենից բխող վախերով ու խնդիրներով:
Իսկ
մյուս կողմից էլ Թուրքիայում քիչ չէ արտասահմանում կրթություն ստացած մարդկանց թիվը:
Այս մարդկանց պարագայում, նրանց շրջապատում առկա է քննադատական վերաբերմունք ու սեփական
կարծիքի արտահայտում պետական քաղաքականության և տաբու թեմաների վերաբերյալ: Սրա հետ
մեկտեղ, Թուրքիայում գուցե փոքրաթիվ, բայց ակտիվ են ձախակողմյան շարժման աջակիցները,
որոնք առաջադիմության որոշակի ներուժ են պարունակում: Նրանց տեսակետները, մոտեցումները,
ընկալումները ևս պետք էր դիտարկել: Չպետք է մոռանալ, որ Թուրքիայի բազմաշերտ հանրության
մաս են կազմում նաև մեր հայրենակիցները, որոնց կապերի միջոցով իրենց տեսակետները, մոտեցումները,
պատկերացումները ևս լսելի էին դառնում:
Այս
ողջ պատկերի հետ միաժամանակ միանշանակ էր, որ երկկողմ ընկալումները, պատկերացումները,
մարտահրավերները, վտանգները, սպառնալիքները հասանելի դարձնելու և ներկայացնելու, իրար
ճանաչելու լավագույն ճանապարհներից մեկը հնարավորինս չբարդույթավորված շփումներն էին:
Այդ ժամանակահատվածում իմ մասնակցած ծրագրերից մեկն այսպիսի գաղափար ուներ, որ Ստամբուլ
պիտի գնար Հայաստանը ներկայացնող փորձագետ, որը պիտի ելույթ ունենար բավական մեծ լսարանի
առաջ: Ու խնդիր էր դրված, որ փորձագետը պետք է պատասխաներ նրանց բոլոր հարցերին: Հայաստանը
ներկայացնող փորձագետն այդ ծրագրում ես եմ եղել: Դրան մասնակցության համաձայնությունից
սկսած մինչև նախաձեռնության ավարտը, ինձ համար կար մի կարևոր հանգամանք՝ մոտեցումները,
տեսակետները ներկայացնելու հնարավորություն, հնարավորություն՝ փորձելու այդ հանրությանը
բացատրել, թե որ խնդրի հիմքում ինչն է ընկած: Պիտի փորձ արվեր հասցնել այն պարզ միտքը,
որ այն, ինչ ունենք, «սև կամ սպիտակ» չի կամ տվյալ պարագայում՝ «բարդույթավորված հայեր
կամ մարդասպան թուրքեր» չեն: Սրա տակ բավական լուրջ շերտեր կան, որոնք հասկանալը, պատկերացնելը,
իսկ արդյունքում՝ տրամադրվածության տրանսֆորմացիան, կարող է կամուրջներ ստեղծել: Եվ
դրա համար պետք է երկխոսել, բայց այս բառը պետք է ճիշտ հասկանալ, ու սա բնավ չի նշանակում
հետ կանգնել սեփական շահերից, սեփական պատկերացումներից, արհեստականորեն հարմարվել
դիմացինի խոսույթին, ցանկություններին կամ ակնկալիքներին: Սա նշանակում է փորձել հասկանալ
իրար՝ որպես առաջին քայլ:
Վերադառնալով
քիչ առաջ ներկայացրածս օրինակին՝ նշեմ, որ այն և՛ հետաքրքիր, և՛ փոխադարձաբար «հարստացնող»
ծրագիր էր, քանի որ երկխոսությունը, զրույցն այդ ժամանակ ստացվեց: Սա շատ կարևոր ու,
վստահաբար, նաև փոխհարստացնող գործընթաց է՝ օգնող հասկանալ դիմացինին, իր ցավոտ կողմերը,
խնդիրները, այն, թե այդ խնդիրները որքանով են իրական կամ ոչ այնքան, որքանով են քարոզչության
արդյունք կամ ներքին բարդույթ: Ես այդ ծրագրում այդ ամենը զգալու շատ մեծ հնարավորություն
եմ ունեցել, և. իհարկե, այդ հանդիպումն ու նմանաբնույթ հանդիպումներն իրար ճանաչելու,
հասկանալու առումով շատ կարևոր են:
Վստահ
եմ՝ կհամաձայնեք, որ այդ շփումներում Թուրքիայի ներկայացուցիչները հիմնականում պատրաստված
էին, քանի որ պետությունը կոնկրետ աշխատանք էր իրականացնում: Ձեր դիտարկմամբ՝ հանրության
հետ աշխատանքներում պետության բացակայությունն իր ազդեցությունը թողե՞լ է:
Չէր
կարող չթողնել:
Ստացվում
է՝ մեր հանրությունն ամեն դեպքում պատրաստ չէր նման ծրագրերին ու նման շփումներին:
Այստեղ
ևս կան տարբերություններ: Ու եթե դիտարկենք լոկալ մակարդակում, ապա, այո՛, պետական
համակարգը տարբեր ձևաչափերում ներկայացվող հայ մասնակիցների հետ որևէ կերպ չէր աշխատել:
Ու սա, այո՛, անհամադրելի է այն ամենի հետ, ինչ կատարվում էր թուրքական, իսկ հետո նաև՝
ադրբեջանական կողմում:
Խնդիրն
ավելի խորքային է: Թուրքիան աչքի չէր ընկնում ժողովրդավարության բարձր մակարդակով:
Հայաստանում, համեմատաբար, վիճակն իհարկե այլ էր, և առնվազն այդ թեմայի շրջանակներում
ավելորդ էր խոսել կոշտ միջոցների կիրառման մասին: Նման պայմաններում հանրության հետ
աշխատանքի առկայությունը կամ այդ աշխատանքի արդյունքը չէր կարող նույնը լինել՝ համարժեք
վտանգներով: Իհարկե, չեմ կարծում, որ ճիշտ էր հասարակության հետ աշխատանք չտանելը կամ
անուշադրության մատնելը: Սակայն վստահ եմ, որ ճիշտ չէր նաև այն մոտեցումը, որն իրականացնում
էին Թուրքիան և Ադրբեջանը: Այստեղ պետք էր գտնել միջին տարբերակ, որը, ցավոք, չի գտնվել
ու չի կիրառվել: Այո՛, սա խնդիր էր, բայց անգամ այս պատկերն ունենալով հանդերձ՝ լավագույն
լուծումը շփումների առկայությունն էր, ոչ թե հրաժարվելն էր ճանապարհը, այլ ուղիներ
փնտրելը և գտնելը: Կարևոր է նաև այս ամենի համատեքստում հստակ տարանջատել պետությունը
և ժողովրդին: Իրականում, եթե այս տարանջատումը չլինի, կստացվի մի կողմից՝ ինքնախաբեության,
մյուս կողմից՝ խնդիրների կոնսերվացում: Իսկ խնդիրները «պահածոյացնելու» պարագայում
դրանք մի օր «պայթում են»: Այսինքն՝ պետք է աշխատել խնդրի հետ, փորձել ազդեցություն
ունենալ խնդրի վրա:
Ի
դեպ, երբ մենք խոսում ենք այս հարցում Թուրքիայի և Ադրբեջանի որդեգրած դիրքորոշման
մասին, պիտի հասկանանք, որ այստեղ ևս կային և կան շատ էական տարբերություններ, որոնք
ուղղակիորեն ածանցվում են ժողովրդավարության ընկալման տարբերություններից և ժողովրդավարության
վիճակի տարբերություններից, դրա բնույթի տարբերություններից: Եվ այստեղ չափորոշիչն
այն չէ, թե ում ժողովրդավարությունն է ավելի բարձր, որովհետև երկուսի պարագայում էլ
բավական լուրջ խնդիրներ կան, բայց էական է այստեղ բնույթի տարբերությունը, ինչն իր
հետ բերում է մնացած բոլոր հարցերի վրա իր տրանսֆորմացիան:
Չմոռանանք
մի պարզ հանգամանք. ի տարբերություն Ադրբեջանի՝ Թուրքիայում կա ընդդիմություն, որը
գեներացնում է իշխանությունից տարբերվող մտքեր: Առկա է նաև ընդդիմադիր մեդիա, և անկախ
այն հանգամանքից, թե որքանով է այս ամենն իմիտացիոն, անգամ դրա մեջ կա իներցիա, որը
շատ լուրջ տարբերություն է ստեղծում՝ տրանսֆորմացվելով, այդ թվում նաև՝ դեպի Track
2: Ադրբեջանի պարագայում ավելորդ է այս ամենի մասին խոսելն անգամ: Բաքվի մոտեցումը
հստակ է՝ այլախոհության, այլակարծության տոտալ վերացման ճանապարհ: Հետևաբար, խոսելով
Track 2-ի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումների ու իրականացվող
քաղաքականության մասին, այս տարբերությունները միշտ պետք է աչքի առաջ ունենանք:
Թուրքիայի
հայկական համայնքի դերը հայ-թուրքական հաշտեցման գործընթացում
Թուրքիայում
ոչ փոքրաթիվ համայնք ունենք, 1461 թվականից հիմնադրվել ու գործում է Կ.Պոլսի Հայոց
պատրիարքությունը, որը Հայ առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռներից է: Ի՞նչ
դեր են ունեցել թուրքական համայնքը և Պոլսի պատրիարքությունը հայ-թուրքական հարաբերություններում,
կարգավորման գործընթացում:
Եթե
փորձենք պատկերացնել Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցների և՛ աշխարհընկալումը, և՛
նրանց ակնկալիքները, ապա, իհարկե, իրենց համար լավագույն տարբերակն էր, ու հիմա էլ
շարունակում է լավագույն տարբերակը մնալ հայ-թուրքական հարաբերությունների այնպիսի
կարգավորումը, որ իրենք այնտեղ իրենց զգան հնարավորինս չօտարված, ինչպես ՀՀ-ի ու ազգակիցների
կողմից ամբողջ աշխարհում, այնպես էլ պետության կողմից, որտեղ բնակվում են: Նրանք, իհարկե,
այդ մղումն ու ցանկությունը կարգավորման արդյունքի հետ կապված ունեցել են, դա կասկածից
վեր է, ու հակառակը պատկերացնելն է դժվար:
Տեսեք,
եթե մի պահ փորձենք մի կողմ թողնել պետության դերն ու պետական քաղաքականությունը և
հարցին մոտենալ հանրային տրամադրությունների իմաստով՝ ապա Թուրքիայի հայ համայնքի պարագայում
աշխատում է կամրջի էֆեկտը: Թուրքիայի հանրության, հասարակության մաս հանդիսացող հայկական
համայնքն շատ ավելի հեշտ է հասկանում Թուրքիայի քաղաքացիներին, ժողովրդին, հանրությանը,
քան որևէ մեկը դրսից, իսկ մյուս կողմից էլ լինելով հայ՝ շատ ավելի հեշտ պիտի հասկանա
իր ազգակիցներին: Հետևաբար, հայ համայնքը ստանում էր բնական կամրջի դերը, հաշվի առնելով
հատկապես, որ շահագրգռվածությունն կար: Ես կարծում եմ, որ Թուրքիայի մեր հայրենակիցները
հնարավորությունների չափով փորձել են իրենց դրական լուման ներդնել, որ երկխոսությունը
ստացվի, հեռանկարային լինի ու ոչ միայն սահմանափակվի զուտ հանրային դիսկուրսով, այլ
ժամանակի ընթացքում վերածվի պետությունների միջև հարաբերությունների կարգավորման:
Ինչ
վերաբերում է Կ.Պոլսի Հայոց պատրիարքության դերին, ապա այն առավելապես կոչված է Թուրքիայի
մեր հայրենակիցների համախմբմանն ու հայկականության պահպանմանը և արդարացված չեն ակնկալիքները,
որ Թուրքիայի ներսում գործող պատրիարքությունն իր հայտարարություններով ու գործողություններով
կարող է կոշտության նույն աստիճան ունենալ, ինչ Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքի
այլ գաղթօջախներում գործող կրոնական, հասարակական կամ քաղաքական այլ կազմակերպություններ:
Թուրքիայի
ձեռագիրը չի փոխվում. Հրանտ Դինքի սպանությունը
2007
թվականի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակօս» թերթի խմբագրության շենքի դիմաց սպանվեց
թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքը: Այս ողբերգական իրադարձությունը մեծ աղմուկ
բարձրացրեց: Ինչպե՞ս անդրադարձավ Դինքի սպանությունը հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ
միջազգային հանրության ունեցած վերաբերմունքի, Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության
և, անշուշտ, Հայաստանում ու Թուրքիայում հանրությունների տրամադրությունների վրա:
Սկսենք
հենց Թուրքիայի հանրությունից: Մենք բոլորս ականատես եղանք նրան, որ հանրության որոշակի
հատված իր բավական բարձր ու լուրջ բողոքի ձայնը բարձրացրեց: Կան ինչ-ինչ տարրեր, որոնք
շատ ավելի նուրբ կկարողանան բացատրել Թուրքիայի ներքաղաքական կյանքն ամենօրյա ռեժիմով
հետազոտողները, թուրքագետները, բայց կան հարցեր, որոնք որոշակի հեռավորությունից անգամ
տեսանելի են: Մի երկրում, որը կամ օգտագործվում է, կամ՝ չի կարողանում կանխել սպանությամբ,
ահաբեկչությամբ խնդիր կարգավորելու հնարավորությունները, ցանկացած խելամիտ քաղաքացի
պետք է իրեն վտանգված զգա: Եվ կապ չունի, որ սա վերաբերում էր ազգությամբ հայի, շատ
ակտիվ մարդու և գործչի: Այստեղ խնդիրն այն է, որ հանրությունն իրեն պաշտպանված չի զգում:
Մյուս
կողմից՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության հիմնարար սկզբունքներն են հարված ստանում:
Չմոռանանք, որ դեպքը վերաբերում էր Թուրքիայի հանրության համար ճանաչելի մարդու, հայտնի
դեմքի: Եվ, ի վերջո, առաջ էր գալիս նաև մեկ այլ բավական լուրջ խնդիր, որը ոչ մեծաթիվ,
բայց հասարակության որոշակի հատված կարողացավ ընկալել: Խնդիրն այն է, որ Թուրքիայի
պարագայում ձեռագիր էր դառնում «թշնամի» կարգելու ճանապարհով հարցեր լուծելը, թշնամու
պատկերի ուռճացումն ու դրանով ինչ-ինչ նպատակների հասնելը: Թուրքիայում մարդիկ սկսեցին
հասկանալ, որ եթե այս մոտեցումն աշխատում է այլազգիների պարագայում, ապա դա ձեռագիր
է, որը մասշտաբները փոփոխելու պարագայում աշխատելու է հենց սեփական հանրության ներսում
նաև սեփական ազգակիցների դեմ, ցանկացած այլ կերպ մտածողի, այլ կարծիք ունեցողի դեմ:
Եվ սա որևէ հանրության համար չէր կարող լինել «առողջության» նշան: Պիտի ամրագրենք,
որ սրա ընկալումն առկա էր Թուրքիայի հասարակության որոշակի հատվածի մոտ:
Զուգահեռաբար,
թուրքական հասարակության որոշ շրջանակների մոտ կար ցավ՝ հաշվի առնելով այն, որ Հրանտ
Դինքը, լինելով հայ, միաժամանակ Թուրքիայի քաղաքացի էր և նա բազմիցս առիթ էր ունեցել
բարձրաձայն արտահայտվելու այն մասին, որ Թուրքիան իր հայրենիքն է: Ընդհանրապես, Հրանտ
Դինքն ուներ որոշակի յուրահատկություն՝ որպես անհատ, որը մի կողմից՝ իր մեջ կրում էր
այն ողջ ցավը, ինչն ունենք մենք՝ հայ ազգի ներկայացուցիչներս, Թուրքիային առնչվող հարցերում:
Իսկ մյուս կողմից՝ նա իր մեջ ուներ նաև այն ցավը, որ կրում է Թուրքիայի քաղաքացին,
որը բախվում է, առերեսվում է իրականությանը, ճանաչում է սեփական պատմությունը, սխալները,
քննադատում է պետությանը՝ միևնույն ժամանակ որևէ կերպ հարցականի տակ չդնելով, որ դա
իր հայրենիքն է, իր երկիրը: Եվ հենց մտավորականության մոտ, Հրանտ Դինքին անձամբ ճանաչողների
մոտ սա բավական լուրջ ողբերգություն էր, և պատահական չէ, որ Թուրքիայում այդ ալիքն
եղավ, և մենք դրա ականատեսը դարձանք:
Եվ
չնայած այդ ամենին՝ չի կարելի կորցնել իրականության զգացումը: Եվ սա պատահական չեմ
ասում, քանի որ ինքս տեսել եմ մեր հանրության որոշ ներկայացուցիչների մոտ իրականությունից
կտրված ոգևորություն, թյուր տպավորություն, որ այն, ինչ կատարվում էր այդ օրերին Թուրքիայում,
կարելի էր տարածել ողջ Թուրքիայի և նրա հանրության վրա: Դա, իհարկե, այդպես չէր: Իրականում
թուրք հասարակության էապես փոքր հատվածն էր բողոքի ձայն բարձրացրել Դինքի սպանության
հետ կապված: Պե՞տք էր սա տեսնել, նկատել: Կարծում եմ այո՛, պետք էր տեսնել և չի կարելի
ուրանալ: Բայց կարելի՞ է իրականությունից կտրվել ու եզրակացություն անել, որ ողջ Թուրքիայի
հանրությունն այս խնդիրն այս կերպ է ընկալում: Ո՛չ, որովհետև այս պարագայում մենք արդեն
կտրվում ենք իրական կյանքից՝ դրանից բխող բոլոր հնարավոր վտանգներով, ինչին մեկ անգամ
չէ, որ առնչվել ենք:
Ինչ
վերաբերում է մեր հանրությանը, ապա այստեղ կատարվածն մեծ ցավով ընդունվեց, ու առանց
այդ էլ Թուրքիայի նկատմամբ առկա սուր էմոցիոնալ վիճակին լրացուցիչ բացասական կաթիլ
ավելացրեց: Որոշակի տարբերություններով՝ նման իրավիճակ ունեինք նաև Սփյուռքի մեր հայրենակիցների
պարագայում: Սակայն, միևնույն ժամանակ, Թուրքիայի հանրության այդ առանձին հատվածի արձագանքը
մտածելու տեղիք տվեց:
Իսկ
ինչ վերաբերում է միջազգային հանրությանն ու արձագանքին, ապա նրանց համար այս դեպքն
ասոցացվում էր հին վերքը բացելու հետ: Իրենք
ևս մեկ անգամ տեսան, որ այստեղ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, և այն, ինչ կա մակերեսին,
փոքր մասն է, և միայն դրանով հնարավոր չէ պատկերացում կազմել: Միջազգային հանրությունն,
ի վերջո, ականատես եղավ նրան, որ շատ գործիքակազմեր Թուրքիայում բացարձակապես չեն փոխվել,
և 21-րդ դարում հնարավոր է «լռեցնել»՝ սպանելով… Եվ սա իրողություն է, անկախ այն հանգամանքից,
թե ով ավելի բարձր կասի, որ «քաղաքակիրթ է դարձել»: Այս ամենը հնարավոր չէր չտեսնել,
չպատկերացնել; Նաև չմոռանանք, որ Հրանտ Դինքը միջազգային ԶԼՄ-ների հետ գործընկերային
բավական լավ կապեր ուներ, ինչն էլ իր հերթին նպաստեց, որ այդ դեպքը, դրա հետ կապված
ելևէջներն ու արձագանքներն աշխարհում բավական լուրջ տարածում ստացան:
Հայաստանը
որպես պետություն ի՞նչ դիրքորոշում ուներ:
Չեմ
կարող ասել, որ բացի ցավից ու ցավակցելուց այս դեպքը որևէ կերպ քաղաքականության փոփոխության
հանգեցրեց, կամ քաղաքականության մեջ որևէ տարր ավելացրեց կամ պակասեցրեց: Ու իրականում
չեմ էլ պատկերացնում, թե միջազգային հանրության ուշադրությունն այդ ամենին հրավիրելուց,
տեղեկատվական աշխատանք իրականացնելուց զատ քաղաքականության վրա ինչ ձևով կարող էր ազդեցություն
ունենալ: Ուրիշ հարց է՝ թե կարո՞ղ էր արդյոք սա՝ այսպիսի ողբերգական դեպք լինելով հանդերձ,
տար հնարավորություն, առիթ Թուրքիային՝ ինչ-որ քայլեր ձեռնարկելու: Միգուցե…
Երկաթյա
դուռ՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև
Թուրքիայի
հետ հարաբերությունների տեսանկյունից Քոչարյանի պաշտոնավարման ընթացքն էապես տարբերվում
էր Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանից: Կար հայ-ռուսական ռազմավարական դաշնակցություն՝
իրավապայմանագրային բազայի հիման վրա, հետևաբար, կային անվտանգության այլ մակարդակի
երաշխիքներ: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Երևանը շատ ավելի ամուր ու վստահ էր Թուրքիայի
նկատմամբ քաղաքականության մշակման, իրականացման հարցում: Այդ 10 տարիների ընթացքում
մենք մոտեցա՞նք հայ-թուրքական հաշտեցմանը, թե՞ ավելի հեռու գնացինք:
Փորձեմ
հայ-թուրքական առնչությունները ներկայացնել փոխաբերական օրինակով: Պատկերացնենք, որ
Հայաստանի և Թուրքիայի միջև կար մի մեծ երկաթյա դուռ: Եթե նախկինում այդ դռան մի կողմից
կար դուռը ծեծող և այնքան ծեծող, որ այդ երկաթով սեփական ձեռքերն էր վնասում, իսկ մյուս
կողմից՝ զրո արձագանք, ապա երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում նույն այդ դուռը
ծեծող այլևս չկար, փոխարենը կար խնդիր՝ վիրավոր ձեռքերը կազդուրելու: Ուրիշ էական տարբերակիչ
չկա: Ասել, որ ավելի հեռացանք կամ մոտեցող կար չթողեցինք մոտենա, կամ այնքան մոտ էինք,
որ մի բան ստացվում էր, թողեցինք հեռացանք, ապա՝ ո՛չ, դա, բնավ, այդպես չէր: Պարզապես
վերոնշյալ դուռը ոչ ոք այլևս չէր ծեծում ու չկար անգամ այդ դուռը ծեծելու աղմուկը:
Բայց նույն այդ դուռն իր տեղում էր, որի մի կողմում Հայաստանն էր՝ կազդուրող իր վիրավոր
ձեռքերը, որ եթե անգամ հարկ լինել նորից ծեծելու, լիներ ավելի պատրաստ, ավելի ամուր,
իսկ մյուս կողմում Թուրքիան էր՝ անփոփոխ, նորից նույն հեռավորության վրա:
Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Խոշորացույց. մենք և հարևանները»

Comments
Post a Comment