Օսմանյան
պետությունը Կովկասի հանդեպ իր ծավալապաշտական քաղաքականությունն իրականացնելու հերթական
հնարավորությունը ստացավ 1917 թվականին: Ռուսական կայսրությունում տեղի ունեցած քաղաքական
իրադարձությունները լիովին փոխեցին իրավիճակը ռազմաճակատում: Նախ 1917 թվականի փետրվարին
տապալվեց կայսերական միապետական համակարգը, ապա նույն տարվա հոկտեմբերին իշխանությունն
անցավ բոլշևիկներին, սակայն երկրում կայունություն դեռևս չհաստատվեց: Բոլշևիկյան իշխանությունը,
որը փաստացի տիրապետում էր երկրի կառավարման համակարգի մեծ մասին, ուներ լիովին այլ
գաղափարական կողմնորոշում, որն ազդեց Ռուսաստանի ընդհանուր արտաքին քաղաքական գերակայությունների
և ուղենիշների վրա: Այդ փոփոխության գլխավոր հետևանքներից մեկը Ռուսաստանի փաստացի
հետքաշումն էր Հարավային Կովկասից: Օսմանյան կայսրության կառավարող շրջանակները որոշեցին
օգտվել կովկասյան ռազմաճակատում և ամբողջ Հարավային Կովկասում ստեղծված իրադրությունից՝
1914-1915 թվականների ձմռանը ձախողված արշավանքը վերսկսելու համար: Նպատակը շարունակում
էր մնալ նույնը. գրավել ողջ Կովկասը, Իրանը և Կենտրոնական Ասիան:
Օսմանյան
լայնածավալ հարձակումը սկսվեց 1918 թվականի փետրվարին և որպես նախորդիվ կնքված զինադադարների
խախտման կեղծ հիմնավորում նշվում էր «Կովկասի մուսուլմանների նկատմամբ հայերի գործադրած
բռնությունները»: Ապրիլի վերջին օսմանյան բանակը գրավեց Կովկասի հյուսիսարևմտյան դարպասը
համարվող Կարսի բերդը, որից հետո օսմանյան քաղաքական վերնախավի ծրագրերում հստակեցվեց
հաջորդ թիրախը՝ Բաքվի նվաճում, և դրանով «ռուսական և պարսկական Ադրբեջանների» միացում
Օսմանյան կայսրությանը: Ակնհայտ էր, որ Կովկասը վերածելով ռազմական հենակետի, շարունակվելու
էր օսմանյան ազդեցության ծավալումը դեպի թյուրքախոս այլ գոտիներ: Բաքվի արշավանքի մասին
Ստամբուլում գերմանական դեսպան Բերնսդորֆը նշել էր, որ «Թուրքիան ձգտում է Բաքուն գրավել
իր, և ոչ թե Ադրբեջանի համար, որի մասին նա հայտարարել է մուսավաթական կառավարության
ղեկավարներին: Բաքվի հետ մեկտեղ նա ձգտում է գրավել ողջ Ադրբեջանը: Այդ դեպքում Թուրքիան
կտարածվի մինչև Վլադիկավկազ»:
Այս նույն շրջանում խնդիր էր դրված լիարժեք չեզոքացնել տարածաշրջանում հայկական քաղաքական գործոնը, որը, չնայած հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությանը, շարունակում էր էական դեր խաղալ տարածաշրջանում և, ըստ թուրք ստրատեգների, խոչընդոտել Օսմանյան կայսրություն-Ադրբեջան ցամաքային կապի ապահովմանը, իսկ ավելի լայն առումով՝ Օսմանյան կայսրության դեպի արևելք կայուն ծավալմանը: Պատմաբան Թոյնբին նշում է, որ այս շրջանում օսմանյան վերնախավի «ծրագիրը նախատեսում էր ազատվել բոլոր ոչ թյուրքախոս ժողովուրդներից, որոնք բաժանում էին Անատոլիայի թուրքերին Բաքվի և Ադրբեջանի (Արաքսից հարավ ընկած իրանական Ատրպատականի) թյուրքերից»: Ավելի ուշ՝ 1918 թվականի գարնանը, Բաթումի բանակցությունների ժամանակ Բեհաէդդին Շաքիրը հայ պատվիրակ Ալեքսանդր Խատիսյանին ասել էր. «Հայերը… կանգնած են մեր համաիսլամական և համաթուրքական սրբազան իդեալների իրականացման ճանապարհին, և մենք անխուսափելիորեն կբախվենք նրանց հետ»: 1918 թվականի գարնանը հայ-թուրքական բանակցությունների ժամանակ օսմանյան զորահրամանատար Վեհիբ փաշան, քարտեզի վրա նկարագրելով թուրքական նպատակները, դիմում է հայկական պատվիրակությանը հետևյալ բացատրությամբ. «Դուք տեսնում եք, որ ճակատագիրը քաշում է Թուրքիային արևմուտքից արևելք: Մենք հեռացանք Բալկաններից, հեռանում ենք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ են մեր արյունը, մեր կրոնը ու լեզուն: Եվ սա տարերային ձգողություն ունի. մեր եղբայրները Բաքվում, Դաղստանում, Թուրքիստանում և Ադրբեջանում են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի այնտեղ: Եվ դուք՝ հայերդ, կանգնած եք մեր այդ ճանապարհին:… Պահանջելով Նախիջևանն ու Զանգեզուրը՝ դուք արգելք եք դառնում մեզ իջնելու Կուրի հովիտը և գնալու Բաքու:… Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք: Ահա թե ո՛րտեղ է մեր հիմնական վեճը: Մեզ պետք են 2 լայն ճամփաներ, որոնք հնարավորություն կտան մեր բանակներին առաջ շարժվելու և պաշտպանվելու: Մի ճամփան՝ Կարս-Ախալքալաք-Բորչալու-Ղազախն է, որ տանում է դեպի Գանձակ, մյուսը Շարուր-Նախիջևան-Զանգեզուրով գնում է Կուրի հովիտ: Դուք կարող եք մնալ դրանց մեջտեղում, այսինքն՝ Նոր Բայազետի և Էջմիածնի շուրջ»: Սրանից մի քանի ամիս անց՝ 1918 թվականի հունիս-հուլիսին Կ.Պոլսում գտնվող նորաստեղծ ՀՀ պատվիրակությանն իրավիճակի նմանատիպ բացատրություն էր տվել նաև հասարակական, քաղաքական հայտնի գործիչ Հուսեյն բեյը: Ըստ Խատիսյանի հուշերի՝ վերջինս նշել էր, որ «մեզ պետք են կենդանի ուժեր, և հայերը պետք չէ, որ մեր ճամփան փակեն դեպի մեր եղբայրները»: «Եվ ցույց տվեց 2 ճանապարհներ, որոնք տանում էին դեպի այդ եղբայրները. առաջին՝ Զանգեզուր-Ղարաբաղ ճամփան, և երկրորդ՝ Ախալքալաք-Բորչալու գիծը: «Սրանցից մեկնումեկը,- եզրակացրեց նա,- պետք է բաց մնա մեզ համար». այսպես է վկայակոչում վերոնշյալ զրույցը Խատիսյանը: Այս նույն տրամաբանությամբ 1918 թվականի օգոստոսին Երևանում կայացած բանակցությունների ժամանակ Կովկասում օսմանյան բանակի հրամանատար Հալիլ փաշան նշում էր, որ «մենք ցանկանում ենք վերականգնել կապը մեր հին հայրենիքի՝ Թուրանի հետ և դրա համար ուզում ենք, որ մեր 2 հայրենիքներն իրար միացնող ճանապարհներն ուրիշների տիրապետության տակ չլինեն»:
Վերոնշյալ
նկարագրությունից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասում իր քաղաքականության իրացման
համար օսմանյան կողմը դիտարկում էր 2 հիմնական ճանապարհ, որոնցից մեկն անցնում էր հյուսիսային
հատվածով՝ Կարս-Գանձակ-Բաքու ուղղությամբ, իսկ երկրորդը՝ տարածաշրջանի հարավային մասով՝
Իգդիր-Նախիջևան-Սյունիք-Արցախ-Բաքու գծով: Այս փուլում օսմանյան բանակի արշավանքի գլխավոր
թևը նպատակաուղղված էր դեպի Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Աղստաֆա-Բաքու գիծը:
1918 թվականի սեպտեմբերին օսմանյան գեներալ Նուրի փաշայի գլխավորած բանակը գրավեց Բաքու
քաղաքը, որով Հարավային Կովկասի արևելյան՝ մերձկասպյան ու Կուր-Արաքսյան դաշտավայրային
հատվածում փաստացի ստեղծեց թյուրքական պետական միավոր՝ Ադրբեջանի Հանրապետություն անվամբ:
Տարածքը չհայտարարվեց Օսմանյան կայսրության մաս՝ ելնելով աշխարհաքաղաքական մտայնություններից,
սակայն այն փաստացի կառավարվում էր օսմանյան ռազմական հրամանատարության կողմից, իսկ
«Մուսավաթ» կուսակցության խամաճիկային կառավարությունն անկարող էր միայնակ պահպանել
պետականությունը: Վերահսկելի պետական միավորի ստեղծումը, սակայն, հարավկովկասյան ծավալապաշտական
ծրագրի միայն առաջին քայլն էր:
Դեպի Բաքու արշավանքին զուգահեռ օսմանյան բանակները 1918 թվականի գարնան ընթացքում հաջողություններ էին գրանցել Հարավային Կովկասի այլ հատվածներում ևս: Մասնավորապես, արդեն 1918 թվականի հունիսին Հայաստանի նորանկախ հանրապետության հետ կնքված Բաթումի պայմանագրով հաստատվել էր, որ Օսմանյան կայսրությանն են անցնում Հայաստանի զգալի տարածքները, որոնք այդ պահի դրությամբ արդեն գրավված էին թուրքական բանակների կողմից: Ըստ այդ պայմանագրի՝ Օսմանյան կայսրության վերահսկողությանը տրվեցին Երևանի նահանգի Սուրմալուի ողջ գավառը, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի գավառների մեծ մասը և Երևանի ու Շարուր-Դարալագյազի գավառների մի հատվածը: Փաստացի, ռազմական ուժով օսմանյան կողմը կարողացել էր տիրել դեպի Կովկասի խորքը գնացող երկրորդ ուղու հիմնական մասին, որն անցնում էր Արաքսի հովտով՝ Նախիջևան-Սյունիք-Արցախ գծով: Այսպիսով, 1918 թվականի ամռանը դեպի Բաքու տանող հարավային ճանապարհի հիմնական խոչընդոտը մնում էին տակավին դեռ չգրավված Սյունիքը և Արցախը: Միանգամայն օրինաչափորեն, Բաքուն նվաճելուց հետո հաջորդ թիրախը դարձան հենց այս 2 շրջանները, որոնց գրավումով Հարավային Կովկասում կձևավորվեր լիարժեք օսմանյան գոտի:
Արդեն
այս ժամանակ ակնհայտ է դառնում վերոնշյալ հարավային ճանապարհի կարևորությունն օսմանյան
կողմի համար: Այն ոչ միայն աշխարհագրորեն ավելի կարճ էր և կլիմայական տեսանկյունից
ավելի բարենպաստ, այլև միաժամանակ հանդիսանում էր դեպի պանթյուրքական հաջորդ նպատակակետ
հանդիսացող իրանական Ատրպատական մուտքի ուղին ևս: Ուստի օսմանյան և թաթարական ուժերը
1918 թվականից սկսած՝ հետևողական ջանքեր են գործադրում այս ուղղությամբ ևս թյուրքական
առանցքի ստեղծման համար: Այս մասին է վկայում Հալիլ փաշայի և ՀՀ հիմնադիրներից պետական
գործիչ Արամ Մանուկյանի միջև 1918 թվականի ամռանը տեղի ունեցած բանակցության էությունը,
որը վկայակոչում է Ռուբեն Տեր-Մինասյանը. «Արամը, իր նախկին ընկեր՝ հաղթական Խալիլ
փաշայից, ով եկել էր Երևան, պահանջում էր սահմանների ընդարձակում և ապրելու հնարավորություն:
Խալիլ փաշան սկզբունքորեն չէր մերժում Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխավ
առաջարկում էր, որ հայերը դիտարկեն Զանգեզուրի Մեղրի գավառակը, որպեսզի իրենք անմիջապես
կապվեն Բաքվի հետ: Դրա փոխարեն պատրաստ էր Ադրբեջանի հաշվին ընդարձակել Հայաստանի սահմանները
դեպի Ջևանշիր ու Վարանդա»: Բնական է, որ Մեղրիի գավառակը ստանալով և Ադրբեջանի հետ
ուղիղ ու անխոչընդոտ ցամաքային կապ ապահովելուց հետո Հայաստանը շարունակելու էր օղակվել
ու ճնշվել, և արված տարածքային զիջումները, որոնք առաջարկում էր Հալիլը, որևէ կերպ
չէին խոչընդոտելու այդ սպառնալից գործընթացին: Զրույցում քննարկված տարբերակը կյանքի
չի կոչվել:
1918 թվականի ընթացքում՝ գարնան-ամռան ամիսներին, հանդիպելով ինչպես տեղական ուժերի, այնպես էլ աշխարհաքաղաքական կենտրոնների դիմադրությանը և չկարողանալով ամբողջությամբ գրավել Հարավային Կովկասը, Օսմանյան կայսրությունը նախաձեռնեց նոր մարտավարություն վերահսկողություն հաստատել բոլոր կարևորագույն ճանապարհային ենթակառուցվածքների վրա և ստանալ անխոչընդոտ կապ Կովկասի արևելքում գտնվող թուրքական նորաստեղծ հենակետի՝ Ադրբեջանի Հանրապետության հետ: Նպատակների այսպիսի «սահմանափակումը» ժամանակավոր մտադրություն էր, որի արդյունքում պետք է ոչ կենսունակ վիճակում թողնվեր հայկական պետությունը և վերջնարդյունքում հանգեցներ Կովկասի լիարժեք նվաճմանը: Այս մասին է վկայում, օրինակ, Վեհիբ փաշայի այն դիտարկումը, որ «մենք հայերին մատների վրա կխաղացնենք այնքան ժամանակ, քանի դեռ մեզ զինվորներ են հարկավոր ճակատի համար, իսկ հետո քրդերի ու թաթարների օգնությամբ նրանց կստիպենք խեղդվել այն տոպրակում, որի մեջ նրանք նստած են»: Օսմանյան վերնախավի մոտ նման մտադրության առկայության մասին է նշում այդ ժամանակ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Խատիսյանը. «Մեր նպատակն էր ցույց տալ մեր անվիճելի իրավունքներն Ախալքալաքի, Լոռիի, Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի վրա, որոնց վրա հավակնություններ ունեին մեր հարևանները: Թուրքերը շատ լավ ծանոթ էին մեր ծրագրերին և ձգտումներին, բայց չէին ուզում, որ գոյություն ունենա կենսունակ Հայաստան: Նրանք դեմ էին, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը կցվեն Հայաստանին, որովհետև կուզեին բաց պահել իրենց ճամփան դեպի Բաքու»:
Այս
նպատակով օսմանյան պետությունը ձեռնամուխ եղավ ճանապարհային միջանցքների ստեղծման գաղափարին:
Դրանց իրականացման առաջին փուլն անմիջապես հաջորդեց Բաթումի համաձայնագրի ստորագրմանը:
Այդ համաձայնագրից զատ, օսմանյան կողմը ՀՀ կառավարության հետ բանակցություններ սկսեց
Ալեքսանդրապոլում՝ Հայաստանի տարածքով «հյուսիսային միջանցք»՝ այն է դեպի Կովկասի խորքը
տարանցիկ ուղի ձևավորելու համար: Արդյունքում Օսմանյան կայսրության ու ՀՀ-ի միջև ստորագրվեցին
ևս 2 լրացուցիչ պայմանագրեր, որոնք կցվեցին Բաթումի համաձայնագրին: Այս հավելվածներով
թուրքական զորքերն իրավունք էին ստանում անարգել անցնելու Հայաստանի տարածքով, օգտվելու
Ղարաքիլիսա-Ղազախ խճուղուց՝ դեպի Կովկասի արևելք ռազմամթերք տեղափոխելու համար: Բացի
այդ, հայկական կողմը համաձայնվում էր, որ «օսմանյան բանակը կատարի ամեն տեսակի ռազմական
փոխադրումներ՝ տրանզիտով»:
Վերոնշյալ համաձայնագրերում հատուկ ուշադրություն էր դարձվում հատկապես երկաթուղային տարանցիկ ճանապարհների հարցին: Այսպես, օսմանյան կողմը պարտադրել էր, որ բացի տարանցիկ անխոչընդոտ փոխադրումներից, կարևորագույն կայարաններին կցվեն օսմանյան սպաներ՝ իրենց օգնականներով, որպեսզի վերջիններս ապահովեն թուրքական զորքերի հանգիստ անցումը: Ըստ համաձայնագրի, ՀՀ կառավարությունը պարտավորվում էր «ցրել ամեն մի ուժ, որ նպատակ կունենա խանգարել հիշյալ փոխադրումներին: Եթե նա ինքը ի վիճակի չլինի այդ անելու, ապա օսմանյան զորքերը կմիջամտեն այդ խոչընդոտների վերացման համար»: Այս դրույթները տարածվում էին նաև այլ ճանապարհներով կատարվող փոխադրումների վրա: Փաստացի, Օսմանյան կայսրությունը ոչ միայն լիարժեք օգտվելու էր հայկական ճանապարհային ենթակառուցվածքից դեպի Ադրբեջան անցնելու համար, այլև դրանց վրա տարածելու էր իր իրավասությունը՝ այդպիսով վերջիններիս հաղորդելով «արտատարածքային» բնույթ: Իր հերթին Ադրբեջանը ևս ջանքեր էր գործադրում Ղարաբաղ-Զանգեզուր-Շարուր-Նախիջևան-Մակու գծով Թուրքիայի հետ անմիջական կապ հաստատելու համար:
Նշված
կարգավորումները նախատեսված էին Հայաստանի չգրավված հատվածի համար, որը փաստացի շարունակում
էր խոչընդոտ հանդիսանալ օսմանյան նվաճումների համար և գտնվել վերջիններիս թիրախում:
Սակայն օսմանյան բանակների արշավի հաջորդ փուլերը տեղի չունեցան, քանի որ այդ նույն
ժամանակաշրջանում վերջինս պարտություն կրեց մնացյալ ճակատներում և 1918 թվականի հոկտեմբերի
վերջին կապիտուլացվեց: Հարավային Կովկասի լիակատար նվաճումն օսմանյան պետության կողմից
ևս մեկ անգամ ամբողջությամբ չիրականացավ կամ չհասավ ամբողջական վերջնարդյունքին, քանի
որ, ըստ Մուդրոսի զինադադարի՝ Օսմանյան կայսրությունը պարտավոր էր հետ քաշել իր զորքերը
բոլոր գրավված տարածքներից:
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments
Post a Comment