Հարավային
Կովկասի թուրքական նվաճման փորձի հաջորդ շրջափուլը մեկնարկում է 1919-1920 թվականներին,
երբ օսմանյան բանակի սպաներից և քաղաքական նախկին վերնախավի մի մասից ձևավորված նոր
ուժը՝ գեներալ Մուստաֆա Քեմալի առաջնորդությամբ սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության
իրականացումը, որի գլխավոր թիրախներից մեկը դարձյալ Հարավային Կովկասն էր: Նշված ուղղությամբ
քեմալական ուժերի համար առաջնային նշանակություն ուներ նախ հնարավորինս նոր տարածքներ
նվաճել և ապահովել Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանը: Արդեն 1919 թվականի դեկտեմբերին
քեմալականները կապ են հաստատում Ադրբեջանում գտնվող Հալիլ փաշայի հետ, որպեսզի վերջինս
ապահովի Փոքր Ասիան Ադրբեջանին միավորող և Նախիջևանն ու Զանգեզուրը ներառող «ռազմավարական
միջանցքը»:
Չնայած
այն հանգամանքին, որ 1920 թվականի ապրիլի վերջից Ադրբեջանում հաստատվեց խորհրդային
իշխանություն, այն շարունակում էր մշտական կապի մեջ լինել քեմալականների հետ, և կողմերն
ունեին համագործակցության լայն շրջանակ: Բոլշևիկների կողմից Ադրբեջանի նվաճման վտանգը
կամ անխուսափելիությունը հասկանալով՝ քեմալականները որդեգրեցին պրագմատիկ քաղաքականություն
և նախընտրեցին, որ Ադրբեջանը որպես առանձին միավոր մտնի ձևավորվող խորհրդային պետության
կազմի մեջ՝ այդպիսով երաշխավորելով քաղաքական այս ծրագրի երկարակեցությունը: Խորհրդային
Ադրբեջանի իշխանությունները տարածքային և ազգային հարցերում շարունակում էին նախորդ՝
մուսավաթական կառավարության մոտեցումները միայն այն տարբերությամբ, որ այս անգամ ծավալապաշտական
նպատակներին հասնելու ճանապարհին, բացի հովանավոր՝ թուրքական կողմից, համագործակցում
էին նաև բոլշևիկյան Ռուսաստանի հետ, որն ուներ իր շահերն ու մոտեցումները տարածաշրջանում:
Ադրբեջանցի բոլշևիկների և քեմալականների միջև ձևավորված գործակցությունը մեծապես օգտակար
է լինում քեմալականների ու Ռուսաստանի բոլշևիկների բանակցություններում բազմաթիվ խնդիրներ
ի օգուտ թուրքական կողմի լուծելու հարցում:
Կովկասյան
ուղղությամբ վերոնշյալ 2 հիմնական նպատակներին հասնելու համար քեմալականներին անխուսափելիորեն
անհրաժեշտ էր թուլացնել, իսկ հնարավորության դեպքում չեզոքացնել հայկական պետությունը՝
Հայաստանի Հանրապետությունը, որը զբաղեցնում էր թուրքական թիրախ հանդիսացող ռազմավարական
տարածքները: Ուստի 1920 թվականի ողջ ընթացքում քեմալականները մի կողմից նախապատրաստվում
էին Հայաստանի վրա ռազմական հարձակման, իսկ մյուս կողմից տարածաշրջանի դերակատարների
(առաջին հերթին՝ բոլշևիկյան Ռուսաստանի) հետ դիվանագիտական ակտիվ աշխատանք էին տանում
հակահայկական գործողություններն առավել դյուրացնելու համար:
Ռազմական
ու դիվանագիտական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց և իրավիճակն առավել նպաստավոր
գնահատելուց հետո 1920 թվականի սեպտեմբերին քեմալականները հարձակում սկսեցին Հայաստանի
Հանրապետության դեմ: Թուրք-հայկական պատերազմում քեմալականների հետապնդած նպատակների
մասին է վկայում նրանց արտգործնախարար Մուհթար բեյի հեռագիր-կարգադրությունը, որը
1920 թվականի նոյեմբերին նա ուղարկում է արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիր
փաշային, ով գլխավորում էր Հայաստանի դեմ ռազմական հարձակումը. «… Բացարձակ անհրաժեշտություն
է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:… Դրանից էլ բխում է,
որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության
արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված
լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի նկատմամբ
խաղաղասեր երևալուն… Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը
և բռնագրավել նրա զենքը՝ այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական
կառույցը: Երկաթուղիները հսկողության տակ պահելու և մահմեդական ազգաբնակչության իրավունքները
պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի
ողջ տարածքի վրա և այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները:
Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձևով՝ ինչպես խաղաղության
պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում՝ հայերի աչքերում
մշտապես խաղաղասեր երևալու պայմանով»: Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունենալու խնդրի
կարևորության մասին է վկայում նաև 1920 թվականի սեպտեմբերին Մուստաֆա Քեմալի հեռագիրը
ռազմական գործիչ, Մոսկվայում քեմալականների դեսպան Ալի Ֆուաթ Ջեբեսոյին. «Հայերի դեմ
բարենպաստ պատերազմ սկսել և չհրաժարվել Ադրբեջանը Թուրքիային միավորելու մտքից»: Թուրք
հեղինակ Ջոշքունն այն կարծիքն է հայտնում, որ այդ շրջանում թուրքական կողմի համար գերխնդիր
էր «Կովկասյան պատ» որակվող Հայաստանի ոչնչացումը, այլապես Թուրքիան չէր կարող զարգանալ
և ծավալվել դեպի Արևելք:
Այս
ամենին զուգահեռ Հարավային Կովկասում նորից ամրանում էին բոլշևիկյան Ռուսաստանի դիրքերը:
Ավելի հզոր հակառակորդի առաջ գալով՝ քեմալականները հասկանում էին, որ այդպիսի պայմաններում
ողջ Կովկասը նվաճել այլևս չի հաջողվելու, ուստի, նվազագույնը, պետք էր նպաստել Ադրբեջանի՝
հնարավորինս ուժեղացմանը: Այդ մասին է վկայում արտգործնախարար Մուհթար բեյի վերոնշյալ
հեռագրի հաջորդ կարգադրությունը. «Անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել քայլ առ քայլ
տարածաշրջանի թուրքերին զինելու և ազգային զինված ուժեր ստեղծելու ուղղությամբ: Նրանք
պիտի կապեն միմյանց հետ Արևելքն ու Արևմուտքը և դարձնեն Ադրբեջանը ինքնուրույն թուրքական
պետություն»:
Թուրքիա-Ադրբեջան
ցամաքային կապն ապահովելու համար թուրք-հայկական պատերազմի ընթացքում թուրքական զորքերը
գրոհեցին ոչ միայն կենտրոնական՝ Ալեքսանդրապոլի ուղղությամբ, այլև հարավային՝ փորձելով
նվաճել Ադրբեջանին միացնող Արաքսի հովիտը ու հարակից շրջանները: Նշված ժամանակահատվածում
Հայաստանի հարավային շրջաններով Ադրբեջանի հետ ընդհանուր ցամաքային սահման ձևավորելու
գաղափարը շատ կարևոր էր քեմալականների համար հետևյալ պատճառներով.
1.այդ
ճանապարհը լեռնաաշխարհագրական առումով առավել դյուրին էր (կազմված էր Արաքսյան հովտից
և հարակից հարթավայրային գոտուց), իսկ կլիմայական տեսանկյունից՝ առավել բարենպաստ
(ի տարբերություն ավելի հյուսիս ընկած ճանապարհային այլընտրանքների՝ այն գրեթե ամբողջ
տարի զերծ էր եղանակային խոչընդոտներից)
2.այս
գոտում առկա էին որոշակի ճանապարհային ենթակառուցվածքներ (օրինակ՝ երկաթուղի մինչև
Ջուղա, որն այնուհետև ձգվում էր դեպի թյուրքախոսներով բնակեցված Թավրիզ)
3.աշխարհագրորեն
ավելի կարճ էր և ապահովում էր կապ ոչ միայն դեպի Բաքու, այլև ամենամոտն էր թյուրքախոս
Ատրպատականին և թյուրքախոսների հոծ բնակության այլ վայրերին:
Պատերազմական
գործողությունների ծավալմանը և հայկական կողմի պարտություններին զուգահեռ՝ 1920 թվականի
նոյեմբերի 18-ին՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, իր ելույթում, անդրադառնալով Հայաստանի
հետ զինադադարի համաձայնության պայմաններին, Քեմալը նշում է. «Հարավից Ադրբեջան տանող
ճանապարհները պիտի լինեն լիովին անվտանգ: Ահա այսպիսի առաջարկ ունի Գլխավոր սպայակույտը,
պարոնա՛յք: Զինվորականները ճիշտ ժամանակին հանդես եկան իրենց առաջարկով»:
Թուրքական
բանակների արշավանքներից առաջ և դրանց զուգահեռ խորհրդայնացված Ադրբեջանը ողջ
1918-1920 թվականների ընթացքում տարբեր ծավալի ռազմական, ներքին պառակտիչ գործողություններով
փորձում էր նվաճել Նախիջևանը, Սյունիքը և Արցախը՝ ընդհանուր թուրք-ադրբեջանական սահման
ձևավորելու նպատակով:
Այս գոտու աշխարհաքաղաքական կարևորությունը գիտակցելով՝ Խորհրդային Ռուսաստանը ևս ներգրավված էր նշված երկրամասերի ճակատագրի որոշման գործընթացում: Ուստի պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական կողմը դիվանագիտական ակտիվ աշխատանք էր տանում բոլշևիկյան Ռուսաստանի հետ՝ հարցն ի օգուտ իրենց լուծելու համար: Հենց այս ջանքերի, բավական բարդ աշխարհաքաղաքական ու ռազմական զարգացումների արդյունքում մինչև 1920 թվականի սեպտեմբեր արձանագրվել էր, որ հայկական Նախիջևանը, Սյունիքն ու Արցախը դառնում են վիճելի տարածքներ: Սա արդեն իսկ միջանկյալ փոքրիկ հաղթանակ էր թուրք-ադրբեջանական տանդեմի համար:Այստեղ պետք է նշել նաև Թուրքիա-Ադրբեջան ընդհանուր սահմանի կարևորությունը քեմալականների համար և դրանից բխող սպառնալիքը՝ Խորհրդային Ռուսաստանի համար արձանագրում էր նաև ռուսական կողմը: Արդեն 1920 թվականի նոյեմբերին Լենինին ուղղված հեռագրում Ստալինը հայտնում է, որ թուրքերի «ձգտումն է՝ ընդհանուր սահման ունենալ Ադրբեջանի հետ», որը վերջինս համարում է «առավել վտանգավոր»: Հայաստանի և մասնավորապես «վիճելի տարածքների» ու ի մասնավորի՝ Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորության մասին է վկայում Օրջոնիկիձեի նամակը Ստալինին, որտեղ նա դեպի Հայաստան բոլշևիկյան արշավանքը կարևորելով՝ այն որակում է որպես «սեպով խրվել» թուրքերի և Ադրբեջանի միջև:
Պատերազմի
դաշտում 1920 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին թուրքական զորքերը կարողացան հասնել առավելության
հայկական կողմի հանդեպ՝ գրավելով ՀՀ զգալի տարածքներ: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին
Ալեքսանդրապոլում կնքված պայմանագրով Թուրքիան ստացավ ոչ միայն Սուրմալուի գավառը,
այլև Նախիջևանը, Շարուրն ու Շահթախթին փաստացի տնօրինելու հնարավորություն: Թեև պայմանագիրը
փաստացի չեղարկվեց դրանից առաջ արդեն իսկ տեղի ունեցած Հայաստանի խորհրդայնացմամբ,
սակայն այստեղ էական է արձանագրել, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով ևս Թուրքիան փորձում
էր ուղիղ սահման ձեռք բերել Ադրբեջանի հետ:
Հայաստանի,
Վրաստանի և Ադրբեջանի լիարժեք խորհրդայնացումից հետո Թուրքիայի՝ Հարավային Կովկասում
տարածքային ձեռքբերումներն ու սահմանները որոշվելու էին քեմալականների և բոլշևիկների
բանակցություններում: Սակայն մինչ այդ՝ խորհրդա-թուրքական բանակցություններին զուգահեռ,
Թուրքիան շարունակում էր փորձերը Հարավային Կովկասում հնարավորինս ամրապնդելու իր դիրքերը՝
ավելի բարենպաստ պայմաններում բանակցելու և հետագա ծավալման նպատակով: Ընդ որում՝ այս
փուլում թիրախում գլխավորապես Նախիջևանի շրջանն է:
1920
թվականի վերջին, երբ քննարկվում էին ռուս-թուրքական խորհրդաժողովի հարցերը, թյուրքերն
է՛լ ավելի են ակտիվացնում իրենց գործողությունները Նախիջևանում: 1921 թվականի հունվարին
երկրամասում թուրքական զորքերի հրամանատար Վեյսալ բեյը 2 անգամ փորձում է տապալել խորհրդային
իշխանությունը, սակայն հաջողություն չի ունենում: Այս առիթով Նախիջևանի արտակարգ կոմիսար
Վելիբեկովը զեկուցում էր հետևյալի մասին. «Թուրքիան վերջին ժամանակներս սիրախաղ է անում
ինչպես մեզ, այնպես էլ Անտանտայի հետ, և, ինչպես վերջին փաստերն են ցույց տալիս, թեքվել
է Անտանտայի կողմը: Նա ցանկություն ուներ զավթել սեպաձև խրված Նախիջևանի շրջանը իրականացնելու
համար իր պլանը. բարձրացնել ընդհանուր հակահեղափոխություն սկսած Անատոլիայից, Մակուից,
Նախիջևանից, պարսկական Ադրբեջանից և վերջացրած Խորհրդային Ադրբեջանով»:
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments
Post a Comment