Առաջին
աշխարհամարտի նախընթաց շրջանում Օսմանյան կայսրությունում պանթյուրքականության քարոզը
ծավալվում էր ամբողջ թափով: Այսպես օրինակ՝ ժամանակի օսմանյան խորհրդարանի նախագահ
Հալիլ բեյն իր ճառերից մեկում օսմանյան հանրության տարբեր շերտերից պահանջում էր իրենց
մտավոր ողջ ազդեցությամբ արթնացնել «ապագա սերունդների մեջ այն գաղափարը, որ սահմանի
այն կողմում մնացել են մեր եղբայրները, որոնք փրկության կարիք ունեն, մնացել են մեր
հողի առանձին կտորներ, որոնք ազատություն են պահանջում»: Իսկ պատերազմի մեկնարկից հետո
ծավալապաշտական այս քարոզն էլ ավելի կոնկրետացավ: Երիտթուրքական ղեկավարությունը նշում
էր, որ «ռազմական նվաճումների միջոցով նրանք կհասնեն Կովկասի, Միջին Ասիայի, Պովոլժիեի,
Ղրիմի… տարածքների միացմանը Օսմանյան կայսրությանը, որոնք բնակեցված են իսլամ դավանող
ժողովորդներով և, այդպիսով, կվերստեղծեն Թուրանի վաղեմի պետությունը»: Պանթյուրքական
ռազմավարության եռանդուն կենսագործողներից գեներալ, իսկ հետո քաղաքական գործունեություն
ծավալած, Քյազըմ Քարաբեքիրն իր հուշերում նշում է. «Իմ պաշտոնական դիմումներին (Ստամբուլից)
պատասխանում էին, որ հայրենիքի ապագայի համար ծայրահեղորեն անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիային
միացվի կովկասյան Ադրբեջանը՝ Նախիջևանի հետ միասին»: Օսմանյան պետության կովկասյան
արշավանքի մեկ այլ մասնակից գնդապետ Բերքուքն իր հուշերում նշում է, որ երիտթուրքերի
նվիրական իղձն էր «գրավել Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասն ու Ղրիմը»:
Հարավային
Կովկասում քաղաքական այս ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները պատերազմին
նախընթաց փուլում ունեին 2 կարևոր բաղադրիչ: Առաջին՝ անհրաժեշտ էր Կովկասում Օսմանյան
և Ռուսական կայսրությունների սահմանագծի երկայնքով ռազմավարական դիրքեր զբաղեցնել՝
պատերազմի դեպքում դեպի Կովկասի խորքը ներթափանցելու համար: Պատերազմի հենց սկզբից
օսմանյան հրամանատարությունը նախատեսել էր Կովկաս ներխուժել ոչ միայն հիմնական՝ Սարիղամիշ-Կարս
ուղղությամբ, այլև Իրանական Ատրպատականի կողմից, որի հյուսիսային սահմանն Արաքսի հովիտն
էր և Նախիջևան-Սյունիք գոտին: Ռազմավարական պլանի համաձայն՝ օսմանյան զորքերը, պատերազմական
գործողությունները սկսելուն պես, պետք է գրավեին Ուրմիայի գավառը և այնտեղ ռազմական
հենակետեր ստեղծեին՝ հետագա հարձակողական գործողությունների համար՝ Խոյ-Ջուլֆա-Բաքու
և Սուլդուզ-Սոուջ-բուլաղ ուղղություններով: Հենց այս ուղղությամբ էին օսմանյան զորքերը
1900-1910-ականներին տարբեր ռազմական դիրքափոխություններ ու սահմանային դիվերսիաներ
կատարում:
Երկրորդ՝
Օսմանյան կայսրությունը Կասպից ծովի արևմտյան հատվածում ապրող թյուրքախոս իսլամադավան
ժողովուրդների շրջանում իրականացնում էր նաև համապատասխան քարոզչական գործունեություն՝
փորձելով տեղի բնակչությանը կողմնորոշել դեպի Ստամբուլ՝ այդպիսով հող նախապատրաստելով
այդ տարածքների նվաճման և ինտեգրման գործընթացի մեկնարկի համար: Ըստ ռազմավարական ծրագրի՝
պանթյուրքական քարոզի արդյունքում օսմանյան զորքերի առաջխաղացման ընթացքում պետք է
տարածաշրջանի իսլամադավան ժողովուրդների ապստամբություններ կազմակերպվեին:
Առաջին
համաշխարհային պատերազմը մեկնարկեց 1914 թվականի ամռանը, իսկ կովկասյան ճակատ հասավ
միայն նույն տարվա աշնան երկրորդ կեսին: Օսմանյան կայսրության համար այն հնարավորություն
էր փրկելու պետությունը փլուզումից և պահպանելու իր տեղը ձևավորվող աշխարհակարգում՝
շնորհիվ նոր տարածքային նվաճումների: Այդ օրերին երիտթուրքական կառավարության՝ իր կուսակցական
մասնաճյուղերին ուղղված հանրային կոչում ասված էր. «Չմոռանանք, որ համաշխարհային պատերազմին
մեր մասնակցության նպատակը մեզ սոսկ վերահաս, սպառնացող կորստից փրկվելը չէ: Մեր մասնակցությունը
համաշխարհային պատերազմին արդարացվում է մեր ազգային իդեալով: Մեր ազգի իդեալը… առաջնորդում
է մեզ դեպի մեր մոսկովյան թշնամու ոչնչացումը, որպեսզի դրա հետևանքով ստեղծվեն մեր
կայսրության բնական սահմանները, որոնք իրենց կազմում կունենան և կմիավորեն մեր ռասայի
բոլոր ճյուղավորումները»:
Կայսրության
«բնական սահմանները», ըստ օսմանյան վերնախավի, գտնվում էին Կովկասում և դրան հարակից
հյուսիսային Իրանում: Կարևոր է փաստել նաև այն հանգամանքը, որ հենց այդ ուղղությամբ
էր կենտրոնացած օսմանյան ամենամեծ զորամիավորումը՝ շուրջ 300 հազար զինվոր: Կայսրության
ռազմական նախարար Էնվեր փաշան այդ ժամանակ հետևյալ կերպ էր հիմնավորում Կովկասի վրա
ծրագրված հարձակումը. «Գերմանիան համաձայն է, որ Եգիպտոսը, Կովկասը վերագրավենք և նույնիսկ
Պարսկաստանն էլ գրավենք, և ստեղծված է հնարավորություն, որ այդ 2 կողմերը մի զինվորական
պտույտով մտնենք: Այս կերպով, տարակույս չկա, որ մենք պիտի կարողանանք Թուրանի ճամփան
բացել և ապահովել Թուրք միությունը»: Մեկ այլ բարձրաստիճան օսմանյան գործիչ՝ Բեհաէդդին
Շաքիրը, համաձայնելով Էնվերի հետ, նշում էր. «Թուրքիայի հաղթանակի ճանապարհը Էնվերի
ցույց տվածն է. նախընտրելի է հանդես գալ Գերմանիայի հետ միասին: Այս ճամփան փրկության
և Թուրանի ճամփան է»:
Պատերազմի
մեկնարկից հետո ռազմական նախարար Էնվեր փաշայի գլխավորությամբ օսմանյան բանակն անցավ
հարձակման՝ նվաճելու թուրքական «Իրիդենտան» (բաղձալի տարածքը): Պանթյուրքական նպատակին
էր ծառայում օսմանյան բանակի գլխավոր շտաբի կողմից մշակված պատերազմը վարելու ստրատեգիական
պլանը, որի համաձայն գլխավոր ուժերը պետք է ռուսական զորքերին հարված հասցնեին այն
հաշվարկով, որ Անդրկովկասն արագ կերպով գրավվեր և, դրանով իսկ, ապահովվեր թուրքական
զորքերի հետագա առաջխաղացումը մուսուլմաններով բնակեցված Ռուսաստանի մյուս շրջանները,
ինչպես նաև նրան հարևան երկրները:
Չնայած
սկզբնական շրջանի որոշ հաջողություններին, օսմանյան բանակը ընդհանուր առմամբ տապալեց
արշավանքը դեպի Կովկաս՝ կրելով մեծաթիվ մարդկային ու տարածքային կորուստներ: 1915 թվականից
սկսած՝ ռուսական ուժերն անցան հակահարձակման և հաջորդ ամիսներին գրանցեցին բազմաթիվ
հաջողություններ: Մասնավորապես՝ 1917 թվականի սկզբի դրությամբ ռուսական բանակն Օսմանյան
կայսրությունից նվաճել էր հսկայական տարածքներ Արևմտյան Հայաստանում՝ հասնելով մինչև
Տրապիզոն-Բիթլիս գիծը: Փաստացի մինչև 1917 թվականը Հարավային Կովկասի հանդեպ Օսմանյան
կայսրության հետապնդած նպատակները և թյուրքախոս մուսուլմանների հետ միավորվելու ծրագիրը
մնացին չիրականացված:
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան-«Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments
Post a Comment