Ճապոնիան
հայկական երևակայության մեջ հաճախ է պատկերվում որպես նույնակազմ բնակչություն ունեցող
երկիր, որտեղ խոսում են միևնույն լեզվով, կիսում են նույն մշակույթը և սովորույթները։
Սակայն Ճապոնիայում որոշ ժամանակ բնակվելուց կամ երկիրը խորությամբ ուսումնասիրելուց
հետո դժվար է չնկատել հակառակը։ Ճիշտ է, Ճապոնիայի բնակչության ճնշող մեծամասնությունը
էթնիկ ճապոնացիներ են, և, ի տարբերություն մեծաքանակ միգրանտներ ընդունող երկրների,
այստեղ բազմազանությունն առաջին հայացքից նկատելի չէ։ Սակայն Ճապոնիան դժվար է անվանել
«միատարր» երկիր։ Միայն Կանտո և Կանսայ երկրամասերում ապրելու փորձը կարող է ցույց
տալ, որ նույնիսկ «էթնիկ ճապոնացիների» մշակույթի, նիստուկացի մեջ կան էական տարբերություններ՝
կախված նրանց բնակավայրից, սոցիալական կարգավիճակից։
Ճապոնիայում
կան նաև բազմաթիվ «նկատելի» և «ոչ նկատելի» փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
«Նկատելի» փոքրամասնության շարքին կարելի է դասել «կովկասյան» ռասայի և այլ՝ արտաքնապես
տարբերվող մարդկանց։ «Ոչ նկատելի» փոքրամասնության ներկայացուցիչներն անհամեմատ մեծաքանակ
են։ Օրինակ՝ Ճապոնիայի ամենամեծաքանակ փոքրամասնություններից են համարվում բուրակումիները,
որոնք էթնիկ ճապոնացի են, բայց պատմության որոշ հատվածում զբաղվել են այնպիսի աշխատանքով,
որը նրանց տարբերակել է մյուս ազգաբնակչությունից։ Բավական մեծ թիվ են կազմում նաև
էթնիկ կորեացիներն ու չինացիները, որոնցից շատերը հաստատվել են Ճապոնիայում տասնամյակներ
առաջ, որոնց առաջին լեզուն հանդիսանում է ճապոներենը, և որոնք արտաքնապես և մշակույթով
քիչ են տարբերվում ճապոնացիներից։
Ավելի
փոքրաքանակ են այնու ժողովրդի ներկայացուցիչները, ճապոնական ծագում ունեցող բրազիլացիները
կամ «նիկկեյջին»-ները, ինչպես նաև օկինավացիները։ Փոքրամասնություն են համարվում նաև
հաշմանդամություն ունեցող անձինք, ատոմային ռումբի պայթյունի հետևանքով ճառագայթման
ենթարկված մարդիկ՝ «հիբակուշա»-ները, սեռական փոքրամասնությունները։
«Փոքրամասնություն»
տերմինի միասնական սահմանում չկա։ ՄԱԿ-ի 1992 թվականին ընդունված փոքրամասնությունների
իրավունքների մասին հռչակագրում որպես այդպիսին են նշվում «ազգային կամ էթնիկ, կրոնական
և լեզվական» փոքրամասնությունները։ Ճապոնիայում ընդունված է այս տերմինի ավելի լայն
կիրառությունը, որտեղ ներառված են ոչ միայն վերոհիշյալ խմբերը, այլև հասարակության
մեջ թույլ, խտրական կամ մարգինալ դիրք ունեցող անձինք։ Այսպիսով, Ճապոնիայում այդպիսիք
են համարվում սեռական փոքրամասնությունները, հաշմանդամություն ունեցող անձինք, օտարերկրացիները
կամ միգրանտները, աղքատ խավը և ուրիշները։
Նյութի աղբյուրը՝ Աստղիկ Հովհաննիսյան- «Ճապոնական հասարակություն»

Comments
Post a Comment