Skip to main content

Հակիրճ Ճապոնիայի մասին

 

Ճապոնիան Արևելյան Ասիայում գտնվող կղզի-պետություն է, որն արևմուտքից հարում է Ճապոնական ծովին, իսկ արևելքից՝ Խաղաղ օվկիանոսին: Ճապոնիան զբաղեցնում է 364,555 քկմ մակերես, իսկ բնակչությունը մոտ 127 միլիոն է: Գլխավոր կղզիներն են՝ Հոկայդոն, Հոնշյուն, Շիկոկուն, Կյուշյուն և Օկինավան: Մայրաքաղաքը Տոկիոն է: Ճապոնիայի բնակչության շուրջ 90 տոկոսն ապրում է քաղաքներում, որոնցից ամենախիտ բնակեցվածը Տոկիոն է, որին հաջորդում են Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Սապպորո, Կոբե, Կիոտո քաղաքները:

Ճապոնիայում շատ են բնական աղետները՝ երկրաշարժ, ցունամի, թայֆուն, գետերի վարարման հետ կապված ջրհեղեղներ, սողանքներ, որոնց դեմ դարեր շարունակ պայքարելու ընթացքում ճապոնացիները ձեռք են բերել մի շարք հմտություններ և տեխնոլոգիաներ՝ սեյսմակայուն շենքերի կառուցում, քաղաքների և գյուղերի անվտանգության ապահովում: Չնայած բնական աղետների առատությանը՝ Ճապոնիան նաև բնական հարստությամբ և գեղեցկությամբ օժտված երկիր է, ուր հաճելի է այցելել տարվա ցանկացած եղանակին:

Ճապոնիան չունի սահմանադրությամբ կամ որևէ օրենքով ամրագրված պետական կամ պաշտոնական լեզու, բայց այստեղ բոլոր ոլորտներում գործածվում է ճապոներենը: Ճապոներենը որևէ լեզվական ընտանիքի չի պատկանում (այժմ առաջ բերված բոլոր տեսությունները վիճելի են), ուստի այն անկախ լեզու է, ինչպես կորեերենը և բասկերենը: Կրթությունը, գիտությունը, կառավարումը, բիզնեսը իրականացվում են ճապոներեն (գրական կամ «ստանդարտ»): Դրանից բացի գոյություն ունեն նաև բազմաթիվ բարբառներ, որոնք հնչյունային համակարգով, բառամթերքով, բայերի խոնարհման ձևերով հաճախ էապես տարբերվում են գրական ճապոներենից:

Ճապոներենի շարադասական տիպը SOV է, այսինքն՝ բառերը դրվում են ենթակա, լրացում և ստորոգյալ հերթականությամբ: Ճապոներենի հնչյունները բավական պարզ են. այն ունի միայն 5 ձայնավոր (ա, ու, ի, է, օ), և չկան բաղաձայնների կուտակումներ:

Ճապոներենն ունի 3 տեսակի գրեր՝ կանջի (հիերոգլիֆներ), որոնք փոխառվել են Չինաստանից, և ճապոնական ուրույն հիրագանա և կատականա վանկային այբուբենները: Ժամանակակից ճապոներենում այս բոլոր գրերը միաժամանակ գործածվում են նույն նախադասության մեջ, սակայն կարող են ունենալ ֆունկցիոնալ տարբերություններ: Օրինակ՝ կատականան այժմ հիմնականում օգտագործվում է օտար լեզուներից փոխառված բառերը գրելու համար, հիրագանան՝ բայերի և ածականների վերջավորություններում, շաղկապներում, իսկ կանջիները՝ գոյականներում, բայերի, ածականների հիմքերում: Սակայն պետք է նշել, որ հստակ կանոններ չկան, և գրերի գործածությունը կարող է փոփոխվել՝ ըստ գրողի նախասիրության: 1 նախադասության մեջ այս գրերը հաճախ միասին են գործածվում:

Ճապոնիան խորհրդարանական միապետություն է: Կայսրը պետության խորհրդանիշն է, որի դերի մասին նշված է 1947 թվականի սահմանադրության առաջինից ութերորդ հոդվածներում: Ճապոնիայի ներկայիս կայսրը Նարուհիտոն է (գահակալման ժամանակաշրջանը՝ Ռեյվան): Պետական համակարգը բաղկացած է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունից: Երկրի ղեկավարը վարչապետն է, որն ընտրվում է խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն հավաքած կուսակցության կամ մի քանի կուսակցությունների կոալիցիայի կողմից: Ներկայիս վարչապետը Շիգերու Իշիբան է: Ճապոնական պառլամենտը բաղկացած է 2՝ ներկայացուցիչների և խորհրդականների պալատներից:

Ճապոնական կղզիներում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս հնագույն ժամանակներից: Ճապոնիայի պատմությունն ընդունված է բաժանել հետևյալ ժամանակաշրջանների՝ Ջոմոն, Յայոյ, Կոֆուն, Ասուկա, Նարա, Հեյան, Կամակուրա, Մուրոմաչի, Աձուչի-Մոմոյամա, Էդո, Մեյջի, Տայշո, Շյովա, Հեյսեյ, Ռեյվա:

Ճապոնիայում գրված առաջին տարեգրությունները «Կոջիկին» և «Նիհոն շյոկին» են, որոնք պարունակում են գրառություններ և առասպելներ Ճապոնիայի արարման, սինտոյական աստվածությունների, առաջին (առասպելական) կայսրերի մասին: Ներկայիս Ճապոնիայի տարածքում գոյություն ունեցած վաղ պետական կազմավորումներից մեկը եղել է Յամատայը կամ Յամատոն, որի մասին, սակայն, տեղեկությունները կցկտուր են, և պատմաբանները նույնիսկ դրա ստույգ վայրի մասին միասնական կարծիք չունեն: Ճապոնիան՝ որպես պետություն, կայանում է Նարայի ժամանակաշրջանում, երբ ստեղծվում են առաջին քրեական ու վարչական օրենքները և պետական ինստիտուտները, այնուհետև Հեյան ժամանակաշրջանում, երբ ճապոնական մշակույթը և գրականությունը աննախադեպ ծաղկում են ապրում: Միջին դարերը Ճապոնիայում առանձնանում են բազմաթիվ միջկլանային պատերազմներով և անհաշտություններով: Հատկապես 15-րդ դարի վերջից մինչև 16-րդ դարի կեսերն ընկած ժամանակաշրջանը անվերջ կրկնվող միջկլանային պատերազմների պատճառով հայտնի է որպես «Սենգոկու ջիդայ» («Պատերազմող նահանգների շրջան»): Այն սկսվել էր Օնինի խռովություններից և շարունակվել մինչև 1570-ականները, երբ դայմյո Օդա Նոբունագան տապալել էր Աշիկագայի սյոգունատը և սկսել երկրի վերամիավորումը: Երկրի միավորման գործը շարունակում է Տոյոտոմի Հիդեյոշին, իսկ այնուհետև Տոկուգավա Իեյասուն: 1600 թվականին տեղի է ունենում Սեկիգահարայի ճակատամարտը, որից հետո իշխանությունն անցնում է Տոկուգավա Իեյասուին, որն էլ հիմնադրելով Տոկուգավայի սյոգունատը՝ սկիզբ է դնում Տոկուգավայի կամ Էդոյի ժամանակաշրջանին: Էդոյի ժամանակաշրջանը հայտնի է մի շարք առանձնահատկություններով: Նախ այն Ճապոնիայի պատմության մեջ ամենախաղաղ շրջաններից էր, երբ թե՛ ներքին, թե՛ արտաքին բախումներ հազվադեպ էին պատահում: Երկիրը բաժանված էր շուրջ 300 հաների (իշխանություններ), որոնք կառավարվում էին տեղական իշխանների՝ դայմյոների կողմից, որոնք էլ իրենց հերթին հաշվետու էին Էդոյում գտնվող սյոգունին: Բնակչությունը բաժանված էր մի քանի դասակարգի, որոնցից էին զինվորականները (սամուրայներ), գյուղացիները, արհեստավորները և առևտրականները: Սամուրայներն ունեին բարձր հասարակական դիրք, սակայն նրանց դերը պատերազմների բացակայության պայմաններում բավական սահմանափակ էր, իսկ հարուստ առևտրականները, որոնք սոցիալական հիերարխիայում ցածր դիրք էին զբաղեցնում, հաճախ ավելի բարեկեցիկ կենցաղ էին վարում: Էդոյի ժամանակաշրջանը հայտնի է նաև Ճապոնիայի մեկուսացման քաղաքականությամբ, քրիստոնեության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքով և ճապոնական մշակույթի և գրականության ծաղկումով:

1800-ականների կեսերից արևմտյան ուժերը սկսում են Ճապոնիան «բացելու փորձեր» անել: 1853 թվականին կոմոդոր Մեթյու Փերիի «սև նավերի» ժամանումից հետո Ճապոնիան ստիպված էր աստիճանաբար առևտրական հարաբերությունների պայմանագրեր կնքել ժամանակի գերտերությունների հետ: Մեծանում է սյոգունատի հանդեպ քննադատությունը, և որոշ ներքաղաքական պայքարից հետո երկիրը շուրջ 2,5 դար կառավարած Տոկուգավայի սյոգունները զիջում են իշխանությունը, և 1868 թվականին կայսր Մուցուհիտոյի կառավարմամբ սկսվում է կենտրոնացված պետականության շրջանը («Մեյջիի վերականգնում» կամ «Մեյջիի ռեստավրացիա»): Մեյջիի գահակալման տարիներին Ճապոնիան արևմտյան օրինակով բռնում է երկրի քաղաքական և տնտեսական արդիականացման ուղին՝ կատարելով կրթական, գիտական, ռազմական և այլ բարեփոխումներ: Այդ տարիներին Ճապոնիան ունենում է երկու հաղթական պատերազմ՝ առաջին չին-ճապոնական և ռուս-ճապոնական պատերազմները, ինչպես նաև գաղութացնելով Թայվանը և Կորեան՝ համալրում է ժամանակի կայսերատիրական պետությունների շարքը: Տայշոյի ժամանակաշրջանի հարաբերական անդորրից և ժողովրդավարությունից հետո Ճապոնիան 1930 թվականներից բռնում է ռազմականացման ուղին, որը բերում է երկրորդ չին-ճապոնական և խաղաղօվկիանոսյան պատերազմների բռնկմանը և Ճապոնիայի պարտությանը:

Հետպատերազմական շրջանում՝ ԱՄՆ-ի կողմից օկուպացիայի տարիներին, Ճապոնիան կատարում է կրթական, առողջապահական և այլ բարեփոխումներ, ստեղծում է նոր, ժողովրդավարական սահմանադրություն, հրաժարվում զինված ուժերից և 50-ականներից հետո տնտեսական մեծ հաջողություններ ձեռք բերելով՝ բռնում է պատմության նոր ուղի:

Նյութի աղբյուրը՝ Աստղիկ Հովհաննաիսյան- «Ճապոնական հասարակություն»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...