Մինամատան
Կումամոտո պրեֆեկտուրայի Շիրանույ ծովի մերձակայքում գտնվող փոքրիկ ձկնորսական գյուղաքաղաք
է։ Մինամատան թերևս Ճապոնիայի այլ ձկնորսական գյուղակներից չտարբերվող մի վայր կմնար,
եթե այստեղ տեղի չունենար երկրի պատմության մեջ ամենասարսափելի բնապահպանական և արդյունաբերական
աղետներից մեկը, որը կապված էր Նիչիցու (1965 թվականից հետո հայտնի է որպես Չիսսո)
կոչվող քիմիական գործարանի հետ։
Չիսսոն
(“Ճապոնիայի ազոտական պարարտանյութեր” ընկերություն) 1906 թվականին հիմնադրել էր Տոկիոյի
կայսերական համալսարանի շրջանավարտ, էլեկտրաինժեներ Նոգուչի Շիտագաուն։ Այն սկզբնական
շրջանում զբաղվում էր քիմիական պարարտանյութերի արտադրությամբ։ Մինչմոդեռն ճապոնիայում
օգտագործում էին տարբեր տեսակի բնական պարարտանյութեր, այդ թվում՝ մարդու արտաթորանքներ։
Ինչպես նշում է պատմաբան Ուոքերը, 17-18-րդ դարերի ճապոնական քաղաքները շատ ավելի հիգիենիկ
էին, քան եվրոպականները մասնակիորեն այն պատճառով, որ դրանցից հեռացվում էին մարդկային
արտաթորանքները, որոնք հաճախ գյուղական վայրեր էին տեղափոխվում «գոմաղբի նավերով»։
Մեյջիի ժամանակաշրջանում ժամանակակից, «արևմտյան» երկիր դառնալ ձգտող Ճապոնիայի համար
այս հանգամանքը, հատկապես երբ նշվում էր օտարեկրացիների կողմից, համարվում էր «ամոթալի»,
և քիմիական պարարտանյութերին անցումն առավել քան խորհրդանշային էր․ այն «առաջընթաց» էր։ Ազոտական պարարտանյութերը
նաև չափազանց արդյունավետ էին․ դրանք
թույլ էին տալիս սակավ աշխատուժով ստանալ աննախադեպ արդյունք, իսկ վտանգների մասին
պետական այրերը և գործարարները քիչ էին մտահոգվում։
Չիսսոն շուտով ընդլայնում է գործունեությունը՝ պարարտանյութերից բացի արտադրելով
նաև սինթետիկ կտորներ, պայթուցիկներ, արդյունաբերական քիմիկատներ, հետագայում նաև պլաստիկ,
պոլիէթիլեն, սինթետիկ մանրաթելեր, որոնցից պատրաստում են տակդիրներ և կանացի հիգիենայի
պարագաներ, պահպանիչներ և հակասեպտիկներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում սննդամթերքի
երկար պահպանումը։ Ինչպես նշվում է Մինամատայի հիվանդության աջակցման կենտրոնի հրատարակությունում․ «Մենք շրջապատված ենք այդ արտադրանքով, և առանց դրանց մեր կենցաղը
անհնարին կլինի պատկերացնել»։ Սակայն գործարանը վատ կառավարման և եկամուտները մարդու
իրավունքներից վերադասելու հետևանքով շուտով չարիք է դառնում Մինամատայի բնակիչների
համար, երբ մեթիլ-սնդիկ պարունակող թունավոր թափոնները 36 տարի շարունակ թափվում են
ծով՝ վնասելով բնական միջավայրը և թունավորելով ձկներին ու ծովային այլ կենդանիներին։
Առաջինը հիվանդանում են կատուները, որոնք, անսպասելի ցնցումների մեջ ընկնելով,
սատկում էին։ 1954 թվականի օգոստոսի 1-ին «Կումամոտո նիչինիչի» օրաթերթը գրում է, որ
«Ընկնավորության հետևանքով կատուներն ամբողջովին վերացել են։ Բնակիչները մտահոգված
են մկների թվի կտրուկ աճից»։ Սկզբնական շրջանում հիվանդությունն անվանում էին «պարող
կատուների հիվանդություն», բայց 1956 թվականից հիվանդանում են նաև մարդիկ՝ ունենալով
ցնցումներ, վերջույթների թմրություն, սովորական գործողություններ կատարելու անկարողություն,
տեսողության խանգարումներ, ուժեղ գլխացավեր։ Մինամատայի բնակիչ Շիմոդա Այակոն այսպես
է նկարագրում հիվանդությունը․ «Մեր տունը Մինամատայի
ծովածոցին մոտ գտնվող Ցուբոտան կոչվող վայրում էր՝ Չիսսոյի ջրահեռացման կայանի մոտ,
իսկ հենց տան ներքևում էլ ծովն էր։ Ես 2 փոքր քույր ունեի՝ Շիձուկոն, որն այն ժամանակ
(1956 թվականին) 5 տարեկան էր, և 3 տարեկան Ջիցուկոն։ Մի օր, երբ ընթրում էինք, Շիձուկոն
հանկարծ ուտելիքը թափեց, ափսեն ձեռքից ընկավ։ Հաջորդ առավոտ նույնը կրկնվեց, բայց ավելի
վատ․ ոտքերը ցնցվեցին, չէր կարողանում քայլել, չէր
կարողանում խոսել։ 2-3 օր այդպես շարունակվեց։ Չորրորդ օրը աչքերի ցավից լաց եղավ,
աչքերն այլևս չէին տեսնում։ Շիձուկոն անասելի տանջանքներից հետո մահացավ։ Խոսքերով
չեմ կարող նկարագրել, թե ինչպես էր տանջվում»։
Քանի որ հիվանդության պատճառներն անհայտ էին, իսկ ախտանիշները՝ ոչ սովորական, այն
անվանում են «տարօրինակ հիվանդություն», որը շատերի կարծիքով ժառանգական էր կամ վարակիչ։
Հիվանդները հաճախ ենթարկվում էին խտրականության, ստիպված հրաժարվում էին այլ մարդկանց
հետ շփումից՝ «չվարակելու» համար։ Ծնվում էին նաև նույն ախտանիշներով երեխաներ, որոնց
ծնողները նույնպես հաճախ խտրականության էին ենթարկվում։ Նակամուրա Միյոկոն իր վկայությունում
այսպես է պատմում․ «1960 թվականին ծնվեց
աղջիկս։ Ո՛չ տեսողություն ուներ, ո՛չ էլ լսողություն։ Այդ ժամանակ ամուսնուս ձեռքերը
դողում էին, ես էլ ցնցումներ ունենում, նույնիսկ չէի կարողանում տակդիր լվանալ։ Մի
անգամ մտքովս անցավ՝ հաշմանդամ աղջկաս խեղդեմ-սպանեմ, բայց նույն վայրկյանին կանգ առա։
Մեզ՝ ամուսիններիս համար շատ դժվար էր, և, ի վերջո, որոշեցինք գյուղ վերադառնալ։
Բայց երբ ճանապարհին Մինամատայից զանգեցի մորս, նա ասաց․ «Հետ չգաս։ Եթե այդ երեխային տուն բերես, մեր ողջ ցեղն ամոթով
կմնա»։
1956 թվականին անհայտ պատճառներով ծագող այդ հիվանդությունը անվանում են Մինամատայի
հիվանդություն, իսկ Կումամոտոյի պրեֆեկտուրան բնակիչներին կոչ է անում սննդի մեջ տեղական
ձկնամթերք չօգտագործել։ 1959 թվականի հուլիսին Շիրանույ ծովում հետազոտություններ իրականացրած
Կումամոտոյի համալսարանի բժշկական ֆակուլտետի թիմը հայտարարում է․ «Գրեթե վստահ ենք, որ Մինամատայի հիվանդության պատճառը թունավոր
օրգանական սնդիկն է»։ Նույն տարում Չիսսոն փոխում է ջրահեռացման ճանապարհը՝ քիմիական
թափոնները նետելով Մինամատա գետ, ինչն էլ ավելի է մեծացնում վնասը։
1959 թվականին նաև Մինամատայի ձկնորսներն են ցույցերի դուրս գալիս՝ պահանջելով
փոխհատուցում։ Ջրերի թունավորումը ոչ միայն մեծ վնաս էր պատճառել նրանց առողջությանը,
այլև ֆինանսներին․ քաղաքի բնակիչների
մեծ մասը ձկնորսներ էին, որոնք այլևս ձկնորսությամբ չէին կարող զբաղվել։ Դեկտեմբերին
գործարանը, որն ամեն կերպ հերքում էր սնդիկի թունավորման տեսությունը և հրաժարվում
պատասխանատվությունից, անց է կացնում հեղուկ թափոնների մաքրման նոր կայանի բացման արարողություն,
և գործարանի տնօրեն Յոշիոկա Կիիչին ցուցադրաբար մեկ բաժակ «մաքրված» ջուր է խմում,
որպեսզի բնակիչներին ցույց տա, որ Չիսսոյի թափոններն անվտանգ են։ Ի դեպ, կայանը ձևական
էր և աղտոտվածությունը չէր մաքրում։ Գործարանը միաժամանակ պայմանագրեր է կնքում բնակիչների
հետ, ըստ որի՝ տուժածներին պարտավորվում է վճարել «կարեկցանքի գումար»՝ 300000 իեն
միանվագ գումար մահացածների հարազատներին, իսկ հիվանդներին՝ տարեկան 100000 իեն․ չնչին գումար այդպիսի ահռելի վնասի համար, ընդ որում՝ պայմանագրում
նշելով, որ
ա)եթե հետաքննությունը պարզի, որ Չիսսոն մեղավոր չէ վնասի համար, վճարումները
կընդհատվեն
բ)եթե նույնիսկ պարզվի, որ Չիսսոն է մեղավոր, հիվանդները փոխհատուցման նոր պահանջներ
չպետք է ներկայացնեն։
Չնայած աղտոտման հարցում գլխավոր և միակ կասկածյալը քիմիական գործարանն էր՝ Ճապոնիայի
առողջապահության և բարեկեցության, ինչպես նաև միջազգային առևտրի և արդյունաբերության
նախարարությունները 1959 թվականի նոյեմբերի 13-ի կառավարության նիստում զեկույցներ
են ներկայացնում, որ դեռ վաղ է եզրակացություններ անել դրա մեղավորության մասին։ Մինչ
Ճապոնիայի կառավարությունն անգործությամբ էր զբաղված, իսկ Չիսսոն միտումնավոր թաքցնում
էր վտանգները, գործարանը շարունակում էր թունավոր թափոններ նետել ծովը՝ մեծ վնաս պատճառելով
բնակիչներին։ Ինչպես նշում է պատմաբան Թիմոթի Ջորջը, 1959 թվականին միջազգային առևտրի
և արդյունաբերության նախարարությունը, ինչպես նաև նախարար Իկեդա Հայատոն, որը 1960
թվականին պետք է դառնար Ճապոնիայի վարչապետ և երկիրը տաներ «եկամուտների կրկնապատկման»
ճանապարհով, ամեն կերպ փորձում էին պաշտպանել Ճապոնիայի քիմիական արդյունաբերությունը
և Չիսսո գործարանը՝ երկրի արդյունաբերության միջազգային մրցունակության բարձրացման
գործում կարևորելով տեղում արտադրվող քիմիական նյութերի դերը։
Մինչ գործարանը և պետությունը ձևացնում էին, որ խնդիրը լուծված է և անտեսում էին
Կումամոտոյի համալսարանի խմբի հոդվածները (1963 թվականին համալսարանի թիմը հայտարարում
է, որ Մինամատայի հիվանդության պատճառ է հանդիսանում մեթիլ սնդիկը), 1965 թվականին
Մինամատայի հիվանդություն է բռնկվում նաև Նիիգիտա պրեֆեկտուրայում՝ Ագանո գետի ավազանում։
Այն հայտնի է որպես Նիիգատայի կամ երկրորդ Մինամատայի հիվանդություն։ Շուտով պարզվում
է, որ գետի մեջ մեթիլ սնդիկ պարունակող թափոններ է արտանետել Կանոսե քաղաքում գտնվող
Շյովա դենկո գործարանը, որը սկզբնական շրջանում փորձում էր խուսափել պատասխանատվությունից։
Ճապոնիայի կառավարությունն այլևս ստիպված էր քայլեր ձեռնարկել և պաշտոնապես հայտարարել
աղետների մեղավորների մասին։
1968 թվականի սեպտեմբերին Ճապոնիայի կառավարությունը, ի վերջո, պաշտոնական տեսակետ
է հայտնում Մինամատայի հիվանդության մասին՝ հայտարարելով, որ սույն հիվանդությունը
աղտոտված ծովամթերքի երկարաժամկետ սպառումի հետևանքով առաջացած կենտրոնական նյարդային
համակարգի հիվանդություն է, որի պատճառ են հանդիսացել Չիսսո և Շյովա դենկո գործարանների՝
մեթիլ սնդիկ պարունակող թափոնները։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մինամատայի
հիվանդությունը «մարդու գործունեության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտվածության
հիվանդություն է»։
1969 թվականին լույս է տեսնում Իշիմուրե Միչիկոյի՝ Մինամատայի հիվանդության մասին
պատմող «Դրախտը տառապանքի ծովում» աշխատությունը։ Իշիմուրեն, որը հաճախ համարվում է
ճապոնական էկոքննադատության հիմնադիրը, այս աշխատությունը գրել էր իր ծննդավայրի՝ Մինամատայի
հիվանդների հետ երկար զրույցների հիման վրա։
Նույն թվականին տուժածները Կումամոտոյի շրջանային դատարանում դատական գործ են սկսում
Չիսսոյի դեմ՝ պահանջելով փոխհատուցում։ 1973 թվականին Կումամոտոյի դատարանը վճիռ է
կայացնում, որ Չիսսոն մեղավոր է սնդիկի թունավորման համար և պահանջում է չեղյալ հայտարարել
նախկինում ստորագրված փոխհատուցման պայմանագրերը և «վկայագրված» հայցվորներին վճարել
16-18 միլիոն իեն փոխհատուցում։ Ավելի վաղ՝ 1971 թվականին Նիիգիտա պրեֆեկտուրայի տուժածներն
էին շահել իրենց դատական գործը։ Սակայն խնդիրներն այսքանով չեն լուծվում։ Գումարային
փոխհատուցում վճարվում էր միայն «վկայագրված» հիվանդներին, սակայն 1997 թվականի տվյալներով,
Կումամոտո և Կագոշիմա պրեֆեկտուրաներից վկայագրման դիմած ավելի քան 17000 մարդկանցից
2265-ն էին այն ստացել։ Շատերը մերժվել էին ոչ միանշանակ ախտանիշների համար, մյուսներն
էլ ծերությունից մահացել էին՝ վկայագրումը դեռ չստացած։ Հիվանդության բացահայտումից
տասնամյակներ անց տուժածները և նրանց աջակիցները պնդում են, որ «Մինամատայի հիվանդությունը
չի վերջացել», և պահանջում են փոխհատուցում և արդարություն բոլոր տուժածների համար։
Նյութի աղբյուրը՝ Աստղիկ Հովհաննիսկան- «Ճապոնական հասարակություն»

Comments
Post a Comment