Ինչպես
Դուք, այնպես էլ Ձեր CV-ն առաջին տպավորություն ստանալու համար ամենակարևորն է գործատուին
դիմելիս։
Ուշադիր
եղիր CV կազմելիս, չէ՞ որ այն առաջին «պրոյեկտը», «պրեզենտացիան» է Ձեր սեփական ես-ի
մասին՝ ինքնագնահատական, 1,5 էջի սահմաններում առավելագույնս ցույց տալու, թե ինչու
հենց դու։
Համացանցում
կարելի է գտնել բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես պետք է կազմել ինքնակենսագրական։
1․Միշտ պետք է նախօրոք ծանոթանալ այն կազմակերպության հետ, որին
դիմում եք։ Այդպես ավելի լավ կկանխատեսեք, թե ինչի մասին կարող եք գրել ինքնակենսագրականում,
որպեսզի ուշադրություն գրավեք և արժանանաք հարցազրույցի։
Բոլոր մարդիկ էլ ունեն անուն և ազգանուն, ծնվել են ինչ-որ ժամանակ,
ինչ-որ դպրոցում վաղուց սովորել են, այնպես որ այդ տվյալների հիման վրա վերջնական որոշում
հազվագյուտ է կայացվում։ Պետք են հետաքրքիր փաստեր, որոնք կառանձնացնեն Ձեզ բոլորից
և հնարավորինս կհամապատասխանեն գործատուի ակնկալիքներին։ Կազմակերպության հետ ծանոթ
լինելը շատ կօգնի հարցազրույցի ժամանակ։
2․Ամեն մարդ իր մասին
տարբեր բաներ կարող է ասել, և այն, թե Դուք ինչի վրա եք ուշադրություն դարձնում Ձեր
մասին խոսելիս, շատ բան է ասում գործատուին։ Եթե իր կարծիքը ճիշտ արժանիքների մասին
համընկնում է Ձեր կարծիքի հետ, Դուք միանշանակ ուշադրության կարժանանաք։ Ուրեմն՝ պետք
չէ խուսափել ինքնաբնութագրությունից։ Բայց ազնիվ եղեք և իսկապես գրեք այն, ինչը Ձեզանում
կարևորում եք, քանի որ դա կդարձնի ապագա հարցազրույցն ավելի անկաշկանդ և արդյունավետ,
և ամենագլխավորը՝ Դուք կգտնեք Ձեզ հարմար գործատուին, որը կգնահատի Ձեզ։
3․Տեղադրեք լուսանկար։
Ոչ մի դեպքում մի օգտագործեք անձնագրի կամ այլ փաստաթղթի համար արված լուսանկարները։
Որևէ մեկին պետք չէ Ձեր տխուր և ոչինչ չասող դեմքը։ Գտեք լուսանկար, որում Դուք անմիջական
եք, և որը հնարավորինս բացահայտում է Ձեր անձի լավագույն կողմերը։ Նաև համոզվեք, որ
Ձեր դեմքը լավ տեսանելի է։
4․Մի թաքցրեք Ձեր տարիքը,
այն, միևնույն է, կարելի է հաշվել ըստ ուսման տարիների։ Սակայն հաշվելու կարիքը Ձեր
դեմ է տրամադրում այն աշխատողին, որը դեռ պիտի տասնյակ նման փաստաթղթեր ուսումնասիրի
և շատ ժամանակ չունի ամեն փաստաթղթին հատկացնելու համար։ Այդ սակավ ժամանակը հաշվարկների
վրա վատնելու փոխարեն՝ ժամանակ տվեք նրան Ձեր արժանիքների վրա կենտրոնանալու համար։
5․Անփութություն թույլ
մի տվեք, մեկ կամ ծայրահեղ դեպքում՝ 2 տառատեսակ օգտագործեք, ժամանակ ծախսեք, որպեսզի
ինքնակենսագրականի տեսքը լինի կոկիկ և հաճելի աչքի համար։ Մարդիկ բնազդաբար ավելի մեծ
հաճույքով են ընթերցում նման փաստաթղթերը և ավելի լավ են ընկալում։ Ձեր մասին տվյալների
սակավության դեպքում ցանկացած անփութություն կամ տառասխալ հաստատ Ձեր օգտին չէ։
6․Մի օգտագործեք պատրաստի
կաղապարներ։ Դրանք կաշկանդում են, սահմանափակում և խոսում ինքնուրույն փաստաթուղթ կազմելու
Ձեր անզորության մասին։ Նույն այդ կաղապարը կօգտագործեն բազմաթիվ այլ մարդիկ, և Դուք
կհայտնվեք իրարից առաջին հայացքից չտարբերվող թեկնածուների երկար շարքում։
7․Հետևեք, որ ստացված
փաստաթուղթը չլինի շատ հակիրճ և միաժամանակ՝ չլինի շատ երկար։ Երկու, ամենաշատը երեք
էջ՝ դա այն չափն է, որից հետո ոչ ոք ոչինչ չի կարդա։ Ընդգծեք ամենակարևոր տվյալները
թավ տառատեսակով, որպեսզի հպանցիկ ընթերցելիս դրանք նկատվեն։
8․Եվ մի քանի մանր, սակայն
շատ կարևոր տեխնիկական հարց։ Առաջինը՝ համոզվեք, որ հայերեն և ոչ լատինատառ տեքստերը
գրված են Unicode տառատեսակով։ Եթե չգիտեք, թե դա ինչ է, խորհուրդ հարցրեք բանիմաց
ընկերներից։ Սա շատ կարևոր է, այլապես մեծ հավանականություն կա, որ փաստաթուղթն ընթեռնելի
չի լինի, և դա հավելյալ գործողություններ կպահանջի գործատուից։ Այդ պարագայում հաջորդ
թեկնածուին անցնելը շատ ավելի հեշտ կլինի, քան Ձեր ստեղծած խոչընդոտը հաղթահարելը։
Հետևեք նաև, որ Ձեր ֆայլի չափը մեծ չլինի, քանի որ դա բոլոր գործողությունները դանդաղեցնում
է։
9․Եվ վերջինը՝ ցույց տվեք
ինքնակենսագրականը հնարավորինս շատ մարդկանց և հարցրեք նրանց տպավորությունները։ Փորձեք
այն վերամշակել, որպեսզի դրական արձագանքների թիվը շատանա։ Բայց միշտ հիշեք, որ դա
վերջնական փաստաթուղթ չէ, և ամեն դիմումի համար այն լրամշակելու կարիք կլինի, որպեսզի
լավագույնս համապատասխանեցվի առաջարկվող տեղին և դրված պահանջներին։
Եթե այս պարզ խորհուրդներին հետևեք, ապա Ձեր՝ աշխատանքի ընդունվելու
հավանականությունը զգալիորեն կմեծանա, իսկ եթե դրանց հետևեն շատերը, ապա մեծ հույս
կա, որ ամերիկյան մոդելը մեզ մոտ էլ կաշխատի, որի շնորհիվ էլ գործազրկությունը երկրում
գնալով կնվազի։
Ժամանակակից աշխատանքային շուկան բավականին մրցակցային է և ամեն
տարի համալրվում է նոր մասնագետներով։ Այդ իսկ պատճառով աշխատանքի ընդունվելու համար
կարևոր է զինված լինել համապատասխան գիտելիքներով և փորձով։ Պակաս կարևոր չէ նաև դրանք
ճիշտ ներկայացնելը, քանի որ հենց առաջին տպավորությունից է կախված՝ արդյո՞ք գործատուն
կհրավիրի Ձեզ հարցազրույցի, թե՞ պարզապես կջնջի Ձեր դիմում-նամակը։ Դրա համար հարկավոր
է լավ տպավորություն թողնել հենց առաջին իսկ պահից։ Որքան է Ձեր ռեզյումեն տպավորիչ
լինի, շատ քիչ գործատուներ Ձեր թեկնածությունը կդիտարկեն առանց ուղեկցող նամակի առկայության։
Այդ պատճառով հարկավոր է թեկուզ հակիրճ, բայց գրագետ և առանց թարգմանության (լատինատառ
հայերեն) գրել ուղեկցող նամակը, որտեղ հարկավոր է նշել, թե ինչու եք հետաքրքրված համապատասխան
գործով, և ընդգծել այն հմտությունները, որոնք, ըստ Ձեզ, կարևոր են տվյալ գործի համար։
Հակիրճ և գրագետ ռեզյումե
Որպեսզի ապագա գործատուն հարյուրավոր դիմողներից հետաքրքրվի
հենց Ձեր թեկնածությամբ, հարկավոր է ներկայացնել հնարավորինս տպավորիչ ռեզյումե։ Սակայն
պետք է հիշել, որ տպավորություն գործելու համար պետք չէ չափազանցնել, դա հեշտությամբ
բացահայտվում է։ Ռեզյումեն տպավորիչ դարձնելու համար պետք է հետևել հետևյալ կանոններին․
Այն պետք է լինի հակիրճ
ու հստակ և չպարունակի ավելորդ տեղեկություն։ Լավագույն դեպքում պետք է սահմանափակվել
1 կամ 2 էջով և չգրել այնպիսի մանրամասներ, որոնք ձանձրալի կլինեն գործատուի համար։
Նմանօրինակ տարածված սխալներից են օրինակ՝ ամուսնական կարգավիճակը, ազգությունը, քաղաքացիությունը,
ծննդյան տարեթիվը կամ վայրը նշելը։
Հավատացե՛ք, եթե Դուք
իրոք համապատասխանում եք, դրանք դժվար թե հետաքրքրեն գործատուին։ Ճիշտ չէ նաև ռեզյումեի
առաջին տողում cv կամ resume վերնագիր դնելը, այդտեղ պետք է գրվի միայն անուն ազգանունը։
Կոնտակտային տվյալներ
Այս բաժնում գրվում են էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը,
որպեսզի գործատուն կարողանա կապ հաստատել Ձեզ հետ։ Այստեղ պետք է հիշել, որ հարկավոր
չէ գրել Ձեր ունեցած բոլոր էլեկտրոնային հասցեները, գրեք միայն մեկը և առավելագույնը՝
2 հեռախոսահամար։
Աշխատանքային փորձը
Դրանից հետո ներկայացնում եք Ձեր աշխատանքային փորձը, որը շարադրելիս
պետք է սկսել հակառակ հերթականությամբ՝ սկզբում նշելով Ձեր ներկայիս կամ վերջին աշխատանքը,
այնուհետև դրան նախորդողները և ամեն մեկի համապատասխան տարեթվերը։ Գրում եք ընկերության
անվանումը, Ձեր պաշտոնը, ինչպես նաև պարտականությունների և ձեռքբերումների մասին, որոնք
ունեցել եք տվյալ գործում։
Կրթությունը
Կրթությունը նույնպես նշվում է հակառակ հերթականությամբ, և դպրոցի
մասին տեղեկությունը կարելի է բաց թսղնել, եթե ունեք բարձրագույն կրթություն։
Նշում եք ընդունվելու և ավարտելու տարեթվերը, կրթական հաստատության
անվանումը, ֆակուլտետը և բաժինը։
Լեզուների իմացությունը
և այլ հմտություններ
Վերջում նշում եք լեզուների իմացությունը և այլ հմտություններ,
եթե դրանք կարևոր են գործի համար։ Շատերը ռեզյումեն կազմելիս նշում են մի շարք այնպիսի
ընդհանուր հմտություններ, ինչպիսիք են՝ նպատակասլաց, թիմային ոգի ունեցող և այլն, մինչդեռ
Ձեր նշած հմտությունները պետք է համապատասխանեն տվյալ գործի համար գործատուի պահանջներին։ Մյուս կողմից
էլ՝ կարիք չկա նշելու Ձեր բոլոր հմտությունները, որոնք այդքան էլ կապ չունեն գործի
բնույթի հետ, օրինակ՝ բանկ դիմելիս իմաստ չունի նշել, որ մասնակցել եք խոհարարության
դասընթացների։
Լուսանկար
Շատերը ռեզյումեին կցում են նաև իրենց լուսանկարը նույնիսկ այն
դեպքում, երբ գործատուն պահանջների մեջ դա չի նշել։ Փորձեք հիշել, որ այդ դեպքում իմաստ
չունի լուսանկար կցելու, ի վերջո, Ձեզ հարցազրույցի են հրավիրելու Ձեր գիտելիքների
և փորձի հիման վրա։ Իսկ այն դեպքերում, երբ պահանջվում է, ներկայացրեք պարզ և առանց
ավելորդությունների լուսանկար, ոչ թե մեկը նրանցից, որ տեղադրում եք սոցիալական ցանցերում։
Միշտ պետք է հիշել, որ ռեզյումեի նպատակը ուշադրություն գրավելն է, և վերը նշված կանոններին
հետևելու դեպքում վստահաբար կկարողանաք գրավել ցանկացած գործատուի ուշադրությունը։
Նյութի աղբյուրը՝ Թամարա Ավանեսյան- «Բիզնեսը և էթիկան»
Comments
Post a Comment