Երբեմն
աշխատանքի ընդունվելու համար ռեզյումեից բացի պահանջվում է ուղարկել նաև մոտիվացիոն
նամակ։ Չիմանալով, թե ինչպես ճիշտ մոտիվացիոն նամակ կազմել, աշխատանք փնտրողները հաճախ
ուղարկում են այն սխալ ձևակերպումներով կամ ուղարկում են միայն ռեզյումեն։ Մոտիվացիոն
նամակի ընձեռած հնարավորությունները պետք է ճիշտ օգտագործել, ինքներդ Ձեզ բնութագրել
այնպես, ինչպես չեն կարող ներկայացնել ռեզյումեն և այլ կցվող փաստաթղթերը՝ միասին վերցրած։
Այս գործին պատասխանատու մոտենալով՝ Դուք կարող եք գրել այնպիսի մոտիվացիոն նամակ,
որը կխոսի միայն Ձեր օգտին և կառանձնացնի Ձեզ մյուս թեկնածուների շարքում։
Ուղեկցող նամակ
Մոտիվացիոն
նամակը պետք չէ շփոթել ուղեկցող նամակի հետ։ Ուղեկցող նամակը պարտադիր բաղադրիչ է աշխատանքի
համար դիմելիս ուղարկվող յուրաքանչյուր էլեկտրոնային նամակի համար։ Այն գրվում է նամակի
բովանդակության հատվածում և ներկայացնում է, թե ով եք Դուք, ինչ հաստիքի համար եք դիմում,
ինչպես եք իմացել թափուր աշխատատեղի մասին, Ձեր մասնագիտական փորձը երկու բառով։
Երկար
տեքստեր գրելու կարիք այստեղ չկա։ Նշեք միայն այն ամենակարևոր ինֆորմացիան, որն անհրաժեշտ
կլինի գործատուին կամ մարդկային ռեսուրսների մասնագետին Ձեզ նկատելու և Ձեզ հետ կապվելու
համար առանց ռեզյումեն ևս մեկ անգամ բացելու։ Ահա այն նվազագույն տեքստը, որն անհրաժեշտ
է ներառել նամակի մեջ։
Բարև Ձեզ,
հարգելի (անունը, եթե գիտեք),
Կից ուղարկում
եմ իմ ռեզյումեն (...) հաստիքի համար։
Պատրաստ
եմ նաև քննարկել Ձեր առաջարկները (...) ոլորտի այլ հաստիքի հետ կապված։
Ինձ հետ
կարող եք կապվել ինչպես էլ․ փոստով, այնպես էլ
հեռախոսով։ (Ձեր հեռախոսահամարը)։
Հարգանքներով՝ (անուն, ազգանուն)
Մոտիվացիոն
նամակ
Մոտիվացիոն
նամակը, անշուշտ, ավելի ծավալուն պետք է լինի, քան ուղեկցող նամակը, բայց չպետք է գերազանցի
A4 թղթի
ծավալը։ Իսկ եթե Դուք դեռ աշխատանքային փորձ չունեք, ապա կես էջը լիովին բավարար է։
Մոտիվացիոն նամակի նպատակը գործատուին Ձեր ռեզյումեից բացի լրացուցիչ տեղեկություններ
ներկայացնելն է Ձեր մասին, որոնց հիման վրա նա պատկերացում կկազմի, թե ինչու եք հետաքրքրված
այդ աշխատանքը ստանալու համար և ինչպես եք համապատասխանում նշված հաստիքին։ Մոտիվացիոն
նամակը պետք է լինի չկրկնվող։ Միևնույն նամակը չի կարելի ուղարկել տարբեր հաստիքների
համար։ Անշուշտ, որոշ հատվածներ կարող եք կրկնել, բայց ոչ ամբողջ նամակը, այլապես մոտիվացիոն
նամակի ողջ իմաստը կկորի։ Մոտիվացիոն նամակի ստանդարտ ձևաչափերից օգտվել նույնպես խորհուրդ
չենք տա, քանի որ դրանք բացարձակապես զուրկ են ինքնատիպությունից, իսկ գործատուն, ստանալով
միանման մոտիվացիոն նամակներ, միայն կնյարդայնանա և անմիջապես կբացառի այդպիսի աշխատողների
թեկնածությունը։
Հարկավոր է ուշադրություն դարձնել ոլորտի մասնագետների խորհուրդներին
և հետևելով այս քայլերին՝ կազմել ճիշտ և արդյունավետ մոտիվացիոն նամակ։
Եվ ուրեմն․
Մոտիվացիոն նամակը պետք է լինի հասցեական։ Նամակի սկզբում դիմեք
ընկերության ղեկավարին կամ մենեջերին՝ կախված նրանից, թե ինչ էլ․ փոստով եք ուղարկում նամակը, և ով է որպես կոնտակտային անձ
նշված աշխատանքային հայտարարության մեջ։ Նշեք, թե որ հաստիքի համար եք դիմում, ինչպես
եք իմացել դրա մասին։ Վստահ եղեք, որ հաստիքի անվանումը ճիշտ եք նշել։ Չափազանց ուշադիր
եղեք տեքստի ուղղագրությանն ու քերականությանը։ Թափթփված գրված տեքստը, վրիպակները,
առավել ևս ուղղագրական սխալները այսպիսի դեպքերում երբեք չեն վրիպում նամակն ընթերցողի
աչքից։ Խնդրեք ինչ-որ մեկին ստուգել Ձեր նամակը, եթե վստահ չեք ինքներդ Ձեզ վրա։ Նշեք
տեղեկություններ Ձեր կրթության և աշխատանքային փորձի մասին, որի հիման վրա կարող եք
հավակնել նշված աշխատատեղին։ Հիմնավորեք, թե ինչու եք համապատասխանում այդ գործին։
Մասնավոր օրինակներով նշեք, թե Ձեր որ փորձառությունը կարող է պետք գալ այդ ընկերությունում
աշխատելիս։
Ինքներդ Ձեզ գնահատելու և սովորական դարձած (աշխատասեր, նպատակասլաց,
ընկերասեր) բառերով Ձեզ բնորոշելու փոխարեն նշեք այն հաջողություններն ու ձեռքբերումները,
որոնք ունեցել եք նախորդ աշխատատեղերում։ Ի՞նչ հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք
բերել։ Ի՞նչ առաջադրանքներ են դրված եղել Ձեր առջև, ինչպե՞ս եք կատարել դրանք։ Աշխատանքային
փորձի բացակայության դեպքում նկարագրեք Ձեր փորձառությունը պրակտիկայի ընթացքում։ Խոսեք
այն քայլերի մասին, որ ինքներդ եք ձեռնարկել մասնագիտական աճ գրանցելու համար՝ լրացուցիչ
կուրսեր, սեմինարներ, թրեյնինգներ, մասնագիտական գրականության ընթերցանություն, մասնակցություն
տարբեր նախաձեռնությունների։ Նշեք Ձեր հակումների ու հետաքրքրությունների մասին, եթե
դրանք կապ ունեն Ձեր մասնագիտության հետ և Ձեր օգտին կարող են խոսել։
Ցույց տվեք գործատուին, որ Դուք ուսումնասիրել եք ընկերության
գործունեության ոլորտը և հասկանում եք, թե ինչպիսի աշխատանքի համար եք դիմում։
Ընկերության աշխատաոճը ուսումնասիրելու դեպքում առաջին հերթին
Ձեզ համար պարզ կդառնա այն, թե ինչ կտաք Դուք այդ ընկերությանը՝ այնտեղ աշխատելով։
Հենց դա էլ պետք է պարզ և գրագետ ներկայացնել մոտիվացիոն նամակում։ Շատերը պարզապես
բառացիորեն կրկնում են այն ինֆորմացիան, որն ընդգրկված է աշխատանքի հայտարարության
մեջ։ Եթե չեք ուզում այդ ընկերությունում աշխատել, կարող եք հենց այդպես էլ վարվել։
Մի շողոքորթեք գործատուին։ Դա անմիջապես կառաջացնի անվստահություն
Ձեր հանդեպ և մենեջերին կամ գործատուին բացասաբար կտրամադրի Ձեր դեմ։
Ընկերության մասին փաստեր և մանրամասներ նշելիս վստահ եղեք,
որ այդ տեղեկությունները հավաստի են։ Եթե կասկածում եք, նշեք նաև տեղեկատվության աղբյուրը։
Ցույց տվեք, որ Դուք տեսնում եք երկարաժամկետ հեռանկարներ և
ցանկանում եք կատարելագործվել ու բացահայտել Ձեր ամբողջ պոտենցիալը՝ աշխատելով այդ
ընկերությունում։ Ձեր մասին յուրաքանչյուր բնորոշում հիմնավորեք փաստերով, հակառակ
դեպքում այդ ամենը միայն դատարկ խոսքեր կլինեն։ Բերեք այլ մարդկանց երաշխավորություններ,
եթե կան այդպիսիք։ Գրեք միայն այնպիսի բաներ, որոնք հետագայում՝ հարցազրույցի ժամանակ
կամ արդեն աշխատանքի անցնելուց հետո, կարող եք հիմնավորել և ապացուցել։
Եվ, վերջապես, մոտիվացիոն նամակի մեջ Ձեզ ոչ ոք չի խնդրում գրել
Ձեր բացասական կողմերի մասին, այնպես որ, մի արեք դա։
Նյութի աղբյուրը՝ Թամարա Ավանեսյան- «Բիզնեսը և էթիկան»
Comments
Post a Comment